|
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ, ՄԵԴԱԼՆԵՐԻ ՈՒ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒՄԸ
Տանյան գրում է, որ մայրը հայրենական պատերազմի տարիներին եղել է Լենինգրադի բլոկադայի մասնակից: Պատերազմից հետո սովորել և զբաղեցրել է կուսակցական բարձր պաշտոններ, ստացել կառավարական պարգևներ ու շքանշաններ, հուշամեդալներ և նշաններ: Մահանալուց հետո Տանյան եկել է Երևան, դիմել նոտարական գրասենյակ՝ ընդունելու համար ժառանգությունը, հայտարարագրելով ինչպես անշարժ գույքը, այնպես էլ՝ պետական պարգևները, շքանշանները և հոբելյանական հուշամեդալներն ու նշանները: Նոտարը տեղեկացրել է, որ բոլոր պետական պարգևները, մեդալներն ու շքանշանները, այդ թվում՝ հոբելյանական նշանները, Տանյան չի կարող ժառանգել:
Պատասխան Պետական պարգևները և շքանշանները ենթակա չեն մտնելու ժառանգության զանգվածի մեջ:Այդ առումով նոտարի գործողությունները կրել են իրավաչափ բնույթ, ինչ վերաբերում է հուշամեդալներին ու նշաններին, ապա օրենքի ուժով դրանք մտնում են ժառանգության զանգվածի մեջ: Մի կարևոր հանգամանք ևս: Պետության կողմից պարգևատրված անձի մահվան դեպքում պետական պարգևները կարող են, որպես հիշատակ, պահվել ժառանգների մոտ կամ նրանց համաձայնությամբ տրվել թանգարանի: Եթե պարգևատարված անձը չունի ժառանգներ, նրա մահվանից հետո այն ետ է վերադարձվում ՀՀ նախագահի աշխատակազմին: Սույն իրավանորմը կարգավորվում է ՀՀ պետական պարգևների մասին օրենքի 17 հոդվածի ուժով:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ "Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
|