ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ԿԻՐԱՌՎԻ “ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ” ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Մանր-մունր հանցագործությունների համար կարող ես ընկնել բանտ, իսկ մեծերի դեպքում կարող ես տեղ գտնել պատմության էջերում:
Խափանման միջոցները` կալանավորումը, գրավը, ստորագրություն չհեռանալու մասին եւ այլն, ամենը հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են միայն քրեական գործով վարույթի ընթացքում, այն էլ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` վերջիններիս ոչ պատշաճ վարքագիծը կանխելու եւ դատավճռի կատարումը ապահովելու համար:
Կալանավորումը եւ գրավը կիրառվում են միայն մեղադրյալի կարգավիճակ ստացած անձանց նկատմամբ: Ընդ որում, կալանքը եւ գրավը չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ, այնքանով, որքանով գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց եւ կիրառվում է բացառապես այն ժամանակ, երբ առկա է դատական ակտ` մեղադրյալին կալանավորելու համար:
Օրենսդիրը, որպես խափանման միջոց կիրառելու հիմք, պարտադիր պայման է դիտում հետեւյալ իրավանորմը. քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք պետք է տան ենթադրելու, որ առանց խափանման միջոցի կիրառման անձը կարող է խոչընդոտել գործի քննությանը, թաքնվել տվյալ վարույթն իրականացնող մարմնից, կատարել քրեորեն հետապնդելի արարք, ինչպես նաեւ խուսափել քրեական պատասխանատվությունից եւ նշանակված պատիժը կրելուց:
Օրենքի ուժով խափանման միջոց կիրառող մարմինները հետաքննության մարմինն է, քննիչը, դատախազը եւ դատարանը: Պրակտիկան ցույց է տվել, որ, որպես կանոն, քննիչն օրենքով իր վրա դրված խափանման միջոցի կիրառումը, հիմնականում ստորագրություն չհեռանալու մասին, կատարում է ջանասիրաբար, առանց ավելորդ հիմնավորելու օրենքով նախատեսված դրա կիրառման անհրաժեշտությունը:
Ինչ վերաբերում է կալանավորման եւ գրավ կիրառելու ինստիտուտին, ապա այն կատարվում է բացառապես դատական կարգով: Կալանավորումը, թեկուզ ժամանակավոր, նշանակում է անձին ազատությունից զրկել, որը հաճախ օգտագործվում է քննիչի կողմից` դատարան միջնորդություն ներկայացնելով` մեղադրյալին կոտրելու, անհավասար պայմաններում դնելու, ցանկալի ցուցմունք կորզելու համար, իսկ դատարանները, որպես կանոն, բավարարում են մեղադրյալին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Պաշտպանի կողմից բերված բոլոր փաստարկները, որ քննիչի կողմից շաբլոնային բնույթ կրող, ՙքոփի արված՚, որ իբր մեղադրյալը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, կամ կխոչընդոտի գործի քննությանը, չի ապացուցվում, դատարանների կողմից ոչ միայն անտեսվում է, անգամ չի բավարավում, որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պաշտպանի արված գրավի միջնորդությունը, ուստի խոսել հավասար, մրցակցային քննությունից ու արդար դատաքննությունից, դեռ վաղ է:
Տարիներ առաջ, հարեւան երկրի արդարադատության նախարարը, քրեական գործեր վարող բոլոր դատավորներին մի քանի ժամով փակեց բանտային տիպի խցերում, որպեսզի վերջիններս դատավճիռ կայացնելուց առաջ որոշակի պատկերացում ունենան, թե ինչ է նշանակում ազատությունից զրկել: Նույն անձը հետագայում իր պետությունից իսպառ վերացրեց ՙօրենքով գող՚ հասկացողութունը, որպես արտոնյալ խավի:
Ազատազրկումը ծայրահեղ միջոց է, առավելեւս, նախաքննության փուլում այն պետք է կիրառվի ռեցեդիվիստների կամ այն անձանց համար, ովքեր մասնագիտությամբ հանցագործներ են, բացառապես ղեկավարվելով գործող իրավանորմով: Առավել եւս, երբ պետության մեջ գործող մեկուսարաններն ու մնացյալ քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են, իսկ այնտեղ տիրող բարքերն ու պայմանները խոսուն ապացույց են կալանավորների տարրական իրավունքների խախտման:
Հարկավոր է իմանալ.
Հանցագործություն կատարած անձին անհրաժեշտ է հնարավորություն տալ` օրենքի ուժով քավելու մեղքը եւ կրկին վերադառնալու հասարակություն եւ ինչպես ժամանակին մի իմաստուն է գրել. ՙՀասարակությունն ինքն է նախապատրաստում տվյալ հանցագործությունը, իսկ հանցագործն այն կատարում է՚:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեւ գրուպ՚ Փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
Իրավունք թերթի Իրավաբանի ընդունարան էջն սկսում է հոդվածների շարք, որը վերաբերելու է բանտերին, դատապարտյալներին, սպասարկող անձանց անշնորհակալ եւ ծանր աշխատանքին, վերջիններիս իրավունքներին եւ պարտակնություններին, տեղում գործող բարքերին, գործող իրավանորմերին: