|
Սույն քաղաքացիական գործով ըստ հայցի Վահե Աշոտի Պարազյանի ընդդեմ Մենուա Արտակի Հարությունյանի, «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ` հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին, պատասխանողներ Մենուա Արտակի Հարությունյանի, «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շահերը ներկայացնում է ԼԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակի փաստաբաններ
ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ԼԱՐԻՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 04.11.2020 թվականին կայացրել է հօգուտ պատասխանողների բարենպաստ դատական ակտ` մերժելով Վահե Պարազյանի հայցը :
Հայցվորի կողմից վերաքննիչ բողոք է բերվել 04.11.2020 թվականի վճռի դեմ:
Համաձայն ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2021 թվականի որոշման` Վահե Պարազյանի ներկայացրած
վերաքննիչ բողոքը մերժվել է:
ԵԴ/26186/02/19 ՎՃԻՌ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ 04.11.2020թ. ք.Երևան ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ Նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի Քարտուղարությամբ Անի Թադևոսյանի
Մասնակցությամբ Հայցվոր Վահե Աշոտի Պարազյանի ներկայացուցիչ`
Արտակ Շադյանի , արտոնագիր՝ թիվ 2193
Գայանե Դեմիրչյանի, արտոնագիր՝ թիվ 1881,
լիազորագիր՝ տրված 09.08.2019 թվականին
Պատասխանողներ Մենուա Արտակի Հարությունյանի, «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ`
Լևոն Բաղդասարյանի /ԼԵՎ ԳՐՈՒՊ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ/ արտոնագիր՝ թիվ 88,լիազորագրեր՝ տրված 23.09.2019 թվականին
Լարիսա Բաղդասարյանի /ԼԵՎ ԳՐՈՒՊ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ/ արտոնագիր՝ թիվ 2663,լիազորագրեր՝ տրված 31.01.2020 թվականին
Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Վահե Աշոտի Պարազյանի ընդդեմ Մենուա Արտակի Հարությունյանի, «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ) ` հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին, Պ Ա Ր Զ Ե Ց I Նկարագրական մաս. 1. Դատավարական նախապատմությունը. Վահե Աշոտի Պարազյանը 16.08.2019թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Մենուա Արտակի Հարությունյանի, «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի` հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 27.08.2019թ. որոշմամբ հայցադիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով վերադարձվել է: Վահե Աշոտի Պարազյանը 09.09.2019թ. կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ թերությունները վերացվել են: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.09.2019թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.10.2019թ. որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 08.07.2020թ. որոշմամբ սույն քաղաքացիական գործը նշանակվել է դատաքննության: Պատասխանողներ Մենուա Արտակի Հարությունյանի, «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել են հայցի վերաբերյալ առարկություններ:
2. Հայցվոր Վահե Աշոտի Պարազյանի փաստարկները և իրավական դիրքորոշման հակիրճ բովանդակությունը. Հայցվոր Վահե Աշոտի Պարազյանի ներկայացուցիչ Գայանե Դեմիրչյանը, դիմելով Դատարան, հայտնել է, որ 20.07.2019թ. ՅուԹյուբ տեսանախագծային կայքի (https://www.youtube.com/) Սլաք.ամ, Մենուա Հարությունյան (slaq.am, Menua Harutyunyan) էջի միջոցով (https://www.youtube.com/user/slaqam/featured) հրապարակվել է «Կարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը» վերնագրով մի տեսանյութ (այսուհետ՝ նաև տեսանյութ, https://www.youtube.com/watch?v=KMfRcR0-al4), որի ընթացքում Մենուա Հարությունյանը կատարել է հայցվորի վերաբերյալ որոշակի հրապարակային արտահայտություններ: Տեսանյութը ներկայումս էլ տեղադրված է ՅուԹյուբ (https://www.youtube.com/) կայքում՝ https://www.youtube.com/watch?v=KMfRcR0-al4 հղմամբ։ Տեսանյութը միայն ՅուԹյումբ կայքում դիտել է ավելի քան 1.000 մարդ: Տեսանյութը տեղադրված է նաև www.facebook.com սոցիալական ցանցում, Մենուա Հարությունյան օգտատիրոջ անձնական էջում (https://www.facebook.com/menua1): Տեսանյութը տեղադրված է նաև Սլաք․ամ (slaq.am, http://www.slaq.am/) կայքում, որը հավանել և որով կիսվել են 210 օգտատեր։ «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ն հանդիսանում է Սլաք․ամ (slaq.am) լրատվական կայքի սեփականատերը: Տեսանյութում Մենուա Հարությունյանի կողմից կատարվել են, մասնավորապես՝ հետևյալ արտահայտությունները. - որովհետև մենք կարդում ենք ռուսական պռեսան, որտեղ էտ տղայի մասին շատ վատ բաներա գրվում, որ ինքը հայ լինելով չեչենների օգնությամբ հայ գործարարա առևանգել և ծեծել, հետո կարդում ենք, որ էտ տղան ինքը էնտեղ պռոբլեմներա ունեցել օրենքի հետ և դատապարտվելա (2:47 րոպեից): - ու հիմա ինքը էկելա Հայաստան ու ինչա ասում, ասումա քանի որ այլևս Սամվել Կարապետյանը ազդեցություն չունի Հայաստանում, Նիկոլնա էկել իշխանության մենք մեզ ապահով ենք զգում դրա համար էկել ենք Հայաստան, պատկերացնում եք ինչ ավանտյուրայա փորձում անի էտ երիտասարդը (3:04 րոպեից): Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 23-րդ, 31-րդ հոդվածները՝ հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով անդրադարձել է մարդու արժանապատվության՝ որպես բարձրագույն արժեք ընկալվելու սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման խնդրին՝ ընդգծելով, որ այդ իրավունքն առաջնային նշանակություն ունի մարդու և քաղաքացու հիմնական բոլոր իրավունքների ու ազատությունների ազատ, անարգել և երաշխավորված իրականացման համար: Անգամ լրատվամիջոցների և սոցիալական հաղորդակցության այլ միջոցների ազատությունը չի կարող պատճառ հանդիսանալ սահմանադրական այլ իրավունքները և ազատությունները սահմանափակելու համար: Իրավունքների և ազատությունների սահմանափակումները, որոնք կարող են հանգեցնել մարդու արժանապատվության նսեմացմանը, անթույլատրելի են: Որքան մոտ է կոնկրետ իրավունքը կամ ազատությունը մարդու արժանապատվության էությանը, այնքան այն ավելի խիստ պետք է պաշտպանվի հանրային իշխանությունների կողմից: Խոսքի ազատությունը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության առաջընթացի և յուրաքանչյուր անձի զարգացման հիմնական պայմաններից մեկը, սակայն խոսքի ազատության իրավունքը մշտապես ուղեկցվում է պարտականություններով և պատասխանատվությամբ: Այս պարտականություններն ու պատասխանատվությունն առավել կարևորվում են, երբ տեղեկատվությունը վերաբերում է անձի հեղինակությանը և խախտում է այլոց իրավունքները: Խոսքի ազատությունը չի կարող իրականացվել անձի արժանապատվությունը արատավորելու և հեղինակությունը վիրավորելու եղանակով: Արտահայտվելու ազատության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք անհրաժեշտ են այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու համար: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածը երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը, սակայն այդ իրավունքը չի հանդիսանում բացարձակ և ենթակա է սահմանափակումների: Կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը, պաշտպանում է նաև անձի հեղինակությունը և այլոց իրավունքները: ՄԻԵԴ-ն իր որոշումներում բազմիցս շեշտել է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ խոսքի ազատության իրավունք նախատեսող դրույթ, նույնիսկ հասարակական լուրջ հետաքրքրություն ներկայացնող հարցերի՝ զանգվածային լրատվության միջոցի կողմից տարածման դեպքերում: Երբ մարդու հեղինակությունը վնասված է, խախտվում է անձի մասնավոր կյանքի իրավունքը, եթե ապահովված չէ արդարացի հավասարակշռություն «մրցակցող» շահերի միջև: Կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ խոսքի ազատության իրավունքի պաշտպանության առումով սահմանափակ կիրառում ունի անգամ լրագրողների համար, ովքեր օգտվում են խոսքի ազատության ավելի «լայն» իրավունքից: Անգամ խոսքի ազատության ամենալայն իրավունքով օժտված սուբյեկտների՝ լրագրողների վրա դրված է փաստերը նախապես և բարեխղճորեն ստուգելու պարտականություն: ՀՀ Սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ-997 որոշմամբ նշել է, որ լրատվության կարևորագույն առաքելություններից են՝ ասել միայն ճշմարտությունը և բարեխղճորեն ստուգել փաստերը: Իսկ ՄԻԵԴ-ն իր Lingens v. Austria գործով կայացված վճռում նշել է, որ չափազանց կարևոր է, որ զանգվածային լրատվության միջոցը իր կողմից տարածած տեղեկատվության արժանահավատությունը ստուգի մինչև համապատասխան տեղեկության տարածումը, այլ ոչ թե փորձի ապացույցներ հայթայթել դատական վեճի ընթացքում: Վերոգրյալից կարելի է կատարել երկու կարևոր եզրահանգում՝ ինչպես լրագրողը այնպես էլ յուրաքանչյուր ոք պարտավոր է իր կողմից հրապարակվող փաստերը ստուգել նախապես և բարեխղճորեն: Ինչպես լրագրողի այնպես էլ յուրաքանչյուրի դեպքում անընդունելի է տարածված տեղեկատվության վերաբերյալ «դատական վեճի ընթացքում ապացույցների հայթայթումը»։ Այսինքն, եթե Մենուա Հարությունյանը փորձի որևէ ապացույցով հիմնավորել իր կողմից ներկայացված տեղեկատվության իսկությունը, ապա նա պետք է նաև հիմնավորի, որ այդ ապացույցը տեսանյութի հրապարակման պահին գտնվել էր իր մոտ: Այսպիսով, Մենուա Հարությունյանն իր կողմից ներկայացված տեղեկատվության իսկությունը կարող է հիմնավորել միայն տեսանյութի հրապարակման պահին իր մոտ եղած ապացույցներով՝ հիմնավորելով այն հանգամանքը, որ դրանք իր մոտ նախապես առկա են եղել: Բոլոր այլ ապացույցները, ՄԻԵԴ-ի դիրքորոշման լույսի ներքո, կհանդիսանան անթույլատրելի և ոչ վերաբերելի ապացույցներ: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել՝ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով նախատեսված մարդու արժանապատվության իրավունքը որևէ սահմանափակման ենթակա չէ: Նույնը վերաբերում է նաև ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածով նախատեսված անմեղության կանխավարկածին: Ավելին, ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածից հետևում է, որ անգամ արտակարգ և/կամ ռազմական դրության ժամանակ ՀՀ Սահմանադրության 23-րդ և 66-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները սահմանափակման ենթակա չեն: Հայցադիմումի մեջ նշված արտահայտությունների միջոցով արատավորվել է հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: «Պատիվ», «արժանապատվություն» և «գործարար համբավ» հասկացությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բացահայտված չեն: Այդուհանդերձ, դատական պրակտիկայում այդ հասկացություններին տրվել են հետևյալ սահմանումները. 