ԳործN ԵԿԴ/2358/02/12 Վ Ճ Ի Ռ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 01.12.2017թ. ք.Երևան ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԻՐԱՎԱՍՈւԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ Նախագահությամբ` դատավոր Ռ. Ափինյանի Քարտուղարությամբ` Մ. Հակոբյանի Մասնակցությամբ` Հայցվոր` Է. Ավետիսյանի Հայցվորի ներկայացուցիչ` Տ. Շալջյանի
Պատասխանողի ներկայացուցիչ` Լ. Բաղդասարյանի / ԼԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակ/
դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Եդնարա Համբարձումի Ավետիսյանի ( այսուհետ նաև` Հայցվոր) ընդդեմ Հասմիկ Հովհաննեսի Ադիգուլյանի և Գևորգ Անտոնյանի ( այսուհետ նաև` Պատասխանողներ)` ապօրինի բացված մուտքը փակելուն պարտավորեցնելու պահանջի մասին և ըստ հակըննդեմ հայցի Հասմիկ Ադիգուլյանի ընդդեմ Էդնարա Ավետիսյանի՝ Երևան քաղաքի Արշակունյաց 2-րդ նրբ., թիվ 38/8 տան ապօրինի բացված մուտքը փակել պարտավորեցնելու պահանջի մասին
Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը: Դիմելով դատարան` հայցվորը խնդրել է պարտավորեցնել պատասխանողներին Երևանի քաղաքապետի 01.10.2008թ. հա. 4435-Ա որոշմամբ Եդնարա Համբարձումի Ավետիսյանին հատկացված Երևանի Արշակունյաց 2-րդ նրբանցքի 38/8 հասցեի բակում վերջիններիս կողմից ապօրինի բացված մուտքը փակել: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Գ.Խանդանյան) 11.10.2013 թվականի վճռով հայցը մերժել է: Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Եդնարա Ավետիսյանը: Վերաքննիչ դատարանը 02.12.2013 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ: Վերաքննիչ բողոքի պատասխան է ներկայացրել Հասմիկ Ադիգուլյանը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.01.2014 թվականի որոշմամբ Եդնարա Ավետիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 11.10.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության: Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հասմիկ Ադիգուլյանը և Գևորգ Անտոնյանը ու պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 30.01.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` օրինական ուժ տալ Դատարանի 11.10.2013 թվականի վճռին: ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2014թ. որոշմամբ վերադարձվել է թիվ ԵԿԴ/2358/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2014 թվականի որոշման դեմ Հասմիկ Ադիգուլյանի և Գևորգ Անտոնյանի բերած վճռաբեկ բողոքը: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2014թ. որոշմամբ գործն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ: 22.12.2014թ. դատարան է ներկայացվել հակընդդեմ հայցադիմում, համաձայն որի Հասմիկ Ադիգուլյանը խնդրել է պարտավորեցնել Էդնարա Համբարձումյանին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 2-րդ նրբանցք թիվ 38/8 տան ապօրինի բացված մուտքը փակել: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.12.2014թ. որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.06.2015թ. որոշմամբ սույն գործով նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել է: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.08.2016թ. որոշմամբ գործի կասեցված վարույթը վերսկսվել է և հրավիրվել է նախնական դատական նիստ: Գործի քննությունն ավարտվել է 2017 թվականի նոյեմբերի 16-ին, իսկ վճռի հրապարակման օր նշանակվել է 2017 թվականի դեկտեմբերի 01-ը: Հայցվորի հակընդդեմ պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը Հայցվորը հայտնել է, որ Երևանի քաղաքապետի 01.10.2008 թվականի հա. 4435-Ա որոշման 1-ին կետով ճանաչվել է Հայցվորի սեփականության իրավունքը Երևանի Արշակունյաց 2-րդ նրբանցքի 38/8 հասցեի նկատմամբ (դրա սպասարկման համար անհրաժեշտ 36.73քմ մակերեսով հողամասի, 37քմ մակերեսով արտաքին և 32քմ մակերեսով ներքին չափերով շենք-շինությունների և 36.73քմ հողամասի նկատմամբ): Անշարժ գույքի անմիջական հարևանությամբ է գտնվում Արշակունյաց 2-րդ նրբանցքի 36 տունը, որի բնակիչները` առանց իր համաձայնության, քանդելով իր բակը նայող պատուհանը, դուռ են տեղադրել այնտեղ և բացել են իրենց համար նոր մուտք: Վերոնշյալ ապօրինի գործողությունների արդյունքում, քաղաքապետի որոշմամբ իր միանձնյա սեփականությունը հանդիսացող բակն անօրինական կերպով վերածվել է ընդհանուրի: Չափագրման ժամանակ կադաստրը բացահայտեց դա և իրեն տեղեկացրեցին, որ մինչև նախկին վիճակը չվերականգնվի իր իրավունքները չեն ստանա պետական գրանցում: Այսպիսով, հարևան տան բնակիչների ապօրինի գործողությունները հնարավորություն չեն տալիս իրեն պետական գրանցման ենթարկել իր իսկ սեփականության իրավունքը, ինչը սահմանափակում է սեփականությունը տնօրինելու և օգտագործելու իր հնարավորությունները: Շուրջ մի քանի տարի շարունակ բազմիցս դիմել է հարևան տան բնակիչներին իրենց կողմից թույլ տրված ապօրինությունը վերացնելու և նախկին վիճակը վերականգնելու խնդրանքով, սակայն արտադատարանական կարգով վեճի լուծման բոլոր փորձերը մնացել են ապարդյուն, ուստի իրավունքների խախտումը վերացնելու նպատակով ստիպված է դիմել դատական պաշտպանության: Երևանի քաղաքապետի 01.10.2008 թվականի հա. 4435-Ա որոշման 1-ին կետով ճանաչվել է իր սեփականության իրավունքը Երևանի Արշակունյաց 2-րդ նրբանցքի 38/8 հասցեի նկատմամբ (դրա սպասարկման համար անհրաժեշտ 36.73քմ մակերեսով հողամասի, 37քմ մակերեսով արտաքին և 32քմ մակերեսով ներքին չափերով շենք-շինությունների և 36.73քմ հողամասի նկատմամբ): Հարևանությամբ գտնվող Արշակունյաց 2-րդ նրբանցքի 36 տան բնակիչների կողմից իր բակը նայող իրենց պատուհանը վերջիններիս կողմից քանդվել է, վերածվել դռան, բացվել նոր մուտք և բակը դարձրել է ընդհանուր: Հարևանների կողմից իր բակում ապօրինի բացված դռան առկայությունը խոչընդոտում է իր սեփականության իրավունքի պետական գրանցմանը և սահմանափակում է սեփականատիրոջ իր իրավունքները: Վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14, 163, 273, 277 հոդվածները: Նշել է նաև, որ հայցապահանջի հիմքում ընկած են նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» Եվրոպական Կոնվենցիայի դրույթները մարդու սեփականության իրավունքի պաշտպանության մասին: Կոնվենցիայի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունք: Պետությունը մարդու անձնական, ընտանեկան կյանքի և բնակարանի հարգանքի իրավունքի առումով ունի պարտավորություն, նա պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի այլ անձանց անօրինական միջամտությունից այդ իրավունքը պաշտպանելու համար: Ըստ իրավունքի նույն աղբյուրի յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր գույքից անարգել օգտվելու իրավունք ունի: Այն կարող է սահմանափակվել միայն հանրային շահերի պաշտպանության համար և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով: Հիշյալն իր ամրագրումն է ստացել նաև ՀՀ Սահմանադրության 8, 31, 34 հոդվածներում: Սահմանադրության համաձայն, սեփականության իրավունքը սուբյեկտի օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված և պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Ելնելով վերոգրյալից` Դատարանից խնդրել է պարտավորեցնել Պատասխանողներին Երևանի քաղաքապետի 01.10.2008թ. հա. 4435-Ա որոշմամբ Եդնարա Համբարձումի Ավետիսյանին հատկացված Երևանի Արշակունյաց 2-րդ նրբանցքի 38/8 հասցեի բակում վերջիններիս կողմից ապօրինի բացված մուտքը փակել: Հայցվորի ներկայացուցիչը դատաքննության ընթացքում պնդել է հայցադիմումը և խնդրել է այն բավարարել: Պատասխանող հակընդդեմ հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը Դատարան ներկայացրած հակընդդեմ հայցադիմումով Հասմիկ Ադիգուլյանի ներկայացուցիչը հայտնել է, որ տասնյակ տարիներ ինքը և իր ընտանիքը ապրել և ներկայումս էլ ապրում են Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 2-րդ նրբ., 36 տուն հասցեում: Նշված տանը անհիմջապես կից հարևանությամբ բնակվում է նաև սույն գործով հակընդդեմ պատասխանող Էդնարա Ավետիսյանը, ում տիրապետության տակ գտնվող տան մուտքը, որը բացվել է ապօրինի կերպով, գտնվում է ամնիջապես կից հարևանությամբ իրենց տան մուտքի հետ, ինչն էլ բերում է նրան, որ առաջանում են բազմաթիվ անհարմարություններ, ինչպես նաև բազմաբնույթ վեճերի առաջացման պատճառ: Ստեղծված իրավիճակից ելնելով և բացված ապօրինի մուտքի պատճառով, չեն կարողանում լիարժեք օգտվել իրենց պատկանող տնից, քանի որ հակընդդեմ պատասխանողն ամեն կերպ և ամեն օր ստեղծում է բազմաթիվ խոչընդոտներ և վեճեր, ինչն էլ արդեն դարձել է անհնար բնականոն կյանքի համար: Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 277-րդ, 278-րդ հոդվծաները խնդրել է պարտավորեցնել Էդնարա Համբարձումյանին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 2-րդ նրբանցք թիվ 38/8 տան ապօրինի բացված մուտքը փակել: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը: 1. ՀՀ Երևանի քաղաքապետ Ե. Զախարյանի 01.10.2008թ. թիվ 4435-Ա որոշման համաձայն` վերականգնվել է Արշակունյաց պողոտայի 2-րդ նրբանցքի թիվ 38/8 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Եդնարա Ավետիսյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 36.73քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչվել է նրա սեփականության իրավունքը 37քմ մակերեսով արտաքին և 32քմ մակերեսով ներքին չափերով շենք-շինությունների և 36.73քմ մակերեսով հողամասի նկատմամբ և առաջարկվել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Մարաշ» ՏՍ-ին գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական: 2. ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Մարաշ» ՏՍ-ի ղեկավարի` Եդնարա Ավետիսյանին ուղղված 24.12.2008 թվականի թիվ 6672Ա գրությամբ հայտնվել է, որ Արշակունյաց պողոտայի 2-րդ նրբանցքի թիվ 38/8 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կկատարվի համապատասխան ընդհանուր բակի վերաբերյալ պարզաբանում ներկայացնելուց հետո: 3. ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կոմից 14.06.2016թ. թիվ 30591507 եզրակացություն: Դատարանի իրավական վերլուծությունները: Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտավ, որ Եդնարա Համբարձումի Ավետիսյանի ընդդեմ Հասմիկ Հովհաննեսի Ադիգուլյանի և Գևորգ Անտոնյանի` ապօրինի բացված մուտքը փակելուն պարտավորեցնելու պահանջի մասին սկզբնական հայցը, ինչպես նաև Հասմիկ Ադիգուլյանի ընդդեմ Էդնարա Ավետիսյանի՝ Երևան քաղաքի Արշակունյաց 2-րդ նրբ., թիվ 38/8 տան ապօրինի բացված մուտքը փակել պարտավորեցնելու պահանջի մասին հակընդդեմ հայցը ենթակա են մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը: Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝ - քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա, - քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում: Հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում: Ընդ որում, հայցի առարկայից պետք է տարբերել հայցի օբյեկտը, այսինքն` այն առարկան, որին ուղղված է հայցի առարկայի բովանդակությունը կազմող պահանջը: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքն, ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Միաժամանակ, հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը` հիմնվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վրա: Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը բացի փաստական հանգամանքներից կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (ի թիվս այլոց տես` Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հայցի Սուրիկ Սեդրակյանի ընդդեմ Վիգեն Ուրուշանյանի` անհիմն հարստացմամբ ստացած գումարը վերադարձնելու պահանջի մասին, թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը): Փաստորեն հայցն անհատականացվում է իր այս երկու տարրերի` հայցի հիմքի և առարկայի շնորհիվ: Հենց հայցի հիմքով ու առարկայով են որոշվում հայցերի նույնությունն ու տարբերությունը միևնույն սուբյեկտային կազմի դեպքում: ՀՀ օրենսդրությունն ընձեռում է հայցի հիմքն ու առարկան փոփոխելու հնարավորությունը, ընդ որում, հայցի առարկայի փոփոխությունը ենթադրում է հայցվորի` պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջի փոփոխություն, իսկ հայցի հիմքի փոփոխությունն իրենից