Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

գործ թիվ ԵԱՔԴ/5525/02/15

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

«31» մայիսի 2017թ. ք. Երևան

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան)՝

նախագահությամբ դատավոր`

Արթուր Ստեփանյանի


քարտուղարությամբ`

ԱՆՆԱ ՊԱՐՏԻԶՊԱՆՅԱՆԻ


մասնակցությամբ՝
հայցվորի ներկայացուցիչ՝

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակ
(
լիազորագիր՝ տրված 26.08.2015թ.,
փաստաբանական գործունեության արտոնագիր՝ թիվ 88)

 

Դատարանում, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Համեստուհի Արսենի Կարամֆիլայնի  ընդդեմ Արմեն Վիտյայի Կարապետյանի  ՝ հայրությունը ճանաչելու, ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված ճանաչելու պահանջի մասին, 

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.
Հայցվոր Համեստուհի Կարամֆիլյանը 02.12.2015թ. հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Արմեն Կարապետյանի՝ հայրությունը ճանաչելու, ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված ճանաչելու պահանջի մասին, որը Դատարանի 04.12.2015 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: 
Գործը նախապատրաստվել է դատաքննության` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222 գլխի կանոնների համաձայն:
Դատարանի 11.07.2016թ. որոշմամբ թիվ ԵԱՔԴ/5525/02/15 քաղաքացիական գործով նշանակվել է դատաքննություն:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետով, գործը քննել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանող Արմեն Վիտյայի Կարապետյանի բացակայությամբ:
Գործի քննությունը 19.05.2017 թվականին հայտարարվել է ավարտված և 31.05.2017 թվականին նշանակվել է վճռի հրապարակման օր:

2. Հայցադիմումի հակիրճ բովանդակությունը.
Հայցվոր Համեստուհի Կարամֆիլյանը, դիմելով Դատարան, հայտնել է, որ իր հայրը Արսեն Վիտյայի Կարապետյանը և իր մայրը Նոյեմ Հարությունի Կարամֆիլյանը 1993թ. ամուսնացել են, որը չի գրանցվել քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում։ Համատեղ ամուսնության ընթացքում 13.11.1995 թ., ծնվել է ինքը՝ Համեստուհի Արսենի Կարամֆիլյանը, որից հետո իր ծնողների հետ համատեղ բնակվել են սեփականության իրավունքով իր մորը պատկանող՝ ք.Երևան, Վարդաշեն 8-րդ փ., 59 տանը։ 08.04.2015թ. հայրը հանկարծամահ է եղել. իսկ հուղարկավորությունը կատարվել է սեփականության իրավունքով իր մորը պատկանող տանից։ Թեպետ ծնողների ամուսնությունն օրենքով գրանցված չի եղել, սակայն իրենց բոլոր ճանաչողները նրանց ընդունել են որպես ամուսինների։ Ավելին, հոր հանկարծամահ լինելու փաստով 14.04.2015թ. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Մաթևոսյանի քրեական գործի հարուցումը մերժելու որոշմամբ արդեն իսկ ճշտվել և արձանագրվել է, որ Վարդաշեն թաղամասի 8-րդ փ., 59 տան բնակիչ է համարվում Արսեն Վիտյայի Կարապետյանը և այն իր տունն է, այն դեպքում, երբ տվյալ տան սեփականատերը հայցվորի մայրն է: Հայցվորի ծնված պահից մինչև հոր մահը իր հայրն իրեն ձանաչել է որպես իր երեխայի, անմիջականորեն, որպես ծնող, զբաղվել է իր կրթությամբ, դաստիարակությամբ։ Ավելին, Էրեբունի վարչական շրջանի տեղամասի լիազոր ներկայացուցչի 03.08.2015թ. տրված տեղեկանքում նշվել է, որ ինքը բնակվում է ք.Երևան Վարդաշեն 8-րդ փ., 59 տանը, որտեղ մինչև մահը բնակվել է նաև իր հայրը։ Իր ծննդյան վկայականում ևս նշված է հոր անունը։ Այս բոլոր փաստերի համադրմամբ ակնհայտ է, որ Արսեն Վիտյայի Կարապետյանն իր հայրն է: Հոր մահից հետո սեփականության իրավունքով նրան պատկանող Զաքարիա Քանաքեռցու 131/1, բնակարան 19 անշարժ գույքը, որպես նրա ժառանգի, ցանկանում է ընդունել, որպես ժառանգություն, քանի որ այն իր կողմից փաստացի տիրապետվում է, սակայն պատասխանողը, որը հայրիկի եղբայրն է, ցանկանում է այն անվանափոխել իր անվամբ։
Հայցվորը, ելնելով վերոգրյալից և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետը, խնդրել է Դատարանին ճանաչել Համեստուհի Արսենի Կարամֆիլյանի իրավունքը Արսեն Վիտյայի Կարապետյանի նկատմամբ որպես զավակի, ճանաչել Համեստուհի Արսենի Կարամֆիլյանի իրավունքը, որպես Արսեն Վիտյայի Կարապետյանի ժառանգությունն ընդունած ժառանգի, ճանաչել Համեստուհի Արսենի Կարամֆիլյանի սեփականության իրավունքը ք.Երևան, Զաքարիա Քանաքեռցու 131/1, թիվ 19 բնակարանի նկատմամբ: 
Հայցվորի ներկայացուցիչը 11.07.2016թ. դատական նիստում, հստակեցնելով պահանջը, խնդրել է Դատարանին ճանաչել Համեստուհի Արսենի Կարամֆիլյանի իրավունքը Արսեն Վիտյայի Կարապետյանի նկատմամբ որպես զավակի, ճանաչել Համեստուհի Արսենի Կարամֆիլյանի իրավունքը, որպես Արսեն Վիտյայի Կարապետյանի ժառանգությունն ընդունած ժառանգի: 