1) Պատիվն ու արժանապատվությունը, հանդիսանալով հարակից բարոյական հասկացություններ, արտահայտում են շրջապատի կողմից քաղաքացու օբյեկտիվ գնահատականը կամ նրա իսկ ինքնագնահատականը: Գործարար համբավը քաղաքացու կամ իրավաբանական անձի պրոֆեսիոնալ որակներն են: Պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն իրենց ամբողջականության մեջ որոշում են քաղաքացու բարի համբավը: 2) Պատիվն անձի օբյեկտիվ գնահատականն է՝ անձի նկատմամբ հասարակության վերաբերմունքը որոշող, ինչպես նաև անհատի բարոյական և այլ վարկանիշների սոցիալական գնահատականն է: Իսկ արժանապատվությունն անհատի ներքին ինքնագնահատականն է, անձնական հատկանիշների, ընդունակությունների, աշխարհայացքի գիտակցումը: Վերոգրյալի համատեքստում, Մենուա Հարությունյանի կողմից արված հրապարակային արտահայտությունները արատավորել են ինչպես հայցվորի պատիվը և արժանապատվությունը, այնպես էլ՝ գործարար համբավը (որը, քաղաքացու դեպքում, նրա մասնագիտական որակների գնահատականն է): Գործարար համբավ կարող է ունենալ քաղաքացիական իրավունքի ցանկացած սուբյեկտ, ով գործունեության որոշակի բնագավառում ունի հեղինակություն: Ցանկացած ոլորտի մասնագետ ունի որոշակի մասնագիտական որակներ և շահագրգռված է, որպեսզի հասարակության կողմից այդ որակներին տրվող գնահատականը լինի օբյեկտիվ և ճշմարտացի: Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ, 162.1-րդ, 1087.1-րդ հոդվածները՝ հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ տվյալ դեպքում, Մենուա Հարությունյանի կողմից ներկայացվել են հետևյալ փաստացի տվյալները (statement of fact)․ որովհետև մենք կարդում ենք ռուսական պռեսան, որտեղ էտ տղայի մասին շատ վատ բաներա գրվում, որ ինքը հայ լինելով չեչենների օգնությամբ հայ գործարարա առևանգել և ծեծել, հետո կարդում ենք, որ էտ տղան ինքը էնտեղ պռոբլեմներա ունեցել օրենքի հետ և դատապարտվելա (2:47 րոպեից): Վերը նշված «փաստերը» իրենց բնույթով հանդիսանում են կոնկրետ և հստակ տեղեկություններ: Դրանք վերաբերում են հենց հայցվորին: Ներկայացված տվյալների միջոցով Մենուա Հարությունյանը ցանկացել է շեշտադրել, որ հայցվորը, ով բողոք է ներկայացրել Նարեկ Կարապետյանի դեմ, ունի վատ կենսագրություն, մասնավորապես՝ չեչենների օգնությամբ հայ գործարար է առևանգել և ծեծել, դատապարտվել է և խնդիրներ է ունեցել օրենքի հետ։ Այսինքն, ըստ Մենուա Հարությունյանի, հայցվորը օրինախախտ մարդ է, ով կատարել է հանցագործություններ և դրանց համար դատապարտվել է: Dyuldin and Kislov v. Russian Federation գործով կայացված վճռով ՄԻԵԴ-ը նշել է. «Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ»: Տվյալ դեպքում, հայցվորի համար ակնհայտ է, որ տեսանյութում պարունակվող արտահայտությունները ուղղված են հենց իր դեմ հետևյալ հիմնավորումներով՝ - Տեսանյութը հրապարակվել է Սամվել Կարապետյանի եղբորորդուն մեղադրանք առաջադրվելուց հետո, ընդ որում, այս լուրը տարածվել էր ԶԼՄ-ների և համացանցի միջոցով, որտեղ նշվել է, որ Նարեկ Կարապետյանի դեմ իրավապահներին բողոք է ներկայացրել Վահե Պարազյանը, - Տեսանյութը հրապարակվել է ի պաշտպանություն կամ ի աջակցություն Կարապետյանների ընտանիքի, - Տեսանյութը վերնագրված է «Կարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը», - Տեսանյութը սկսվում է լրագրողի այն հարցով, որ Սամվել Կարապետյանի եղբորորդու շուրջ ասեկոսեներ են պտտվում։ Սովորական ունկնդրի համար ակնհայտ է, որ հենց հայցվորն է հանդիսացել Մենուա Հարությունյանի «թիրախը»: Սովորական ունկնդրի համար ավելի քան ակնհայտ է, որ Մենուա Հարությունյանի կողմից ներկայացված «փաստերը» վերաբերում են հենց հայցվորին, ով ավելի վաղ բողոք է ներկայացրել Սամվել Կարապետյանի եղբորորդու դեմ և ում բողոքի հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալները ներկայացվել են համացանցի (ՅուԹյումբ (YouTube.com) կայք, Ֆեյսբուք (Facebook.com) սոցիալական ցանց, Սլաք․ամ (slaq.am) լրատվական կայք) միջոցով: Տեսանյութը այժմ էլ տեղադրված է վերոնշյալ կայքերում և շարունակվում է տարածվել այլ օգտատերերի կողմից։ Միայն ՅուԹյուբ կայքում տեղադրվածը դիտել են ավելի քան 1.000 մարդ: Տեսանյութը հասանելի է աշխարհի գրեթե ցանկացած վայրից: Այն ունի տարածման լայն շրջանակ: Նշել է, որ հրապարակային է համարվում առնվազն մեկ երրորդ անձի ներկայայությամբ կատարված արտահայտությունը: Հրապարակային արտահայտությունը, ի թիվս այլ միջոցների և եղանակների, կարող է դրսևորվել նաև համացանցի միջոցով տարածմամբ: Հայցվորի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալները չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 4-րդ մասը պահանջում է, որպեսզի ներկայացված տվյալների՝ իրական լինելու փաստն ապացուցի պատասխանողը: Այսինքն՝ տվյալ դեպքում Մենուա Հարությունյանը պետք է ապացուցի, որ Վահե Պարազյանը չեչենների օգնությամբ հայ գործարար է առևանգել և ծեծել, Վահե Պարազյանը Ռուսաստանում խնդիրներ է ունեցել օրենքի հետ և դատապարտվել է։ Սակայն հարկ է նկատել, որ նման ապացույցներ իրականության մեջ պարզապես գոյություն չունեն: Հարկ է ընդգծել, որ նշված փաստերը կարող են ապացուցվել բացառապես օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով, մինչդեռ այդպիսի դատավճիռ գոյություն չունի։ Ավելին, Վահե Պարազյանը որևէ դատվածություն ոչ Հայաստանում և ոչ էլ Ռուսաստանում երբևէ չի ունեցել և ներկայումս էլ չունի։ Ներկայացված տվյալները արատավորել են հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Օրենսդիրը պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների ցանկ չի սահմանել՝ թողնելով, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը, ելնելով ձևավորված բարոյական նորմերից, գործարար սովորույթներից, տարածված տեղեկությունների արժեքավորման հասարակական պատկերացումներից, որոշի տեղեկությունների բնույթը և դրանք հերքելու անհրաժեշտությունը: Արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Հանցագործությունը՝ որպես հանրության կողմից պարսավելի արարք, չի կարող չարատավորել այն անձին, ում վերագրվում է: Արատավորող արտահայտությունն այն արտահայտությունն է, որը հասարակության հատմամբ, նսեմացնում է անձի արժանիքները հանրության շրջանում, նրան ենթարկում է ծաղրուծանակի, ունակ է անձին վերածել ատելության կամ արհամարանքի առարկայի կամ ստիպում է անձին ամաչել կամ այլ մարդկանց՝ խուսափել տվյալ անձից: Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արատավորող են համարվում նաև այն տեղեկությունները, որոնք հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, պարունակում են մեղադրանք՝ հանցագործության և/կամ այլ իրավախախտումների կատարման կամ ստախոսության մեջ, իրենց մեջ պարունակում են՝ 1) գույքի յուրացման մեղադրանք, 2) ստախոսության մեղադրանք, 3) քաղաքացու արժանիքները նսեմացնող տեղեկություններ, 4) բարոյապես դատապարտելի արարքների մասին տեղեկություններ, հայցվորի նկատմամբ առաջացրել են բացասական վերաբերմունք, պարունակում են օրենսդրական նորմերի կամ բարոյական սկզբունքների խախտման մասին տեղեկատվություն: Վերոգրյալի համատեքստում, Մենուա Հարությունյանի կողմից կատարված արտահայտությունները արատավորել են հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Այսպես, 1) Ըստ Մենուա Հարությունյանի, հայցվորը մարդ է առևանգել և ծեծել, ընդ որում, պատասխանողը փորձել է այս ամենին զգայական նրբերանգ հաղորդել՝ շեշտելով, որ Վահե Պարազյանը, լինելով հայ, առևանգել և ծեծել է հայ գործարարի չեչենների օգնությամբ։ 2) Ըստ Մենուա Հարությունյանի, հայցվորը օրենքի հետ խնդիրներ ունեցող անձ է, ով դատապարտվել է Ռուսաստանում։ 3) Նշված «փաստերը» միանշանակ նսեմացրել են հայցվորի արժանիքները և ունակ են հայցվորին վերածելու հասարակական ատելության առարկայի: Հայցվորին վերագրվել են այնպիսի արարքներ, որոնք, առնվազն բարոյականության տեսանկյունից, դատապարտելի և պարսավելի են: Մենուա Հարությունյանի կողմից արված հետևյալ արտահայտությունը միանշանակորեն արատավորել է հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը՝ ու հիմա ինքը էկելա Հայաստան ու ինչա ասում, ասումա քանի որ այլևս Սամվել Կարապետյանը ազդեցություն չունի Հայաստանում, Նիկոլնա էկել իշխանության մենք մեզ ապահով ենք զգում դրա համար էկել ենք Հայաստան, պատկերացնում եք ինչ ավանտյուրայա փորձում անի էտ երիտասարդը (3:04 րոպեից): Ինչպես արդեն նշել ենք, օրենսդիրը պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների ցանկ չի սահմանել՝ թողնելով, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը, ելնելով ձևավորված բարոյական նորմերից, գործարար սովորույթներից, տարածված տեղեկությունների արժեքավորման հասարակական պատկերացումներից, որոշի տեղեկությունների բնույթը և դրանք հերքելու անհրաժեշտությունը: Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արատավորող են համարվում նաև այն տեղեկությունները, որոնք. - Հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են: - Պարունակում են մեղադրանք՝ հանցագործության և/կամ այլ իրավախախտումների կատարման կամ ստախոսության մեջ: - Իրենց մեջ պարունակում են՝ 1) գույքի յուրացման մեղադրանք, 2) ստախոսության մեղադրանք, 3) քաղաքացու արժանիքները նսեմացնող տեղեկություններ, 4) բարոյապես դատապարտելի արարքների մասին տեղեկություններ: - Հայցվորի նկատմամբ առաջացրել են բացասական վերաբերմունք: - Պարունակում են օրենսդրական նորմերի կամ բարոյական սկզբունքների խախտման մասին տեղեկատվություն: Մենուա Հարությունյանի կողմից կատարված արտահայտությունը արատավորել է հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Այսպես, հայցվորը ներկայացվում է որպես «ավանտյուրա» անող մարդ, այլ կերպ՝ «ավանտյուրիստ»: Ըստ Հրաչյա Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի»՝ «ավատյուրա» թարգմանաբար նշանակում է արկածախնդրություն, բախտախնդրություն, անսկզբունք, վտանգավոր գործ, իսկ «ավանտյուրիստ» բառի թարգմանութունը նշանակում է մարդ, ով բախտախնդիր է, անսկզբունք։ Ընդ որում, հարկ է նկատել, որ նշված բառերը գրականության մեջ օգտագործվում են բացասական իմաստով։ Հարկ է ընդգծել նաև, որ նշված բառերը հասարակության մեջ ևս ունեն միանշանակ բացասական ընկալում («խաբեբայի» ընկալում): Հետևաբար «ավանտյուրա» փորձել անող մարդը հասարակության մոտ առաջացնում է բացասական վերաբերմունք: Այլ կերպ ասած՝ վերը նշված արտահայտությունը ունակ է նսեմացնելու հայցվորի արժանիքները: Հայցվորի հեղինակությունը արատավորելու և նրան նվաստացնելու դիտավորությունը հիմնավորվել է այն հանգամանքով, որ Մենուա Հարությունյանը ամբողջ տեսանյութի ընթացքում Վահե Պարազյանի մասին խոսել է հեգնական տոնով՝ օգտագործելով «էտ տղա», «էտ երիտասարդը», «ավանտյուրայա փորձում անել» արտահայտությունները՝ ակնհայտ նպատակ ունենալով արատավորել հայցվորի գործարար համբավը: Արտահայտությունները կատարվել են հրապարակային եղանակով: Պատասխանատվությունից ազատման դեպքերին անդրադառնալով՝ հայտնել է, որ դրանք առկա չեն: Մենուա Հարությունյանը չի կարող հիմնավորել, թե այդ ինչպիսի՞ ստույգ փաստերի (տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ ներկայացված ապացույցներով հիմնավորվող կամ հանրահայտ փաստերի) վրա է հիմնված իր կողմից կատարված հետևյալ արտահայտությունը՝ «պատկերացնում եք ինչ ավանտյուրայա փորձում անի էտ երիտասարդը»: «Գերակա հանրային շահ» եզրույթում օգտագործվող «գերակա» ածականը բնութագրում է հրապարակվող տեղեկատվության հրատապությունը, այդ տեղեկատվության սոցիալական անհրաժեշտությունը: Սա ամրագրել է ՀՀ վճռաբեկ դատարանը՝ մի շարք գործերով: Մենուա Հարությունյանի կողմից արված արտահայտությունները չեն կատարվել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում (շրջանակներում) և այդ արտահայտությունները չեն բխում զրպարտության ենթարկված անձի՝ հայցվորի (կամ նրա ներկայացուցչի) հրապարակային ելույթից կամ նրանցից ելնող որևէ փաստաթղթից: Մենուա Հարությունյանը պետք է հիմնավորի, որ իր կողմից հետևյալ փաստացի տվյալների ներկայացումը, այն է՝ «չեչենների օգնությամբ հայ գործարարա առևանգել և ծեծել», «էտ տղան ինքը էնտեղ պռոբլեմներա ունեցել», ապացուցի, որ նշված տվյալները ներկայացրել է հավասարակշռված և բարեխղճորեն: Մինչդեռ վերը նշված հանգամանքները տվյալ դեպքում առկա չեն. Հանրային շահից կամ հանրային գերակա շահից բխող կարող է համարվել այն տեղեկատվությունը, որի հրապարակումից հասարակությունը կարող է որոշակի օգուտ կամ շահ ստանալ։ Մինչդեռ հանրային հետաքրքրասիրության առարկա կարող են լինել այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումից հասարակությունը որևէ եղանակով չի «շահում»։ Couderc and Hachette Filipacchi Associռs v. France գործով ՄԻԵԴ-ը մատնանշել է, որ «հանրային շահ» հասկացությունը չպետք է իջեցվի այնպիսի մակարդակի, որ նույնացվի հասարակության մոտ ինֆորմացիայի «ծարավի» և ընթերցողների մոտ «սենսացիայի ծարավի» հետ։ Leempoel & S.A. ED. Cinռ Revue v. Belgium գործով ՄԻԵԴ-ը մատնանշել է, որ թեև հասարակությունն ունի ինֆորմացված լինելու իրավունք, այնուամենայնիվ հանրային շահից չեն բխում այն հրապարակումները, որոնց միակ նպատակը ընթերցողների հետաքրքրասիրությունը բավարարելն է։ Այսինքն, ՄԻԵԴ-ը ևս տարանջատել է «հանրային շահ» և «հանրային հետաքրքրասիրություն» հասկացությունները։ «Հանրային հետաքրքրասիրությունն» ինքնին «հանրային շահ» չէ։ Տվյալ դեպքում, հանրային գերակա շահից երբևէ չի կարող բխել անձի վերաբերյալ այնպիսի տվյալների ներկայացումը, որոնք ենթադրաբար վերաբերում են քրեական օրենսգրքով արգելված արարքներ կատարելուն: Սահմանադրական այս նորմը