ներկայացնում է այն հանգամանքների փոփոխությունը, որոնց վրա հիմնվում է այդ նյութաիրավական պահանջը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետ): Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ օրենսդրությունը հայցի հիմքը և առարկան փոխելու լիազորությունը վերապահում է միայն հայցվորին, և տվյալ դեպքում դատարանն ուղղակի հայցվորի համապատասխան միջնորդության առկայության դեպքում կարող է որոշում կայացնել բավարարելու կամ մերժելու հայցվորի` հայցի հիմքը կամ առարկան փոխելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն սեփական նախաձեռնությամբ վերոնշյալ գործողությունները կատարելու լիազորություն դատարանը չունի: Բոլոր դեպքերում, եթե հայցի հիմքում ներառված են փաստական և իրավական հիմքերը, դատարանը գործով ապացուցման առարկան որոշում է հայցվորի վկայակոչած և ենթադրյալ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմի և փաստական հանգամանքների համադրության հիման վրա: Հակառակ դեպքում, երբ դատարանը փոխում է հայցվորի վկայակոչած և ենթադրաբար կիրառման ենթակա նորմերը, դուրս է գալիս հայցի իրավական հիմքի շրջանակից: Վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշման լույսի ներքո դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցի ապացուցման առարկան որոշվել է հայցվորի վկայակոչած և վերը նշված նյութական իրավունքի նորմերի և փաստական հանգամանքների համադրության հիման վրա: Հակառակ դեպքում, դատարանը կփոխի վկայակոչված և ենթադրաբար կիրառման ենթակա նորմերը՝ դուրս գալով հայցի իրավական հիմքի շրջանակից: ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: Այսուհանդերձ, Սահմանադրությունը մեկ միասնական օրգանական ամբողջականություն է, և առկա նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունից պարզորոշ ուրվագծվում են հանրապետությունում ձևավորվող նոր տնտեսական հարաբերությունների հիմնական սկզբունքները. առաջին` պետությունը ճանաչում է սեփականության իրավունքը` առանց որևէ խտրականություն դնելու դրա ձևերի միջև, երկրորդ` պետությունը սահմանադրորեն երաշխավորում է սեփականության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով կայուն տնտեսական համակարգի ձևավորման, երկարաժամկետ ներդրումների և արդյունավետ տնտեսական մրցակցության համար, երրորդ` սեփականատերն օժտված է իրեն պատկանող գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման ամբողջական իրավունքով և ազատությամբ, չորրորդ` հստակեցված են սեփականության իրավունքի` քաղաքացիական հասարակությանը բնորոշ ազատ դրսևորման շրջանակները, հինգերորդ` պետությունը սահմանադրական երաշխիքներ է ապահովում սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության համար, որոնք շուկայական տնտեսական հարաբերությունների հիմնաքարն են: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2008 թ. մարտի 18-ի ՍԴՈ-741 որոշման մեջ (կետ 6) արձանագրել է, որ, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի առաջին մասի` «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը» դրույթի իրացումը երաշխավորվում է ինչպես Սահմանադրության այլ հոդվածներով (31, 42.1., 43, 44-րդ հոդվածներ, 83.5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր, 89-րդ հոդվածի 3-րդ կետ, 105 եւ 105.1-րդ հոդվածներ), այնպես էլ Հայաստանի Հանրապետության մի շարք այլ իրավական ակտերով, որոնք կարգավորում են սեփականության իրավունքի իրացման հետ կապված հարաբերությունները` սահմանելով սեփականության իրավունքի բովանդակությունը, սեփականության իրավունքի սուբյեկտներին, սեփականության իրավունքի սահմանափակումների թույլատրելի շրջանակները, սեփականության իրավունքն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը, գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող այլ անձանց շահերի պաշտպանության մեխանիզմները: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` որը կոչված է պաշտպանել անձի սեփականության իրավունքը` սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Սահմանադրության տրամաբանությունը