3. Պատասխանողի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը.
Պատասխանող Արմեն Վիտյայի Կարապետյանը, պատշաճ ձևով ստանալով հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին Դատարանի որոշումը և հայցադիմումի օրինակը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան Դատարան չի ուղարկել: 

4. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
4.1. Երևանի Էրեբունու շրջանի ԶԱԳՍ-ի բաժնի կողմից 18.11.1995թ. տրված IX-СЛ թիվ 296675 ծննդյան վկայականի համաձայն՝ Համեստուհի Արսենի Կարամֆիլյանը ծնվել է 13.11.1995թ., որի մասին ծննդյան ակտերի գրանցման գրքում 18.11.1995թ. կատարված է գրանցում 1459: Ծնողները. հայրը՝ Արսեն Վիտյայի Կարամֆիլյան, մայրը՝ Նոյեմ Հարությունի Կարամֆիլյան:
4.2. ՀՀ ԱՆ ՔԿԱԳ ԵՀՍ տարածքային բաժնի կողմից 03.08.2015թ. տրված մահվան ակտի գրանցման վերաբերյալ թիվ 01 տեղեկանքի համաձայն՝ Արսեն Վիտյա Կարապետյանի (ծննդյան ժամանակը՝ 04.01.1960թ.) մահվան ակտային գրանցումը կատարվել է ՔԿԱԳ ԵՀՍ տարածքային բաժնում 08.04.2015թ. ակտ թիվ 2870, մահվան ժամանակն է 04.04.2015թ.: 
4.3. Քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Մաթևոսյանի 14.04.2015թ. որոշման համաձայն՝ Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի 8-րդ փողոցի 59 տան բնակիչ Արսեն Վիտյայի Կարապետյանը ունեցել է զարկերակային ճնշման տատանումներ, սակայն բուժօգնության չի դիմել:
04.04.2015թ. ժամը 07:00-ի սահմաններում իր Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի 8-րդ փողոցի 59 հասցեում գտնվող իր տանը սեղանին մոտենալու ընթացքում հանկարծակի կորցրել է գիտակցությունը և ընկել է գետնին, որից հետո շտաօգնության մեքենայով տեղափոխվել է Էրեբունի ԲԿ: Որոշվել է Արսեն Կարապետյանի հանկարծամահության առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: 
4.4. Երևանի Էրեբունու վարչական շրջանի թիվ 23 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 29.06.2015թ. տրված տեղեկանքի համաձայն՝ Նոյեմ Հարությունի Կարամֆիլյանը բնակվում է ք.Երևան, Վարդաշեն 8-րդ փողոց, 59 տանը:
4.5. Երևանի Էրեբունու վարչական շրջանի թիվ 23 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 03.08.2015թ. տրված տեղեկանքի համաձայն՝ Համեստուհի Արսենի Կարամֆիլյանը բնակվում է ք.Երևան, Վարդաշեն 8-րդ փողոց, 59 տանը: Նշված հասցեում մինչ մահը բնակվել է նաև հայրը:
4.6. Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի կողմից 16.03.2016թ. տրված թիվ 702 Մկրտության Վկայագրի համաձայն՝ Համեստուհի Արսենի Կարամֆիլյանը (ծնված՝ 13.11.1995թ.) մկրտվել և դրոշմվել է ըստ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծեսի 11.07.1996թ.: Հայրը՝ Արսեն Կարամֆիլյան, մայրը՝ Նոյեմ Կարաֆիլյան, Կարեն Պարսամյանի կնքահայրությամբ:
4.7. Ներկայացվել են թվով 8 լուսանկարներ:
4.8. Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի «Կայմ-11» համատիրության նախագահ Վ.Իսպիրյանի կողմից 18.07.2016թ. թիվ 571 տեղեկանքի համաձայն՝ Համեստուհի Արսենի Կարամֆիլյանը բնակվում է Զ.Քանաքեռցու 131 շենքի թիվ 19 բնակարանում: 