նշանակում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի համարվել անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: «Հանրային գերակա շահից» երբևէ չի կարող բխել որևէ անձի կողմից մեկ այլ անձի անմեղության կանխավարկածի իրավունքի խախտումը: Նմանօրինակ գործողությունը չի կարող բխել հանրային գերակա շահից, անգամ եթե կատարվի քրեական հետապնդման մարմնի որևէ պաշտոնատար անձի կողմից: Ավելին, հանրային գերակա շահի առկայության տեսանկյունից, մեծ հարց է, թե ինչու՞մն է կայանում Մենուա Հարությունյանի կողմից անձին որպես հանցագործ և դատապարտված ներկայացնելու սոցիալական կամ իրավական անհրաժեշտությունը: Արդյո՞ք մեղադրական դատավճռի բացակայության պայմաններում հասարակությունն ունի իրավաչափ շահ՝ լսելու Մենուա Հարությունյանի չճշտված և զրպարտչական բնույթի հայտարարությունները՝ «չեչենների օգնությամբ հայ գործարար առևանգելու և ծեծելու», «դատապարտված լինելու» փաստերի վերաբերյալ: Առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության նմանօրինակ հայտարարության կատարումը և անձի անմեղության կանխավարկածի խախտումը չի կարող համարվել հանրային գերակա շահից բխող, քանի որ հանրային գերակա շահը պահանջում է անվերապահ հարգանք՝ անձի հիմնական իրավունքների նկատմամբ: Ակնհայտ է, որ տվյալ դեպքում, խոսքը կարող է գնալ առավելագույնը «հանրային հետաքրքրասիրության», այլ ոչ թե հանրային շահի մասին։ Ցանկացած դեպքում, երբ որևէ անձ, օրինական ուժի մեջ մտած դատավճռի բացակայության պայմաններում, հրապարակային դատողություններ է կատարում ենթադրյալ հանցագործության դեպքի և/կամ այն ենթադրաբար կատարած անձի մասին, դա ոչ թե «հանրային շահից» է բխում, այլ՝ «հանրային հետաքրքրասիրությունից»։ Այսպիսով, Մենուա Հարությունյանը կատարել է արտահայտություններ, որոնք չեն կարող տեղավորվել «հանրային գերակա շահ» հասկացության մեջ: Մենուա Հարությունյանը չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ՝ իր կողմից հրապարակված «փաստերի» իսկությունը պարզելու նպատակով: Ընդ որում, «ողջամիտ միջոցներ» հասկացությունը պետք է մեկնաբանել յուրաքանչյուր կոնկրետ դեպքում յուրովի: Հաշվի առնելով հայտարարությունը կատարողի անձը (մասնագիտությամբ իրավաբան, գործունեության ոլորտները՝ լրագրություն, քաղաքականություն) և հայտարարության բովանդակությունը (անմեղության կանխավարկածի խախտում)՝ հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ Մենուա Հարությունյանը նախապես չի ձեռնարկել իր կարգավիճակից և հայտարարության բնույթից բխող ողջամիտ միջոցներ՝ իր կողմից հրապարակված «փաստերի» իսկությունը ստուգելու նպատակով: Ընդ որում, այդ միջոցները պետք է ձեռնարկված լինեին նախապես (ինչը չի արվել): Մենուա Հարությունյանը դրսևորել է եթե ոչ դիտավորություն, ապա առնվազն՝ իր կարգավիճակին ոչ հարիր անփութություն: Մենուա Հարությունյանը, նախքան տեսանյութի հրապարակումը, հարցում չի կատարել շահագրգիռ անձին՝ հայցվորին և իր տեսակետը ներկայացրել է միակողմ, ինչը չի կարող դիտարկվել որպես նյութի բարեխիղճ և հավասարակշռված ներկայացում: Ըստ այդմ, հայցվորը անգամ հնարավորություն չի ունեցել տրամադրել իր դիրքորոշումը: Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ Մենուա Հարությունյանը խուսափել է հայցվորի դիրքորոշումը ներկայացնելուց: Մինչդեռ «հավասարակշռված» եզրույթը ենթադրում է նաև հակադիր կարծիքների ներկայացում: Ընդ որում, տվյալ դեպքում հայցվորի դիրքորոշման նախնական պարզումը և դրա ներկայացումը տեսանյութում անհնարին չէր: Տվյալ դեպքում, հասարակության «տեղեկացված լինելու» շահը գերակա չի եղել ճշտված փաստեր հրապարակելու և անմեղության կանխավարկածը չխախտելու համեմատ, ինչը պայմանավորված է ՀՀ Սահմանադրությունը անվերապահորեն հարգելու պարտականությամբ: Տվյալ դեպքում առկա չէ որևէ «տեղեկատվության աղբյուր» (լրատվական գործակալության կամ լրատվության այլ միջոցի տարածած տեղեկատվություն, այլ անձի հրապարակային ելույթ, պաշտոնական փաստաթուղթ կամ հեղինակային ստեղծագործություն), որի վրա հղում է կատարել Մենուա Հարությունյանը: Մենուա Հարությունյան իր խոսքում միայն նշել է, որ «մենք կարդում ենք ռուսական պռեսան», «հետո կարդում ենք» արտահայտությունները, առանց հստակ նշելու, թե ռուսական, որ թերթը, կայքը կամ լրատվական հրապարակումն է կարդում ինքը, որ ԶԼՄ-ն է նման հրապարակումներ իրականացրել։ Հետևաբար, կատարված արտահայտությունների և հրապարակված կեղծ փաստերի համար պատասխանատվություն պետք է կրի հենց Մենուա Հարությունյանը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բովանդակային առումով տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պետք է կատարվի տեղեկատվությունը տարածելու հետ միաժամանակ, այլ ոչ թե դրանից հետո: Մենուա Հարությունյանի կողմից կատարված արտահայտությունները իրենցից ներկայացնում են կոնկրետ փաստեր և որակումներ, որոնք չեն կարող համարվել գնահատողական դատողություններ: Գնահատողական դատողությունների կապակցությամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ անհրաժեշտ է տարբերել փաստերը և գնահատողական դատողությունները: Փաստերի գոյությունը կարող է ապացուցվել, իսկ գնահատողական դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատողական դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է: Փաստերի և գնահատողական դատողությունների տարբերակման անհրաժեշտության մասին խոսել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը՝ իր թիվ ՍԴՈ-997 որոշման մեջ՝ նշելով, որ գնահատողական դատողությունը փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում արվող հետևություն է: Այսպիսով, ՄԻԵԴ-ը տարբերակել է մի կողմից փաստերը (statement of fact), որոնք տեսականորեն հնարավոր է ապացուցել, մյուս կողմից՝ գնահատողական դատողությունները, որոնց ապացուցումը նույնիսկ տեսականորեն անհնարին է: Այսինքն՝ գնահատողական դատողությունը փաստի մասին հայտարարություն (statement of fact) չէ: Հետևաբար, դատողությունը կարելի է համարել գնահատողական միայն այն դեպքում, եթե դրա ճշմարտացիությունը օբյեկտիվորեն որևէ մեկի կողմից, երբևէ և որևէ ապացույցով չի կարող ապացուցվել: Տվյալ դեպքում, տեսանյութում Մենուա Հարությունյանի կողմից կատարված արտահայտությունների մի մասը հենց փաստի մասին հայտարարություն է (statement of fact): Այսինքն՝ Մենուա Հարությունյանը ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող «փաստեր», որոնք, ճշմարիտ լինելու դեպքում, օբյեկտիվորեն կարող են ապացուցվել: Այս առումով, Մենուա Հարությունյանի կողմից ներկայացված փաստացի տվյալները չեն կարող որակվել որպես գնահատողական դատողություններ: Նույն արտահայտությունը չի կարող միաժամանակ հանդիսանալ և փաստացի տվյալ (որը տեսականորեն կարող է ապացուցվել), և գնահատողական դատողություն (որն ապացուցելը անհնար է): Այսպես, տեսանյութում Մենուա Հարությունյանի ինքնավստահ և ագրեսիվ կեցվածքը, հանրությանը «փաստերով սենսացիա» հրամցնելու ցանկության առկայությունը, հայցվորի նկատմամբ ակնհայտ «հեգնական» պահվածքը և կատարված արտահայտությունների մեղադրական ու դատապարտող ոճն իրենց համակցության մեջ վկայում են այն մասին, որ Մենուա Հարությունյանը ավելի քան վստահ է եղել իր խոսքերի ճշմարտացիության մեջ և նպատակ է ունեցել հրապարակայնորեն ներկայացնել հենց փաստացի տվյալներ, այլ ոչ թե գնահատողական դատողություններ: Ընդ որում, ակնհայտ է, որ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները Մենուա Հարությունյանի կողմից ներկայացվել են ոչ թե որպես իր սուբյեկտիվ կարծիք կամ ընկալում, այլ՝ որպես օբյեկտիվ իրականություն: Ակնհայտ է, որ Մենուա Հարությունյանի կողմից կատարված արտահայտությունները չունեն գնահատողական բնույթ, դրանք փաստացի տվյալներ են, որոնք կարող են ապացուցվել կոնկրետ ապացույցներով, օրինակ՝ մեղադրական դատավճռով։ Տեսանյութում Մենուա Հարությունյանի կողմից կատարված մյուս արտահայտությունը իր բնույթով հանդիսանում է որակում: Քանի որ որակումն ընդհանրապես «դատողություն» չէ, ուստի այն չի կարող համարվել նաև գնահատողական դատողություն: ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումն այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատողական դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (Pedersen and Baadsgard v. Denmark գործով ՄԻԵԴ-ի վճիռը): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (Rizos and Daskas v. Greece գործով ՄԻԵԴ-ի վճիռը): Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից: Անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել՝ հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (Oberschlick v. Austria գործով ՄԻԵԴ-ի վճիռը): Գնահատող դատողության վերաբերյալ ապացույց ներկայացնելու պահանջը հնարավոր չէ իրականացնել։ Այդուհանդերձ, գնահատող դատողությունը, որի հիմքում բացակայում են ինչ-ինչ փաստացի հիմքեր, կարող է լինել չափազանցված (Grinberg v. Russian Federation և Karman v. Russian Federation գործերով ՄԻԵԴ-ի վճիռները): Վերը նշվածն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ դատական պրակտիկայում: Մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի վերլուծությունը վկայում է, որ, համաձայն եվրոպական իրավունքի ներկա զարգացումների, անձի հանիրավի անվանարկումը՝ զրպարտության և վիրավորանքի միջոցով, ենթադրում է համարժեք փոխհատուցում, որն անհրաժեշտ է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վերականգնելու համար (ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-997 որոշում): Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը պահանջում է, որպեսզի վիրավորանքի և/կամ զրպարտության համար սահմանվող փոխհատուցումը համաչափության ողջամիտ հարաբերակցություն ունենա անձի հեղինակությանը պատճառված վնասի հետ: Փոխհատուցման չափը որոշում է դատարանը՝ ելնելով կոնկրետ գործի առանձնահատկություններից, այդ թվում՝ վիրավորանքի կամ զրպարտության եղանակից և տարածման շրջանակից, ինչպես նաեւ վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունից (ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-997 որոշում): Տվյալ դեպքում, զրպարտությունը և վիրավորանքը կատարվել են համացանցով և լայնորեն տարածվել են, ինչը երևում է հայցվորի կողմից վկայակոչված փաստերից: Համացանցն այնպիսի տեղեկատվական միջոց է, որի միջոցով հրապարակված տեղեկատվությունը կարող է տարածվել արագորեն և համընդհանուր կերպով (ինչը և տվյալ դեպքում եղել է): Այսինքն, կարող ենք ամրագրել, որ տեղեկատվության տարածման շրջանակն ավելի քան լայն է: Ինտերնետային կայքը (սոցիալական կայքը) հասանելի է ամբողջ աշխարհի գրեթե ցանկացած վայրից: Փոխհատուցման չափ սահմանելու դեպքում պետք է հաշվի առնվի վիրավորանք և զրպարտանք կատարած անձի ֆինանսական վիճակը և բացառվի փոխհատուցման այնպիսի չափերի և ձևերի սահմանումը, որոնք կարող են վճռորոշ նշանակություն ունենալ պատասխանող կողմի համար: Ողջամիտ կլիներ, որպեսզի հայցվորը յուրաքանչյուր վիրավորական արտահայտության և զրպարտություն հանդիսացող «փաստի» համար Մենուա Հարությունյանից պահանջեր համապատասխանաբար 1.000.000 և 2.000.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում։ Հաշվի առնելով վերոգրյալը և վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 23-րդ, 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ, 162.1-րդ, 1087.1-րդ հոդվածները՝ հայցվոր Վահե Աշոտի Պարազյանի ներկայացուցիչ Գայանե Դեմիրչյանը դատարանին խնդրել է պարտավորեցնել պատասխանող Մենուա Հարությունյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորից «պատկերացնում եք ինչ ավանտյուրայա փորձում անի էտ երիտասարդը» վիրավորական արտահայտության համար՝ ՅուԹյուբ տեսանախագծային կայքի (https://www.youtube.com/) Սլաք․ամ, Մենուա Հարությունյան էջում (https://www.youtube.com/user/slaqam/featured) տեսանյութ հրապարակելու միջոցով, տեսանյութը «Ներողություն եմ խնդրում «Կարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը» վերնագրով տեսանյութում Վահե Պարազյանի վերաբերյալ արված արտահայտությունների համար» վերնագրելու և այդ տեսանյութը ՅուԹյուբ կայքի (https://www.youtube.com/) Սլաք․ամ, Մենուա Հարությունյան էջում (https://www.youtube.com/user/slaqam/featured) պահպանելու եղանակով: Պարտավորեցնել պատասխանող Մենուա Հարությունյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակայնորեն հերքել հայցվորի վերաբերյալ ներկայացված և զրպարտություն հանդիսացող հետևյալ փաստացի տվյալները. «չեչենների օգնությամբ հայ գործարարա առևանգել և ծեծել», «էտ տղան ինքը էնտեղ պռոբլեմներա ունեցել օրենքի հետ և դատապարտվելա»՝ ՅուԹյուբ տեսանախագծային կայքի (https://www.youtube.com/) Սլաք․ամ, Մենուա Հարությունյան էջում (https://www.youtube.com/user/slaqam/featured) տեսանյութ հրապարակելու միջոցով, տեսանյութը «Հերքում՝ «Կարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը» վերնագրով տեսանյութում Վահե Պարազյանի վերաբերյալ արված զրպարտչական արտահայտությունների համար» վերնագրելու և այդ տեսանյութը ՅուԹյուբ կայքի (https://www.youtube.com/) Սլաք․ամ, Մենուա Հարությունյան էջում (https://www.youtube.com/user/slaqam/featured) պահպանելու եղանակով: Պարտավորեցնել պատասխանող «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ին իրեն պատկանող http://www.slaq.am/ և https://www.youtube.com/user/slaqam կայքերում հրապարակել վերոնշյալ տեսանյութերը։ Մենուա Հարությունյանից հօգուտ հայցվորի բռնագանձել ընդհանուր առմամբ 2.000.000 ՀՀ դրամ` որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում, որից 1.500.000 ՀՀ դրամը զրպարտության, իսկ 500.000 ՀՀ դրամը վիրավորանքի համար։ Հայցադիմումում շարադրված փաստական և իրավական հիմնավորմամբ հայցվոր Վահե Աշոտի Պարազյանի ներկայացուցիչներ Արտակ Շադյանը և Գայանե Դեմիրչյանը պնդել են ներկայացված պահանջը: 3. Պատասխանող Մենուա Արտակի Հարությունյանի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը. Պատասխանող Մենուա Արտակի Հարությունյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի կողմից ներկայացվել է հայցի վերաբերյալ առարկություն, որով առարկել է ներկայացված հայցի դեմ և խնդրել է մերժել այն՝ հետևյալ պատճառաբանությամբ. Հայցվորի կողմից որպես վիրավորական արտահայտություն է դիտարկվել 20.07.2019թ. պատասխանող Մենուա Հարությունյանի կողմից ՅուԹյուբ կայքում առկա տեսանյութով կատարված արտահայտությունն առ այն, որ «պատկերացնում եք ինչ ավանտյուրայա փորձում անի էտ երիտասարդը», որպես զրպարտություն է դիտարկվել Մենուա Հարությունյանի կողմից հայտնված տեղեկատվությունն առ այն, որ «չեչենների օգնությամբ հայ գործարարա առևանգել և ծեծել, էտ տղան ինքը էնտեղ պռոբլեմներա ունեցել օրենքի հետ և դատապարտվելա»: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի մաստով հրապարակային արտահայտությունը և զրպարտչական տեղեկությունները պետք է ուղղված լինեն որևէ անձի, այսինքն՝ հրապարակումը պետք է անձնավորված լինի և ունենա միտում վարկաբեկելու վերջինիս պատիվը և արժանապատվությունը: Ուստի՝ անկախ դիտորդի մոտ պետք է ակնառու լինի, որ հրապարկված նյութն ուղղակիորեն վերաբերում է այս կամ այն անձին: Տվյալ դեպքում Մենուա Հարությունյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Սամվել Կարապետյանի եղբորորդու շուրջ պտտվող ասեկոսեների վերաբերյալ ինչ կարծիք ունի, վերջինս, ի թիվս այլնի, հայտնել է հետևյալը. «պատկերացնում եք ինչ ավանտյուրայա փորձում անի էտ երիտասարդը», «չեչենների օգնությամբ հայ գործարարա առևանգել և ծեծել, էտ տղան ինքը էնտեղ պրոբլեմներա ունեցել օրենքի հետ և դատապարտվելա»: Սույն գործով էական նշանակություն ունի պարզել հետևյալ հանգամանքները՝ արդյո՞ք հայցվորի կողմից հիմնավորվել է սույն գործով իր շահագրգիռ անձ լինելու հանգամանքը և արդյո՞ք Մենուա Հարությունյանի կողմից կատարված հայտարարություններն ուղղակիորեն վերաբերել են սույն գործով հայցվող Վահե Պարազյանին: Հատկանշական է, որ Մենուա Հարությունյանի կողմից իր հարցազրույցում չի հայտնվել որևէ անձի անուն, ազգանուն կամ անվանում, որը թույլ կտար անաչառ դիտորդի մոտ կարծիք կազմել, որ վիճարկվող հայտարարությունները վերաբերել են ուղղակիորեն հայցվոր Վահե Աշոտի Պարազյանին: Սույն գործով հայցվորն իր՝ որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով շահագրգիռ անձ լինելու հանգամանքը չի հիմնավորել, քանի որ Մենուա Հարությունյանի կողմից չի հնչեցվել անձնավորված վիրավորանք Վահե Պարազյան անունով քաղաքացու վերաբերյալ և հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավորված, թույլատրելի և վերաբերելի ապացույց առ այն, որ Մենուա Հարությունյանի խոսքն ուղղակիորեն ուղղված է եղել Վահե Պարազյանի գործողություններին: Այնուամենայնիվ դիտարկելով հայցվորի կողմից վկայակոչված արտահայտությունները որպես վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկություններ պատասխանողի մոտ առկա տեղեկությունների համատեքստում հարկ է նշել հետևյալը: Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը՝ հայտնել է, որ տվյալ դեպքում, եթե հայցվորը գտել է, որ պատասխանողի կողմից իր վերաբերյալ հայտնվել են վիրավորական և զրպարտչական տեղեկություններ, հաշվի չի առել, որ եթե հարցազրույցում խոսքը վերաբերել է հենց իրեն՝ Վահե Պարազյանին, ապա պատասխանողի կողմից վերջինիս վերաբերյալ հայտնվել են հավաստի տվյալներ: Մասնավորապես՝ պատասխանողն իր խոսքում նշել է, որ վերջինս տեղեկացված է «ռուսական պրեսսայից, որ էտ տղան չեչենների օգնությամբ հայ գործարարա առևանգել և ծեծել, ինքը էնտեղ պրոբլեմներա ունեցել օրենքի հետ և դատապարտվելա», որոնք սույն գործով դիտարկվել են զրպարտություն: Մինչդեռ պատասխանողի խոսքն ուղղակի վերատադրությունն է եղել ռուսական լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկությունների: Մասնավորապես՝https://www.golosarmenii.am/article/84185/obvinyaemyj-vpoxishhenii -armyanskogo-biznesmena-v-rossii-reshil-ujti-ot-nakazaniya կայքում առկա հետևյալ վերնագրով «Обвиняемый в похищении армянского бизнесмена в России решил уйти от наказания» հոդվածում նշվել են այն նույն տեղեկությունները, որոնք հայցվորը, վերագրելով իրեն, համարել է զրպարտություն: Նշված հոդվածում ուղղակիորեն նշված է, որ 2016 թվականի աշնանը փաստաբան Օլեգ Կորեննոյին է դիմել ձեռնարկատեր Մարգարյանը: Փաստաբանի խոսքերով 29 հուլիսի 2015 թվականին Կալուգայում մի խումբ անձինք բիզնեսմեն Վահե Պարազյանի նախաձեռնությամբ առևանգել են Մարգարյանին և տարել Մոսկվա: Փաստաբանի խոսքերով Մոսկվայում Մարգարյանին տարել են Պարազյանի մոտ, ով իր մարդկանց հետ միասին (ենթադրաբար հայերի և չեչենների հետ) բռնություն գործադրելով և սպառնալով վերջինիս, հրել են մեքենայի մեջ և տարել մի վայր, որտեղ ծեծի են ենթարկել Մարգարյանին մի քանի ժամ՝ պահանջելով մեծ գումար: Նշված հոդվածը տպագրվել է 16.07.2019 թվականին և չի հերքվել: Նույն բովանդակությամբ հոդվածը տպագրվել է նաև Ժողովուրդ օրաթերթում՝ հետևյալ հղումով https://armlur.am/916593/: Նշված հոդվածով արձանագրվել է, որ ըստ փաստաբանի` Մոսկվայում Մարգարյանին փոխանցել են Պարազյանին, որը իր մարդկանց հետ (ենթադրաբար հայերի և չեչենների), ֆիզիկակական ուժ գործադրելով և պատժի սպառնալիքով, մեքենայով հասցրել են մայրաքաղաքի արդյունաբերական գոտի, որտեղ մի քանի ժամ ծեծի են ենթարկել, մեծ գումար պահանջել: Դատաբժշկական փորձաքննությամբ գրանցվել են ծեծի հետքեր, դեմքի հատվածում բազմաթիվ հեմատոմաներ, վերինծնոտային, կողոսկրային հատվածների կոտրվածքներ և վնասվածքներ: Չնայած ծանր հանցագործությունը վկայող բոլոր փաստերին՝ Վահե Պարազյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել է միայն 2016 թվականի նոյեմբերին` Մարգարյանի առևանգումից մեկ ու կես տարի անց: Նշված հոդվածը տպագրվել է 16.07.2019 թվականին և չի հերքվել: Մեկ այլ կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ «Փաստ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ տուժող ներկայացող Վահե Պարազյանը 1,5 տարվա ազատազրկման է դատապարտված եղել ՌԴ-ում՝ մարդ առևանգելու և խոշտանգելու համար /հիմք՝ https://b24.am/business/77756.html /: Նշված հոդվածը տպագրվել է 17.07.2019 թվականին և չի հերքվել: Հետևապես պատասխանող Մենուա Հարությունյանի կողմից hայցվորի դիտարկմամբ իր հասցեին հնչեցված վերը նշված տեղեկությունները չեն կարող որպես զրպարտություն դիտարկվել, քանի որ հիմնված են հավաստի տվյալների վրա, հիմնված են նաև մինչդատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված տեղեկությունների վրա, քանի որ տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբանի կողմից է տեղեկատվություն հայտնվել, ինչպես նաև հրապարակային ելույթ ունենալիս պատասխանողը հղում է կատարել ռուսական թերթերին, ուստի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով հայցվորի կողմից վիճարկվող տեղեկությունները չեն կարող դիտարկվել զրպարտություն, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի ուժով պատասխանողն ազատված է քաղաքացիական պատասխանատվությունից՝ հաշվի առնելով, որ տարածել է արդեն իսկ լրատվամիջոցներում առկա տեղեկությունները: Միաժամանակ hայցվորը որպես վիրավորական արտահայտություն է համարել ավանտյուրիստ բառը՝ բացատրելով այն Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կողմից տրված բացատրական բառարանով, որտեղ նշված բառը նշանակում է արկածախնդիր և բախտախնդիր՝ չհիմնավորելով, թե անձին բախտախնդիր և արկածախնդիր անվանելով ինչպես է Հայցվորի պատիվն ու արժանապատվությունը արատավորվել: Մինչդեռ վերը նշված հիմնավորումների համատեքստում ակնհայտ է, որ հայցվորի կողմից իրեն վերագրվող արարքի վերաբերյալ պատասխանողի կողմից հնչեցված տեղեկատվությունը համարվում է գնահատողական դատողություն և անգամ չունի վիրավորանքի հատկանիշները: Պատասխանողը, որպես անկախ դիտորդ, ստացել է այն տպավորությունը, որ իր խոսքում հնչեցված անձնավորությունը, ըստ ռուսական պրեսսայի կողմից տված տեղեկատվության, ունենալով օրենքի հետ խնդիրներ և մարդ առևանգելով, ոչ այլ ով է, քան արկածախնդիր մարդ: Այս առումով ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ վիրավորանքի սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումն այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տե՛ս Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե՚ս Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45): Թվարկյալ պայմանների առկայությունը ՀՀ Վճռաբեկ դատարանը պարտադիր է համարել արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարել փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել, գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է (տե՛ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46): Վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել՝ արդյոք ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են «Գերակա հանրային շահից», որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, արդյոք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյոք հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել է դրանց հետագա հրապարակմանը: «Գերակա հանրային շահը» գնահատելիս վերոնշյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ զանգվածային լրատվության միջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում գաղափարների տարածման պարտականություն: Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին (պարտականությանը) զուգորդվում (համապատասխանում) է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին պարզելու նպատակով` արդյոք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում: Հետևաբար, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով /տես թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը/: Ուստի՝ ավանտյուրիստ բառը վերոգրյալի համատեքստում չի կարող դիտարկվել նախ վիրավորական արտահայտություն, քանի որ չունի վիրավորանքին ներհատուկ հատկանիշները, երկրորդ՝ պատասխանողի կողմից ունեցած տեղեկատվության ամբողջացումն է և իր գնահատողական դատողությունն է վերոգրյալի վերաբերյալ: Ինչ վերաբերում է հայցվորի կողմից պահանջվող 2.000.000 ՀՀ դրամ բռնագանձվող գումարի փոխհատուցմանը, հարկ է ընդծել, որ հայցվորի կողմից չի պատճառաբանվել նշված գումարի հիմնավորվածությունը, որի ապացուցման բեռը կրկին կրում է հայցվորը: Հայցվորի կողմից չի հիմնավորվել, թե նշված հոդվածով որքա՞ն է արատավորվել իր պատիվը և արժանապտվությունը, որի պայմաններում վերջինս պահանջի 2.000.000 ՀՀ դրամ: Այս և վերը նշված փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվորը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, որի չկատարման անբարենպաստ հետևանքները կրում է վերջինս նույն հոդվածի 6-րդ մասի ուժով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ պատասխանող Մենուա Արտակի Հարությունյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը խնդրել է հայցը մերժել և, որպես դատական ծախս, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձել 300.000 ՀՀ դրամ: Առարկությունում շարադրված փաստական և իրավական հիմնավորմամբ պատասխանող Մենուա Արտակի Հարությունյանի ներկայացուցիչներ Լևոն Բաղդասարյանը և Լարիսա Բաղդասարյանը պնդել են ներկայացված առարկությունը: 4. Պատասխանող «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը. Պատասխանող «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի կողմից ներկայացվել է հայցի վերաբերյալ առարկություն, որով առարկել է ներկայացված հայցի դեմ և խնդրել է մերժել այն՝ հետևյալ պատճառաբանությամբ. Հայցվորի կողմից որպես վիրավորական արտահայտություն է դիտարկվել 20.07.2019թ. պատասխանող Մենուա Հարությունյանի կողմից ՅուԹյուբ կայքում առկա տեսանյութով կատարված արտահայտությունն առ այն, որ «պատկերացնում եք ինչ ավանտյուրայա փորձում անի էտ երիտասարդը», որպես զրպարտություն է դիտարկվել Մենուա Հարությունյանի կողմից հայտնված տեղեկատվությունն առ այն, որ «չեչենների օգնությամբ հայ գործարարա առևանգել և ծեծել, էտ տղան ինքը էնտեղ պրոբլեմներա ունեցել օրենքի հետ և դատապարտվելա»: Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը՝ հայտնել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով պետք է տարբերակել վիրավորանք հասցրած և զրպարտություն կատարած անձին և այն տարածողին, քանի որ, եթե վիրավորանքը հասցվել է, իսկ զրպարտությունը կատարվել է մի անձի, իսկ տարածվել՝ այլ անձի կողմից, ապա տարածողի գործողությունները ոչ իրավաչափ համարվել չեն կարող: Վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ա) անձին վիրավորանքի համար պատասխանատվության ենթարկելիս առաջնահերթ պետք է պարզել վիրավորական արտահայտությունները վերջինիս կողմից կատարած լինելու, այսինքն` տվյալ սուբյեկտի` վիրավորանք կատարած անձ հանդիսանալու հանգամանքը, բ) տուժողի կողմից որևէ անձի որպես վիրավորանք հասցրած անձ որակելը պետք է կատարվի այնպիսի կոնկրետ ապացույցների մատնանշմամբ, որոնք վկայում են վիրավորական արտահայտությունները տվյալ անձի կողմից կատարած լինելու մասին, գ) ենթադրությունների հիման վրա անձին վիրավորանք հասցրած անձ դիտարկելը թույլատրելի չէ, դ) նշված փաստերը չապացուցելու պարագայում դրա բացասական հետևանքները կրում է հայցվորը (տե՛ս Հայկ Հարությունյանի (երրորդ անձինք Վարդուհի Աբրահամյանի, Արեգ, Սաթենիկ, Գոռ Հարությունյանների) հայցն ընդդեմ «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ի, Մանվել Տեր-Առաքելյանի թիվ ԵԿԴ/3246/02/11 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը): Առաջնահերթ հարկ է ընդգծել, որ հայցվորի կողմից չի ներկայացվել ապացույց առ այն, որ www.slaq.am կայքը պատկանում է սույն գործով պատասխանող ներգրավված «Վիրտուալ-Մեդիա» ՍՊԸ-ին, իսկ նշված հանգամանքի ապացուցման պարտականությունը կրում է հայցվորը: Այնուամենայնիվ հարկ է ընդգծել, որ սույն գործով լրատվական կայքը չի կարող համարվել պատշաճ պատասխանող՝ հետևյալ պատճառաբանությամբ. Սույն գործով վիճարկվող արտահայտությունները կատարվել են Մենուա Արտակի Հարությունյանի կողմից: www.slaq.am լրատվական կայքի կողմից չի տարածվել իր կողմից հեղինակված նյութի միջոցով հայցվորի վերաբերյալ արտահայտություններ և տեղեկություններ: Ըստ այդմ ենթադրյալ վիրավորական և զրպարտչական տեղեկությունների համար պատասխանատու կարող է լինել միայն նյութի հեղինակը, քանի որ լրատվական կայքի կողմից նման նյութ չի հեղինակվել: Հայցվորի պատվին և արժանապատվությանը հասցված ենթադրյալ վիրավորական և զրպարտչական արտահայտությունները կատարվել են Մենուա Հարությունյանի կողմից, իսկ լրատվական կայքը այն լուսաբանողը և տարածողն է: Հետևապես սույն գործով որպես պատշաճ պատասխանող կարող է հանդես գալ միայն Մենուա Արտակի Հարությունյանը: 1992թ. ապրիլին Կաստելսի գործով կայացված վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ չպետք է մոռանալ, որ իրավական պետությունում մամուլը նշանակալի դեր է կատարում: Մամուլի ազատությունը քաղաքացիների համար լավագույն միջոցներից մեկն է` իմանալու և գնահատելու իրենց ղեկավարների գաղափարներն ու արարքները: Այն մասնավորապես քաղաքական գործիչներին հնարավորություն է տալիս արտահայտելու և մեկնաբանելու հասարակությանը մտահոգող հարցերը: Այդ ազատությունը յուրաքանչյուրին թույլ է տալիս մասնակցելու քաղաքական քննարկումներին, որը ժողովրդավարական հասարակության հասկացության առանցքն է կազմում (տե՛ս Կաստելսն ընդդեմ Իսպանիայի, 1992թ. ապրիլի 23-ի վճիռ, serie A նօ 236, 43): Տվյալ պարագայում լրատվական կայքի կողմից տարածված տեղեկությունները ծառայել են վերոհիշյալ նախադեպային որոշմամբ արձանագրված նպատակին, ուստի այդ մասով պատասխանողը գործել է իր լիազորությունների սահմաններում և վերջինիս կողմից տարածված տեղեկատվությունը հայցվորին վերագրվելու պարագայում վերջինիս պատիվն ու արժանապատվությունն արատավորող բնույթ չի կարող կրել: Ուստի՝ լրատվական կայքի կողմից բարեխիղճ ձևով տարածվել է Մենուա Հարությունյանի կողմից լրագրողին տված հարցազրույցը, վերջինիս կողմից հեղինակված արտահայտությունները: Հետևապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով լրատվական կայքն ազատված է քաղաքացիական պատասխանատվությունից, քանի որ պատշաճ պատասխանող չէ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ պատասխանող «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը խնդրել է հայցը մերժել և, որպես դատական ծախս, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձել 300.000 ՀՀ դրամ: Առարկությունում շարադրված փաստական և իրավական հիմնավորմամբ պատասխանող «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Լևոն Բաղդասարյանը և Լարիսա Բաղդասարյանը պնդել են ներկայացված առարկությունը: II Պատճառաբանական մաս. 1. Գործի համար նշանակություն ունեցող փաստերը. § 20.07.2019թ. ՅուԹյուբ տեսանախագծային կայքի, Սլաք.ամ, Մենուա Հարությունյան էջի միջոցով հրապարակվել է «Կարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը» վերնագրով տեսանյութ: § Հայցվոր Վահե Աշոտի Պարազյանը հայտնել է, որ վիրավորանք համարվող արտահայտությունը, այն է՝ «պատկերացնում եք ինչ ավանտյուրայա փորձում անի էտ երիտասարդը», և զրպարտանք համարվող արտահայտությունը, այն է՝ «չեչենների օգնությամբ հայ գործարարա առևանգել և ծեծել», «էտ տղան ինքը էնտեղ պռոբլեմներա ունեցել օրենքի հետ և դատապարտվելա», ներկայացվել են Մենուա Արտակի Հարությունյանի կողմից 20.07.2019թ. ՅուԹյուբ տեսանախագծային կայքի, Սլաք.ամ, Մենուա Հարությունյան էջի միջոցով հրապարակվել է «Կարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը» վերնագրով տեսանյութում: § «Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ» ՍՊԸ-ի և «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի միջև 23.09.2019թ. կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման մասին թիվ ՓԳ-19-42/ԼԳ պայմանագիրը, որի 3.1 կետի համաձայն ծառայության համար սահմանվել է 300.000 ՀՀ դրամ: § «Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ» ՍՊԸ-ի և Մենուա Արտակի Հարությունյանի միջև 23.09.2019թ. կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման մասին թիվ ՓԳ-19-43/ԼԳ պայմանագիրը, որի 3.1 կետի համաձայն ծառայության համար սահմանվել է 300.000 ՀՀ դրամ: 2. Կիրառելի իրավունքը. ՀՀ Սահմանադրության 42-րդ, 47-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ և 1087.1-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ, 58-րդ, 59-րդ, 60-րդ, 62-րդ, 63-րդ, 66-րդ, հոդվածները: 3. Դատարանի պատճառաբանությունները և իրավական վերլուծությունները. Դատարանը, լսելով գործին մասնակցող անձնաց, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ հայցը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը: Նույն օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Դատարանը հետազոտում և գնահատում է միայն այն ապացույցները, որոնք, հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասի պահանջը, կարող են հաստատել կամ ժխտել գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստերը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա՝ ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով: Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը: Նույն օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: Նույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն՝ փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին արձանագրային որոշում, որով սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը: Հայցվորը ներկայացված հայցապահանջով խնդրել է պարտավորեցնել պատասխանող Մենուա Հարությունյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորից «պատկերացնում եք ինչ ավանտյուրայա փորձում անի էտ երիտասարդը» վիրավորական արտահայտության համար՝ ՅուԹյուբ տեսանախագծային կայքի (https://www.youtube.com/) Սլաք․ամ, Մենուա Հարությունյան էջում (https://www.youtube.com/user/slaqam/featured) տեսանյութ հրապարակելու միջոցով, տեսանյութը «Ներողություն եմ խնդրում «Կարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը» վերնագրով տեսանյութում Վահե Պարազյանի վերաբերյալ արված արտահայտությունների համար» վերնագրելու և այդ տեսանյութը ՅուԹյուբ կայքի (https://www.youtube.com/) Սլաք․ամ, Մենուա Հարությունյան էջում (https://www.youtube.com/user/slaqam/featured) պահպանելու եղանակով: Պարտավորեցնել պատասխանող Մենուա Հարությունյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակայնորեն հերքել հայցվորի վերաբերյալ ներկայացված և զրպարտություն հանդիսացող հետևյալ փաստացի տվյալները. «չեչենների օգնությամբ հայ գործարարա առևանգել և ծեծել», «էտ տղան ինքը էնտեղ պռոբլեմներա ունեցել օրենքի հետ և դատապարտվելա»՝ ՅուԹյուբ տեսանախագծային կայքի (https://www.youtube.com/) Սլաք․ամ, Մենուա Հարությունյան էջում (https://www.youtube.com/user/slaqam/featured) տեսանյութ հրապարակելու միջոցով, տեսանյութը «Հերքում՝ «Կարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը» վերնագրով տեսանյութում Վահե Պարազյանի վերաբերյալ արված զրպարտչական արտահայտությունների համար» վերնագրելու և այդ տեսանյութը ՅուԹյուբ կայքի (https://www.youtube.com/) Սլաք․ամ, Մենուա Հարությունյան էջում (https://www.youtube.com/user/slaqam/featured) պահպանելու եղանակով: Պարտավորեցնել պատասխանող «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ին իրեն պատկանող http://www.slaq.am/ և https://www.youtube.com/user/slaqam կայքերում հրապարակել վերոնշյալ տեսանյութերը։ Մենուա Հարությունյանից հօգուտ հայցվորի բռնագանձել ընդհանուր առմամբ 2.000.000 ՀՀ դրամ` որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում, որից 1.500.000 ՀՀ դրամը զրպարտության, իսկ 500.000 ՀՀ դրամը վիրավորանքի համար։ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով: Եվրոպական դատարանն իր մի շարք նախադեպերում արտահայտել է այն դիրքորոշումը, որ ազատ արտահայտվելու իրավունքը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից մեկը, դա առաջընթացի և յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական նախապայման է, պայմանավորված` 10-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով` այն կիրառելի է ոչ միայն «տեղեկությունների» կամ «գաղափարների» նկատմամբ, որոնք բարենպաստ կերպով ստացվում են կամ համարվում են ոչ վիրավորական կամ անուշադրության առարկա են հանդիսանում, բայց նաև նրանց նկատմամբ, որոնք կարող են վիրավորել, ցնցել կամ անհանգստացել պետությանը կամ բնակչության որևէ հատվածի: Այսպիսին են բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության պահանջները, առանց որոնց չկա «ժողովրդավարական հասարակությունը»: Այս ազատությունից հնարավոր են բացառություններ, որոնք, այնուամենայնիվ, պետք է սահմանվեն հստակ և յուրաքանչյուր սահմանափակում պետք է համաչափ լինի հետապնդվող նպատակին (Handyside v. the United Kingdom, գանգատ թիվ 5493/72, 7-ը դեկտեմբերի 1976թ., պարբ. 49, Thorgeir Thorgeirson v. Iceland, գանգատ թիվ 13778/88, 25-ը հունիսի 1992թ. պարբ. 63, Guja v. Moldova, գանգատ թիվ 14277/04, 12-ը փետրվարի 2008 թվական, պարբ. 69 (i), Jersild v. Denmark, գանգատ թիվ 15890/89, 23-ը փետրվարի 1994 թվական, պարբ. 31, Hertel v. Switzeriand, գանգատ թիվ 25181/94, 25-ը օգոստոսի 1998 թվական, պարբ. 46, Steel and Morris v. the United Kingdom, գանգատ թիվ 68416/01, 15-ը փետրվարի 2005 թվական, պարբ. 87, Fressoz and Roire v. France, գանգատ թիվ 29183/95, (Մեծ պալատ), 21-ը հունվարի 1999 թվական, պարբ. 45, Vogt v. Germany, գանգատ թիվ 17851/91, 26-ը սեպտեմբերի 1995 թվական, պարբ. 52, Filipovic v. Serbia, գանգատ թիվ 23935/05, 20-ը նոյեմբերի 2007 թվական, պարբ. 53): Ազատ արտահայտվելու իրավունքը, դա ժողովրդավարության առանցքային նախապայմաններից մեկն է: Այս իրավունքի իրական և արդյունավետ իրացումը կախված է ոչ միայն պետության չմիջամտելուց և պահանջում է պաշտպանության դրական միջոցներ, նույնիսկ անհատների միջև հարաբերությունների ոլորտում (mutatis mutandis X and Y v. the Netherlands, գանգատ թիվ 8978/80, 26-ը մարտի 1985 թվական, պարբ. 91): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով: Նույն օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումերում նշել է, որ վերոնշյալ դրույթից հետևում է, որ վնաս պատճառողն այն անձն է (ֆիզիկական կամ իրավաբանական), ով վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորել է այլ ֆիզիկական անձի պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավը: Տուժողը (զրպարտության կամ վիրավորանքի ենթարկված անձ) այն ֆիզիկական անձն է, ում պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավն արատավորել է մեկ այլ անձ (ֆիզիկական կամ իրավաբանական) վիրավորանքի կամ զրպարտության միջոցով: Վիրավորանքի կամ զրպարտության միջոցով վնաս պատճառելու հետևանքով առաջացող հարաբերության սուբյեկտների շրջանակի սահմանափակում օրենսդիրն չի նախատեսել, և այդպիսիք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-4-րդ մասերի համաձայն՝ սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին): Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը մանրամասն անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի, բովանդակային առումով վերջինիս փոխկապված և պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող իրավական դրույթների մեկնաբանմանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների հայեցողական լիազորության ճիշտ կենսագործման համար անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից սահմանված չափորոշիչները խոսքի ազատության իրավունքի և դրա սահմանափակումների վերաբերյալ, մասնավորապես. 1. խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով, 2. դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում, 3. դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ, 4. կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին: Եվրոպական դատարանի դիրքորոշումների լույսի ներքո մեկնաբանելով «հետապնդում է իրավաչափ նպատակ» պայմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ գործերով իրավաչափ են այն նպատակները, որոնք նախատեսված են ՀՀ Սահմանադրությամբ կամ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված արժեքների` անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության համար»: ՀՀ վճռաբեկ դատարանը ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականին կայացրած որոշմամբ, արձանագրել է. «¥...) Վերոնշյալ դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրավորանքը (պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը) կարող է դրսևորվել խոսքով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, պատկերների միջոցով (նկարներ, տարածական պատկերներ), ձայնի (ինչպես բանավոր խոսքը, այնպես էլ տարբեր հնչերանգների կիրառումը), նշանների միջոցով (ժեստիկուլացիաներ, սիմվոլներ): Օրենսդիրն իրավացիորեն չի սահմանափակել միջոցների շարքը, որոնք կարող են կիրառվել վիրավորանքն արտահայտելիս՝ հնարավորություն տալով իրավակիրառողին, կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով, որոշել՝ արդյոք տվյալ միջոցի օգտագործմամբ կատարված արտահայտությունը կարող է որակվել որպես վիրավորանք: Հետևաբար՝ վիրավորանքը կարող է արտահայտվել ցանկացած այլ միջոցի օգտագործմամբ, որը ներառված չէ վերոնշյալ թվարկման մեջ: Անդրադառնալով կոնկրետ արտահայտության՝ վիրավորանք գնահատելու չափանիշներին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ՝ 1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը, 2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն՝ պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես՝ նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության՝ իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության՝ ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը: 3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը: Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը ևս կատարում է արտահայտություններ և ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ՝ երկու և ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում:¥...)»: ՀՀ Վճռաբեկ դատարանը, նույն որոշմամբ անդրադառնալով կոնկրետ արտահայտության՝ «վիրավորանք» գնահատելու չափանիշներին, արձանագրել է, որ՝ «¥...) քաղաքացիական օրենսգրքի իմաստով հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Վերոնշյալ դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրավորանքը (պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը) կարող է դրսևորվել խոսքով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, պատկերների միջոցով (նկարներ, տարածական պատկերներ), ձայնի (ինչպես բանավոր խոսքը, այնպես էլ տարբեր հնչերանգների կիրառումը), նշանների միջոցով (ժեստիկուլյացիաներ, սիմվոլներ): Օրենսդիրն իրավացիորեն չի սահմանափակել միջոցների շարքը, որոնք կարող են կիրառվել վիրավորանքն արտահայտելիս՝ հնարավորություն տալով իրավակիրառողին, կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով, որոշել՝ արդյոք տվյալ միջոցի օգտագործմամբ կատարված արտահայտությունը կարող է որակվել որպես վիրավորանք: Հետևաբար վիրավորանքը կարող է արտահայտվել ցանկացած այլ միջոցի օգտագործմամբ, որը ներառված չէ վերոնշյալ թվարկման մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված դրույթում ամրագրված վիրավորանքի սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումը այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տե՛ս, Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե՛ս, Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45): Անդրադառնալով «Ստույգ փաստեր» եզրույթին` ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող): Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է» (տե՛ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46): ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից: ՀՀ վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ անդրադառնալով նշված հարցին` Եվրոպական դատարանը նշել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել` հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տե՛ս, Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33): Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում: Այսպիսով, Դատարանն արձանգրում է, որ միայն վերը նշված պայմանների պարտադիր առկայությունն է՝ արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար: ՀՀ Սահմանադրական դատարանը իր 15.11.2011թ. ՍԴՈ-997 որոշմամբ արձանագրել է, որ սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ` 1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական, 2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային, 3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի, 4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե՛ս, Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44): ՀՀ Սահմանադրական դատարանը իր 15.11.2011թ. ՍԴՈ-997 որոշմամբ արձանագրել է, որ դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը կիրառելիս, inter alia պետք է հաշվի առնել ժողովրդավարական հասարակությունում հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հարցում մամուլի առանցքային դերը` առավել լայն պաշտպանություն պետք է ապահովվի այն հրապարակումների համար, որոնք մաս են կազմում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ ծավալվող բանավեճի: Սահմանադրական դատարանը փաստել է, որ վիճարկվող հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված է, որ այդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակաշռված ու բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները: Այլ կերպ` առկա չէ դիտավորության կանխավարկածը: Միջազգային իրավական պրակտիկայում «վիրավորանք» և «զրպարտություն» որակումների հիմնական տարբերությունն այն է, որ զրպարտության պարագայում խոսքը վերաբերում է դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստերի, փաստացի տվյալների տարածման միջոցով անձի արժանապատվությունն արատավորելուն, նրան հանցանքի կամ զանցանքի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելուն, իսկ վիրավորանքը ենթադրում է անձի` դիտավորությամբ, կանխամտածված նվաստացումն: Հետևաբար, նշված վավերապայմանների կամ դրանցից որևէ մեկի բացակայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի բովանդակության ընկալման տեսանկյունից չի կարող խոսք լինել զրպարտության, հետևաբար նաև՝ դրանով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Սույն քաղաքացիական գործով ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 20.07.2019թ. ՅուԹյուբ տեսանախագծային կայքի, Սլաք.ամ, Մենուա Հարությունյան էջի միջոցով հրապարակվել է «Կարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը» վերնագրով տեսանյութ: Հայցվոր Վահե Աշոտի Պարազյանը հայտնել է, որ վիրավորանք համարվող արտահայտությունը, այն է՝ «պատկերացնում եք ինչ ավանտյուրայա փորձում անի էտ երիտասարդը», և զրպարտանք համարվող արտահայտությունը, այն է՝ «չեչենների օգնությամբ հայ գործարարա առևանգել և ծեծել», «էտ տղան ինքը էնտեղ պռոբլեմներա ունեցել օրենքի հետ և դատապարտվելա», ներկայացվել են Մենուա Արտակի Հարությունյանի կողմից 20.07.2019թ. ՅուԹյուբ տեսանախագծային կայքի, Սլաք.ամ, Մենուա Հարությունյան էջի միջոցով հրապարակվել է «Կարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը» վերնագրով տեսանյութում: Տվյալ դեպքում, հայցվորի կողմից վերաբերելի ապացույց չի ներկայացվել, որով կհիմնավորվեր, որ 20.07.2019թ. ՅուԹյուբ տեսանախագծային կայքի, Սլաք.