Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ ԻՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է


Այս տարի գարնանը սպասվում է օրենսդիր մարմնի ընտրություններ: Քննարկումներ են գնում` հարյուր տոկոս համամասնական, թե` մեծամասնական: Սակայն ոչ մեկ չի ուզում խոստովանել գլխավորը. Հայաստանում երբեք արդար ընտրություններ չեն եղել, ուղղակի յուրաքանչյուր ընտրության ժամանակ ընտրակեղծիքների ձեւն ու մարտավարությունն է փոխվել:
Եթե առաջին նախագահի ժամանակ գրպաններից կամ մարմնի տարբեր մասերից խրձով քվեաթերթիկներ էին հանում եւ լցնում արկղը, երկրորդ նախագահի ժամանակ ՙկարուսել՚ կոչված մեխանիզմն էր գործում, որտեղ մի բնակավայրի ընտրողը կարող էր հայտնվել այլ բնակավայրում եւ ընտրել, երրորդ նախագահի օրոք դեռեւս ընտրություններ չեն անցկացվել (չհաշված ՏԻՄ մարմինների որոշ ընտրությունները), ուստի նախապես ասել, որ նմանվելու է նախորդ ընտրություններին, իսկ անունն էլ դրվելու է ՙմեկ քայլ առաջ՚, կարծում եմ, չի լինելու:
Աշխարհում գոյություն չունի ավելի լավ մոդել` ընտրելու օրենսդիր, գործադիր կամ տեղական իշխանություն, քան ընտրություններն են, ինչպես նաեւ բացառվում են իդեալական ընտրություններ:

Հարկավոր է իմանալ.

ա. Յուրաքանչյուր ընտրողի ձայնն էական է:

բ. Ոչ միայն յուրաքանչյուր ընտրող իրավունք ունի ընտրելու, այլ նաեւ իր ընտրելու ձայնով ուղղակի պատասխանատու է այն իրավիճակի համար, որի մեջ գտնվում է այսօր:

գ. Յուրաքանչյուրի քաղաքացիական պարտքն է բռնել ընտրակեղծիք կատարողի ձեռքը, այն օրենքի ուժով դիտվում է քրեական հետապնդելի արարք, այլ ոչ թե ընտրություններից հետո տեսնելով, որ իր թեկնածուն քիչ քվեներ է ստացել, խոսել ընտրակեղծիքների կամ ընտրակաշառքների մասին:

Իմ կարծիքով, ընտրությունները կարող են չեղյալ համարվել միայն այն դեպքում, երբ ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել էական խախտումներ: Ըստ իս էական խախտում ասելով պետք է հասկանալ հետեւյալը. ընտրակեղծիքների թիվը (կապ չունի, թե ում համար է արվել կեղծիքը) պետք է գոնե մեկով գերազանցի հաղթած թեկնածուի եւ երկրորդ տեղում հայտնված թեկնածուի ձայների տարբերությանը, հակառակ պարագայում խախտումները կարձանագրվեն, բայց չեն կարող լինել էական, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա: Կարեւոր է նաեւ նախընտրական պայքարի մթնոլորտը, որտեղ ոչ միայն պետք է լինեն հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար, այլ նաեւ պետք է բացառվեն ցանկացած պետական միջամտություններ: Այս տարի տեղի են ունենալու համամասնական ընտրություններ, որի գլխավոր պատասխանատուն, կարծում եմ, երկրի բարձրագույն ղեկավարությունն է` ի դեմս հանրապետության նախագահի, իսկ արդար ընտրության արդյունքում երկիրը կթեւակոխի նոր փուլ, երկրի բարձրագույն իշխանությունն էլ կտարբերվի իր նախորդներից, իսկ ՙկեղծված ընտրություն՚ արտահայտությունն էլ կվերանա մեր լեքսիկոնից եւ կհանգրվանի հարեւան երկրներում: