Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
2-138-08
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով`
14.02.2008թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ի. ԲԱՐՍԵՂՅԱՆ
քարտուղարությամբ` Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
մասնակցությամբ հայցվորի ներկայացուցիչ` Ռ.ՊՈՂՈՍՅԱՆ
պատասխանող`

Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆ /ներկայացուցիչ` Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

երրորդ անձի ներկայացուցիչ` Ա. ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

դռնբաց դատական նիստում, Երևան քաղաքում 2008թ. փետրվարի 14-ին քննեց գործն ըստ հայցի Արման Սեդրակյանի ընդդեմ Կարեն Գրիգորյանի /երրորդ անձ` "Առէկսիմբանկ" ՓԲԸ/` ավտոմեքենայի առուվաճառքի նախնական պայմանագրով ստանձնած պարտավորությունները "Առէկսիմբանկ" ՓԲԸ-ի հանդեպ կատարելու, պարտքը փոխանցած ճանաչելու և նույն բանկի հանդեպ իր ունեցած պարտավորությունները կատարած ճանաչելու պահանջների մասին:

 

Հայցվոր Արման Սեդրակյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Կարեն Գրիգորյանի /երրորդ անձ` "Առէկսիմբանկ" ՓԲԸ/` հայտնելով, որ 06.10.2006թ. իր և Կարեն Գրիգորյանի միջև կնքվել է ավտոմեքենայի առուվաճառքի նախնական պայմանագիր, որտեղ որպես վաճառքի գին է նշվել 2.580.000 դրամ: Ըստ այդ պայմանագրի` գնորդ Կարեն Գրիգորյանը վճարել է 1.120.000 դրամ, իսկ մնացած 1.460.000 դրամը պարտավորվել է վճարել "Առէկսիմբանկ" ՓԲԸ-ին` մինչև 03.08.2009թ.` համապատասխան վարկի մարման գրաֆիկի: Դրանից հետո ավտոմեքենան դուրս է եկել իր տնօրինությունից և այն հանձնել է Կարեն Գրիգորյանին: 7 ամիս մեքենան շահագործելուց հետո, բանկի հանդեպ պարտավորությունները մասնակիորեն կատարելով, վերջինս փոխել է իր մտադրությունը և հանդիպել է իրեն, որի ժամանակ էլ 5600 ԱՄՆ դոլար տալու մասին ինքը պարտավորագիր է տվել: Իրականում որևէ նպատակ չի ունեցել մեքենա գնելու: Համաձայնվել է գնել, քանի որ իր հայրը խոստացել էր նշված 5600 ԱՄՆ դոլարը տալ: Երբ պարզվել է, որ հայրը հրաժարվում է գումարը վճարելուց, խնդրել է Կարեն Գրիգորյանին շարունակել իր պարտավորությունները, այն է` մարել բանկի պարտքերը, սակայն` ապարդյուն: Նշված պատճառաբանությամբ էլ հայցվորը խնդրել է պարտավորեցնել Կարեն Գրիգորյանին "Առէկսիմբանկ" ՓԲԸ-ի հանդեպ կատարել ավտոմեքենայի առուծախի պայմանագրով ստանձնած գումարը վճարելու պարտավորությունը, "Առէկսիմբանկ" ՓԲԸ-ի հանդեպ իր ունեցած պարտքը ճանաչել փոխանցված Կարեն Գրիգորյանին և բանկի հանդեպ իր պարտավորությունը ճանաչել կատարված: Ի պատասխան ներկայացված հայցադիմումի` Կարեն Գրիգորյանը առարկություններ է ներկայացրել դատարան` հայտնելով, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Այսպես` 2007թ. ապրիլ ամսին Արման Սեդրակյանը, ցանկանալով ետ գնել "ՎԱԶ2115" մակնիշի 05 US 061 պետ. համարանիշի ավտոմեքենան, կնքել է նշված ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը, նույն օրն էլ ավտոմեքենան հանձնվել է Արման Սեդրակյանին: Ըստ պայմանագրի` Արման Սեդրակյանը պարտավորվել է մինչև 27.04.2007թ. իրեն վճարել 5600 ԱՄՆ դոլար, մինչդեռ նրա կողմից առ այսօր նշված պարտավորությունը չի կատարվել: Արման Սեդրակյանի ավտոմեքենայի ետ գնման պատճառը եղել է այն, որ 2006թ. նոյեմբեր ամսից մինչև 2007թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում իր կողմից պարտաճանաչ "Առէքսիմբանկ" է վճարվել 455.000 դրամ և տեղեկացել է, որ դեռևս ավտոմեքենայի դիմաց վճարման գումարը կազմում է 1.445.000 դրամ, մինչդեռ ըստ հայցվորի կողմից հիշատակված նախնական պայմանագրի` ավտոմեքենայի արժեքի մնացած պարտքը կազմում է ընդամենը 1.460.000 դրամ: Նշված անճշտության մասին դիմել է Արման Սեդրակյանին, պահանջել է, որպեսզի վերջինս բացատրի տեղի ունեցածը, որի արդյունքում Արման Սեդրակյանը, հասկանալով և համոզվելով, որ առկա է անճշտություն, իրեն առաջարկել է 5600 ԱՄՆ դոլարով ետ գնել ավտոմեքենան: Կանխիկ գումար չունենալու պատճառով Արման Սեդրակյանն իրենց միջև կնքված ավտոմեքենայի առուծախի պայմանագրի համաձայն պարտավորվել է 5600 ԱՄՆ դոլարը վճարել մինչև 27.04.2007թ.: Վերը նշված հանգամանքների մասին նշվել է նաև Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 18.07.2007թ. թիվ 2-2102 վճռում: Արման Սեդրակյանին ավտոմեքենան ետ վաճառելով` արդեն իսկ 06.10.2006թ. կնքված նախնական պայմանագրի գործողությունը համարվել է դադարեցված: Հետևաբար հայցվորը չի կարող պահանջել, որպեսզի դատարանը պարտավորեցնի կատարելու այն պարտավորությունը, որի կողմ չի հանդիսանում և որը գոյություն չունի: Ավելին` հայցվորը որևէ գրավոր ապացույց չի ներկայացրել, ըստ որի այդ ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է իրեն: Հայցվորի ներկայացուցիչ Ռուզաննա Պողոսյանը հայցադիմումում նշված հիմնավորմամբ պնդեց հայցը: /Դատական նիստի արձանագրություն/ Պատասխանող Կարեն Գրիգորյանն ու նրա ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը վերը նշված փաստարկմամբ առարկեցին հայցի դեմ: Միաժամանակ պատասխանողի ներկայացուցիչը հայտնեց, որ հայցվորի պահանջն անհիմն է, քանի որ պարտքի փոխանցումը չի կատարվել պարտատիրոջ` տվյալ դեպքում "Առէկսիմբանկ" ՓԲԸ-ի համաձայնությամբ: /Դատական նիստի արձանագրություն/ Երրորդ անձի ներկայացուցիչ "Առէկսիմբանկ" ՓԲԸ-ի ներկայացուցիչ Արսեն Տեր-Հովհաննիսյանն առարկեց հայցի դեմ` նշելով, որ հայցվորի և պատասխանողի միջև կնքվել է նախնական պայմանագիր` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406 հոդվածի պահանջների խախտմամբ, այն է` պարտքի փոխանցումը կատարվել է առանց պարտատիրոջ, տվյալ դեպքում` առանց բանկի համաձայնության, բանկը չի տվել իր համաձայնությունը սեփականատիրոջ փոփոխության վերաբերյալ: Ըստ առկա փաստաթղթերի` Արման Սեդրակյանը վարկառու է, ավելին` վերջինիս հետ կնքվել է գրավի պայմանագիր, առկա է գույքի գրավի իրավունքների գրանցման վկայական: "Առէկսիմբանկ" ՓԲԸ-ի հանդեպ պարտավորությունները սահմանված կարգով պարտավոր է կատարել Արման Սեդրակյանը: Եթե բանկը համաձայն լիներ, որպեսզի փոխվեր վարկառուն, ապա կկնքեր երաշխավորության պայմանագիր, որով Կարեն Գրիրգորյանը համապարտ պատասխանատվություն կկրեր: Անհրաժեշտության դեպքում բանկը կարող է նաև հայց ներկայացնել` հայցվորի և պատասխանողի միջև կնքված նախնական պայմանագիրը չեղյալ ճանաչելու և գումարի բռնագանձումը գրավի վրա տարածելու պահանջով: Լսելով գործին մասնակցող անձանց և ուսումնասիրելով գործի առկա փաստական տվյալները` դատարանը պարզեց և հաստատված համարեց հետևյալը. 02.08.2006թ. "Առէկսիմբանկ" ՓԲԸ-ի և Արման Սեդրակյանի միջև կնքվել է թիվ V04717 վարկային պայմանագիրը, ըստ որի ավտոմեքենա ձեռքբերելու նպատակով բանկը վարկառուին տրամադրել է 1.755.000 դրամի վարկ` միչև 03.08.2009թ. մարելու պայմանով: Նշված օրը բանկի և Արման Սեդրակյանի միջև կնքվել է ավտոմեքենայի կոշտ գրավի պայմանագիր, համաձայն որի Արման Սեդրակյանը գրավ է դրել սեփականության իրավունքով իրեն պատկանող Վազ 2115 մակնիշի 05 US 061 պ/հ ավտոմեքենան: 02.08.2006թ. ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ–ում կատարվել է գրավի պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցում և տրվել է շարժական գույքի գրավի իրավունքների գրանցման վկայական: 06.12.2006թ. Արման Սեդրակյանի և սույն գործով պատասխանող Կարեն Գրիգորյանի միջև կնքվել է Վազ 2115 մակնիշի 05 US 061 պ/հ ավտոմեքենայի առուվաճառքի նախնական պայմանագիր: Ըստ այդ պայմանագրի` Արման Սեդրակյանը պարտավորվել է Կարեն Գրիգորյանին վաճառել նշված ավտոմեքենան` 2.580.000 դրամով: Պայմանագրով Արման Սեդրակյանը պարտավորվել է ավտոմեքենան հանել արգելանքից, այնուհետև վաճառել` կնքելով առուվաճառքի հիմնական պայմանագիր` ոչ ուշ, քան մինչև 03.08.2009թ.: Գնորդ Կարեն Գրիրգորյանը պարտավորվել է վճարել ավտոմեքենայի արժեքը ոչ ուշ, քան 03.08.2009թ.: Պայմանագիրը կնքելու պահին Արման Սեդրակյանը առձեռն ստացել է 1.120.000 դրամ, մնացած գումարը Կարեն Գրիրգորյանը պետք է վճարեր "Առէկսիմբանկ" ՓԲԸ-ին` համաձայն Արման Սեդրակյանի բանկում ունեցած վարկի մարման գրաֆիկի: Այդ պայմանագիրը կնքելուց հետո Կարեն Գրիգորյանը մի քանի ամիս շարունակ կատարել է մասնակի մուծումներ, որից հետո Արման Սեդրակյանի և Կարեն Գրիգորյանի փոխադարձ համաձայնությամբ, վերստին Արման Սեդրակյանը Կարեն Գրիրգորյանից հետ է վերցրել մեքենան ու պարտավորվել է մինչև 27.04.2007թ. վերջինիս տալ 5600 ԱՄՆ դոլար: Այդ գումարի մեջ ներառվել են ինչպես բանկին ամիսներ շարունակ վճարված գումարը, այնպես էլ նախնական պայմանագրով վճարված 1.120.000 դրամը: Սակայն հետագայում Արման Սեդրակյանը Կարեն Գրիգորյանին այդ գումարը չի տվել, ինչի համար էլ վերջինս դիմել է դատարան` բռնագանձման պատճառով: Դատարանը հայցը բավարարել է: Վճիռը բողոքարկվել է վերաքննիչ քաղաքացիական դատարան: Գնահատելով գործի ապացույցները` դատարանը գտնում է, որ ներկայացված հայցն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ փաստարկմամբ. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406 հոդվածի` պարտապանը կարող է իր պարտքն այլ անձի փոխանցել միայն պարտատիրոջ համաձայնությամբ: Վիճելի պարագայում` հաշվի առնելով 06.10.2006թ. կողմերի միջև նախնական պայմանագրով պարտապան Արման Սեդրակյանը իր պարտքը այլ անձի` Կարեն Գրիրգորյանին է փոխանցել առանց պարտատիրոջ` "Առէկսիմբանկ" ՓԲԸ-ի համաձայնության և Կարեն Գրիգորյանը նույն պայմանագրով բանկի հանդեպ վարկի մարման պարտավորություն չի ստանձնել, այլ պարտավորվել է Արման Սեդրակյանի գումարը վճարել բանկին` ըստ վարկի մարման գրաֆիկի, ինչպես նաև այն, որ հետագայում Կարեն Գրիգորյանը ավտոմեքենան փաստացի վերադարձրել է Արման Սեդրակյանին, վերջինս էլ պարտավորվել է ետ վերադարձնել փաստացի վճարված 5600 ԱՄՆ դոլարը, ուստի դատարանը գտնում է, որ Կարեն Գրիգորյանի կողմից նախնական պայմանագրով ստանձնած որևէ պարտավորության կատարաման մասին խոսք լինել չի կարող: Շարադրվածն ընդունելով հիմք և ղեկավարելով ՀՀ քաղաքացիական դատավարության 130132 հոդվածներով` դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Արման Սեդրակյանի հայցն ընդդեմ Կարեն Գրիգորյանի /երրորդ անձ "Առէկսիմբանկ" ՓԲԸ/` ավտոմեքենայի առուվաճառքի նախնական պայմանագրով ստանձնած պարտավորությունները "Առէկսիմբանկ" ՓԲԸ-ի հանդեպ կատարելու, պարտքը փոխանցած ճանաչելու և նույն բանկի հանդեպ իր ունեցած պարտավորությունները կատարված ճանաչելու պահանջների մասին, մերժել: Դատական ծախսերի հարցը համարել լուծված: Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ քաղաքացիական դատարան` մեկ ամսում:

Նախագահող դատավոր`

Ի. Բարսեղյան

* * *


Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի
ընդհանուր իրավասության
դատարանի վճիռ
քաղաքացիական գործ թիվ 2-138-08

Դատավոր` Ի.Բարսեղյան
Քաղաքացիական գործ թիվ 08-1727 2008թ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետևյալ կազմով`
26.05.2008թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
քարտուղարությամբ` Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Զեկուցող դատավոր` Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
Դատավոր` Դ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դռնբաց դատական նիստում, քննելով հայցվոր Արման Սեդրակյանի վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 2008թ-ի փետրվարի 14-ի թիվ 2-318-08 վճռի դեմ` ըստ հայցի Արման Սեդրակյանի ընդդեմ Կարեն Գրիգորյանի, երրորդ անձ` "Առէկսիմբանկ" ՓԲԸ` ավտոմեքենայի առուվաճառքի նախնական պայմանագրով ստանձնած պարտավորությունները "Առէկսիմբանկ" ՓԲԸ-ի հանդեպ կատարելու, պարտքը փոխանցած ճանաչելու և նույն բանկի հանդեպ իր ունեցած պարտավորությունները կատարված ճանաչելու պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` հայցվորը խնդրել է պարտավորեցնել Կ.Գրիգորյանին կատարելու ավտոմեքենայի առուվաճառքի նախնական պայմանագրով ստանձնած պարտավորությունները "Առէկսիմբանկի" հանդեպ, իր ունեցած պարտքը փոխանցված ճանաչելու և նույն բանկի հանդեպ իր ունեցած պարտավորությունը կատարված ճանաչելու պահանջի մասին: Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը 14.02.2008թ.-ի վճռով հայցը մերժել է: Վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել հայցվորը: Վերաքննիչ բողոքին պատասխան է ներկայացրել Կարեն Գրիգորյանը: 04.05.2008թ.-ին կողմերը ՀՀ Վերաքննիչ դատարան են ներկայացրել հաշտության համաձայնագիր, և խնդրել այն հաստատել ու կարճել քաղաքացիական գործի վարույթը: ՀՀ քաղ. դատ. օր-ի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր: Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքում դատարանը վեճը քննում է ըստ էության: Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով ներկայացրած հաշտության համաձայնագիրը, գտնում է, որ կողմերի միջև կնքած հաշտության համաձայնագիրը չի հակասում օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին, ինչպես նաև չի խախտում երրորդ անձանց շահերը, տվյալ պարագայում կողմերը օգտվել են օրենքով իրենց տրված լիազորություններից և կնքել են հաշտության գրավոր համաձայնություն, որը նրանց տրված ազատ կամքի դրսևորման արդյունքն է: Համաձայն ՀՀ քաղ. դատ. օր-ի 109-րդ հոդվածի 7-րդ կետի` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե` դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը: Նույն օր-ի 221-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը: Ելնելով վերոգրյալից դատարանը գտնում է, որ կողմերի 30.04.2008թ. կնքած հաշտության համաձայնությունը ենթակա է հաստատման, իսկ քաղաքացիական գործի վարույթը պետք է կարճել: Վերոգրյալի հիման վրա ղեկավարելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 33-րդ, 109-րդ հոդ. 7-րդ կետով, 221րդ հոդվածներով դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Հաստատել կողմերի միջև 30.04.2008թ. կնքած հաշտության համաձայնագիրը հետևյալ բառացի տեսքով.

Հաշտության համաձայնագիր

ք.Երևան
30.04.2008թ.

Մենք ներքոստորագրողներս, Արման Սեդրակյանի լիազորված անձ Ռուզաննա Պողոսյանը /անձնագիր` ...., հասցե` ..../, Կարեն Գրիգորյանը /անձնագիր` ...., հասցե` ..../ և "ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ" ՓԲԸ-ի լիազորված անձ Արսեն Տեր-Հովհաննիսյանը /անձնագիր` ...., հասցե` ..../, կնքեցինք սույն հաշտության համաձայնագիրը հետևյալի մասին.

1. 02.08.2006թ.-ի Արման Սեդրակյանի և "ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ" ՓԲԸ-ի միջև կնքված V04717 վարկային պայմանագրում, որի համաձայն Վազ 2115 մակնիշի 05 US 061 պ/հ ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով բանկը Արման Սեդրակյանին է տրամադրել վարկ, կատարել պարտապան` Արման Սեդրակյանի փոխարինում, որի փոխարեն կողմերի միջև կնքած վարկային պայմանագրի նոր պարտապան հանդես կգա Կարեն Գրիգորյանը:

2. Մինչև 02.08.2006թ. Արման Սեդրակյանի և "ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ" ՓԲԸ-ի միջև կնքած վարկային պայմանագրում ըստ սույն հաշտության համաձայնագրի փոփոխության կատարումը Արման Սեդրակյանը պարտավորվում է "ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ" ՓԲԸ-ի հանդեպ ունեցած վճարման ենթակա ամբողջ գումարից` 1.803.000 /մեկ միլիոն ութ հարյուր երեք հազար/ ՀՀ դրամ մինչև սույն հաշտության համաձայնագրի կնքումը "ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ" ՓԲԸ-ն վճարել 423.000 /չորս հարյուր քսաներեք հազար/ ՀՀ դրամ գումար, որի վերաբերյալ վերջինս պարտավորվում է սույն համաձայնագրի կնքման պահին ներկայացնել գրավոր ապացույց /վճարման անդորրագիր/:

3. "ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ" ՓԲԸ-ն վճարման ենթակա մնացյալ` 1.380.000 /մեկ միլիոն երեք հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ գումարը պարտավորվում է վճարել /մարել/ Կարեն Գրիգորյանը, համաձայն Կարեն Գրիգորյանի և "ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ" ՓԲԸ-ի միջև ձեռք բերված վարկի մարման գրաֆիկի:

4. Սույն հաշտության համաձայնագրի կնքման պահից 10 /տասը/ օրվա ընթացքում Արման Սեդրակյանը պարտավորվում է կատարել Վազ 2115 մակնիշի 05 US 061 պ/հ ավտոմեքենայի սեփականության իրավունքի գրանցման անվանափոխումը և նշված ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել Կարեն Գրիգորյանի անվամբ: Վերը նշված ավտոմեքենայի սեփականության իրավունքի գրանցման /անվանափոխման/ և անհրաժեշտ այլ ծախսերը կրում է Արման Սեդրակյանը:

5. Կողմերը պարտավորվում են կնքել նաև սույն համաձայնագրից առաջացող անհրաժեշտ այլ պայմանագրեր /կամ համաձայնագրեր/:

6. Արման Սեդրակյանի և Կարեն Գրիգորյանի միջև 06.10.2006թ.-ի կնքված նախնական պայմանագիրը կողմերի համաձայնությամբ համարվում է լուծված:

7. Արման Սեդրակյանի կողմից սույն հաշտության համաձայնագրի պահանջների ամբողջական կատարումից հետո Կարեն Գրիգորյանը պարտավորվում է 18 հուլիսի 2007թ. թիվ 2-2102/2007թ. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճռի համաձայն թիվ 2-2102/2007թ. կատարողական թերթով հարուցված կատարողական վարույթը դադարեցնել և նշված կատարողական թերթի հիմքով Արման Սեդրակյանին պատկանող գույքի վրա դրված արգելանքը հանելու վերաբերյալ դիմում ներկայացնել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:

8. Սույն հաշտության համաձայնագրի կետերը կողմերի կողմից չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:

9. Սույն հաշտության համաձայնագրի կողմերը սույնով հաստատում են, որ միմյանց նկատմամբ հետագայում պարտք ու պահանջ չեն ունենա:

10. Կողմերը դիմում են դատարանին` հաստատելու կնքված հաշտության համաձայնագիրը:

Արման Սեդրակյանի լիազորված անձ` Ռուզաննա Պողոսյան ստորագրություն

Կարեն Գրիգորյան ստորագրություն

"ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ" ՓԲ Ընկերության լիազորված անձ` Ա.Տեր-Հովհաննիսյան ստորագրություն

Բեկանել Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 14.02.2008թ. թիվ 2-138-08 վճիռը և քաղաքացիական գործն ըստ հայցի Արման Սեդրակյանի ընդդեմ Կարեն Գրիգորյանի, երրորդ անձ` "ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ" ՓԲԸ` ավտոմեքենայի առուվաճառքի նախնական պայմանագրով ստանձնած պարտավորությունները "Առեկսիմբանկ" ՓԲԸ-ի հանդեպ կատարելու, պարտքը փոխանցած ճանաչելու և նույն բանկի հանդեպ իր ունեցած պարտավորությունները կատարված ճանաչելու պահանջների մասին` վարույթը կարճել: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով: Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Դատավոր` Ն.Տավարացյան

Դատավոր` Ա.Միքայելյան

Դատավոր` Դ.Խաչատրյան