4.9. 25.07.2016թ. անդորրագրի համաձայն՝ Արսեն Կարապետյանի անունով կատարվել է Զաք.Սարկավագի, Քանաքեռցու փողոց, 131/1 հասցեի էլեկտրաէներգիայի վճարում:
4.10. «Կայմ-11» համատիրության 2016թ. հուլիսի թիվ 002943 անդորրագրի համաձայն՝ Համեստուհի Կարամֆիլյանի կողմից կատարվել է 62.000 ՀՀ դրամ գումարի վճարում՝ որպես պարտադիր նորմերի վճար:
4.11. Վկա Լյուդմիլա Մնացականի Ալոյանը (նույնականացման քարտի համարը՝ 005127337, տրված՝ 19.05.2014թ. 009-ի կողմից, հասցեն՝ ք.Երևան, Վարդաշեն, 8-րդ փողոց, 37/1 տուն) 22.02.2017թ. դատական նիստում ցուցմունք է տվել այն մասին, որ ճանաչում է Համեստուհի Կարամֆիլյանին որպես իր հարևան Նոյեմի աղջիկ: Արսեն Վիտյայի Կարապետյանին ճանաչում է որպես Համեստուհու հայրը: Այդ ընտանիքին ճանաչում է 50 տարուց ավել: Համեստուհու ծնված պահից ճանաչում է Համեստուհուն, օգնել է Նոյեմին լողացնել երեխային: Երեխայի հետ կապված բոլոր միջոցառումներին Արսենը ներկա է եղել և ճանաչել է որպես Համեստուհու հայր: Արսենին ճանաչել է որպես Նոյեմի ամուսին: Նոյեմի հետ շփվել է 1994 թվականից, երբ արդեն նա ամուսնացած էր: Նոյեմը պատմել է, երբ ամուսնացել են Արսենն այլ բնակարան է ունեցել: Իսկ երբ Արսենը մահացել էր 2-3 տարի առաջ, Լյուդմիլա Ալոյանը Աբովյանում է եղել, լսել է, որ ինսուլտ է տարել, ընկել է և մահացել: Հայտնել է, որ ճանաչել է Համեստուհուն, Արսենին և Նոյեմին որպես ընտանիք և մշտապես բնակվել են իր հարևանությամբ:
Հայցվորի կողմից ներկայացված նկարներում Լյուդմիլա Ալոյանը հայտնել է, որ ճանաչում է Նոյեմին, վերջինիս մորը, Արսենին, Համեստուհուն:
4.12. Վկա Կարապետ Թորոսի Արաբյանը (անձնագրային տվյալները՝ BA1970565, տրված՝ 23.11.2015թ. 009-ի կողմից, հասցեն՝ ք.Երևան, Գուրգեն Մահարի 39ա շենք, բն. 29) 22.02.2017թ. դատական նիստում ցուցմունք է տվել այն մասին, որ Արսեն Կարապետյանի հետ մոտ տաս տարուց ավել աշխատել է «Օրբիտա-Սերվիս»-ում: Երբ Արսենը հայտնել է իրեն, որ ուզում է ամուսնանալ և իր ընտրյալը Վարդաշենից է, հետաքրքրվել է, թե ով է նա, քանի որ ինքը նույնպես Վարադաշենից է եղել: Երբ իմացել է, որ Արսենի ընտյալը Նոյեմ Կարամֆիլյանն է, հայտնել է, որ համադասարանցիներ են եղել Նոյեմի հետ: Ամուսնանալուց հետո որոշ ժամանակ անց ինքն օգնել է Արսենին տեղափոխվել Քանաքեռի բնակարան, միասին իրերն են տեղափոխել: Իմացել է նաև Համեստուհու ծննդյան մասին, քանի որ Արսեն Կարապետյանը աշխատավայրում հայտնել է, որ դուստր է ունեցել և միասին նշել են, շնորհավորել են երեխայի ծնունդը: Հայտնել է, որ Արսենը մի քանի տարի առաջ մահացել է, սակայն ինքը թաղման արարողությանը չի մասնակցել, քանի որ հաճախ բացակայել է քաղաքից: 
Հայցվորի կողմից ներկայացված նկարներում Կարապետ Արաբյանը հայտնել է, որ ճանաչում է Նոյեմին, վերջինիս մորը, Արսենին, Համեստուհուն:
4.13. Վկա Հերմինե Խաչիկի Բողարյանը (նույնականացման քարտի համարը՝ 003713476, տրված՝ 27.12.2014թ. 009-ի կողմից, հասցեն՝ ք.Երևան, Մուրացան, 109-րդ շենք, բն. 48) 22.02.2017թ. դատական նիստում ցուցմունք է տվել այն մասին, որ հանդիսանում է Նոյեմ Կարամֆիլյանի քեռու աղջիկը: Հայտնել է, որ ճանաչում է Արմեն Կարապետյանին, ով Արսեն Կարապետյանի իր քեռու աղջա ամուսինն է, իր հորաքրոջ փեսան: Նշել է, որ Նոյեմը և Արսենը ամուսնացել են 1993թ., սակայն հարսանիքի արարողություն չի եղել: Նրանց աղջիկը՝ Համեստուհին ծնվել է 13.11.1995թ.: Սկզբում բնակվել են Քանաքեռում, այնուհետև, որպեսզի Նոյեմի մայրը, ով տարիքով մեծահասակ կին էր, միայնակ չապրի, Արսենը, Նոյեմը և երեխան տեղափոխվել են Վարդաշեն 8-րդ փողոց, 59 տուն: 
Հայտնել է, որ լավ ճանաչում է նաև Արմեն Կարապետյանի ընտանիքի բոլոր անդամներին. կինը՝ Ռուզաննան, տղան՝ Վիտյան, աղջիկը՝ Լիլիթը: Նոյեմի և Արսենի հետ հյուրընկալել է Արմեն Կարապետյանի տուն, երբ նրանց մայրը՝ Օֆելյան հիվանդ էր, երբ վերջինս մահացել է, մասնակցել է նրա թաղման արարողությանը: Երբ Արսենը ամուսնացել է, հայրը մահացած էր, իսկ Արսենը մահացել է 04.04.2015թ. Վարադշենի տանը, առավոտյան խոհանոցի սեղանի մոտ ընկել է, գլխի հարվածից մահացել է: Թաղման արարողությունը Վարդաշենի տանից է եղել: Արմեն և Արսեն Կարապետյանների միջև թշնամական հարաբերություններ չի նկատել: Արսենը լավ հայր է եղել, բարի անձնավորություն էր, երեխային շատ է սիրել և մասնակցել է երեխայի դաստիարակությանը:
Հայցվորի կողմից ներկայացված նկարներում Հերմինե Բողարյանը հայտնել է, որ ճանաչում է Նոյեմին, վերջինիս մորը, Արսենին, Համեստուհուն:
4.14. Վկա Աննա Ոսկանի Իշխանյանը (անձնագրային տվյալները՝ AN0329881, տրված՝ 17.01.2013թ. 009-ի կողմից, հասցեն՝ ք.Երևան, Ս.Դավթի փողոց, 46 տուն) 22.02.2017թ. դատական նիստում ցուցմունք է տվել այն մասին, որ հանդիսանում է Նոյեմ Կարամֆիլյանի ընկերուհին է և ընտանիքին մոտ մարդ, հաճախ է հյուրընկալել իրենց տուն: Համեստուհի Կարամֆիլյանը Արսենի և Նոյեմի դուստրն է: Արսենին ճանաչում է 1993 թվականից, այն ժամանակվանից, երբ Նոյեմը ծանոթացել էր Արսենի հետ: Երբ միասին աշխատում էին, Նոյեմը հայտնել է, որ ծանոթացել է Արսենի հետ, այնուհետև մոտ 6 ամիս անց նրանք ամուսնացել են, սակայն հարսանեկան արարողություն չի եղել: Սկզբում ապրել են Արսենենց տանը, Քանաքեռում, այնուհետև, երբ Նոյեմի քույրը մեկնեց Հունաստան, և որպեսզի մայրը մենակ չմնա Արսենը և Նոյեմը տեղափոխվել են Վարդաշեն և մինչ մահը Արսեն Կարապետյանն ապրել է Վարդաշենում: Համեստուհին ծնվել է 1995թ.: Հայտնել է, որ երբ Նոյեմին է այցելել, նրանց տանը տեսել է Արսենի մայրիկին, եղբոր կնոջը, երեխաներին: Հիշում է, որ Արսենի ծննդյան օրը հունվարի 4-ն էր, իսկ նա մահացել է 04.04.2015թ., երբ ընկել է խոհանոցում, բայց չգիտի հարվածից է մահացել թե ինսուլտից:
Հայցվորի կողմից ներկայացված նկարներում Աննա Իշխանյանը հայտնել է, որ ճանաչում է Նոյեմին, վերջինիս մորը, Արսենին, Համեստուհուն:
4.15. Վկա Անահիտ Անուշավանի Ավետիսյանը (նույնականացման քարտի համարը՝ 001545177, տրված՝ 10.04.2014թ. 009-ի կողմից, հասցեն՝ ք.Երևան, Վարդաշեն 8 փողոց, 68 տուն) 22.02.2017թ. դատական նիստում ցուցմունք է տվել այն մասին, որ Համեստուհուն ճանաչում է, որպես Նոյեմի և Արսենի աղջիկ, մինչև երեխայի 40 օրականը օգնել է Նոյեմին լողացնել երեխային, նա ծնվել է 1995թ. աշնանը, սակայն չի ճանաչում Արմեն Կարապետյանին: 1974 թվականից երբ հարս է եկել այդ փողոց, այդ ժամանակվանից ճանաչում է Նոյեմին և հարևաններ էին և իր տալի համադասարանցին էր, մոտ հարևաններ են եղել: Երբ 1993 թ. Նոյեմն ամուսնացել է, սկզբից ապրել են Արսենենց տանը, որտեղ քիչ են ապրել, այնուհետև եկել են Վարդաշեն: Արսենի հետ մոտ 5-6 ամիս աշխատել է վաֆլու ցեխում, նաև Արսենը նորոգել է իրենց տան հեռուստացույցը: Երբ Արսենն ընկել էր Նոյեմն իրեն էր կանչել, թաղման արարողությունը Նոյեմենց տանից է կատարվել: 
Անահիտ Ավետիսյանը հայտնել է, որ լուսանկարում ճանաչում է Արսեն Կարապետյանին:
4.16. Վկա Անտոն Շահենի Մանուկյանը (անձնագրային տվյալները՝ AM0710255, տրված՝ 02.05.2012թ. 009-ի կողմից, հասցեն՝ ք.Երևան, Վարդաշեն 8 փողոց, 65 տուն) 22.02.2017թ. դատական նիստում ցուցմունք է տվել այն մասին, որ Արմեն Կարապետյանին չի ճանաչում, սակայն ճանաչում է Համեստուհի Կարամֆիլյանին, ով իր հարևանն է, այժմ ուսանող է սովորում է Բրուսովի անվան համալսարանում: Նոյեմ Կարամֆիլյանը ամուսնացել է, ամուսնու անունը Արսենն էր, Արսենի հետ աշխատել է, շինարարություն է արել, սակայն իր մասնագիտությամբ հեռուստացույց է սարքել: Մասնակցել է Արսենի թաղման արարողությանը, որը տեղի էր ունեցել Վարդեշանում, սակայն Քանաքեռում տուն է ունեցել: Նոյեմի օժիտը տարել են այնտեղ: Սակայն քանի որ աշխատանքին մոտ էր, տեղափոխվել են Վարդաշեն: 
Անտոն Մանուկյանը հայտնել է, որ լուսանկարում ճանաչում է Արսեն Կարապետյանին: 
4.17. Վկա Սաթենիկ Միքայելի Սիմոնյանը (անձնագրային տվյալները՝ AK0207548, տրված՝ 16.12.2008թ. 009-ի կողմից, հասցեն՝ ք.Երևան, Վարդաշեն 8 փողոց, 71 տուն) 22.02.2017թ. դատական նիստում ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը Նոյեմ Կարամֆիլյանի հարևանն է: Ճանաչում է Համեստուհի Կարամֆիլյանին, ով Արսենի և Նոյեմի աղջիկն է, ծնվել է 1995թ., շատ սիրում էր իր հորը Արսենին և մինչ օրս շատ ծանր է տանում իր հոր մահը: Արսենը և Նոյեմը համատեղ ապրել են Վարդաշենում 1993-1994թթ: Երեխայի դաստիարակությամբ զբաղվել են Արսենը, Նոյեմը, Նոյեմի մայրը: Գիտեր, որ Արսենը նույնպես բնակարան ուներ, աշխատել է որպես տեխնիկա վերանորոգող: Հիշում է Արսենի մահը, թե ինչպես հարևանուհին վազելով գնում էր Նոյեմ ենց տուն, այնուհետև շտաօգնություն է եկել, հողարկավորությունը կատարվել է Նոյեմ ենց տանից:
4.18. Վկա Արմենակ Բալաբեկի Գրիգորյանը (անձնագրային տվյալները՝ AM0480030, տրված՝ 20.10.2011թ. 009-ի կողմից, հասցեն՝ ք.Երևան, Վարդաշեն 8 փողոց, 73 տուն) 22.02.2017թ. դատական նիստում ցուցմունք է տվել այն մասին, որ ճանաչում է Համեստուհու ծնողներին, իր հարևաններն են: Արսենը Նոյեմի ամուսինն էր, Արսենը զբաղվում էր երեխայի դաստիարակությամբ, դպրոց է տարել: Արսենը մահացել է 2-3 տարի առաջ, հողարկավորությւնը կատարվել է Վարդաշենից, Նոյեմ ենց տանից: Ապրել են նաև Արսենենց տանը, Քանաքեռում: Արսենը ռադիոտեխնիկ էր, իր տան հեռուստացույցն է նորոգել:
Արմենակ Գրիգորյանը հայտնել է, որ լուսանկարում ճանաչում է Արսեն Կարապետյանին: 

5. Դատարանի իրավական վերլուծությունը և եզրահանգումը. 
Դատարանը, գնահատելով գործի դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, եկավ այն եզրահանգման, որ հայցը հիմնավոր է մասնակի և ենթակա է բավարարման մասնակիորեն՝ հետևյալ պատճառաբանությամբ:
Անդրադառնալով հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված առաջին պահանջին, այն է՝ ճանաչել Համեստուհի Արսենի Կարամֆիլյանի իրավունքը Արսեն Վիտյայի Կարապետյանի նկատմամբ որպես զավակի, Դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է և ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները հիմնվում են երեխաների՝ օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստի վրա։
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը որոշվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ երեխայի հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա: (…)
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 36-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ապա որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշվում է դատական կարգով՝ համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո՝ վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա։ Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն՝ իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված նորմերով։
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով հայրությունը որոշելիս երեխաները ծնողների և նրանց ազգականների նկատմամբ ունեն նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները։
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԼԴ/0023/02/12 քաղաքացիական գործով 05.04.2013թ. կայացրած որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Այսպիսով, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 9-րդ գլխով ամրագրված է երեխաների սերման փաստի հաստատման հետևյալ դեպքերը` երեխայի սերման փաստի հաստատման (հոդված 35-րդ), հայրությունը դատական կարգով որոշելու (հոդված 36-րդ) և հայրության ճանաչման փաստի դատական հաստատման (հոդված 37-րդ):
Երեխաների սերման փաստի հաստատման յուրաքանչյուր դեպքի համար օրենսդիրը սահմանել է պայմաններ ինչպես միմյանց հետ ամուսնության մեջ գտնվող անձանց, ամուսնալուծությունից կամ ամուսնությունն անվավեր ճանաչելուց հետո կամ երեխայի մոր ամուսնու մահվան պահից երեք հարյուր օրվա ընթացքում երեխա ծնվելու դեպքում, այնպես էլ երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի դեպքում:
Հատկանշական է, որ ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում օրենսդիրը նախատեսել է նաև երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան պարագայում երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը հաստատելու պայման դատական կարգով:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 36-րդ և 37-րդ հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում դատարանը պետք է հաշվի առնի ցանկացած ապացույց, որն ստույգ հաստատում է, որ իր կենդանության ժամանակ հոր կողմից ճանաչվել է երեխայի հայրությունը:
Այս առումով Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Վարդուհի Ոսկանյանն ընդդեմ Քրիստինե Մանուկյանի և այլոց թիվ ԵԷԴ/1325/02/09 քաղաքացիական գործով 2010 թվականի հոկտեմբերի 1-ին կայացրած որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, որ օրենսդիրը ծնողների և երեխաների միջև իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմք է դիտում օրենքով սահմանված կարգով կենդանության օրոք որպես երեխայի հայր հանդես գալու փաստը՝ սահմանելով երեխայի հայրության որոշման դատական կարգ: Ընդ որում, այդ դեպքում դատարանը պետք է հաշվի առնի ցանկացած ապացույց, որն ստույգ հաստատում է, որ իր կենդանության ժամանակ հոր կողմից ընդունվել է երեխայի հայրության ճանաչման փաստը:»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
Իսկ նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից: 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ սույն օրենսգրքի 52 հոդվածով նախատեսված դեպքերի:
Դատարանը հաստատված է համարում, որ հայցվոր Համեստուհի Արսենի Կարամֆիլյանը ծնվել է 13.11.1995թ., որի մասին ծննդյան ակտերի գրանցման գրքում 18.11.1995թ. կատարվել է թիվ 1459 գրանցումը, ծնողները. հայրը՝ Արսեն Վիտյայի Կարամֆիլյան, մայրը՝ Նոյեմ Հարությունի Կարամֆիլյան:
Դատարանն արձանագրում է, որ Արսեն Վիտյա Կարապետյանի՝ ծնված 04.01.1960թ., մահվան ակտային գրանցումը կատարվել է ՔԿԱԳ ԵՀՍ տարածքային բաժնում 08.04.2015թ., ըստ որի վերջինիս մահվան ժամանակն է 04.04.2015թ.: 
Դատարանը գործի դատաքննությամբ, ներկայացված գրավոր ապացույցներով, ինչպես նաև վկաների ցուցմունքներով պարզել է, որ Արսեն Կարապետյանը հայցվոր Համեստուհի Կարամֆիլյանի մայր՝ Նոյեմ Կարամֆիլյանի հետ օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չի գտնվել, սակայն իր կենդանության օրոք հանդես է եկել որպես երեխայի՝ Համեստուհի Կարամֆիլյանի հայր՝ ընդունելով երեխայի հայրության ճանաչման փաստը, հետևաբար հայցվորի պահանջը՝ հայրությունը ճանաչելու մասով, հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Ինչ վերաբերում է հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված երկրորդ պահանջին, այն է՝ ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված ճանաչելու մասին, Դատարանը գտնում է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի կանոններով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: (...): Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: (...): Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: (...):
Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր: (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ Վճռաբեկ դատարանը 04.10.2013թ. թիվ ԱՐԱԴ2/0420/02/11 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման: (...): 
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգական գույքի փաստացի տիրապետելու փաստը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների տեսակներով, ընդ որում, գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ նաև բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը, կամ այլ ապացույցներ, որոնք ուղղակիորեն հաստատում են այն, որ ժառանգը փաստացի տիրապետմամբ ընդունել է ժառանգությունը: (...):
(...)ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգատուի մահվանից հետո վեցամսյա ժամկետում ժառանգի կողմից ժառանգված գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումն արդեն իսկ գիտակցված, ակտիվ գործողություններ են, որոնք նպատակաուղղված են ժառանգության ընդունմանը: Եթե ժառանգը, գիտակցելով, որ գույքը պատկանել է ժառանգատուին, վերջինիս մահվանից հետո տիրապետում և կառավարում է այդ գույքը, ըստ էության գիտակցաբար կատարում է ակտիվ գործողություններ, իսկ նման գործողությունների կատարումն օրենսդիրը համարում է ժառանգության ընդունման եղանակներից մեկը: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ գործով հիմնավորված է ժառանգատուի մահվանից հետո ժառանգված գույքի փաստացի տիրապետման և կառավարման հանգամանքը, ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար այլևս անհրաժեշտություն չկա ապացուցելու այլ ակտիվ, գիտակցված գործողությունների կատարման վերաբերյալ փաստեր: Ընդ որում, ժառանգության ընդունման փաստը հաստատված համարելու համար որևէ նշանակություն չունի այն հանգամանքը, որ ժառանգը գույքը տիրապետել և կառավարել է նաև մինչև ժառանգատուի մահը: Ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկություններով պայմանավորված ժառանգության զանգվածի մեջ մտնող որևէ գույք ժառանգման իրավունք ունեցող անձի փաստացի տիրապետման և կառավարման ներքո կարող է գտնվել նաև մինչև ժառանգության բացումը: Նման պարագայում ժառանգության ընդունման համար էական է այն փաստը, որ ժառանգը ժառանգատուին պատկանող գույքի փաստացի տիրապետման և կառավարման գործողությունները շարունակի կատարել նաև ժառանգատուի մահվանից հետո վեցամսյա ժամկետում:»:
Դատարանն արձանագրում է, որ հայցվորի ներկայացուցիչը խնդրել է ճանաչել Համեստուհի Արսենի Կարամֆիլյանի իրավունքը՝ որպես Արսեն Վիտյայի Կարապետյանի ժառանգությունն ընդունած ժառանգի:
Վերոշարադրյալ իրավական նորմերի, դրանց իրավադրույթների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ արտահայտած ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումների և սույն գործով փաստերի համադրմամբ կատարված վերլուծության արդյունքում Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ հայցվոր կողմը չներկայացրեց բավարար ապացույցներ հաստատված համարելու համար այն փաստը, որ հայցվոր Համեստուհի Կարամֆիլյանն Արսեն Կարապետյանի մահից հետո վեցամսյա ժամկետում կատարել է վերջինիս պատկանող գույքի տիրապետմանը և կառավարմանն ուղղված գործողություններ, որոնց գնահատմամբ Դատարանը կգար այդ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ համապատասխան եզրահանգման, ինչպես նաև չներկայացրեց որևէ ապացույց այն մասին, որ ք.Երևան, Զ.Քանաքեռցու 131/1 շենքի թիվ 19 բնակարանը պատկանել է Արսեն Կարապետյանին:
Ինչ վերաբերում է հայցվորի ներկայացուցչի վկայակոչած վերոշարադրյալ փաստի հաստատման համար վերջինիս կողմից հիշատակված և ներկայացված ապացույցներին, այդ թվում՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի «Կայմ-11» համատիրության նախագահ Վ.Իսպիրյանի կողմից 18.07.2016թ. թիվ 571 տեղեկանքին, Արսեն Կարապետյանի անունով Զաք.Սարկավագի, Քանաքեռցու փողոց, 131/1 հասցեի էլեկտրաէներգիայի համար 25.07.2016թ. կատարված վճարման անդորրագրին, Համեստուհի Կարամֆիլյանի կողմից որպես պարտադիր նորմերի վճար 2016թ. հուլիսին կատարված 62.000 ՀՀ դրամ գումարի վճարման «Կայմ-11» համատիրության թիվ 002943 անդորրագրին, ինչպես նաև սույն գործով վկաների կողմից կատարված հայտարարություններին, այն մասին, որ Արսեն Կարամֆիլյանը Քանաքեռում նբնակարան է ունեցել, ապա Դատարանը, այդ ապացույցները գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների համատեքստում, գալիս է այն եզրահանգման, որ դրանք բավարար չեն Արսեն Կարապետյանի մահից հետո վեցամսյա ժամկետում հայցվոր Համեստուհի Կարամֆիլյանի կողմից վերջինիս պատկանող գույքի տիրապետմանը և կառավարմանն ուղղված գործողությունների կատարման փաստը հաստատված համարելու համար, քանի որ նշված ապացույցները վերաբերում են ժառանգատուի մահվանից հետո վեց ամսին հաջորդող ժամանակահատվածում կատարված գործողություններին: 
Վերոգրյալից ելնելով՝ Դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջը՝ ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված ճանաչելու մասով պետք է մերժել:
Միաժամանակ, Դատարանը, անդրադառնալով գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման հարցին, գտնում է հետևյալը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ սույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ:
Նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող ոչ գույքային պահանջով հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի քառապատիկի չափով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, հետևաբար Դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը գործով պետք է համարել լուծված: 
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ, 140-րդ, 1401-րդ հոդվածներով, Դատարանը՝

Վ Ճ Ռ Ե Ց

Համեստուհի Արսենի Կարամֆիլայնի հայցն ընդդեմ Արմեն Վիտյայի Կարապետյանի՝ հայրությունը ճանաչելու պահանջի մասով, բավարարել:
Ճանաչել Համեստուհի Արսենի Կարամֆիլյանի իրավունքը Արսեն Վիտյայի Կարապետյանի նկատմամբ որպես զավակի՝ հաստատելով 13.11.1995թ. ծնված Համեստուհի Արսենի Կարամֆիլայնի նկատմամբ ՜  04.01.1960թ. ծնված, 04.04.2015թ. մահացած Արսեն Վիտյայի Կարապետյանի

 

հայրության ճանաչման փաստը:
Համեստուհի Արսենի Կարամֆիլայնի հայցն ընդդեմ Արմեն Վիտյայի Կարապետյանի՝ ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված ճանաչելու պահանջի մասով, մերժել:
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