ԽԵՂՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ
Մահապատիժ
Պատժի տվյալ տեսակը եկել է հին աշխարհից եւ, կատարած ծանր հանցագործության համար, որպես պատիժ, նախատեսվել է տվյալ անձին օրենքի ուժով կյանքից զրկել: Մասնավորապես, եթե տվյալ անձը զրկում է մեկին կյանքից, ապա նա եւս պետք է կյանքից զրկվեր. ՙԱկն ընդ ական, ատամ ընդ ատամ՚: Պատժի տվյալ տեսակի համար խթանիչ դեր է խաղացել նաեւ ՙարյան վրեժ՚ հասկացողությունը, որն իր վրա վերցրեց պետությունը: Հետագայում, որոշ երկրներ ներմուծեցին բարոյական եւ նյութական վնասների ինստիտուտը, սակայն այդպես էլ մահապատժի ինստիտուտը մի շարք երկրներում չվերացավ:
ՄԱԿ-ի տվյալներով շուրջ 150 երկիր, այդ թվում` Հայաստանը մահապատժի ինստիտուտը վերացրել են: Թվով 51 երկրներում այն գործում է, մասնավորապես` Չինաստանում, Իրաքում, Իրանում, ԱՄՆ-ի որոշ նահանգներում:
Քաղաքակրթության զարգացման հետ զարգացել են նաեւ մահապատժի տեսակները, այսինքն, քաղաքակրթությունն ուղիղ համեմատական եղավ մահապատժի տեսակների բազմազանությանը:
1. Մահապատիժ` գնդակահարության միջոցով.
ԽՍՀՄ-ի տարիներին, լինելով ուսանող եւ ուսումնական պրակտիկան անցկացնելով Ռուսաստանի հայտնի բանտերից մեկում, անուղղակի ձեւով ականատես եմ եղել մահվան դատավճիռն ի կատար ածելու պրոցեսին, որտեղ պարտադիր պայման էր դիտվում բանտի պետի, բժշկի եւ դատախազի մասնակցությունը:
2. Մահապատիժ` կախաղան հանելու միջոցով.
Տարիներ առաջ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը մահապատժի ենթարկվեց` կախաղան հանելու միջոցով եւ մահվանն ընդառաջ գնաց, գոնե արտաքուստ` սառնասրտորեն (կախաղան հանելու նախապատրաստական պրոցեսը տեւում է մոտ 30 րոպե եւ հոգեբանորեն ազդում տվյալ անձի վրա):
3. Մահապատիժ` գլխատման միջոցով.
Մահապատժի այս ձեւը դեռեւս գործում է Իրաքում, Սաուդյան Արաբիայում... Մահապատիժ` գլխատման միջոցով Ֆրանսիայում վերջին անգամ իրականացվել է 1977 թվականին Մարսել քաղաքում, որով էլ վերջ դրվեց Եվրոպայում նման ձեւով մահապատիժ իրականացնելուն:
4. Մահապատիժ` էլեկտրական աթոռի միջոցով.
Դժոխային այս մեքենայի հեղինակային իրավունքը ԱՄՆ-ինն է, որը լայն կիրառում գտավ նահանգներում: Հետագայում որոշ նահանգներում այն փոխարինվեց թույնի ներարկումով կամ գազախցիկով: Գազախցիկն այսօր, որպես մահապատժի տեսակ, կիրառվում է միայն ԱՄՆ-ում:
5. Մահապատիժ` քարկոծման միջոցով.
Մահապատժի տվյալ տեսակը հիմնականում կիրառվում է Իրանում, Իրաքում, Աֆղանստանում:
Օրենքի ուժով մահապատժի տեսակներից են եղել ինչպես քառատելն եւ ձեռքը, ականջը կտրելն ու աչք հանելը, այնպես էլ` խեղդամահ անելը, եռացրած ջրում խաշելը, կրակի վրա այրելը, գիշատիչ գազանների մոտ գցելը եւ վերջապես` խաչելը:
Ըստ իս, խաչելով մահապատժի ենթարկելն ամենադաժան մահապատժի ձեւն է, որն ունակ ու ընդունակ է եղել ստեղծել մարդ արարածը: Մահապատժի այս տեսակը տեւել է ժամեր, հաճախ էլ` օրեր շարունակ, որտեղ ողջ խաչելիության ընթացքում խաչվողը տեսել ու զգացել է ֆիզիկական եւ հոգեկան աննկարագրելի ցավ ու տառապանք: Որպես կանոն, խաչելով` մահապատժի են ենթարկել միայն չարագործներին կամ ծանր հանցագործություն կատարած ստրուկներին: Հին աշխարհը նման եղանակով Հիսուս Քրիստոսին է գամել խաչին եւ մահապատժի ենթարկել: Քրիստոնեական արժեքներ դավանողի համար դա պետք է լինի հանրահայտ փաստ, որ Քրիստոսի խաչելությունը Աստվածային ծրագիր էր, որն էլ մաթեմատիկական ճշգրտությամբ իրականացվեց:
Այժմ պատկերացնենք մի իրավիճակ, երբ օրենքի ուժով անձին դատապարտում են մահվան եւ ամեն անգամ երկաթյա ծանր դռան ճռինչից վերջինս վեր է թռչում` մտածելով, որ այն իր վերջին օրն է:
Ամերիկացի մի գրող` հասկանալու համար մահապատժի ենթարկվածների հոգեբանությունը, խնդրում է տվյալ նահանգի դատախազին (նահանգ, որտեղ մահապատիժը վերացված չէ), որպեսզի իր համար ՙքրեական գործ կարի՚ եւ ժամանակավոր փակի մահապարտների խցում, ինչը որ փայլուն ձեւով եւ գաղտնի բոլորից, կատարվում է: Օրեր անց, ՙմահապարտը՚, օրվա թերթերը կարդալիս, տեղեկանում է, որ իր ընկեր դատախազը հանկարծամահ է եղել, որից հետո վերջինս դառնում է անկանխատեսելի, գոռում-գոչյունով իր խցակիցներին եւ բանտի ադմինիստրացիային փորձում է համոզել, որ ինքը հանցագործ չէ, անմեղ է: Արդյունքում, վերջինիս` որպես բանտի ներքին կանոնները չարամտորեն խախտողի այնպես են ծեծում, որ գիտակցությունը կորցնում է եւ ժամանակավոր փակում են մենախցում, որտեղ կարճ ժամանակ անց երիտասարդ գրողից վերածվում է զառամյալ ծերուկի: Ահավասիկ այն հոգեկան հույզերն ու դրամատիկ պահերը, որում կարող է հայտնվել անձը, երբ կարդում են իր մահվան դատավճիռը, առավելեւս, երբ վերջինս անմեղ է:
Պրակտիկայում եղել են դեպքեր, երբ անձին դատապարտել են մահվան, այն ի կատար են ածել, իսկ տարիներ անց պարզվել է, որ տվյալ հանցագործությունն այդ անձի կողմից չի կատարվել: Այսօր եւս, պետական լիազոր մարմնի սխալի, հասարակության լուռ համաձայնության ու անտարբերության ներքո, բազմաթիվ են դեպքերը, երբ անձին դատապարտում են հանիրավի...
(Շարունակելի)