շարունակում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդվածի 1-ին կետը, որտեղ հստակ նշվում է, որ սեփականության իրավունքը` սուբյեկտի օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրեն պատկանող գույքը: Սեփականատիրոջ իրավազորությունների մատնանշված եռամիասնականությունն ունի կարևոր նշանակություն: Այն ապահովում է իրի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը, նրա և սեփականության ազատությունը: Տնօրինման իրավազորությունը սեփականատիրոջ կողմից օրենքով նախատեսված շրջանակներում գույքի նկատմամբ իրավահարաբերություններ առաջացնելու, փոփոխելու կամ դադարեցնելու միջոցով, գույքի իրավական և փաստացի ճակատագիրը որոշելու իրավունքն է: Այս իրավազորությունն է, որ սեփականատիրոջը հնարավորություն է տալիս իր գույքը վաճառել, նվիրել, գրավ դնել և այլն: Եթե սեփականատերը ոչնչացնում կամ դեն է նետում իր գույքը, ապա տնօրինման իրավունքն իրականացնում է գույքի փաստացի ճակատագիրն այդ եղանակներով որոշելու միջոցով: Տնօրինման իրավունքի իրականացում չի կարող համարվել օգտագործման միջոցով գույքի գոյության դադարումը, որովհետև գույքը սպառելիս սեփականատիրոջ նպատակը ոչ թե սեփականության իրավունքը դադարեցնելն է, այլ գույքի օգտակար հատկություններից բավարարում ստանալը: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի: Մեկնաբանվող հոդվածի 2-րդ մասում ամրագրված է սեփականության իրավունքի անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքներից երկուսը: Առաջին՝ անձն իր սեփականությունից կարող է զրկվել բացառապես օրենքով նախատեսված դեպքերում (հիմքերով): Երկրորդ՝ սեփականատիրոջ կամքին հակառակ սեփականության իրավունքը կարող է դադարեցվել միայն դատական կարգով` դատարանի որոշմամբ: Սեփականության իրավունքի անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքը նախևառաջ ենթադրում է, որ անձը սեփականության իրավունքից կարող է զրկվել միայն այնպիսի հիմքերով, որոնք ուղղակիորեն նախատեսված են օրենքի մակարդակ ունեցող իրավական ակտով: Օրենքից ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերով, այդ թվում` ՀՀ Նախագահի հրամանագրերով, կառավարության, վարչապետի որոշումներով կամ այլ ենթաօրենսդրական բնույթի իրավական ակտերով սեփականության իրավունքի հարկադիր դադարման հիմքեր նախատեսված լինել չեն կարող, և առավել ևս, անձի սեփականության իրավունքը չի կարող հարկադրաբար դադարեցվել օրենքով չնախատեսված հիմքերով: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը բաղկացած է 3 առանձին կանոններից, որի առաջին կանոնը ձևակերպում է գույքից անարգել օգտվելու իրավունքը, երկրորդը վերաբերում է գույքի առգրավման հարցերին և այդ առնչությամբ հստակ պայմաններ է սահմանում, իսկ երրորդ կանոնն ընդունում է, որ պետությունները, ի թիվս այլ իրավասությունների, իրավունք ունեն ընդհանուր շահից ելնելով վերահսկել գույքի օգտագործումը` այդ օրենքների կիրառման անհրաժեշտության պարագայում (Տես Սպորրոնգը և Լոնրոդն ընդդեմ Շվեդիայի գործով Եվրոպական դատարանի 23.09.1982 թվականի վճիռը, կետ 61): Գույքից անարգել օգտվելու միջամտությունը կարող է թույլատրելի համարվել, եթե` 1.նախատեսված է օրենքով 2.բխում է հանրային շահից 3.անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում: Առաջին պայմանը ենթադրում է համապատասխան օրենքի առկայություն, որը նախատեսում է սեփականության օգտագործման սահմանափակումները: Այն միաժամանակ պետք է բավարարի թիվ 1 արձանագրությամբ և Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված պահանջները (տես Ջեյմսը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 1986 թվականի փետրվարի 21-ի վճիռը, կետ 67): Երկրորդ պայմանը սահմանում է, որ սեփականության իրավունքի իրականացման միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ` ելնելով ընդհանուր, հանրային շահից (տես Former king of Greece and others v Greece գործով Եվրոպական դատարանի 2000 թվականի նոյեմբերի 23-ի վճիռը, կետ 83): Երրորդ պայմանը նախատեսում է, որ գույքից անարգել օգտվելու միջամտությունը պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում և ուղղված լինի իրավաչափ նպատակի հասնելուն: Անհրաժեշտ է բարենպաստ հավասարակշռություն ստեղծել հանրության շահից բխող պահանջմունքների և անհատի իրավունքների միջև: Նման բարենպաստ հավասարակշռությանը հնարավոր չէ հասնել այն դեպքերում, երբ գույքի սեփականատերը ստիպված է «անհատական և չափազանց մեծ անհարմարություններ» կրել: Կոնվենցիայի խախտում սկզբունքորեն տեղի չի ունենա, եթե առկա է կոնվենցիոն իրավունքին ավելի քիչ սահմանափակող միջոց քան այն, որն ընտրվել է որոշակի նպատակի հասնելու համար, սակայն երկու միջոցներն էլ դուրս չեն պետության հայեցողության թույլատրելի շրջանակից: Պետության հայեցողության թույլատրելի շրջանակները կախված են գործի հանգամանքներից, Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի տեսակից, միջամտության արդյունքում հետապնդվող իրավաչափ նպատակի բնույթից, ինչպես նաև միջամտության ծավալներից (Տես Former king of Greece and others v Greece գործով Եվրոպական դատարանի 2000 թվականի նոյեմբերի 23-ի վճիռը, կետ 89, Սկոլլոն ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանի 1995 թվականի սեպտեմբերի 28-ի վճիռը, կետ 32): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակները» վերտառությամբ 14 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանվում է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով, իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով (...): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ հոդվածի համաձայն` սույն օրենսգրքի 274-277 հոդվածներով նախատեսված իրավունքները պատկանում են նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով: Այդ անձն իր տիրապետման պաշտպանության իրավունք ունի նաև ընդդեմ սեփականատիրոջ: Վերոհիշյալ հոդվածներից հետևում է, որ սեփականատերը կամ գույքն օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով տիրապետողը, իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում: Այլ կերպ` խախտումն առկա է, երբ այն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի: Խախտման փաստն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ ի սկզբանե բացակայում է տիտղոսային տիրապետումը, այլև երբ տիրապետումը հիմնված է օրինական հիմքի (տիտղոս) վրա, որը հետագայում վերանում է: Նշված փաստի ապացուցման դատավարական բեռի բաշխման առումով Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ և 278-րդ հոդվածների կիրառման վերաբերյալ վերը նշված մեկնաբանությունը, գտնում է, որ սեփականատեր կամ գույքն օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով տիրապետող սուբյեկտի առկայության և խախտման փաստի ապացուցման դատավարական բեռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի ուժով կրում է նման փաստարկ ներկայացրած կողմը: Հայցվորը հայցադիմումում, ի թիվս այլնի, նշել է, որ հարևանությամբ գտնվող Արշակունյաց 2-րդ նրբանցքի 36 տան բնակիչների կողմից իր բակը նայող իրենց պատուհանը վերջիններիս կողմից քանդվել է, վերածվել դռան, բացվել նոր մուտք և բակը դարձվել է ընդհանուր: Սկզբնական հայցով Էդնարա Ավետիսյանը դատարանից խնդրել է պարտավորեցնել Պատասխանողներին Երևանի քաղաքապետի 01.10.2008թ. հա. 4435-Ա որոշմամբ Եդնարա Համբարձումի Ավետիսյանին հատկացված Երևանի Արշակունյաց 2-րդ նրբանցքի 38/8 հասցեի բակում վերջիններիս կողմից ապօրինի բացված մուտքը փակել: Իսկ հակընդդեմ հայցով Հասմիկ Ադիգուլյանը խնդրել է դատարանից պարտավորեցնել Էդնարա Համբարձումյանին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 2-րդ նրբանցք թիվ 38/8 տան ապօրինի բացված մուտքը փակել: Վերոգրյալ իրավանորմերի հիման վրա գնահատելով սույն գործով ներկայացված սկզբնական հայցի, ինչպես նաև հակընդդեմ հայցով ներկայացված հայցապահանջները, դատարանը հարկ է համարում նշել, որ դրա հիմնավորվածությունը որոշելու տեսանկյունից ելակետային նշանակություն ունի հետևյալ հարցադրումների պարզումը - արդյոք Արշակունյաց պողոտա 2-րդ նրբանցք թիվ 36 տան մուտքի դռան առկայությունը որևէ կերպ առնչվում և (կամ) խոչնդոտում է Էդնարա Ավետիսյանի սեփականության իրավունքի իրացմանը: - արդյոք Արշակունյաց պողոտա 2-րդ նրբանցք թիվ 38/8 տան մուտքի դռան, առկայությունը որևէ կերպ առնչվում և (կամ) խոչնդոտում է Հասմիկ Ադիգուլյանի սեփականության իրավունքի իրացմանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47 հոդվածի 1-ին մասի համաձայն` գործով ապացույցներ են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, իսկ նույն օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաuտերը որոշում է դատարանը` գործին մաuնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ 6-րդ մասը սահմանում է, որ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաuտի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացաuական հետևանքները կրում է այդ փաuտի ապացուցման պարտականությունը կրող կողմը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 1498-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Եթե քննվող գործին վերաբերում է փաստաթղթի միայն մեկ մասը, ներկայացվում է դրա պատշաճ վավերացված քաղվածքը: Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` դատարանի պահանջով: Քաղաքացիական գործով նշանակված փորձաքննությամբ տրված եզրակացությամբ, ինպես նաև կողմերի կողմից ներկայացված ապացույցների ամբողջական համադրման արդյունքում, դատարանը արձանագրում է, որ սույն գործով որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց առկա չէ, որով հնարավոր կլիներ հաստատված համարելու սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որ Արշակունյաց պողոտա 2-րդ նրբանցք թիվ 36 տան մուտքի դռան առկայությունը որևէ կերպ առնչվում և (կամ) խոչնդոտում է Էդնարա Ավետիսյանի սեփականության իրավունքի իրացմանը, ինչպես նաև Արշակունյաց պողոտա 2-րդ նրբանցք թիվ 38/8 տան մուտքի դռան, առկայությունը որևէ կերպ առնչվում և (կամ) խոչնդոտում է Հասմիկ Ադիգուլյանի սեփականության իրավունքի իրացմանը: Նման պայմանններում դատարանը գտնում է, որ թէ սկզբնական և թէ հակընդդեմ հայցերը ենթակա են մերժման: Դատական ծախսեր: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաuտաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարից: Նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: . Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի «բ» կետի` հայցվորները դատարանում պետական տուրքի վճարումից ազատվում են` ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերով: Համաձայն «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ: Նույն օրենքի 9 հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է` գույքային պահանջով` հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, իսկ նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է` ոչ գույքային պահանջով` բազային տուրքի քառապատիկի չափով: Նկատի ունենալով այն, որ հայցը և հակընդդեմ հայցը մերժվում են, իսկ դրանց համար սահմանված պետական տուրքը կողմերը նախապես վճարել են, դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված: Իսկ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված փորձագիտական եզրակացության համար սահմանված վճարը՝ 97.000 ՀՀ դրամ գումարի չափով ենթակա է բռնագանձման Հասմիկ Ադիգուլյանից, քանի որ վերջինիս միջնորդությամբ էր նշանակվել փորձաքննություն: Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73, 124, 130-132, 134 և 140-1401 հոդվածներով` դատարանը Վ Ճ Ռ Ե Ց Եդնարա Համբարձումի Ավետիսյանի ընդդեմ Հասմիկ Հովհաննեսի Ադիգուլյանի և Գևորգ Անտոնյանի` ապօրինի բացված մուտքը փակելուն պարտավորեցնելու պահանջի մասին սկզբնական հայցը մերժել: Հասմիկ Ադիգուլյանի ընդդեմ Էդնարա Ավետիսյանի՝ Երևան քաղաքի Արշակունյաց 2-րդ նրբ., թիվ 38/8 տան ապօրինի բացված մուտքը փակել պարտավորեցնելու պահանջի մասին հակընդդեմ հայցը մերժել: Հասմիկ Ադիգուլյանից հօգուտ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բռնագանձել 94.000 ՀՀ դրամ, որպես փորձագիտական ծախս: Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: ԴԱՏԱՎՈՐ՝ Ռ. ԱՓԻՆՅԱՆ
|