Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Գործ թիվ ԵԱՔԴ/0559/02/13

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով`

25.10.2013թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա. Հունանյանի
քարտուղարությամբ` Ս. Չոբանյանի
պատասխանողի ներկայացուցիչ` Վ.Հովհաննիսյանի /Փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 500/
"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ

Դռնբաց դատական նիստում, քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի Մուշեղ Կարապետյանի  ընդդեմ Գոհար Կարապետյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց


1.Դատավարական նախապատմությունը.

Հայցվորը 03.04.2013թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Գոհար Կարապետյանի` Երևան քաղաքի Քանաքեռ 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10 բնակելի տնից պատասխանողին վտարելու պահանջի մասին:

05.04.2013թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանողի կողմից ներկայացվել է հայցադիմումի պատասխան:
Գործով երրորդ անձ չի ներգրավվել:

18.07.2013թ. դատարանը համարելով գործը դատաքննության ախապատրաստված որոշում է կայացրել գործը 05.09.2013թ. դատաքննության նշանակելու մասին:
10.10.2013թվականին գործի քննությունը հայտարարվել է ավարտված և վճռի հրապարակման օր է նշանակվել 25.10.2013թվականը:Սույն քաղաքացիական գործը նախապատրաստվել Է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222 գլխի կանոններով:

Հայցվորի ծանուցման ծրարը վերադարձել է “տեղափոխված է” գրառմամբ:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածով, գործը քննեց հայցվորի բացակայությամբ:


2. Հայցվորի դիրքորոշումը

Հայցվորը դիմելով դատարան` հայտնել է, որ Երևան քաղաքի Քանաքեռ թաղամասի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի 10 տունը սեփականության իրավունքով պատկանել է իր հանգուցյալ հորը` Փրունզիկ Մուշեղի Կարապետյանին: Մինչ իր մահը` դեռ 08.06.1995թ. հանգուցյալ հայրը ինչպես վիճելի տունը, այնպես էլ ամբողջ գույքը, որտեղ էլ որ այն գտնվի, կտակել է իրեն:

Հայրը մահացել է 26.09.2010թվականին: Վիճելի տանը մինչ հոր մահը բնակվել են հայրը, մայրը և ժամանակավորապես` պատասխանողը` քույրը: Ստացվել է այնպես, որ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, հոր մահից հետո կտակը չի ներկայացրել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ պետական գրանցման իր անվամբ և մինչև կպատրաստվեր այդ գործարքին, քույրը սկսել է բացասական և կոպիտ վարքագիծ դրսևորել իրենց մոր նկատմամբ, դուրս է հանել թոշակառու 74-ամյա կնոջը բնակարանից: Այդ մասին տեղեկացել է վերջերս, երբ մայրը դիմել է ոստիկանություն:
Պատասխանողը դիմել է կենտրոնի նոտարական գրասենյակ ըստ օրենքի ժառանգության վկայագիր ստանալու համար, սակայն չի ստացել կտակի առկայության պատճառով: Դիմել է դատարան` վիճարկելու իր ժառանգությունը կենտրոնի նոտարի հետ:

Թե ինչպիսի գնահատականի կարժանացնի ոստիկանությունը պատասխանողի գործողությունները, հայտնի չէ, սակայն պատասխանողը միանշանակ պետք է վտարվի բնակելի տնից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:
Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք: Ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով վերը նշված իրավանորմերով` խնդրել է դատարանին պատասխանող Գոհար Կարապետյանին վտարել Երևան քաղաքի Քանաքեռ 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10 բնակելի տնից:


3. Պատասխանողի և նրա ներկայացուցչի դիրքորոշումը


Պատասխանող Գոհար Կարապետյանը դատարան ներկայացնելով գրավոր հայցադիմումի պատասխան և դատաքննության ընթացքում նրա ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը պնդելով հայցադիմումի պատասխանը, հայտնեց, որ առարկում են հայցապահանջի դեմ և գտնում են, որ այն անհիմն է ու ենթակա մերժման` հետևյալ պատճառաբանությամբ:

Հայցվորի կողմից ներկայացված փաստական հանգամանքները ապացուցված չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջներով, ներկայացված չի որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց , որը կհիմնավորեր իր պահանջը:
Հայցվորը հայցադիմումում նշել է, որ Երևան քաղաքի Քանաքեռ թաղամասի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի 10 տունը սեփականության իրավունքով պատկանել է իր հանգուցյալ հորը` Փրունզիկ Մուշեղի Կարապետյանին: Մինչ իր մահը` դեռ 08.06.1995թ. հանգուցյալ հայրը ինչպես վիճելի տունը, այնպես էլ ամբողջ գույքը, որտեղ էլ որ այն գտնվի, կտակել է իրեն: Հայրը մահացել է 26.09.2010թվականին: Հետո փաստել է շատ կարևոր հանգամանք, որ ինքը բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, հոր մահից հետո կտակը չի ներկայացրել համապատասխան մարմնին: Նշվածով հավաստվել է, որ հայցվորը հոր մահից հետո օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կտակով իրեն հասանելիք ժառանգության ընդունման հետ կապված պահանջվող և անհրաժեշտ գործողություններ չի կատարել, այսինքն ժառանգության ընդունում սահմանված ժամկետներում չի իրականացրել, հետևաբար հանդիսանում է ժառանգությունից հրաժարված ժառանգ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

Նույն օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Վերը նշվածից ակնհայտ է, որ հայցվորը չի կարող համարվել ժառանգությունն ընդունած ժառանգ, հետևապես նաև վիճելի տան սեփականատեր, քանի որ հայցվորը սահմանված կարգով չի ընդունել ժառանգությունը և որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ վիճելի տան նկատմամբ չունի:

Ինչ վերաբերում են հայցվորի վկայակոչած սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանն ուղղված նորմերին, ապա դրանք կիրառելի են միայն սեփականատիրոջ պարագայում, իսկ հայցվորը վիճելի տան սեփականատերը չէ:
Պատասխանողը վերջին 20 տարիների ընթացքում` 1992թվականից, իր ընտանիքի անդամների հետ միասին բնակվել են վիճելի բնակարանում և ներկայումս էլ բնակվում են:

Երևան քաղաքի Քանաքեռ թաղամասի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի 10 տունը և հողամասը սեփականության իրավունքով պատկանել է պատասխանողի հորը` Փրունզիկ Մուշեղի Կարապետյանին, որը երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն վերադառնալով Հայաստան, 26.09.2010թ. մահացել է:
Պատասխանողն ունի 4 քույր և 1 եղբայր: Հոր մահվան արարողությանը մասնակցել են միայն երկու քույրերը` Գայանե և Հասմիկ Կարապետյանները: Թաղման ծախսերը կատարել է պատասխանողը:

Հոր մահից հետո, միայն պատասխանողն է վեց ամսվա ժանկետում դիմում ներկայացրել Կենտրոն նոտարական գրասենյակ և խնդրել տալ ժառանգության իրավունքի վկայագիր: Մյուս զավակները ժառանգությունն ընդունելու քայլեր չեն ձեռնարկել: Հոր մահից հետո պատասխանողը շարունակել է բնակվել վիճելի տանը, կատարել կոմունալ վճարումները, վճարել գույքահարկը և հողի հարկը կատարել վերանորոգման աշխատանքներ:

Այն, որ հայցվորը չի բնակվել այդ տանը և տան պահպանումը կատարվում է պատասխանողի կողմից, փաստում են նաև հարևանների հայտարարությամբ, “Հայաստանի Էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ի “Հյուսիս” մասնաճյուղից տրված բաժանորդի էպիկրիզով:

Եթե այլ բան ապացուցված չէ, ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից պաշտպանելու համար, կատարել է գույքի պահպանման ծախսեր, իր հաշվին վճարել է ժառանգատուի պարտքերը և այլն: Վերը նշվածը փաստում է, որ հայցվորը որևէ իրավունքներ չունի վիճելի տան նկատմամբ քանի որ չիկատարել վերը նշված գործողություները, ոի հիման վրա հնարավոր կլիներ ասել, որ հայցվորն ընդունել է ժառանգությունը:
Ելնելով վերոգրյալներից` խնդրում է ամբողջությամբ մերժել հայցը:

4. Գործի համար էական նշանակություն ունեցող փաստերն ու հանգամանքները

ա/ 01.02.2007թ. տրված թիվ 2158939 սեփականության վկայականի համաձայն` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Քանաքեռ 6 փողոցի 1-ին նրբանցքի 10 բնակելի տան նկատմամբ գրանցված է Ֆրունզիկ Մուշեղի Կարապետյանի սեփականության իրավունքը:

բ/ 08.06.1995թ. կտակի համաձայն` Ֆրունզիկ Մուշեղի Կարապետյանը իր ամբողջ գույքը, այդ թվում` նաև Երևան քաղաքի Քանաքեռ 6 փողոցի 1-ին նրբանցքի 10 բնակելի տունը` իր հողամասով, կտակել է Մուշեղ Ֆրունզիկի Կարապետյանին:
գ/ 27.09.2010թ. տրված թիվ ԱԲ 039037 մահվան վկայականի համաձայն` Ֆրունզիկ Կարապետյանը մահացել է 26.09.2010թվականին:

դ/ 23.02.2011թ. Գոհար Կարապետյանը դիմում է ներկայացրել ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակ` հայտնելով, որ իր հայրը` Ֆրունզիկ Կարապետյանը, մահացել է 26.09.2010թ., որի մահից հետո առկա է ժառանգական անշարժ գույք, և խնդրել տալ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր` նշումով, որ բացի իրենից այլ ժառանգներ չկան:

ե/10.07.2012թ. Երևան քաղաքի Քանաքեռ 6 փողոցի բնակիչներ Անահիտ Խաչատրյանի, Սվետա Բոյախչյանի, Սուսաննա Թորոսյանի կողմից տրված և լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված հայտարարության համաձայն` Գոհար Կարապետյանն իր երկու զավակների հետ 1992թվականից բնակվում է Երևան քաղաքի Քանաքեռ 6 փողոցի 1-ին նրբանցքի 10 բնակելի տանը: Տան սեփականատիրոջ` Ֆրունզիկ Մուշեղի Կարապետյանի մահից հետո նա շարունակել է բնակվել հիշյալ տանը, փաստացի տիրապետել է այդ գույքը և կատարել բոլոր կոմունալ վճարումները:


5.Դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները.


Լսելով պատասխանողի ներկայացուցչի բացատրությունը, ուսումնասիրելով գործում առկա ապացույցները, գնահատելով դրանք, դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ:
Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Քանաքեռ 6 փողոցի 1-ին նրբանցքի 10 բնակելի տան նկատմամբ գրանցված է Ֆրունզիկ Մուշեղի Կարապետյանի սեփականության իրավունքը /01.02.2007թ. տրված թիվ 2158939 սեփականության վկայականը/:

Ֆրունզիկ Մուշեղի Կարապետյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքը, այդ թվում` նաև Երևան քաղաքի Քանաքեռ 6 փողոցի 1-ին նրբանցքի 10 բնակելի տունը` իր հողամասով, 08.06.1995թ. կտակել է որդուն` Մուշեղ Ֆրունզիկի Կարապետյանին:

26.09.2010թվականին Ֆրունզիկ Կարապետյանը մահացել է /հիմք` 27.09.2010թ. տրված թիվ ԱԲ 039037 մահվան վկայական:

Պատասխանող Գոհար Կարապետյանը հանդիսանում է հայցվորի հարազատ քույրը, հանգուցյալ Ֆրունզիկ Կարապետյանի դուստրը:

Գոհար Կարապետյանը, իր երկու զավակների հետ 1992թվականից բնակվում է Երևան քաղաքի Քանաքեռ 6 փողոցի 1-ին նրբանցքի 10 բնակելի տանը:
Այժմ հայցվոր Մուշեղ Կարապետյանը դիմելով դատարան` խնդրել է պատասխանող Գոհար Կարապետյանին վտարել Երևան քաղաքի Քանաքեռ 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10 բնակելի տնից:

Հայցվորը իր հայցապահանջի հիմքում դրել է այն հանգամանքը, որ վիճելի բնակարանը հայրը` Ֆրունզիկ Մուշեղի Կարապետյանը, 08.06.1995թ. կտակել է իրեն, ուստի ինքը հանդիսանում է տվյալ գույքի սեփականատերը և որպես սեփականատեր իրավունք ունի պահանջելու վտարել պատասխանողին իրեն պատկանող բնակարանից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը որևէ բացառություն չի նախատեսել ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգությունն ընդունելու ժամկետի և եղանակի վերաբերյալ, սակայն ըստ կտակի ժառանգի կողմից ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետի բաց թողնելու դեպքում կտակի հանգամանքը այլևս որևէ նշանակություն չունի, քանի որ տվյալ դեպքում այն մնացել է լոկ կտակարարի կամքի արտահայտում և որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել:

Տվյալ դեպքում, հայցվորը որևէ ապացույցներ չի ներկայացրել դատարանին, որ հոր` Ֆրունզիկ Մուշեղի Կարապետյանի մահից հետո վեց ամսվա ընթացքում օրենքով սահմանված կարգով դիմել է ժառանգության բացման վայրի նոտարին` ըստ կտակի ժառանգություն ընդունելու կամ ժառանգության վկայագիր ստանալու խնդրանքով:
ՀՀ վճռաբեկ դատարանը օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող իր սահմանադրական լիազորությունն իրականացնելիս, անդրադարձել է վկայակոչված հոդվածների միատեսակ կիրառության հարցին և հանգել հետևության այն մասին, որ ժառանգության ընդունումը ժառանգի կողմից իրականացվող կանխամտածված, ակտիվ գործողությունների համակցություն է, որն ուղղված է ժառանգական գույքն իր սեփականությունը դարձնելուն: Այսինքն, թե' ըստ օրենքի և թե' ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքում ժառանգը պետք է գիտակցի և նրա գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն համապատասխան ժառանգության ընդունմանը:

Հետևաբար, ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքում ժառանգի կողմից պետք է ձեռնարկվեն ակտիվ քայլեր, որոնք պետք է ուղղված լինեն ըստ կտակի ժառանգությունն ընդունելուն: /ՀՀ Վճռաբեկ դատարանի 01.07.2011թ. թիվ ԵԱՔԴ/1018/02/09 որոշում/:

Գործի քննությամբ հաստատվեց, որ հայցվոր Մուշեղ Կարապետյանը հոր` Ֆրունզիկ Կարապետյանի մահից հետո օրենքով նախատեսված վեցամսյա ժամկետում չի դիմել նոտարական գրասենյակ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար:

Վերը նշված բնակարանի սեփականության իրավունքը մինչ օրս գրանցված է հանգուցյալ Ֆրունզիկ Կարապետյանի անվամբ:

Նման պայմաններում, հայցվորը չի կարող համարվել ժառանգությունն ընդունած ժառանգ, հետևապես նաև վիճելի տան սեփականատեր, քանի որ հայցվորը օրենքով սահմանված կարգով չի ընդունել ժառանգությունը և վիճելի տան նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները հավաստող որևէ ապացույցներ չի ներկայացրել, ինչը պարտավոր էր անել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 և 49-րդ հոդվածների 1-ին կետերի հիմքով:

Ինչ վերաբերում է հայցվորի վկայակոչած սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանն ուղղված նորմերին, ապա հայցվորի վիճելի տան սեփականատերը չլինելու պայմաններում վերը նշված իրավանորմերը ևս կիրառելի չեն:
Դատարանը գտնում է, որ հայցվորը վիճելի բնակարանի սեփականատեր չլինելու պայմաններում չի կարող դիտվել պատշաճ կողմ և պատասխանող Գոհար Կարապետյանին բնակարանից վտարելու պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող անձ, ուստի ներկայացված հայցն անհիմն է և վերը նշված օրենքների հիմքով ենթակա է մերժման:

Դատարանն անդրադառնալով պետական տուրքի հարցին և նկատի ունենալով, որ հայցվորի կողմից օրենքով սահմանված կարգով վճարվել է պետական տուրքի գումարը, իսկ հայցը ենթակա է մերժման, գտնում է, որ հայցը մերժելու պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Առաջնորդվելով վերոնշյալ պատճառաբանություններով և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց



Մուշեղ Կարապետյանի հայցն ընդդեմ Գոհար Կարապետյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին, մերժել:

1. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

2. Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:


ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՀՈՒՆԱՆՅԱՆ