Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Քաղաքացիական գործ թիվ S-714 2002թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը հետևյալ կազմով`
01.04.2002թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
քարտուղարությամբ` Է. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ
մասնակցությամբ հայցվոր` "ՎՍՏԱՀԵԼԻ ՈՒՂԵԿԻՑ" ՍՊԸ
հայցվորի ներկայացուցիչ` Գ. ԼԵԳՐՅԱՆ / "Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի "Վստահելի ուղեկից" ՍՊԸ-ի ընդդեմ "ԱրմենՏել" ՀՁ ՓԲԸ-ի` վերջինիս կողմից անջատված հեռախոսահամարները վերամիացնել պարտադրելու պահանջի մասին.


Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցվորը, դիմելով դատարան, խնդրել է պարտադրել պատասխանողին վերամիացնել "Վստահելի ուղեկից" ՍՊԸ-ին պատկանող հեռախոսահամարները: Դատաքննությամբ պնդելով հայցը` հայցվորի ներկայացուցիչը ներկայացրեց հետևյալ փաստարկները: "Վստահելի ուղեկից" ՍՊԸ-ի և "ԱրմենՏել" ՀՁ ՓԲԸ-ի միջև 23.01.2001թ. կնքվել է թիվ 30/0684/9798 հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիր, համաձայն որի պատասխանողը պարտավորվել է հայցվորին մատուցել հեռախոսակապի ծառայություններ, իսկ հայցվորը` պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում վճարել մատուցված ծառայությունների վարձը: Պայմանագրի մաս կազմող թիվ 1 հավելվածի համաձայն` այդ ծառայությունները պետք է մատուցվեն 393363, 393210, 393310, 393230, 393450, 393470, 341501, 341391 հեռախոսահամարներով: Պայմանագրով բաժանորդի վրա դրված պարտավորությունները /պայմանագրի 3.2.1, 3.2.2, 3.2.3 կետեր/ "Վստահելի ուղեկից" ՍՊԸ-ի կողմից կատարվել են լիովին և ժամանակին: Սակայն պատասխանողը, խախտելով պայմանագրի 3.1.1 կետով իր ստանձնած պարտավորությունները, համաձայն որի նա պարտավոր է ապահովել կայուն և անխափան, միջազգային նորմերին համապատասխանող հեռախոսակապի ծառայություններ, 11.01.2002թ-ից առանց պատճառաբանության անջատել է "Վստահելի ուղեկից" ՍՊԸ-ին պատկանող հեռախոսահամարները: 18.01.2002թ. գրությունով "Վստահելի ուղեկից" ՍՊԸ-ն դիմել է պատասխանողին` խնդրելով հայտնել անջատման պատճառները: Սակայն նշված գրությունը մնացել է անպատասխան, իսկ հեռախոսահամարները չեն միացվել: Ելնելով վերոգրյալից հայցվորի ներկայացուցիչը խնդրեց հայցը բավարարել և պարտադրել պատասխանողին վերամիացնել "Վստահելի ուղեկից" ՍՊԸ-ին պատկանող 393363, 393210, 393310, 393230, 393450, 393470, 341501, 341391 հեռախոսահամարները: Պատասխանողի որևէ ներկայացուցիչ 01.04.2002թ. դատական նիստին չներկայացավ, չնայած դատական նիստի ժամանակի և վայրի պատշաճ ձևով տեղեկացված լինելու հանգամանքին: Լսելով հայցվորի ներկայացուցիչի բացատրությունները և հետազոտելով ու գնահատելով գրավոր ապացույցները, դատարանը եզրակացրեց, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ: ՀՀ քաղ. դատ. օր-ի 48 հոդվածի համաձայն` մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: ՀՀ քաղ. օր-ի 347 հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ կերպով` պարտավորության պայմաններին համապատասխան; Դատաքննությամբ "Վստահելի ուղեկից" ՍՊԸ-ն ապացուցեց, որ մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց պատշաճ կատարել է պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները: Այդ մասին վկայում են հայցվորի կողմից դատարանին ներկայացված անդորրագրերը, համաձայն որոնց վերջինիս վճարել է 2001թ. բաժանորդային և միջքաղաքային վարձերը: Մինչդեռ, "ԱրմենՏել" ՀՁ ՓԲԸ-ն հայցվորի կողմից պայմանագրային պարտավորությունները խախտելու վերաբերյալ դատարանին որևէ ապացույց չներկայացրեց: Ուստի պատասխանողի կողմից "Վստահելի ուղեկից" ՍՊԸ-ի հեռախոսահամարների անջատումը դատարանի կողմից դիտվում է որպես պայմանագրային պարտավորությունների կատարման միակողմ հրաժարում, ինչը համաձայն ՀՀ քաղ. օր-ի 348 հոդվածի, անթույլատրելի է: Ելնելով վերոգրյալից և ղեկավարելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 73, 130-132, 221.1-2214, 221.6 հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

"Վստահելի ուղեկից" ՍՊԸ-ի հայցը բավարարել: Պարտադրել "ԱրմենՏել" ՀՁ ՓԲԸ-ին վերամիցնել "Վստահելի ուղեկից" ՍՊԸ-ին պատկանող 393363, 393210, 393310, 393230, 393450, 393470, 341501, 341391 հեռախոսահամարները: "ԱրմենՏել" ՀՁ ՓԲԸ-ից հօգուտ "Վստահելի ուղեկից" ՍՊԸ-ի բռնագանձել 4.000 դրամ պետական տուրք:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 օր հետո և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատին: Օրինական ուժի մեջ մտնելուց հետո վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

ԴԱՏԱՎՈՐ` Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ քաղ. դատ օր-ի 2214 հոդվածով սահմանված ժամկետում վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

ԴԱՏԱՎՈՐ` Ա.ՍԱՐԳՍՅԱՆ