Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

 

Սույն  քաղաքացիական գործով, ըստ հայցի Արտակ Գավրուշայի Գալստյանի, Սուսաննա Գառնիկի Սարգսյանի  ընդդեմ պատասխանող Գայանե Հովիկի Մանուկյանի՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտադրելու, վիրավորանք և զրպարտությունպարունակող հրապարակումները կայքից հեռացնելու և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել պարտավորեցնելու պահանջների վերաբերյալ,  պատասխանողի՝  Գայանե Հոնիկի Մանուկյանի  շահերը ներկայացնում է Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի  փաստաբան  ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

Վերոնշյալ գործով 19.10.2018 թվականի վճռի դեմ պատասխանողի  ներկայացուցիչը  վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան:

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 25.10.2019 թվականին կայացրել է որոշում՝ բավարարել է վերաքննիչ բողոքը,  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.10.2018 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/4443/02/17

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի
19.10.2018
թվականի թիվ ԵԱՆԴ/4443/02/17 վճիռ
Նախագահող դատավոր Ա.Բադիրյան

Ո Ր Ո Շ Ու Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(
այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով`

նախագահող դատավոր` Ա.Սմբատյան
դատավոր` Մ.Հարթենյան
դատավոր` Կ.Չիլինգարյան

2019
թվականի հոկտեմբերի 25-ին Երևան քաղաքում

գրավոր ընթացակարգով քննության առնելով Գայանե Մանուկյանի վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.10.2018 թվականի վճռի դեմ թիվ ԵԱՆԴ/4443/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի Արտակ Գալստյանի, Սուսաննա Սարգսյանի ընդդեմ Գայանե Մանուկյանի` վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտադրելու, վիրավորանք և զրպարտություն պարունակող հրապարակումները կայքից հեռացնելու և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել պարտավորեցնելու պահանջների մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.
Արտակ Գալստյանը և Սուսաննա Սարգսյանը 01.12.2017 թվականին Դատարան ներկայացրած հայցադիմումով խնդրել են պարտավորեցնել Գայանե Մանուկյանին հերքելու 30.10.2017 թվականին «usarmenianews.com» լրատվական կայքում հրապարակված` «Ոստիկանությունն և փաստաբանն իրենց համատեղ հանցավոր շոուի ընթացքում «հայտնաբերել» են ինձ համար «Պապա»...» վերտառությամբ հոդվածում տեղ գտած, փաստացի անճշտություններ պարունակող և զրպարտելու միջոցով «ԱԼԳԱ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Սուսաննա Սարգսյանի գործարար համբավն արատավորող տեղեկությունները: Միաժամանակ խնդրել են պարտավորեցնել պատասխանողին «usarmenianews.com» լրատվական կայքից հեռացնել «Ոստիկանությունն և փաստաբանն իրենց համատեղ հանցավոր շոուի ընթացքում «հայտնաբերել» են ինձ համար «Պապա»...» վերտառությամբ հոդվածը, ինչպես նաև պարտավորեցնել «usarmenianews.com» լրատվական կայքի խմբագիր Գայանե Մանուկյանին ներողություն խնդրել Արտակ Գալստյանին և Սուսաննա Սարգսյանին հասցեագրված վիրավորանքների համար` սահմանելով ներողություն խնդրելու կարգը:
Դատարանը 07.12.2017 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է:
Հայցվորները 18.12.2017 թվականին հայցադիմումը ներկայացրել են կրկին, որը Դատարանի 22.12.2017 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատարանը 19.10.2018 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակի:
Վերը նշված վճռի դեմ Գայանե Մանուկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը 01.07.2019 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 15.08.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: 
Վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վերաքննիչ դատարանը 23.09.2019 թվականին կայացրել է վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշում:



2.Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և բողոք ներկայացրած անձի պահանջը.
Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, գործի քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք) 6-րդ, 48-րդ, 78-րդ, 130.1.-րդ և 149.8-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ և 1280-րդ հոդվածները:
Դատարանը գործի քննությունն իրականացրել է Գայանե Մանուկյանի բացակայությամբ և կայացրել է դատական ակտ, որի ուժով հնարավորություն չի ընձեռվել Գայանե Մանուկյանին զրպարտչական տեղեկությունների վերաբերյալ հերքում տպագրելու պահանջով առարկություններ ներկայացնել, որի ապացուցման բեռը կրում է վերջինս: Թեև Դատարանը վճռով արձանագրել է, որ պատասխանողին ուղարկված ծանուցագիրը հետ է վերադարձվել, որի հիմքով Դատարանը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին հարցում է կատարել և Գայանե Մանուկյանին ուղղված ծանուցագիրը հրապարակային ծանուցումների կայքում է տեղադրել, այնուամենայնիվ, դրանք Դատարանի կողմից կատարվող այն ակտիվ գործողություններն են, որոնք ուղղված են հնարավոր բոլոր միջոցներով ապահովել գործին մասնակցող անձին դատավարության մասին իրազեկելուն, որի մասին է փաստում նաև Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով 30.05.2015 թվականի որոշմամբ արձանագրված դիրքորոշումը: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում Դատարանի կողմից նման դատավարական գործողություններ կատարելը համարվում է պարտականություն, որը, սակայն, չի կարող հիմք հանդիսանալ փաստելու, որ գործով առկա է պատշաճ ծանուցում, այն էլ այն դեպքում, երբ սույն գործով Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը, հարցմանը պատասխանելով հայտնել է, որ Գայանե Մանուկյանին դատական նիստի ժամանակի ու վայրի մասին ծանուցել չի հաջողվել, քանի որ նշված անձը չի բնակվում Երևանի Քոչարյան փողոցի 16-րդ շենքի թիվ 51 բնակարանում:
Վկայակոչելով գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 2-2128(Ա), 21.12.2006 թվականի թիվ 3-2236(Ա), 12.12.2007 թվականի թիվ 3-1689(Ա), 01.02.2008 թվականի թիվ 3-19(ՎԴ), 29.07.2011 թվականի թիվ ԵՇԴ/0883/02/10, 29.07.2011 թվականի թիվ ԵԿԴ/0964/02/10, 30.05.2015 թվականի թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործերով արտահայտած դիրքորոշումները` բողոքաբերը նշել է, որ պատասխանողը պատշաճ ծանուցված չի եղել դատական նիստերի մասին, թեև Դատարանը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել է վերջինիս գործի քննության մասին տեղեկացնելու վերաբերյալ, այնուամենայնիվ նա Դատարանից որևէ ծանուցում չի ստացել և չի տեղեկացվել դատական նիստերի ժամի և վայրի վերաբերյալ, ավելին` քաղաքացիական գործում առկա չէ որևէ ապացույց, որ Գայանե Մանուկյանը պատշաճ ծանուցված է եղել դատական նիստերի վերաբերյալ: Ավելին, Գայանե Մանուկյանը հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի և մշտապես բնակվում է այնտեղ: Ընդ որում, Դատարանը, գործում ունենալով Գայանե Մանուկյանի ԱՄՆ-ում բնակվելու վերաբերյալ տեղեկություն, հանձն չի առել ծանուցումն ուղարկել նաև ԱՄՆ-ում վերջինիս բնակության հասցեով, երբ գործով դատական նիստի ծանուցումները հետ են վերադարձվել:
Հետևաբար, Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, զրկել է Գայանե Մանուկյանին մրցակցային դատավարության սկզբունքներին համապատասխան իր գործը դատարանում հավասար պայմաններում ներկայացնելու հնարավորությունից` խախտելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշել է նաև, որ Դատարանը քննարկման առարկա չի դարձրել հետևյալ հանգամանքները`
-արդյոք «www.usarmenianews.com» ամերիկյան լրատվական կայքի կողմից զետեղված գրառումը Դատարանը կարող էր քննության առարկա դարձնել,
-եթե նշված վեճը ենթակա էր ՀՀ դատարանի կողմից քննության, արդյոք պետք է կիրառվի ՀՀ օրենսդրությունը, թե այն երկրի օրենսդրությունը, որտեղ լրատվական կայքը ստեղծվել է և իր գործունեությունն է իրականացնում,
-քննելով օտարերկրյա տարրով ծանրաբեռնված գործ` արդյոք չպետք է գործին մասնակից դարձվեր «www.usarmenianews.com» ամերիկյան լրատվական կայքը:
Սույն գործով պատասխանող ներգրավված Գայանե Մանուկյանը չի հանդիսացել պատշաճ պատասխանող, քանի որ վիճարկվող հոդվածը, տպագրված լինելով «www.usarmenianews.com» ամերիկյան լրատվական կայքում, որպես պատասխանող պետք է հանդես գար նշված լրատվական կայքը, ի դեմս հիմնադիր Գայանե Մանուկյանի: Մինչդեռ սույն գործով Գայանե Մանուկյանը ներգրավվել է գործին որպես ֆիզիկական անձ և ոչ որպես իրավաբանական անձի հիմնադիր տնօրեն:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1280-րդ հոդվածը` նշել է, որ Գայանե Մանուկյանը հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի, մշտապես բնակվում է այնտեղ (հիմք` լիազորագիր) և հանդիսանում է «www.usarmenianews.com» ամերիկյան լրատվական կայքի հիմնադիր: Հետևաբար Դատարանն իրավասու չէր քննել նշված գործը, քանի որ այն ընդդատյա չէ Հայաստանի Հանրապետության դատարաններին: Ուստի Դատարանն իրավասու չէր նաև կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, քանի որ ոչ գույքային պահանջի համար հիմք հանդիսացած հանգամանքը տպագրվել է ամերիկյան կայքի կողմից, որի հիմքով օրենքի ուժով կիրառման ենթակա էր Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենսդրությունը: Մինչդեռ Դատարանը, վերը նշված հանգամանքը գնահատման չարժանացնելով, սխալ եզրահանգման է եկել ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կիրառելով:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը` նշել է, որ Դատարանը, քննելով օտարերկրյա տարրով ծանրաբեռնված գործ, գործին մասնակից չի դարձրել «www.usarmenianews.com» ամերիկյան լրատվական կայքին այն դեպքում, երբ տվյալ հրապարակումը տեղ է գտել ամերիկյան լրատվական կայքում: Ընդ որում, հայցվորների կողմից դիտավորությամբ սույն գործով «www.usarmenianews.com» ամերիկյան լրատվական կայքը չի ներգրավվել որպես գործին մասնակցող անձ, այլ ներգրավվել է որպես ֆիզիկական անձ կայքի հիմնադիր Գայանե Մանուկյանը, քանի որ առաջանալու էր գործի ընդդատության հետ կապված խնդիր` հաշվի առնելով, որ տվյալ լրատվական կայքը հանդիսանում է ԱՄՆ-ում ստեղծված կայք: Հասկանալի չէ նաև, թե ինչ հասցե են նշել հայցվորները որպես Գայանե Մանուկյանի հաշվառման հասցե, երբ վերջինս ՀՀ-ում չի բնակվում, որը փաստվել է նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված պատասխան գրությամբ:
Այսինքն, այնուամենայնիվ հիմնական պատասխանողն այս գործով հանդիսանում էր «www.usarmenianews.com» ամերիկյան լրատվական կայքը, որի դեմ առհասարակ պետք է ներկայացվեր հայցադիմում և որը պետք է ներկայացվեր «www.usarmenianews.com» ամերիկյան լրատվական կայքի գտնվելու վայրի դատարանում:
Տվյալ դեպքում «www.usarmenianews.com» ամերիկյան լրատվական կայքը ստեղծվել և իր գործունեությունն է իրականացնում ԱՄՆ-ում, ՀՀ-ում չունի որևէ մասնաճյուղ, ստորաբաժանում, որի հիմքով վերջինիս դեմ հայց ներկայացվեր: Հետևաբար հայցը ենթակա է քննության պատասխանողի գտնվելու վայրի դատարանում, որը տվյալ պարագայում հանդիսանում է ԱՄՆ-ն: Ավելին, Դատարանը, պահանջը բավարարելով և պարտավորեցնելով «www.usarmenianews.com» լրատվական կայքում հերքում տպագրել, ինչպես է պատկերացնում նման դատական ակտի կատարումը, եթե «www.usarmenianews.com» լրատվական կայքը չի գտնվում ՀՀ իրավասության ներքո: Այսինքն, վերը նշվածը փաստում է միմիայն այն հանգամանքի մասին, որ յուրաքանչյուր դեպքում լրատվական կայքը գործով պետք է ներգրավվեր որպես պատասխանող կողմ: Ուստի Դատարանը, հաշվի չառնելով վերը նշված փաստական հանգամանքները, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի կատարել` խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Ըստ այդմ, եթե դիտարկենք զրպարտչական տեղեկությունների վերաբերյալ հայցի բավարարման հիմնավորումները, ապա Դատարանը սխալ եզրահանգման է եկել` խախտելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը: 
Հաշվի առնելով, որ պատասխանողը սույն գործով չի ծանուցվել, բնականաբար վերջինս չէր կարող ապացուցել փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Սակայն վերը նշված իրավական նորմի վերլուծությունից ակնհայտ է, որ հայցվորը նշված պահանջով հայց ներկայացնելիս ևս կրում է որոշակի ապացուցման բեռ: Մասնավորապես հայցվորը պետք է ապացուցեր, որ հրապարակային ներկայացված փաստացի տվյալները պետք է արատավորեն իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Մինչդեռ թե Դատարանի հիմնավորումներում, թե վճռով հայցվորի իրավական դիրքորոշման մեջ արձանագրված չէ, թե նշված փաստական տվյալների հրապարակմամբ հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն ինչպե՞ս է արատավորվել: Հետևաբար Դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի պահանջները: Ուստի սույն գործով հաշվի առնելով, որ հայցվորներն իրենց ապացուցման բեռը պատշաճ չեն իրականացրել, զրպարտչական տեղեկությունների հրապարակման համար հերքում պահանջելու պահանջը ևս պետք է մերժվեր:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը` նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս առումով նշել է, որ անհրաժեշտ է ուշադրության դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել, գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է» (տես` Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46):
Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով արտահայտած դիրքորոշումը` նշել է, որ Դատարանը սույն գործով վիճարկվող փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում կգար այն եզրահանգման, որ պատասխանողի կողմից ներկայացված հոդվածում զետեղվել են գնահատողական դատողություններ դեպի փաստաբան Սուսաննա Սարգսյանը. մասնավորապես պատասխանողն իր գնահատողական դատողություններն է ներկայացրել փաստաբանի գործողությունների վերաբերյալ, որն իրենից չի ենթադրում վարկաբեկում կամ զրպարտանք, այլ հակառակը` նպատակ է հետապնդում հասարակությանն իրազեկ պահել կատարվող իրադարձությունների վերաբերյալ և ներկայացնել լրագրողի վերաբերմունքը նշվածի վերաբերյալ: Այսինքն, Դատարանը պետք է պարզեր ներկայացված փաստական հանգամանքները հանդիսանում են գնահատողական դատողություններ, թե զրպարտչական, ընդ որում, նշված փաստի ապացուցման բեռը կրում էր հայցվորը, ոչ թե պատասխանողը: Հետևաբար վերը նշված դիրքորոշումների համատեքստում Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:
Ըստ այդմ, Դատարանի հիմնավորումները և պատճառաբանություններն առ այն, որ պատասխանողի կողմից չի ապացուցվել փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, անհիմն են, իսկ այն, որ Դատարանը զրպարտչական տեղեկությունների վերաբերյալ չի պատճառաբանել իր դատական ակտը թե արդյոք այն հանդիսանում է գնահատողական դատողություն, թե զրպարտչական, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածի դատական ակտին ներկայացվող հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջները:
Ելնելով վերոգրյալներից` խնդրել է Դատարանի թիվ ԵԱՆԴ/4443/02/17 քաղաքացիական գործով 19.10.2018 թվականի վճիռը մասնակի` հայցը բավարարելու մասով, բեկանել և ուղարկել նույն դատարան` նոր քննության կամ այն փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժելով:
3.Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
-Դատարանը «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 22.12.2017 թվականի որոշումը, հայցադիմումի պատճենը, 10.05.2018 թվականին ժամը 15:00-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ դատական ծանուցագիրը, Դատարանի 27.03.2018 թվականի գրությունը` դատական նիստը Արաբկիր նստավայրում կայանալու մասին, Գայանե Մանուկյանին ուղարկել է «ք.Երևան, Քոչարյան փող., 16շ., բն. 51» հասցեով, որոնց ծրարները հետ են վերադարձվել Դատարան «Չպահանջված» նշումներով: (գ.թ. 44-48, 51-54)
- Պատասխանողի ծանուցումն իրականացնելու հիմքով 10.05.2018 թվականին նշանակված դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է 04.10.2018 թվականին ժամը 14:30-ին: Նշված դատական նիստի մասին Գայանե Մանուկյանին «ք.Երևան, Քոչարյան փող., 16շ., բն. 51» հասցեով ուղարկված դատական ծանուցագրի ծրարը հետ է վերադարձվել Դատարան «Չպահանջված» նշումով: (գ.թ. 55, 61-64)
-Դատարանը 14.05.2018 թվականի գրությամբ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին խնդրել է Գայանե Մանուկյանի բնակության վայրի վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում հնարավորինս սեղմ ժամկետում դրանք տրամադրել դատարանին, ինչպես նաև դատական ծանուցագիրը պատասխանին հանձնելու հարցում:
Ի պատասխան վերը նշված գրության` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը 25.05.2018 թվականի թիվ 27/01-36746 գրությամբ հայտնել է, որ Գայանե Մանուկյանին դատական նիստի ժամանակի և վայր մասին ծանուցել չի հաջողվել, քանի որ նշված անձը չի բնակվում «ք.Երևան, Քոչարյան փող., 16շ., բն. 51» հասցեում: (գ.թ. 65-67, 69)
-04.10.2018 թվականին նշանակված դատական նիստի վերաբերյալ Գայանե Մանուկյանին ուղղված դատական ծանուցագիրը 11.05.2018 թվականին տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում 376761 նույնականացման համարով: (գ.թ. 68)
-Դատարանը 04.10.2018 թվականին նշանակված դատական նիստը որոշել է անցկացնել կողմերի բացակայությամբ, ավարտել է գործի քննությունն ու հայտարարել վճռի հրապարակման օրն ու ժամը` 19.10.2018 թվականին ժամը 17:50-ին: (գ.թ. 71)

