Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԹԻՎ 25 (1987)  6-12 Հուլիս, 2011թ.
«ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ» 
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՔՆԵՐԻ

“Հետաքննության” նախորդ համարներում մենք ներկայացրել էինք, թե ինչպես է Բրիտանական խորհուրդը դատական վիճաբանության մեջ գտնվում ոմն քաղաքացու հետ` վերջինիս աշխատանքից ազատելու կապակցությամբ:

Նախ պարզվեց, որ Բրիտանական խորհուրդն իր աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագիրը (նրանց մոտ դա կոչվում է աշխատանքային նամակ) կնքելիս խախտում է ՀՀ լեզվի մասին օրենքը և այն կնքում անգլերեն լեզվով: Դա հաստատեց նաև հայցվոր ՀՀ քաղաքացու ներկայացուցիչ , “Լեվ Գրուպ” իրավաբանական ընկերության նախագահ` ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ.

«Սույն կազմակերպության կողմից հայտարարությունն աշխատանքի ընդունման հետ կապված, ինչպես նաև հետագայում պայմանագրային նամակն իմ վստահորդի հետ կնքված են եղել անգլերեն լեզվով, որով կարելի է հրավիրել լեզվի տեսչության ուշադրությունը: Արտասահմանյան կազմակերպությունների կողմից շատ հաճախ, նաև այս դրվագով, խախտվում է իմպերատիվ նորմ դիտվող այն դրույթը, որ ՀՀ-ում պաշտոնական լեզուն հայերենն է, ուստի գրագրությունները, պայմանագրերը կնքելը և մրցույթային հայտարարությունները պետք է պարտադիր լինեն հայերեն, այնուհետև ալտերնատիվ կարող են լինել իրենց ցանկացած լեզվով»:
Մեր այն հարցին, թե “ինչո վ է պայմանավորված այն հանգամանքը, որ Բրիտանական խորհրդի աշխատանքային պայմանագիրը կազմված է անգլերեն լեզվով”, Բրիտանական խորհրդում որոշեցին չպատասխանել: Իսկ ահա լեզվի տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ այս առումով մեզ փոխանցեց հետևյալը. “Հայերեն տարբերակը պարտադիր է: Կարող է լինել երկու լեզվով, եթե դա օտար կազմակերպություն է, ապա առաջին հերթին պետք է կնքվի հայերեն լեզվով, այնուհետև կարող են լինել այլ լեզվով: Սա ցանկացած հիմնարկության գործավարության մաս է կազմում: Սա վերաբերում է նաև հայտարարություններին և այլն”:

 

ԲԱ Ո ՒՐ  ՄՆԱՑԻՆ  ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ…

Սակայն լեզվի մասին օրենքի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքի դրսևորումը Բրիտանական խորհրդի կողմից միակ դրվագը չէ, որտեղ հարցեր են առաջանում Հայաստանի օրենսդրության տեսանկյունից: Ինչպես արդեն նշեցինք, ՀՀ քաղաքացու պահանջն է աշխատանքում վերականգնվելը և հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար վնասի հատուցումը: Ինչպես նշեց Լ.Բաղդասարյանը.
- Իմ վստահորդը 2010թ. ապրիլ ամսին էլեկտրոնային կայքում տեղադրված Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակում երկարաժամկետ բնույթ կրող աշխատանքի հայտարարություն է կարդում, որի հիման վրա մասնակցում է աշխատանքի ընդունման համար պահանջվող գորընթացին, որի հիմքով հետագայում, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակում իմ վստահորդը տեղավորվում է աշխատանքի և Բրիտանական խորհրդում աշխատանքի անցնելու համար վերջինիս տրամադրվում է 2010թ. մայիսի 14-ին թվագրված “պայմանագրային նամակ” վերնագրով փաստաթուղթ, իսկ մեկ տարի հետո նրան ազատում են աշխատանքից: Մեր կարծիքով` աշխատանքից սույն ազատումն իրավազուրկ է այնքանով, որքանով այդ աշխատանքային պայմանագիրը պետք է կնքվեր անորոշ ժամանակով, քանի որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է բացառություն ընդհանուր կանոնից:
Այսինքն` որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել միայն այն դեպքում, երբ կատարվելիք աշխատանքը կամ կատարման պայմանները կրում են ոչ մշտական, այսինքն` սեզոնային բնույթ: Ավելին, հայտարարությունը, որի հիման վրա իմ վստահորդը մասնակցել է մրցույթին, եղել է երկարատև աշխատանքի հետ կապված: Եվ նույնիսկ, երբ նայում ենք աշխատանքային պայմանները` պայմանագրով, տեսնում ենք, որ այնտեղ նախատեսվում է այնպիսի աշխատանքային իրավահարաբերություններ, որից  երևում էր, որ պետք է կնքվեր անորոշ ժամանակով պայմանագիր:
- Մեր ունեցած տեղեկություններով աշխատանքային գրքույկը կնքված է Մեծ Բրիտանիայի դեսպանատան կնիքով, արդյոք դա իրավախախտում չէ:
- Կնիքի վրա երևում է դեսպանատան անվանումը, բայց թե ինչու է դրված դեսպանատան կնիքը, այդ հարցին, կարծում եմ, լիարժեք կարող է պատասխանել տվյալ հիմնարկության կոմպետենտ անձը: Սակայն հայտարարությունում, որի հիման վրա աշխատանքի համար դիմել էր իմ վստահորդը, ինչպես նաև աշխատանքային նամակ կոչված այդ փաստաթղթում երևում է ուղղակի Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակ անվանումը:
- Այսինքն` նրանք հանդես են գալիս որպես առանձին իրավաբանական ա նձ:
-Այո, նրանց պայմանագրից և հայտարարությունից երևում է, որ իրենք առանձին կառույց են, որը կոչվում է Բրիտանական խորհուրդի հայաստանյան գրասենյակ:

ԽՈՒՍԱՓՈՂԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ  ԵՎ ՄՈՒԹ ԳՈՐԾԵՐ

Այնուհետ մենք դիմեցինք Բրիտանական խորհրդին` հետևյալ հարցերով. “Ինչու  Բրիտանական խորհորդն օգտագործում  է Մեծ Բրիտանիայի դեսպանատան կնիքը”, “Ինչպես է Հայաստանում գրանցված Բրիտանական խորհուրդը”, “Եթե Բրիտանական խորհուրդը համարվում է դեսպանատան բաժին, ապա ինչու ձեր բլանկի վրա նշված չէ այդ մասին, այլ ներկայացված եք որպես առանձին կազմակերպություն”:
Ի պատասխան մեր այս հարցադրմանը` Բրիտանական խորհրդից ստացանք խուսափողական պատասխան.“Բրիտանական խորհուրդը Հայաստանում իր գործունեությունն է ծավալում 2002 թվականից` համաձայն միջկառավարական երկու համաձայնագրի`
1. 1994 թվականին Հայաստանի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարությունների միջև ստորագրված Կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիր,
2. 2004 թվականին Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարությունների միջև ստորագրված մշակույթային կենտրոնների ստեղծման և գործունեության մասին համաձայնագիր:
Բրիտանական խորհուրդը մշակույթային կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների ու կապերի խթանմանը: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում անգլերեն լեզվի, կրթության և արվեստի բնագավառներում: Օրինակ, 2010 թվականին Բրիտանական խորհրդի անգլերեն լեզվի ծրագրերի արդյունքում վերապատրաստվել են 2000 անգլերենի ուսուցիչներ` ընդլայնելով իրենց գիտելիքներն անգլերենի դասավանդման նոր տեխնոլոգիաների և մեթոդաբանության վերաբերյալ: Ավելի քան 16000 մարդ ընդգրկվել է Բրիտանական խորհրդի կողմից  իրականացված տարբեր ծրագրերում:
Բրիտանական խորհրդի գործունեության շրջանակն ամրագրված է կառավարությունների միջև ստորագրված 2004 թվականի համաձայնագրով և նպատակ ունի “… խթանել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումն անմիջապես հասարակության մեջ, պետական մարմինների և գործակալությունների շրջանակներում տեղեկության և գիտելիքների փոխանակման և տարածման միջոցով, մասնավորապես` լեզվի և գրականության, մշակույթի և արվեստի, կրթության, գիտության և տեխնոլոգիայի, լրատվության և հաղորդակցությունների բնագավառներում (2004 թվականի համաձայնագիր)”:
Սակայն ինչպես հայտնի է, Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեությունն այդքան էլ միանշանակ չէ: Ինչպես հայտնի է, 2010թ. նոյեմբերին, սկանդալ պայթեց Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության շուրջ: ՍԻՄ կուսակցության նախագահը, հիշելով, որ Բրիտանական խորհուրդը ժամանակին խառնված էր ԼՏՊ-ին աջակցող թռուցիկների տարածման մեջ, իսկ վերջերս իր կազմակերպած սեմինարում պրոպագանդում էր սեռական փոքրամասնությունների ապրելակերպը, պահանջեց դադարեցնել այդ կազմակերպության գործունեությունը Հայաստանում: Իսկապես դժվար է պատկերացնել, որ Մեծ Բրիտանիան մշակույթային հարաբերությունները հանգեցնում է հոմոսեքսուալիստների և նմանատիպ սեռական աղբի կենսակերպի պրոպագանդմանը:

ԻՍԿ ՀԱՐԿԵՐԸ ՄՈՒԾԵԼ ԵՔ

Մեզ հետաքրքրում էր նաև, թե արդյոք Բրիտանական խորհուրդը վճարում է  Հայաստանի օրենսդրությամբ սահմանված հարկերը: Այդ հարցադրմանն ի պատասխան Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն ԱՐԵՎԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆՆ իր նամակում նշեց. “Բրիտանական խորհուրդը շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Ինչպես հաստատված է նույն 2004 թվականի համաձայնագրում, Բրիտանական խորհուրդը կարող է գումարներ գանձել իր ծրագրերի համար գործունեության ծախսերն ամբողջությամբ կամ մասամբ հոգալու նպատակով: Տեղեկատվության համար նշենք, որ 2010 թվականի տվյալներով ծրագրերի արդյունքում ստացված գումարը Հայաստանում կազմակերպության ընդհանուր ծախսերի 10%-ից քիչ է: Տեղեկացնենք նաև, որ Բրիտանական խարհուրդը հայաստանյան օրենսդության համապատասխան վճարում է աշխատակիցների եկամտահարկն ու սոցիալական վճարները”:
Հետաքրքրական է, որ փաստորեն որևէ այլ հարկատեսակով Բրիտանական խորհուրդը չի հարկվում:
Իրականում Բրիտանական խորհուրդը Մեծ Բրիտանիայի կառավարության ստորաբաժանումն է, որը մեկ երրորդով ֆինանսավորվում է այդ երկրի կառավարության կողմից: Այդ ստորաբաժանումը մտնում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կազմի մեջ և տարեկան կառավարությունից ստանում է ավելի քան 200 միլիոն ֆունտ ստերլինգ: 2010 թվականին Բրիտանական խորհրդի բյուջեն կազմել է 676 միլիոն ֆունտ ստերլինգ: Բրիտանական խորհուրդն իր բյուջեի երկու երրորդը ձևավորում է անգլերենի դասընթացների հաշվին, ինչը նրան թույլ է տալիս, կախված իրավիճակից, հանդես գալ մեկ որպես Մեծ Բրիտանիայի դեսպանատան մշակույթի բաժին, մեկ էլ` որպես ոչ կառավարական կազմակերպություն: Հենց այդ երկիմաստությունը Ռուսաստանի ԱԳՆ-ի համար պատճառ դարձավ, որպեսզի պահանջի Բրիտանական խորհրդից` կոնկրետացնել իր կարգավիճակը: Նշենք, որ Բրիտանական խորհուրդը 2000-2002 թվականներին ակտիվ տարածվեց Ռուսաստանով մեկ` ձևավորելով 15 ներկայացուցչություններ Սամարայում, Իրկուտսկում, Պետրոզավոդսկում, Տոմսկում, Կրասնոյարսկում, Նիժնի Նովգորոդում, Սանկտ Պետերբուրգում և այլն: Սակայն Ռուսաստանի իշխանությունների պահանջով այդ բոլոր գրասենյակները փակվեցին և Բրիտանական խորհրդի գործունեությունը սահմանափակվեց միայն Մոսկվայի գրասենյակով: Ինչպես գրում էր ռուսական “Կոմերսանտ” թերթը (14 հունիսի 2007թ.). “Բրիտանական խորհրդի ղեկավարությունն ի սկզբանե դիվանագիտական կարգավիճակի նկրտումներ ուներ` ներկայացնելով իրենց կազմակերպության բաժանմունքները որպես դեսպանատան մշակույթի բաժնի ֆիլիալներ: Սակայն 2004թ. ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ չի դիտարկում ԲԽ գրասենյակները Ռուսաստանի քաղաքներում որպես դիվանագիտական ենթակառուցվածքներ: Դրանից հետո ԲԽ-ի հարցով զբաղվեց ՆԳՆ-ն, և ԲԽ ղեկավարությունից պահանջեց ներկայացնել ֆինանսական հաշվետվություն, մասնավորապես. իրավապահներին հետաքրքրեցին անգլերենի վճարովի դասընթացները: 2005թ.գլխավոր քննչական վարչության ստուգումից հետո Սանկտ Պետերբուրգում հարուցվեց քրեական գործ ԲԽ-ի տեղական բաժանմունքի ղեկավարների նկատմամբ` անօրինական ձեռնարկատիրություն հոդվածով”:
Իսկ ռուսաստանյան “Արգումենտի ի ֆակտի” թերթը 16.01.2008թ. գալիս է այն եզրակացության, որ Բրիտանական խորհուրդը գիտակցաբար խախտում է այն երկրի օրենքը, որտեղ աշխատում է: Կարծես թե այս ոճով Բրիտանական խորհուրդը գործում է նաև Հայաստանում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ    ՀԱԿՈԲՅԱՆ