Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ N 2-1232 2007թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով`
24.05.2007թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
քարտուղարությամբ` Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻ
Դիմողի ներկայացուցիչ` ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

դռնբաց դատական նիստում դատարանում 2007թ. մայիսի 24-ին քննեց քաղաքացիական գործն ըստ դիմումի` Արև Ռաֆայելի Այվազյանի /անձնագիր ..../, Ռուբեն Լևի Այվազյանի /անձնագիր ..../` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին:

 


Դիմելով դատարան` դիմումատուների ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը /անձնագիր ..../ պնդեց դիմումը և հայտնեց, որ 06.05.2004թ. դիմումատուներ Արև Այվազյանը և Ռուբեն Այվազյանը Սարգիս Եղիազարյանից առուվաճառքի պայմանագրով ձեռք են բերել Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի 16 թաղամասի 36 շենքի 169.3 քմ. մակերեսով տարածք: Նշված տարածքն իրենից ներկայացնում է անկանոն բազմանկյուն, որում առկա են բազմաթիվ միջնապատեր, որի արդյունքում անհնարին է այդ տարածքի լիարժեք օգտագործումը: Տվյալ տարածքից լիարժեք օգտվելու համար, համաձայն "Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1 և 4 կետերի պահանջների, քանդվել և փոփոխվել են այդ տարածքի գրեթե բոլոր միջնապատերը, որի արդյունքում ստացվել է 203.9 քմ. մակերեսով տարածք: 2006թ.-ին այդ տարածքից` համաձայն նախկին սեփականատիրոջ սեփականության իրավունքի վկայականի, որը բաղկացած էր 169.6 քմ. մակերեսից, երրորդ անձանց է վաճառվել 56.3 քմ. մակերեսով, 48.2 քմ. մակերեսով և 48.8 քմ. մակերեսով տարածքներ, որի արդյունքում 169.6 քմ. մակերեսից մնացել է 17.3 քմ. մակերեսով տարածք: Նշված տարածքի միջնապատերի քանդման և փոփոխման արդյունքում ստացված 203 քմ. մակերեսով ամբողջական տարածքից ներկայումս դիմումատուների կողմից տիրապետվում է 55.7 քմ. մակերեսով ամբողջական տարածքը, որը բաղկացած է 17.3 քմ. մակերեսով տարածքից, ըստ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի 16 թաղամասի 36 շենքի 1/4-րդ տարածքի 16.11.2006թ. տրված թիվ 2171653 սեփականության իրավունքի վկայականի, և փաստացի օգտագործման` 34.0 քմ. մակերեսով տարածքից: Այն, որ Երևան քաղաքի 16 թաղամասի 36 շենքի թիվ 1/1 հասցեում գտնվող տարածքի ներքին փաստացի մակերեսը կազմում է 203.3 մ2 , ապացուցվում է նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից տրված եզրակացությամբ. "Երևան քաղաքի 16 թաղամասի թիվ 36 շենքի 1/1 հասցեում գտնվող տարածքի ներքին մակերեսը` փորձաքննության կատարման դրությամբ կազմում է 203.3մ2": Այն, որ նույն հասցեի փաստացի 203.3մ2 և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ տարածքային ստորաբաժանման կողմից 13.11.2006թ. տրված թիվ 2171617 վկայականում արտացոլված ներքին մակերեսների` 169.3 մ2-ի միջև առկա է 34.0մ2 մակերեսների տարբերություն, որն արդյունք է նշված վկայականում արտաքին պատերով պարսպապատված 33.7մ2 մակերեսով տարածքի չարտացոլման, ևս ապացուցվում է փորձագետի նույն եզրակացության երկրորդ կետով: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդվածի 1-ին կետի պահանջների`"Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը":

172 հոդվածի 2-րդ կետի պահանջի` "Սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ դրա առուվաճառքի, փոխանակության, նվիրատվության պայմանագրի կամ գույքի օտարման այլ գործարքի հիման վրա սեփականության իրավունք կարող է ձեռք բերել այլ անձ": Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189 հոդվածի 1-ին կետի պահանջի` "Քաղաքացիական գործեր քննող դատարանը կամ տնտեսական դատարանը, գործերի ենթակայությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը", 2-րդ կետի պահանջի` "Դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը":

Դիմումատուների ներկայացուցիչ Լ. Բաղդասարյանը դատարանից խնդրեց դիմումը բավարարել` հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, այն է. ճանաչել Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի 16 թաղամասի 36 շենքում գտնվող 1/4-րդ տարածքում առկա ըստ 16.11.2006թ. տրված թիվ 2171653 սեփականության իրավունքի վկայականի` 17.3 քմ. մակերեսով տարածքը և փաստացի օգտագործման` 34.0մ2 մակերեսով տարածքը, որպես մեկ ամբողջական` 51.3մ2 մակերեսով տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը:

Լսելով դիմումատուների ներկայացուցչին, ուսումնասիրելով և գնահատելով ներկայացված ապացույցները, դատարանը գտնում է, որ դիմումը հիմնավոր է, բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդվածի 1-ին կետի, 172 հոդվածի 2-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջներից և ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ: Դատաքննությամբ և գործի փաստական հանգամանքներով դատարանը հաստատված համարեց, որ դիմումատուներ Արև Այվազյանը և Ռուբեն Այվազյանը Սարգիս Եղիազարյանից առուվաճառքի պայմանագրով ձեռք են բերել Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի 16 թաղամասի 36 շենքում 169.3 քմ. մակերեսով տարածք: Նշված տարածքն իրենից ներկայացնում է անկանոն բազմանկյուն, որում առկա են բազմաթիվ միջնապատեր, որի արդյունքում անհնարին էր այդ տարածքի լիարժեք օգտագործումը: Տվյալ տարածքից լիարժեք օգտվելու համար համաձայն "Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1 և 4 կետերի պահանջների քանդվել և փոխվել են այդ տարածքի գրեթե բոլոր միջնապատերը, որի արդյունքում ստացվել է 203.9 քմ. մակերեսով տարածք: 2006թ.-ին այդ տարածքից` համաձայն նախկին սեփականատիրոջ սեփականության իրավունքի վկայականի, որը բաղկացած էր 169.6 քմ. մակերեսից, երրորդ անձանց է վաճառվել 56.3 քմ. մակերեսով, 48.2 քմ. մակերեսով և 47.8 քմ. մակերեսով տարածքներ, որի արդյունքում 169.6 քմ. մակերեսից մնացել է 17.3 քմ. մակերեսով տարածք: Նշված տարածքի միջնապատերի քանդման և փոփոխման արդյունքում ստացված 203 քմ. մակերեսով ամբողջական տարածքից ներկայումս դիմումատուների կողմից տիրապետվում է 55.7 քմ. մակերեսով ամբողջական տարածքը, որը բաղկացած է 17.3 քմ. մակերեսով տարածքից, ըստ Երևան քաղաքի Աջափնայակ համայնքի 16 թաղամասի 36 շենքի 1/4-րդ տարածքի 16.11.2006թ. տրված թիվ 2171653 սեփականության իրավունքի վկայականի, և փաստացի օգտագործման` 34.0 քմ. մակերեսով տարածքից:

Համաձայն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից տրված եզրակացության` "Երևան քաղաքի 16 թաղամասի թիվ 36 շենքի 1/1 հասցեում գտնվող տարածքի ներքին փաստացի մակերեսը` փորձաքննության կատարման դրությամբ կազմում է 203.3 մ2": Այն, որ նույն հասցեի փաստացի 203.3 մ2 և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ տարածքային ստորաբաժանման կողմից 13.11.2006թ. տրված թիվ 2171617 վկայականում արտացոլված ներքին մակերեսների` 169.3 մ2-ի միջև առկա է 34.0 մ2 մակերեսների տարբերություն, որն արդյունք է նշված վկայականում արտաքին պատերով պարսպապատված 33.7 մ2 մակերեսով տարածքի չարտացոլման, ևս նշված է փորձագետի վերը նշված եզրակացության երկրորդ կետով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդվածի 1-ին կետի համաձայն`"Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլն իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը": Համաձայն նույն օրենսգրքի 172 հոդվածի 2-րդ կետի` "Սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ դրա առուվաճառքի, փոխանակության, նվիրատվության պայմանագրի կամ գույքի օտարման այլ գործարքի հիման վրա սեփականության իրավունք կարող է ձեռք բերել այլ անձը": Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189 հոդվածի 1-ին կետի պահանջի` "Քաղաքացիական գործեր քննող դատարանը կամ տնտեսական դատարանը, գործերի ենթակայությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը", նույն հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ "Դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը":

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 193 հոդվածի 2-րդ կետի համաձայն` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ դատարանի վճիռը հիմք է համապատասխան մարմինների կողմից այդ փաստը գրանցելու կամ հաստատված փաստի կապակցությամբ ծագած իրավունքները ձևակերպելու համար: Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ դիմումը պետք է բավարարել և տիրապետման փաստով ճանաչել Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի 16 թաղամասի 36 շենքում գտնվող 1/4-րդ տարածքում առկա ըստ 16.11.2006թ. տրված թիվ 2171653 սեփականության իրավունքի վկայականի` 17.3 քմ. մակերեսով տարածքը և փաստացի օգտագործման` 34.0 մ2 մակերեսով տարածքը, որպես մեկ ամբողջական` 51.3 մ2 մակերեսով տարածքի նկատմամբ դիմումատուներ Արև Այվազյանի և Ռուբեն Այվազյանի սեփականության իրավունքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ. օր-ի 130-132 հ.հ., դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

 

Դիմումը բավարարել` հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ դիմումատուներ Արև Այվազյանը և Ռուբեն Այվազյանը սեփականության իրավունքով տիրապետում են Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի 16 թաղամասի 36 շենքում գտնվող 1/4-րդ տարածքում առկա ըստ 16.11.2006թ. տրված թիվ 2171653 սեփականության իրավունքի վկայականի` 17.3 քմ. մակերեսով տարածքը և փաստացի օգտագործման` 34.0 քմ. մակերեսով տարածքը որպես մեկ ամբողջական` 51.3 քմ. մակերեսով տարածք:

Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան 15 օրվա ընթացքում:

 

ԴԱՏԱՎՈՐ` Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ծանոթություն: Սույն վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

ԴԱՏԱՎՈՐ` Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