Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԳԴ/0152/02/13

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ `

23.07.2013թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա.ԹԱՄՐԱԶՅԱՆ
քարտուղարությամբ` Ս.ՕՀԱՆՅԱՆ
Հայցվորի ներկայացուցիչ` Լ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ /Փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88/
"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ

2013թ. հուլիսի 23-ին, Գավառ քաղաքում, դռնբաց դատական նիստում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի` Անուշիկ Հենրիկի Հայրոյանի  ընդդեմ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի, երրորդ անձ` Մարտունու քաղաքապետարանի` պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին:


Պ
Ա Ր Զ Ե Ց


Դատաքննությամբ ձեռք բերված տվյալներով պարզված է հետևյալը.
Հայցվոր կողմը, դիմելով դատարան նշել է, որ ՀՀ տնտեսական դատարանի կողմից 04.02.2005թ. կայացված թիվ Տ 3-38 վճռի հիման վրա տրված կատարողական թերթի համաձայն Մարտունու քաղաքապետարանից հօգուտ «Պաշա» ՍՊԸ պետք էր բռնագանձել 200000 ՀՀ դրամ: Կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարողի կողմից 10.08.2005թ. հարուցվել է թիվ 05/01-239/05 կատարողական վարույթը: Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողն արգելանք է դրել պարտապան Մարտունու քաղաքապետարանին պատկանող ք. Մարտունի, Շահումյան 2 հասցեում գտնվող վարչական շենքի առաջին հարկի 41.2 քմ ընդհանուր մակերեսով թիվ 21 սենյակի վրա, այն գնահատել է և ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 29-33-րդ հոդվածներով ներկայացրել է հարկադիր աճուրդի: 2005թ. նոյեմբերի 15-ին մասնակցել է հարկադիր կատարողի կողմից կազմակերպված աճուրդին և մեկնարկային գնի հավելում կատարելով գնել է ՀՀ ք. Մարտունի, Շահումյան 2 հասցեում գտնվող վարչական շենքի առաջին հարկի 41.2 քմ ընդհանուր մակերեսով թիվ 21 սենյակը, որի վերաբերյալ կազմվել է գույքի /ապրանքի/ աճուրդով վաճառելու մասին արձանագրություն, իսկ այնուհետև` 18.11.2005թ., առ ու վաճառքի պայմանագիր: Պայմանագիրը կնքելուց հետո բազմիցս դիմել է հարկադիր կատարողին, որպեսզի իր հետ միասին գա նոտարական գրասենյակ անշարժ գույքի առ ու վաճառքի պայմանագիրը վավերացնելու համար, սակայն վերջինս տարբեր պատճառաբանություններով կամ առանց պատճառաբանությունների խուսափում է գործարքի նոտարական վավերացումից: Գտնում է, որ պատասխանողի անօրինական գործողությունների հետևանքով խախտվել են իր քաղաքացիական իրավունքները:
Մատնանշելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթը, դատարանին խնդրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարողի և Անուշիկ Հենրիկի Հայրոյանի միջև 18.11.2005թ. կնքված ՀՀ Մարտունի քաղաքի, Շահումյան 2 հասցեում գտնվող վարչական շենքի առաջին հարկի 41,2 քմ ընդհանուր մակերեսով թիվ 21 սենյակի առ ու վաճառքի պայմանագիրը ճանաչել վավեր:

Դատաքննությամբ հայցվորի ներկայացուցիչը պնդեց պահանջը և խնդրեց հայցը բավարարել:
Պատասխանող կողմը և երրորդ անձը պատշաճ ձևով ծանուցվել են դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ, սակայն դատական նիստին չի ներկայացել:
Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի կարգով, գործը քննեց պատասխանողի և երրորդ անձի բացակայությամբ:
Դատարանը, լսելով հայցվորի ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով և գնահատելով քաղաքացիական գործում եղած ապացույցները, գտնում է, որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Տնտեսական դատարանի 04.02.2005թ. թիվ Տ 3-38 վճռի համաձայն` «Պաշա» ՍՊԸ հայցն ընդդեմ Մարտունու քաղաքապետարանի` 200000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ, բավարարել է:

Դրամարկղային մուտքի օրդերի 14.11.2005թ. թիվ 654 անդորրագրի համաձայն` Անուշիկ Հայրոյանի կողմից վճարվել է 9450 ՀՀ դրամ գումար, որպես աճուրդի նախավճար:
Գույքի /ապրանքի/ աճուրդով վաճառելու մասին արձանագրության համաձայն` 15.11.2005թ. Անուշիկ Հենրիկի Հայրոյանը մասնակցել է հարկադիր կատարողի կողմից կազմակերպված աճուրդին և 215000 ՀՀ դրամ գումարով գնել է ՀՀ ք. Մարտունի, Շահումյան 2 հասցեում գտնվող վարչական շենքի առաջին հարկի 41.2 քմ ընդհանուր մակերեսով թիվ 21 սենյակը:

Դրամարկղային մուտքի օրդերի 15.11.2005թ թիվ 658 անդորրագրի համաձայն` Անուշիկ Հայրոյանի կողմից վճարվել է 205550 ՀՀ դրամ, որպես անշարժ գույքի գնման գումար:

Դատական ակտերի հարկադիր կատարման Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման և Անուշիկ Հենրիկի Հայրոյանի միջև 18.11.2005թ. կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն` հարկադիր կատարողը գնորդին ի սեփականություն է հանձնել վերջինիս կողմից աճուրդով գնված գույքը` ՀՀ ք. Մարտունի, Շահումյան 2 հասցեում գտնվող վարչական շենքի առաջին հարկի 41.2 քմ ընդհանուր մակերեսով թիվ 21 սենյակ, իսկ գնորդը դրա համար վճարել է 215000 ՀՀ դրամ:

Նշված պայմանագիրը ստորագրված է ԴԱՀԿ Գեղարքունիքի մարզային հարկադիր կատարող Վ.Արշակյանի կողմից /կնքված է Գեղարքունիքի մարզ ԴԱՀԿ բաժնի կնիքով/ և գնորդ Անուշիկ Հենրիկի Հայրոյանի կողմից:

Անուշիկ Հայրոյանի կողմից ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի պետ` Գ.Եղոյանին ուղղված 22.04.2013թ. դիմումի համաձայն` խնդրվել է պայմանագրի նոտարական վավերացման համար ապահովել Վ. Արշակյանի ներկայությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է սույն օրենսգրքում նշված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-կետի համաձայն` գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ եթե գործարքի համար սահմանված է նոտարական ձև, ապա այդպիսին չպահպանելն անվավեր է դարձնում գործարքը, սակայն միևնույն ժամանակ բացառություն է նախատեսվում այն դեպքերի համար, երբ կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից: Նման դեպքերում դատարանն իրավունք ունի գործարքը կատարած կողմի պահանջով վավեր ճանաչել գործարքը, ինչից հետո չի պահանջվում գործարքի հետագա նոտարական վավերացում:
Այսպես` հայցվոր Անուշիկ Հայրոյանը, մասնակցելով հարկադիր կատարողի կողմից կազմակերպված աճուրդին, գնել է ՀՀ ք. Մարտունի, Շահումյան 2 հասցեում գտնվող վարչական շենքի առաջին հարկի 41.2 քմ ընդհանուր մակերեսով թիվ 21 սենյակը` վճարելով 215000 ՀՀ դրամ, ինչի հիման վրա կողմերի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, սակայն նշված պայմանագիրը նոտարական վավերացում չի ստացել:
Պայմանագրի նոտարական վավերացման նպատակով հայցվորը դիմել է գործարքի մյուս կողմին` ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնին, սակայն նշված դիմումը մնացել է անպատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։

Այսպիսով, դատարանը ապացուցված է համարում այն, որ պատասխանող կողմը առուվաճառքի պայմանագիրը կնքելուց` 18.11.2005 թվականից սկսած խուսափել է գործարքի նոտարական վավերացումից: Վերոգրյալի հիմքով, դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջը հիմնավոր է և բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածի դրույթից, հետևաբար ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի հարկադիր կատարողի և Անուշիկ Հենրիկի Հայրոյանի միջև 18.11.2005թ. կնքված առուվաճառքի պայմանագիրը ենթակա է վավեր ճանաչման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով` դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց


Հայցը բավարարել.

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի հարկադիր կատարողի և Անուշիկ Հենրիկի Հայրոյանի միջև 18.11.2005թ. կնքված ՀՀ Մարտունի քաղաքի, Շահումյան 2 հասցեում գտնվող վարչական շենքի առաջին հարկի 41.2 քմ ընդհանուր մակերեսով թիվ 21 սենյակի առուվաճառքի պայմանագիրը ճանաչել վավեր:
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում, այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:




ԴԱՏԱՎՈՐ Ա.ԹԱՄՐԱԶՅԱՆ


 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռ դատավոր` Ա.Թամրազյան Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/0152/02/13

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը /այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան `

28.11.2013թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ` Ա.ԽԱՌԱՏՅԱՆԻ
Կ.ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ
Հայցվորի ներկայացուցիչ` Լ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ /Փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88/
"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ

դռնբաց դատական նիստում քննելով Մարտունու քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի /այսուհետ նաև` Դատարան/ 23.07.2013 թվականի վճռի դեմ ըստ Անուշիկ Հայրոյանի հայցի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի, երրորդ անձ Մարտունու քաղաքապետարանի` պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին


Պ
Ա Ր Զ Ե Ց


1. Գործի դատավարական նախապատմությունը.

Անուշիկ Հայրոյանը դիմելով դատարան հայտնել է, որ ինքը մասնակցել է հարկադիր կատարողի կողմից կազմակերպված աճուրդին և մեկնարկային գնի հավելում կատարելով գնել է Մարտունի քաղաքի Շահումյան 2 հասցեում գտնվող վարչական շենքի առաջին հարկի 41.2 քմ ընդհանուր մակերեսով թիվ 21 սենյակը, որի վերաբերյալ կազմվել է գույքի /ապրանքի/ աճուրդով վաճառելու մասին արձանագրություն, իսկ այնուհետև` առուվաճառքի պայմանագիր: Պայմանագիրը կնքելուց հետո բազմիցս դիմել է հարկադիր կատարողին, որպեսզի իր հետ միասին գա նոտարական գրասենյակ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վավերացնելու համար, սակայն վերջինս տարբեր պատճառաբանություններով կամ առանց պատճառաբանությունների խուսափել է գործարքի նոտարական վավերացումից: Ուստի խնդրել է վավեր ճանաչել 18.11.2005 թվականի առուվաճառքի պայմանագիրը:

Դատարանը 06.06.2013 թվականին հայցադիմումն ընդունել է վարույթ, իսկ 23.07.2013 թվականի վճռով հայցը բավարարել է:

Մարտունու քաղաքապետարանը նշված վճռի դեմ 15.08.2013 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը 27.08.2013 թվականին ընդունվել է վարույթ։
Անուշիկ Հայրոյանը 10.10.2013 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան:


2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.


Վերաքննիչ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության 130-132-րդ հոդվածների պահանջները.

Մարտունու նախկին քաղաքապետի 22.09.2005 թվականի գրությամբ՝ հասցեագրված ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքին, նշել է, որ Տնտեսական դատարանի թիվ 3-38 կատարողական թերթի պահանջներից ելնելով առաջարկել է <<Պաշա>> ՍՊ ընկերության հանդեպ քաղաքապետարանի ունեցած 200.000 դրամ պարտքի բռնագանձման համար արգելադնել և հարկադիր աճուրդով վաճառել քաղաքապետարանի Մարտունիի Շահումյան 2 հասցեում գտնվող վարչական շենքի առաջին հարկի 41,2 քմ ընդհանուր մակերեսով տարածքը:
Դատարանի կողմից անտեսվել է այն փաստը, որ համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի պահանջների սեփականության իրավունքով համայնքին պատկանող անշարժ գույքը օտարվում է միայն ու բացառապես համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ։ Մինչդեռ համայնքի նախկին ղեկավարն անտեսելով օրենքի այս պահանջը, փաստորեն միանձնյա իր իսկ գրությամբ առաջարկել է ԴԱՀԿ–ին աճուրդով վաճառել վիճելի տարածքը։
Բացի այդ քաղաքապետարանում այդ տարիների պահպանված գրագրությունների ելքի մատյաններում չկան անհրաժեշտ համապատասխան նշումներ քաղաքապետարանից վերը նշված ժամանակ ԴԱՀԿ-ին որևէ գրություն ուղարկելու, հասցեագրելու վերաբերյալ։ Այս հարցում նույնպես դատարանը դրսևորել է շտապողականություն, անուշադրության մատնելով վերը շարադրված <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի պահանջը։ Իր գրության մեջ նախկին քաղաքապետը նշել է, <<օրենքով սահմանված իմ իրավունքից>> և առաջարկել է աճուրդով վաճառել վիճելի տարածքը։

Նախորդ տարիների ընթացքում սկսած դեռես 30.11.2005 թվականից վճռում նշված վիճելի տարածքը քաղաքապետարանում հաշվառված է եղել որպես վարձակալական տարածք և որ այդ տարածքն աճուրդով վաճառվելու մասին խոսք կամ ակնարկ, կամ որևէ փաստաթուղթ ընդհանրապես քաղաքապետարանում չի եղել և չկան։ Այդ տարածքը հաշվառված է եղել որպես վարձակալական տարածք մինչև օրս, ինչը ձնակերպված է եղել համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ։ Փաստորեն, խախտելով սահմանված կարգը նախկին քաղաքապետը գործել է իր հայեցողությամբ ու ցանկությամբ, իսկ դատարանն էլ իր հերթին անտեսելով սահմանված կարգի պահանջները, պարզապես դրսևորելով շտապողականություն առանց խորամուխ լինելով գործի բոլոր հանգամանքների մեջ, արձակել է վճիռ։ Ընդ որում ըստ քաղաքապետարանում պահպանված հաշվապահական փաստաթղթերի մինչև այժմ քաղաքապետարանը 200 000 ՀՀ դրամ պարտք է մնացել <<Պաշա>> ՍՊ ընկերությանը: Եթե իրականում աճուրդը կայացել է, հայցվորի կողմից աճուրդի գումար է վճարվել, ապա ինչպես է, որ վճարված գումարը՝ 204.000 դրամ, չի հաշվարկվել քաղաքապետարանի հաշվին։
Այս հանգամանքներր նպաստում է այն կարծիքի առաջացմանը, որ նախկին քաղաքապետի վերը նշված գրությունը հասցեագրված ԴԱՀԿ-ին ստորագրված չէ: Ուստի այս հարցում պետք է նշանակվի ձեռագրաբանական փորձաքննություն, նպատակ ունենալով պարզելու, թե հիշյալ գրությունը ստորագրվել է Ռ. Մհերյանի կողմից, թե՝ ոչ։

Բացի այդ խիստ կասկածելի է վիճելի տարածքի գնահատման վերաբերյալ փորձագետի եզրակացությունը։ Այն չի համապատասխանում իրականությանը, ինչով բացատրել այն հանգամանքը, որ այդ տարածքի 1 քմ փորձագետի կողմից գնահատվել է ընդամենը շուրջ 4000 դրամ։

Ելնելով վերոգրյալից բողոք բերող անձը խնդրել է բեկանել վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:


3. Վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկները.


Վերաքննիչ բողոքով ներկայացված դիրքորոշումները հիմնված են միմիայն ենթադրությունների և միակողմ ու անհիմն պնդումների վրա։ Ավելին, բողոքով բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք բողոքաբերը չէր վիճարկել նույնիսկ գործի քննության առաջին ատյանի փուլում, ինչը վերաքննիչ դատարանում անելու իրավասություն չունի։ Ավելին, բողոքաբերը, ներկայացնելով նման պատճառաբանություններ, անտեսում է այն հանգամանքը, որ վերջինս իր դիրքորոշումը առաջին ատյանի փուլում չի հայտնել՝ հայցադիմումի պատասխան ներկայացնելու միջոցով, ինչը նշանակում է, որ հայցվորի կողմից ներկայացված փաստերն իր համար եղել են անվիճելի և ընդունելի։ Բողոքաբերը նույնիսկ չի էլ բողոքարկել դատարանի կողմից իրականացված գործողություններն ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու կամ որևէ առարկություններ ներկայացնելու միջոցով։

Մարտունու քաղաքապետը պատշաճ ձևով ծանուցված է եղել դատական նիստի մասին, չի ներկայացել, վերջինս պարտավոր էր հայցի պատասխան գրել, հայտնել դիրքորոշում, որը որ չի արել և հանիրավի է մեղադրում դատարանին շտապողականության մեջ, երբ դատարանը ոչ միայն ողջամիտ ժամկետում լսել է սույն քաղաքացիական գործը, այլ նաև հիմք է ընդունել պատասխանողի հայցի դեմ չառարկելը, որով ըստ էության ընդունել է հայցապահանջը։ Հետևաբար ելնելով վերը նշվածից վերաքննիչ բողոքն ամբողջությամբ ենթակա է մերժման։

 

 


4. Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.


Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
Դատարանը Մարտունու քաղաքապետարանին ուղարկել է հայցադիմումի պատճենը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և 17.07.2013 թվականի դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցագիրը: Վերջինս ստացել է վերը նշվածները, սակայն հայցադիմումի պատասխան չի ներկայացրել և ներկայացուցչի միջոցով չի մասնակցել դատական նիստին և որևէ դիրքորոշում չի հայտնել առաջին ատյանի դատարանում: գ.թ. 20-34


5. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.


Քննելով վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննում է բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների uահմաններում, իրավասու է անդրադառնալ միայն այն հարցերին, որոնք վերաբերում են գործին մասնակցող անձանց, սույն վեճի առարկային, բխում են հայցի հիմքերից, որի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի` վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, գործին մասնակցող անձանց վերապահելով առաջին ատյանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք, միաժամանակ սահմանել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության, եթե բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում՝ գործի քննության ժամանակ: Ընդ որում, բացառություն դիտելով այն դեպքը, երբ բողոք բերած անձի համար անհնարին է եղել հայտնելու վերաքննիչ բողոքում բերած դիրքորոշումը:
Սույն գործով Անուշիկ Հայրոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և Մարտունու քաղաքապետարանի` առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին: Դատարանի կողմից կողմերին ուղարկվել է հայցադիմումի պատճենը և հայցադիմումը վարույթ ընդունելու որոշումը: Դատարանը պատշած ծանուցել է Մարտունու քաղաքապետարանին կայանալիք դատական նիստի մասին, սակայն վերջինս պատշած ծանուցված լինելու պայմաններում չի ապահովել դատական նիստին իր ներկայացուցչի մասնակցությունը, չի ներկայացրել հայցադիմումի պատասխան կամ առարկություններ, այսինքն, զրկված չլինելով օրենքով իր դատավարական իրավունքներն իրականացնելու հնարավորությունից, չի ներկայացել դատական նիստին և որևէ դիրքորոշում չի հայտնել ներկայացված հայցապահանջի վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոք բերողի փաստարկները չեն կարող քննության առնվել վերաքննության կարգով, քանի որ բողոք բերողը դրանց վերաբերյալ դիրքորոշում առաջին ատյանի դատարանում չի հայտնել, ինչպես նաև չի ներկայացրել ապացույցներ այն մասին, որ ինքը զրկված է եղել այն առաջին ատյանի դատարանում ներկայացննելու հնարավորությունից: Ավելին, վերաքննիչ վարույթի ընթացքում բողոք բերողի ներկայացուցիչը հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանում զրկված չի եղել իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից և գործի քննությանը չի մասնակցել միմիայն արձակուրդում գտնվելու պատճառով:

ՀՀ Վճռաբեկ դատարանն իր բազմաթիվ նախադեպային որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի կիրառման հարցին, մասնավորապես թիվ ԵՇԴ/0541/02/10 քաղաքացիական գործով 04.03.2011 թվականին կայացված որոշմամբ արձանագրել է, որ <<Դատարանում գործի քննության ժամանակ Հենրիկ Շահինյանն ու Մարի Հարությունյանը այդպիսի դիրքորոշում չեն հայտնել, ինչպես նաև այդ հարցի վերաբերյալ Դատարանում նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից զրկված լինելու մասին որևէ փաստարկ վերաքննիչ բողոքում չեն ներկայացրել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավունք չուներ այդ հիմքով քննել վերաքննիչ բողոքը, քանի որ այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով ենթակա չէր քննության>>:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված փաստարկները վերաքննության կարգով ենթակա չեն քննության դրանք առաջին ատյանի դատարանում ներկայացված չլինելու պատճառաբանությամբ, հետևաբար վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, այն է, մերժել վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:
Նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքը վճարվել էր, ինչպես նաև այն, որ բողոքը ենթակա է մերժման, Վերաքննիչ դատարանը դատական ծախսերի հարցը համարում է լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ և 221-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը




Ո Ր Ո Շ Ե Ց


1. Մարտունու քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժել։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.07.2013 թվականի վճիռը թողնել անփոփոխ` օրինական ուժի մեջ։
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։


Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան։


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ ԴԱՏԱՎՈՐ

Ա.ԽԱՌԱՏՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ
Կ.ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