2007թ. սեպտեմբերի 19-ին դատարանում` դռնբաց դատական նիստում, քննեց քաղաքացիական գործն ըստ դիմումի Ֆելիքս Մովսեսյանի ` գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով դրա նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դիմելով դատարան դիմողը հայտնել է, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 40 շենքի թիվ 41 բնակարանի 1/2 մասը սեփականության իրավունքով պատկանում է իրեն, իսկ մյուս մասը պատկանել է իր հորեղբորը` 13.12.1995թ. մահացած Շահեն Աբրահամի Մովսեսյանին: Վերջինիս մահից հետո նրա բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ոչ մեկի անվամբ մինչ օրս չի գրանցվել: Իր կողմից սկսած 1995 թվականից մինչ օրս նշված բնակարանը, որպես սեփական գույք, բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետվել է` կատարվել են անհրաժեշտ աշխատանքներ, ինչպես նաև վճարվել պարտադիր վճարումները: Նկատի ունենալով վերոգրյալը` խնդրել է իր կողմից տիրապետվող` հանգուցյալ Շահեն Աբրահամի Մովսեսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 40 շենքի թիվ 41 բնակարանի բաժնեմասը ճանաչել տիրազուրկ և նշված բաժնեմասի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը: Դատաքննությամբ դիմողի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը պնդեց պահանջը: Հետազոտելով և գնահատելով գործի գրավոր ապացույցները, դատարանն ապացուցված համարեց հետևյալը. Համաձայն Ֆելիքս Մովսեսյանի և Շահեն Աբրահամի Մովսեսյանի անվամբ 26.07.1996թ. տրված սեփականության վկայականի` Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 40 շենքի թիվ 41 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է վերջիններիս` յուրաքանչյուրին 1/2 բաժնեմասով: Համաձայն 14.12.1995թ. տրված թիվ 009447 մահվան վկայականի` Շահեն Աբրահամի Մովսեսյանը մահացել է 13.12.1995թ.: Համաձայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից 14.08.2007թ. տրված տեղեկանքի` Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 40 շենքի թիվ 41 հասցեի կադաստրային գործում առկա փաստաթղթերի` նշված անշարժ գույքի սեփականության իրավունքը գրանցված է Շահեն Մովսեսյանի և Ֆելիքս Մովսեսյանի անվամբ: Համաձայն թիվ 3/1 ԲՇՏի պետի կողմից 17.07.1996թ. տրված տեղեկանքի` Ֆելիքս Մովսեսյանը 1956 թվականից բնակվում է Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 40 շենքի թիվ 41 բնակարանում: Դատաքննությամբ հաստատվեց նաև, որ Ֆելիքս Մովսեսյանը 1995 թվականից մինչ օրս` շուրջ 11 տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է, որպես սեփական գույք, 13.12.1995թ. մահացած Շահեն Աբրահամի Մովսեսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 40 շենքի թիվ 41 բնակարանի 1/2 բաժնեմասը, որը վերջինիս մահից հետո նոր սեփականատեր չունի: Գնահատելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները, դատարանը գտավ, որ դիմողի պահանջը հիմնավոր է, բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 186, 187 հոդվածների և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178, 187 հոդվածների պահանջներից ու ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ կետի համաձայն` տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 և 188 հոդվածներով` դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Դիմումը բավարարել:
13.12.1995թ. մահացած Շահեն Աբրահամի Մովսեսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 40 շենքի թիվ 41 բնակարանի բաժնեմասը ճանաչել տիրազուրկ և դրա նկատմամբ ճանաչել Ֆելիքս Մովսեսյանի սեփականության իրավունքը:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան` այն հրապարակվելուց 15 օրվա ընթացքում:
ԴԱՏԱՎՈՐ`
Ա.ԱԶԱՐՅԱՆ
Ծանոթություն Վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:
ԴԱՏԱՎՈՐ` Ա.ԱԶԱՐՅԱՆ