4.Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` Վերաքննիչ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.
Գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննում է բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների uահմաններում, իրավասու է անդրադառնալ միայն այն հարցերին, որոնք բխում են վերաքննիչ բողոքի հիմքերից: Ուստի, Վերաքննիչ դատարանը վերոգրյալ պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքը քննության է առնում միայն դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում ու սույն դատական ակտի շրջանակներում սույն վեճին վերաբերող այլ հարցերի, խնդիրների չի անդրադառնում:
Սույն բողոքի քննության շրջանակում Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա այն իրավական խնդրին, թե արդյոք սույն իրավահարաբերությունում առկա է անձի` արդար դատաքննության իրավունքի խախտում, թե` ոչ:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը` կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որ յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում:
Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն:
Տվյալ դեպքում դատական քննության ընթացքում կողմերի հավասարության սկզբունքի պահպանմանն է ուղղված դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի ընթացակարգի պահպանումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համապատասխան մասերի համաձայն` 
1. Գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:
2. Դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը`
1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.
2) հանձնվում է առձեռն, կամ
3) ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով:
3. Դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով:
5. Դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը: Ծանուցագիրը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին:
6. Եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Դատական ծանուցումներին վերաբերող հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշում է հայտնել նաև Վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում, մասնավորապես 30.04.2015 թվականի թիվ ԵԿԴ/2767/02/09 որոշմամբ նշել է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունը ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է քաղաքացիադատավարական օրենքի էական խախտում»: 
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց ծանուցումն ապահովել բացառապես օրենքով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված կարգով` դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին) միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: 
Սույն գործի փաստերի համաձայն` 10.05.2018 թվականին ժամը 15:00-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ դատական ծանուցագիրը Դատարան վերադարձվելուց հետո հետաձգված ու 04.10.2018 թվականին ժամը 14:30-ին նշված դատական նիստի մասին Գայանե Մանուկյանին «ք.Երևան, Քոչարյան փող., 16շ., բն. 51» հասցեով ուղարկվել է դատական ծանուցագիր, որի ծրարը հետ է վերադարձվել Դատարան «Չպահանջված» նշումով: Նույն օրը նշանակված դատական նիստի վերաբերյալ Գայանե Մանուկյանին ուղղված դատական ծանուցագիրը 11.05.2018 թվականին տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, միաժամանակ Դատարանը 14.05.2018 թվականի գրությամբ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին խնդրել է Գայանե Մանուկյանի բնակության վայրի վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում հնարավորինս սեղմ ժամկետում դրանք տրամադրել դատարանին, ինչպես նաև դատական ծանուցագիրը պատասխանին հանձնելու հարցում: Ի պատասխան վերը նշված գրության` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը 25.05.2018 թվականի թիվ 27/01-36746 գրությամբ հայտնել է, որ Գայանե Մանուկյանին դատական նիստի ժամանակի և վայր մասին ծանուցել չի հաջողվել, քանի որ նշված անձը չի բնակվում «ք.Երևան, Քոչարյան փող., 16շ., բն. 51» հասցեում: Դատարանը 04.10.2018 թվականին նշանակված դատական նիստը որոշել է անցկացնել կողմերի բացակայությամբ, ավարտել է գործի քննությունն ու հայտարարել վճռի հրապարակման օրն ու ժամը` 19.10.2018 թվականին ժամը 17:50-ին:
Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանն, ըստ էության, գտնում է, որ Դատարանը ձեռնարկել է ակտիվ միջոցներ պատասխանողին ծանուցելու վերաբերյալ, այդուհանդերձ նման միջոցների ձեռնարկումն ինքնին չի կարող բացառել դատավարական իրավունքի խախտումը, եթե այդպիսին այնուամենայնիվ տեղ է գտնում, մասնավորապես Դատարանի ակտիվ գործողությունները` կողմին ծանուցելու վերաբերյալ չպետք է և չի կարող սահմանափակել կամ ի չիք դարձնել անձի արդար դատաքննության սահմանադրական իրավունքը: 
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ պատասխանողը տեղյակ չի եղել իր դեմ ներկայացված հայցապահանջի մասին առհասարակ և հետևաբար չէր կարող ողջամտորեն ենթադրել, որ անհրաժեշտ է պարբերաբար ստուգել նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում առկա իր դեմ հարուցված գործի և նշանակված դատական նիստի վայրի ու ժամանակ վերաբերյալ ծանուցումներ: Վերաքննիչ դատարանն ավելորդ չի համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի ընթացակարգով անձի պատշաճ ծանուցված լինելու փաստը հնարավոր է հաստատված համարել` ելնելով յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ, օրինակ` երբ գործին մասնակցող անձը տեղյակ է իր դեմ հարուցված հայցապահանջի վերաբերյալ, սակայն հնարավոր չէ վերջինիս ծանուցել հաջորդող նիստերի վերաբերյալ: Նշվածի արդյունքում պատասխանողը զրկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքի իրականացման, գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու և իր առարկությունները հիմնավորող ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, ինչի հետևանքով խախտվել է նրա ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության հիմնարար իրավունքը:
Գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով: Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը սահմանում է` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է բողոք բերած անձի բացակայությամբ, որը, սույն օրենսգրքի իմաստով, չի համարվում ծանուցված դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
Նկատի ունենալով, որ բողոք բերող անձը պատշաճ կարգով չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, որպիսի հանգամանքը վճռի անվերապահ բեկանման հիմք է, ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը, բեկանել Դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում:

5. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
Գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի կանոններին համապատասխան: 
Հիմք ընդունելով վերը նշված հոդվածները, նկատի ունենալով, որ բողոքաբերը նախապես վճարել է վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքի գումարը 10.000 ՀՀ դրամ)` Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի բավարարման պայմաններում գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ նոր քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ, 381-րդ, 387-րդ, 391-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

1.Վերաքննիչ բողոքը բավարարել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.10.2018 թվականի թիվ ԵԱՆԴ/4443/02/17 վճիռն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ նոր քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով: 

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ  ԴԱՏԱՎՈՐ  ԴԱՏԱՎՈՐ
Ա.ՍՄԲԱՏՅԱՆ  Մ.ՀԱՐԹԵՆՅԱՆ  Կ.ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