|
ԵՐԲ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊՈՉԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԳՈՐԾԱԴԻՐԻ ԿՈՇԻԿԻ ՏԱԿ
Կա՞ մեկը Հայաստանում, որ այսօր գոհ է դատական իշխանությունից. դժվար: Իհարկե, չկա մի երկիր, որտեղ բոլորը գոհ լինեն իշխանություններից, այդ թվում` դատական: Բայց երբ այն դժգոհությունը համատարած բնույթ է կրում, կարող է կործանարար լինել:Օրենքի կիրառման, պահպանման, պաշտպանության համար լավագույն մոդելն է համարվում դատական իշխանությունը: Մարդկությունը ոչ միայն արդարադատություն իրականացնելու հետ կապված այլընտրանք չի գտել, այլ այն, կարծում եմ, աստվածային իրավանորմ է: Ավելին, աստվածաշնչյան աղբյուրները հուշում են, որ դատական գործառույթի տիպիկ օրինակ ու կրող է եղել Մովսեսը, որը հետո նշանակեց դատավորներ եւ առանձնացրեց ու անկախացրեց դատական իշխանությունը: Պետք է փաստել, որ իշխանության կառուցվածքի աստվածաշնչյան առանձնահատկությունը դատական իշխանության առանձնացումն ու անկախությունն է: Եվ դա ինքնանպատակ չէ. օրենքը դա այն գրված խաղի կանոնն է, որն ընդունում է տվյալ հասարակությունը: Ուստի, տվյալ հասարակության կողմից օրենքի ցանկացած խախտման դեպքում, դատարանը ոչ միայն պետք է վեր հանի այդ խախտումները, որը կատարվել է տվյալ անձի կողմից, այլ նաեւ գլոբալ առումով բարձր ատյանը պետք է տա գնահատական` կապված հասարակության բարոյական հիմքերի քայքայման եւ դրա արդյունքում՝ օրենքները խախտելու վերաբերյալ:
Կարծում եմ, որ ողջ դատական համակարգը եւս, ինչպես եւ հասարակությունը, հոգնած ու զզված է այս իրավիճակից, երբ մշտապես գտնվելով հսկողության տակ, ստիպված է կատարել տարբեր տիպի ու բնույթի քմահաճույքները, շատ հաճախ էլ` ոչ պրոֆեսիոնալ եւ հետագա կործանարար հետեւանքներ ունեցող (հավատի վերացում արդարադատության նկատմամբ, համատարած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սնանկացումներ, արտագաղթ, Եվրոպական դատարանի վճիռներ ընդդեմ Հայաստանի եւ այլն…): Արդյունքում, եթե հիմքում դրված չէ բնական իրավունքի պաշտպանության գաղափարը, պետությունը, երկիրը, նրա քաղաքացին վատ ու թշվառ է ապրելու, իսկ դատական համակարգը գտնվելու է այսպիսի ողբալի վիճակում: Ու միայն դատական իշխանության գործառույթներն ինքնուրույն ու անկախ իրականացնելով է հնարավոր վերականգնելու անձի խախտված իրավունքը, այսինքն` միայն դատարանն է ի զորու` դառնալու իրավունքի հաստատման եւ երկրում իրավունքի գերակայության երաշխավորը: Հարկավոր է իմանալ. Կործանվում է նա, ով մեղքեր է գործում եւ իրեն արդարացնում է իր կատարածի մեջ: Իսկ տվյալ հասարակությունը դառնում է մասնակիցն ու ականատեսը դրա եւ այն բանի, թե ինչպես է դատական համակարգը օրինականացնում անօրինականությունը: Այդ դեպքում արդեն անօրինական վարքագիծը դառնում է ապրելու բաղկացուցիչ մաս, առանց որի կարող ես ընդհուպ օտարվել տվյալ հասարակությունից, եւ քեզ բռնում ես այն գիտակցության վրա, թե որքանով է սերտաճել մարդը չարիքի հետ... ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
|