ամ, Մենուա Հարությունյան էջի միջոցով հրապարակված «Կարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը» վերնագրով տեսանյութում կատարված արտահայտությունները վիրավորվել են իրեն, մասնավորապես՝ արված արտահայտություններն իրականում արատավորել են իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, պատասխանող Մենուա Արտակի Հարությունյանն ի սկզբանե հետապնդել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը արատավորելու նպատակ, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը: Հարկ է նշել նաև, որ Մենուա Արտակի Հարությունյանի կողմից իր հարցազրույցում չի հայտնել հայցվորի անունը, որը թույլ կտար անաչառ դիտորդի մոտ կարծիք կազմել, որ վիճարկվող հայտարարությունները վերաբերել են ուղղակիորեն հայցվոր Վահե Աշոտի Պարազյանին, որը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ ի սկզբանե չի հետապնդել հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ: Ինչ վերաբերում է հայցվորի վկայակոչած այն հանգամանքներին, որ տեսանյութը հրապարակվել է Սամվել Կարապետյանի եղբորորդուն մեղադրանք առաջադրվելուց հետո, տեսանյութը հրապարակվել է ի պաշտպանություն կամ ի աջակցություն Կարապետյանների ընտանիքի, տեսանյութը վերնագրված է «Կարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը», տեսանյութը սկսվում է լրագրողի այն հարցով, որ Սամվել Կարապետյանի եղբորորդու շուրջ ասեկոսեներ են պտտվում, ապա վերջիններս չեն կարող հիմք հանդիսանալ պնդելու, որ սովորական ունկնդրի համար ակնհայտ է, որ հենց հայցվորին են ուղղված եղել արտահայտությունները: Անդրադառնալով հայցվորի վկայակոչած այն հանգամանքին, որ տեսանյութում Մենուա Հարությունյանի ինքնավստահ և ագրեսիվ կեցվածքը, հանրությանը «փաստերով սենսացիա» հրամցնելու ցանկության առկայությունը, հայցվորի նկատմամբ ակնհայտ «հեգնական» պահվածքը և կատարված արտահայտությունների մեղադրական ու դատապարտող ոճն իրենց համակցության մեջ վկայում են այն մասին, որ Մենուա Հարությունյանն ավելի քան վստահ է եղել իր խոսքերի ճշմարտացիության մեջ և նպատակ է ունեցել հրապարակայնորեն ներկայացնել հենց փաստացի տվյալներ, այլ ոչ թե գնահատողական դատողություններ, ապա առկա է եղել ագրեսիվ կեցվածք, հանրությանը «փաստերով սենսացիա» հրամցնելու ցանկության առկայությունը, հայցվորի նկատմամբ ակնհայտ «հեգնական» պահվածքը և կատարված արտահայտությունների մեղադրական ու դատապարտող ոճ, պատասխանողը տվյալ դեպքում պատասխանել է լրագրողի այն հարցին, թե Սամվել Կարապետյանի եղբորորդու շուրջ պտտվող ասեկոսեների վերաբերյալ ինչ կարծիք ունի, վերջինս, հայտնել է իր կարծիքը, պատասխանողն նշել է, որ տեղեկացված է ռուսական պրեսսայից, որ էտ տղան չեչենների օգնությամբ հայ գործարարա առևանգել և ծեծել, ինքը էնտեղ պրոբլեմներա ունեցել օրենքի հետ և դատապարտվելա: Հետազոտելով ներկայացված կրիչը, որը պարունակում է հրապարակված տեսանյութը, և ուսումնասիրելով սույն քաղաքացիական գործով ձեռք բերված ապացույցները, լսելով պատասխանող կողմի բացատրությունները, Դատարանը գտնում է, որ պատասխանողն ի սկզբանե չի հետապնդել հայցվորի ի սկզբանե հետապնդել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը արատավորելու նպատակ, միայն հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ հասցվել է վնաս: Հաշվի առնելով վերոգրյալը դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պաշտպանության միջոցների կիրառման անհրաժեշտություն չկա: Ելնելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի մասով առկա Եվրոպական դատարանի կողմից հետևողական և շարունակաբար ձևավորվող իրավական դիրքորոշումների ընդհանրացված համակցության, Կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների ենթադրյալ խախտմանը վերաբերող կոնկրետ վճիռների, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների, ինչպես նաև վերը նշված իրավանորմերի վերլուծությունից, այն համադրելով սույն քաղաքացիական գործի փաստական տվյալների հետ, Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ կատարված արտահայտությունը չի կարող որակվել որպես վիրավորանքի և զրպարտության միջոցով հայցվորի պատիվը և արժանապատվությունը արատավորելու գործարար համբավի արատավորում, ուստի ներկայացված պահանջը ենթակա մերժման: Դատարանը, անդրադառնալով հայցվորի` պատասխանող «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ին իրեն պատկանող http://www.slaq.am/ և https://www.youtube.com/user/slaqam կայքերում տեսանյութերը հրապարակել պարտավորեցնելու, Մենուա Հարությունյանից ընդհանուր առմամբ 2.000.000 ՀՀ դրամ` որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում բռնագանձելու պահանջներին՝ գտնում է, որ վերջիներս ածանցյալ պահանջ են և հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջների մերժման պարագայում վերջիններս ևս ենթակա են մերժման: Վերոգրյալի հիման վրա՝ Դատարանը գտնում է, որ ներկայացված հայցն ամբողջությամբ ենթակա է մերժման: 4. Դատական ծախսեր. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։ Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ սույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ: Նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար` պետական տուրքը գանձվում է՝ դրամական պահանջով՝ հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից: Նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջով` բազային տուրքի քառապատիկի չափով: Նկատի ունենալով, որ հայցադիմումը ներկայացնելիս հայցվորի կողմից արդեն իսկ վճարվել է պետական տուրքի գումարը և այն, որ հայցը ենթակա է մերժման, ուստի Դատարանը գտնում է, որ պետական տուքրի հարցը պետք է համարել լուծված: Ինչ վերաբերում է, որպես դատական ծախս, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար 300.000-ական ՀՀ դրամ գումարի բռնագանձման պատասխանողների պահանջին, ապա Դատարանը գտնում է, որ այդ պահանջը ենթակա է բավարարման մասնակիորեն` հետևյալ պատճառաբանությամբ. Սույն քաղաքացիական գործով ձեռք բերված ապացույցների համաձայն` «Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ» ՍՊԸ-ի և «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի միջև 23.09.2019թ. կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման մասին թիվ ՓԳ-19-42/ԼԳ պայմանագիրը, որի 3.1 կետի համաձայն ծառայության համար սահմանվել է 300.000 ՀՀ դրամ: «Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ» ՍՊԸ-ի և Մենուա Արտակի Հարությունյանի միջև 23.09.2019թ. կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման մասին թիվ ՓԳ-19-43/ԼԳ պայմանագիրը, որի 3.1 կետի համաձայն ծառայության համար սահմանվել է 300.000 ՀՀ դրամ: Եվրոպական դատարանի «Մելտեքս» ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ¥գանգատ թիվ 32283/04) 2008 թվականի հունիսի 17-ի վճռի 10-րդ կետով արձանագրվել է, որ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն դիմումատուին տրամադրվում է իր ծախսերի և ծախսերի փոխհատուցում միայն այն դեպքում, երբ ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ են: Դատարանն արձանագրում է, որ գործով փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը: Ելնելով փաստաբանին վճարվող գումարի խելամտության սկզբունքից, սույն քաղաքացիական գործի առանձնահատկությունից, ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, գործի բարդությունը, վիճելի իրավահարաբերության բնույթը և այն որ հայցը ենթակա է մերժման, ուստի Դատարանը որպես փաստաբանի կողմից գործով փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց վճարման ենթակա գումարի ողջամիտ չափ է համարում յուրաքանչյուրի համար 70.000 ՀՀ դրամը, հետևաբար՝ Վահե Աշոտի Պարազյանից հօգուտ Մենուա Արտակի Հարությունյանի և Վահե Աշոտի Պարազյանից հօգուտ «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի որպես փաստանի խելամիտ վարձատրության գումար, պետք է բռնագանձել յուրաքանչյուրի համար 70.000 ՀՀ դրամ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ, 191-րդ, 192-րդ հոդվածներով` Դատարանը ՎՃՌԵՑ 1. Հայցը մերժել: 2. Վահե Աշոտի Պարազյանից հօգուտ Մենուա Արտակի Հարությունյանի բռնագանձել 70.000 (յոթանասուն հազար¤ ՀՀ դրամ, որպես փաստանի խելամիտ վարձատրության գումար: 3. Վահե Աշոտի Պարազյանից հօգուտ «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի բռնագանձել 70.000 (յոթանասուն հազար¤ ՀՀ դրամ, որպես փաստանի խելամիտ վարձատրության գումար: 4. Դատական ծախսերի, այդ թվում` պետական տուրքի հարցը մնացած մասով համարել լուծված: 5. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում: ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Երևան քաղաքի ընդհանուր Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26186/02/19 իրավասության դատարանի վճիռ Նախագահող դատավոր Ռ. Բունիաթյան Հրապարակվում է 2021 թվականի հուլիսի 2-ին Երևան քաղաքում Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան), նախագահությամբ`դատավոր Տ. ՆԱԶԱՐՅԱՆԻ մասնակցությամբ` դատավորներ Ն. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննելով Վահե Պարազյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 04.11.2020թ. վճռի դեմ` քաղաքացիական գործով ըստ հայցի Վահե Աշոտի Պարազյանի ընդդեմ Մենուա Արտակի Հարությունյանի, «Վիրտուալ-Մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դատարան ներկայացված հայցադիմումում հայտնելով, որ 20.07.2019թ. ՅուԹյուբ տեսանախագծային կայքի Սլաք.ամ, Մենուա Հարությունյան (slaq.am, Menua Harutyunyan) էջի միջոցով հրապարակվել է «Կարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը» վերնագրով տեսանյութի (այսուհետ՝ Տեսանյութ) ընթացքում Մենուա Հարությունյանը կատարել է հայցվորի վերաբերյալ որոշակի հրապարակային արտահայտություններ՝ հայցվորը խնդրել է պատասխանող Մենուա Հարությունյանին - պարտավորեցնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորից «պատկերացնում եք ինչ ավանտյուրայա փորձում անի էտ երիտասարդը» վիրավորական արտահայտության համար՝ ՅուԹյուբ տեսանախագծային կայքի (https://www.youtube.com/) Սլաք․ամ, Մենուա Հարությունյան էջում (https://www.youtube.com/user/slaqam/featured) տեսանյութ հրապարակելու միջոցով, տեսանյութը «Ներողություն եմ խնդրում «Կարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը» վերնագրով տեսանյութում Վահե Պարազյանի վերաբերյալ արված արտահայտությունների համար» վերնագրելու և այդ տեսանյութը ՅուԹյուբ կայքի (https://www.youtube.com/) Սլաք․ամ, Մենուա Հարությունյան էջում (https://www.youtube.com/user/slaqam/featured) պահպանելու եղանակով, - պարտավորեցնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակայնորեն հերքել հայցվորի վերաբերյալ ներկայացված և զրպարտություն հանդիսացող հետևյալ փաստացի տվյալները. «չեչենների օգնությամբ հայ գործարարա առևանգել և ծեծել», «էտ տղան ինքը էնտեղ պռոբլեմներա ունեցել օրենքի հետ և դատապարտվելա»՝ ՅուԹյուբ տեսանախագծային կայքի (https://www.youtube.com/) Սլաք․ամ, Մենուա Հարությունյան էջում (https://www.youtube.com/user/slaqam/featured) տեսանյութ հրապարակելու միջոցով, տեսանյութը «Հերքում՝ «Կարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը» վերնագրով տեսանյութում Վահե Պարազյանի վերաբերյալ արված զրպարտչական արտահայտությունների համար» վերնագրելու և այդ տեսանյութը ՅուԹյուբ կայքի (https://www.youtube.com/) Սլաք․ամ, Մենուա Հարությունյան էջում (https://www.youtube.com/user/slaqam/featured) պահպանելու եղանակով, - պարտավորեցնել պատասխանող «Վիրտուալ-Մեդիա» ՍՊԸ-ին իրեն պատկանող http://www.slaq.am/ և https://www.youtube.com/user/slaqam կայքերում հրապարակել վերոնշյալ տեսանյութերը։ Մենուա Հարությունյանից հօգուտ հայցվորի բռնագանձել, ընդհանուր առմամբ 2.000.000 դրամ` որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում, որից 1.500.000 դրամը զրպարտության, իսկ 500.000 դրամը վիրավորանքի համար։ Դատարանի 04.11.2020թ. վճռով հայցը մերժվել է: Նշված վճռի դեմ Վահե Պարազյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 06.04.2021թ. որոշմամբ ընդունվել է վարույթ: Պատասխանողները ներկայացրել են վերաքննիչ բողոքի պատասխան: Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո 25.05.2021թ. բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին որոշում է կայացրել: 2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և բողոք բերած անձի պահանջը. Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Բողոք բերած անձի համոզմամբ Դատարանը սխալ է մեկնաբանել Քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածը, խախտել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-60-րդ, 62-րդ, 63-րդ, 66-րդ և 192-րդ հոդվածների պահանջները։ Նշված հիմքերը բողոքաբերը հիմնավորում է հետևյալ փաստարկներով. Բողոք բերած անձի համոզմամբ սույն գործի ճիշտ լուծման համար Դատարանը նվազագույնը պետք է պատասխաներ հետևյալ հարցերին․ Ա) արդյո՞ք Տեսանյութում տեղ գտած արտահայտությունները վերաբերել են հայցվորին, Բ) արդյո՞ք Տեսանյութում տեղ գտած արտահայտությունները զրպարտում են հայցվորին, եթե այո՝ ապա արդյո՞ք առկա են հիմքեր նշված արտահայտությունները զրպարտություն չհամարելու և զրպարտողին (վնաս պատճառողին) պատասխանատվությունից ազատելու համար: Գ) արդյո՞ք Տեսանյութում տեղ գտած արտահայտությունները վիրավորում են հայցվորին, թե ոչ, եթե այո՝ արդյո՞ք առկա են հիմքեր նշված արտահայտությունները վիրավորանք չհամարելու համար: Ա) Այսպես, առաջին հարցադրման շրջանակներում, նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) Դյուլդին և Կիսլովն ընդդեմ Ռուսաստանի գործով 31.10.2007թ․ և Թոման ընդդեմ Լյուքսեմբուրգի 29.03.2001թ․ վճիռներով ՄԻԵԴ-ի կողմից սահմանված միակ չափանիշը հետևյալն է՝ սովորական ընթերցողը/ունկնդիրը պետք է զգա, որ դիմումատուն (համապատասխան պահանջով դատարան դիմած հայցվորը) հանդիսացել է քննադատության թիրախ: Մինչդեռ Դատարանն արձանագրել է, որ Մենուա Արտակի Հարությունյանի կողմից իր հարցազրույցում չի հայտնել հայցվորի անունը, որը թույլ կտար անաչառ դիտորդի մոտ կարծիք կազմել, որ վիճարկվող հայտարարությունները վերաբերել են ուղղակիորեն հայցվոր Վահե Աշոտի Պարազյանին, որը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ ի սկզբանե չի հետապնդել հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ: Այսինքն՝ Դատարանը կենտրոնացել է հայցվորի անունը և ազգանունը հնչեցված լինելու կամ չլինելու փաստի վրա, մինչդեռ ՄԻԵԴ-ը որևէ կերպ չի շեշտել քննադատության թիրախ հանդիսացող անձի անունը կամ ազգանունը նշելու անհրաժեշտության մասին: Դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից ներկայացված փաստերը, չեն կարող հիմք հանդիսանալ պնդելու, որ սովորական ունկնդրի համար ակնհայտ է, որ հենց հայցվորին են ուղղված եղել արտահայտությունները: Այս կապակցությամբ Դատարանի նման հետևությունները չեն բխում գործում առկա ապացույցների և գործով հաստատված փաստերի բավարար համակցությունից և խիստ սուբյեկտիվ են: Մասնավորապես, սույն գործով առկա է փաստերի և ապացույցների այնպիսի համակցություն, որից միանշանակ երևում է (սովորական/օբյեկտիվ ընթերցողը կամ ունկնդիրը կարող է զգալ), որ արտահայտությունները ուղղված են եղել հայցվորին, հայցվորը հանդիսացել է արտահայտությունների թիրախը: Այսպես՝ - Տեսանյութը հրապարակվել է Սամվել Կարապետյանի եղբորորդուն մեղադրանք առաջադրվելուց հետո, ընդ որում, այս լուրը տարածվել էր ԶԼՄ-ների և համացանցի միջոցով Տեսանյութից օրեր առաջ, որտեղ նշվում էր, որ Նարեկ Կարապետյանի դեմ իրավապահներին բողոք է ներկայացրել Վահե Պարազյանը, այսինքն՝ հայցվորը, - Տեսանյութը հրապարակվել է ի պաշտպանություն կամ ի աջակցություն Կարապետյանների ընտանիքի, - Տեսանյութը վերնագրված է «Կարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը», - Տեսանյութը սկսվում է լրագրողի այն հարցով, որ Սամվել Կարապետյանի եղբորորդու շուրջ ասեկոսեներ են պտտվում, որին ի պատասխան Մենուա Հարությունյանի կողմից հնչում է «որովհետև մենք կարդում ենք ռուսական պռեսան, որտեղ էտ տղայի մասին շատ վատ բաներա գրվում, որ ինքը հայ լինելով չեչենների օգնությամբ հայ գործարարա առևանգել և ծեծել, հետո կարդում ենք, որ էտ տղան ինքը էնտեղ պռոբլեմներա ունեցել օրենքի հետ և դատապարտվելա (2:47 րոպեից): Ու հիմա ինքը էկելա Հայաստան ու ինչա ասում, ասումա քանի որ այլևս Սամվել Կարապետյանը ազդեցություն չունի Հայաստանում, Նիկոլնա էկել իշխանության մենք մեզ ապահով ենք զգում դրա համար էկել ենք Հայաստան, պատկերացնում եք ինչ ավանտյուրայա փորձում անի էտ երիտասարդը (3:04 րոպեից): - Մենուա Հարությունյանն իր խոսքում բառացի մեջբերում է հայցվորի ավելի վաղ հարցազրույցում արտահայտած մտքերը, մասնավորապես․ ու հիմա ինքը եկելա Հայաստան ու ինչա ասում, ասումա քանի որ այլևս Սամվել Կարապետյանը ազդեցություն չունի Հայաստանում, Նիկոլնա էկել իշխանության մենք մեզ ապահով ենք զգում դրա համար էկել ենք Հայաստան, պատկերացնում եք ինչ ավանտյուրայա փորձում անի էտ երիտասարդը (3:04 րոպեից): - Ավելի վաղ 16.07.2019թ. ՅուԹյուբ տեսանախագծային կայքի Ազատություն էջի (https://www.youtube.com/channel/UCcQXtTeOtC67KKuPIFUqtPg), ինչպես նաև Ազատություն լրատվականի կայքի միջոցով հրապարակվել էր «Առանձնապես խոշոր չափերով շորթման մեղադրանք է առաջադրվել Սամվել Կարապետյանի եղբորորդուն» վերնագրով տեսանյութ (https://www.youtube.com/watch?v=3zzxNNLgsLY), որտեղ Ազատության լրագրողին հարցազրույց է տվել Վահե Պարազյանը և հայտնել պատասխանող Մենուա Հարությունյանի կողմից մեջբերված այն միտքը, որ քանի որ այլևս Սամվել Կարապետյանը ազդեցություն չունի Հայաստանում, Նիկոլնա էկել իշխանության մենք մեզ ապահով ենք զգում դրա համար էկել ենք Հայաստան: Սովորական ունկնդրի համար ակնհայտ է, որ հենց հայցվորն է հանդիսացել Մենուա Հարությունյանի արտահայտությունների «թիրախը»: Մենուա Հարությունյանը մեջբերել է հայցվորի խոսքերը, ով ավելի վաղ հարցազրույց էր տվել: Սովորական ունկնդրի համար ավելի քան ակնհայտ է, որ Մենուա Հարությունյանի կողմից ներկայացված «փաստերը» վերաբերում են հենց Հայցվորին, ով ավելի վաղ հաղորդում էր ներկայացրել Սամվել Կարապետյանի եղբորորդու դեմ և ում հաղորդման հիման վրա վերջինիս մեղադրանք էր առաջադրվել: Եվ տվյալ պարագայում բնավ հարկավոր չէր, որ Մենուա Հարությունյանը հնչեցներ հայցվորի անունը կամ ազգանունը, քանի որ նրա խոսքերի «թիրախը» ավելի քան ակնհայտ է, որ հայցվորն է: Բ) Երկրորդ հարցադրման շրջանակներում բողոքաբերը, վկայակոչելով Քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները, արտահայտությունը, որպես զրպարտություն գնահատելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումը, նշել է, որ ներկայացված տվյալների միջոցով Մենուա Հարությունյանը ցանկացել է շեշտադրել, որ հայցվորը, ով հաղորդում է ներկայացրել Նարեկ Կարապետյանի դեմ և ում հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, ունի վատ կենսագրություն, մասնավորապես, չեչենների օգնությամբ հայ գործարար է առևանգել և ծեծել, դատապարտվել է և խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Այսինքն, ըստ Մենուա Հարությունյանի, հայցվորը օրինախախտ մարդ է, ով կատարել է հանցագործություններ, կոնկրետ արարքներ և դրանց համար դատապարտվել է: Մասնավորապես հայցվորին են վերագրվել հետևյալ կոնկրետ արարքները․ - Վահե Պարազյանը չեչենների օգնությամբ հայ գործարար է առևանգել և ծեծել, - Վահե Պարազյանը Ռուսաստանում խնդիրներ է ունեցել օրենքի հետ և դատապարտվել է: Նշվածի մասով վճռում առհասարակ գնահատականներ տրված չեն, ուստի զրպարտության պահանջի մասով Դատարանի հետևությունները պատճառաբանված չեն, առկա չէ ապացույցների բազմակողմանի հետազոտության վրա հիմնված եզրակացություն, վճռում տեղ են գտել իրարամերժ մտքեր։ Եթե Դատարանը ցանկացել է արձանագրել, որ Մենուա Հարությունյանի կողմից կատարված արտահայտությունները ոչ թե փաստացի տվյալներ են, այլ գնահատողական դատողություններ, ապա այդ մասով պետք է նշել, որ գնահատողական դատողությունների կապակցությամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ անհրաժեշտ է տարբերել փաստերը և գնահատողական դատողությունները: Փաստերի գոյությունը կարող է ապացուցվել, իսկ գնահատողական դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատողական դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է (Lingens v. Austria գործով ՄԻԵԴ-ի վճիռը): Այսպիսով, ՄԻԵԴ-ը տարբերակել է մի կողմից փաստերը (statement of fact), որոնք տեսականորեն հնարավոր է ապացուցել (իհարկե, փաստը ճշմարիտ լինելու դեպքում), մյուս կողմից` գնահատողական դատողությունները, որոնց ապացուցումը նույնիսկ տեսականորեն անհնարին է: Այսինքն, գնահատողական դատողությունը փաստի մասին հայտարարություն (statement of fact) չէ: Հետևաբար, դատողությունը կարելի է համարել գնահատողական միայն այն դեպքում, եթե դրա ճշմարտացիությունը օբյեկտիվորեն որևէ մեկի կողմից, երբևէ և որևէ ապացույցով չի կարող ապացուցվել: Տվյալ դեպքում, Տեսանյութում Մենուա Հարությունյանի կողմից կատարված արտահայտությունների մի մասը հենց փաստի մասին հայտարարություն է (statement of fact): Այսինքն, Մենուա Հարությունյանը ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող «փաստեր», որոնք, ճշմարիտ լինելու դեպքում, օբյեկտիվորեն կարող են ապացուցվել: Այս առումով, Մենուա Հարությունյանի կողմից ներկայացված փաստացի տվյալները չեն կարող որակվել որպես գնահատողական դատողություններ: Նույն արտահայտությունը չի կարող միաժամանակ հանդիսանալ և փաստացի տվյալ, որը տեսականորեն կարող է ապացուցվել, և գնահատողական դատողություն, որն ապացուցելն անհնար է։ Այսպես, Մենուա Հարությունյանը հանրությանը հստակ, որպես օբյեկտիվ իրականություն հայտնում է, որ Վահե Պարազյանը չեչենների օգնությամբ հայ գործարարա առևանգել և ծեծել, որ Վահե Պարազյանը Ռուսաստանում պռոբլեմներա ունեցել օրենքի հետ և դատապարտվելա: Ակնհայտ է, որ Մենուա Հարությունյանի կողմից կատարված արտահայտությունները չունեն գնահատողական բնույթ, դրանք փաստացի տվյալներ են, որոնք կարող են ապացուցվել կոնկրետ ապացույցներով, օրինակ` մեղադրական դատավճռով: 2 . Հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալները ներկայացվել են համացանցի (ՅուԹյումբ (YouTube.com) կայք, Ֆեյսբուք (Facebook.com) սոցիալական ցանց, Սլաք.ամ (slaq.am) լրատվական կայք) միջոցով: Տեսանյութը այժմ էլ տեղադրված է վերոնշյալ կայքերում և շարունակվում է տարածվել այլ օգտատերերի կողմից: Միայն ՅուԹյուբ կայքում տեղադրվածը դիտել են ավելի քան 1.000 (հազար) մարդ: Տեսանյութը հասանելի է աշխարհի գրեթե ցանկացած վայրից: Այն ունի տարածման լայն շրջանակ: Հետևաբար` ակնհայտ է, որ Հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալները ներկայացվել են հրապարակային եղանակով: Վկայակոչել է Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-997, Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10, ԼԴ/ 0749/02/10 և ԵԿԴ/0807/02/11 քաղաքացիական գործերով, թիվ ԵԿԴ/3246/02/11, ԵԿԴ/1696/02/11 և ԵԿԴ/3260/02/11 քաղաքացիական գործերով, թիվ ՄՎԴ/0179/02/13 քաղաքացիական գործով, թիվ ԵԿԴ/1068/02/12, ԵՄԴ/0398/02/12, ԵԱՔԴ/0642/02/12 և ԵԿԴ/1696/02/11 գործերով, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ՍԴ/0638/02/11 գործով, թիվ ԵԿԴ/1068/02/12, ԵԱՔԴ/0398/02 /12 և ԵԿԴ/1696/02/11 գործերով, թիվ ԵԱՔԴ/0642/02/12 գործով, թիվ ԵԿԴ/1325/02/12 գործով կայացված որոշումներով արտահայտված դիրքորոշումները։ Առավել քան ակնհայտ է, որ հանցագործության կատարման մեջ անձին մեղադրելը Հայցվորի վերաբերյալ ներկայացվել են փաստացի տվյալներ, այսինքն' ներկայացվածն իր մեջ պարունակում է կոնկրետ, հստակ տեղեկություններ. Ըստ Մենուա Հարությունյանի, հայցվորը մարդ է առևանգել և ծեծել, ընդ որում, Պատասխանողը փորձել է այս ամենին զգայական նրբերանգ հաղորդել՝ շեշտելով, որ Վահե Պարազյանը, լինելով հայ, առևանգել և ծեծել է հայ գործարարի չեչենների օգնությամբ: Ըստ Մենուա Հարությունյանի, հայցվորն օրենքի հետ խնդիրներ ունեցող անձ է, ով դատապարտվել է Ռուսաստանում: Հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալները ներկայացվել են հրապարակային, ներկայացված փաստացի տվյալները չեն համապատասխանում իրականությանը, ավելին՝ դրանք սուտ են, անհիմն, ոչ հավաստի։ Վերը նշված փաստերը կարող են ապացուցվել բացառապես օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով, մինչդեռ այդպիսի դատավճիռ գոյություն չունի: Ավելին՝ Վահե Պարազյանը որևէ դատվածություն ոչ Հայաստանում և ոչ էլ Ռուսաստանում երբևէ չի ունեցել և ներկայումս էլ չունի: Նշված «փաստերը» միանշանակ նսեմացնում են հայցվորի արժանիքները և ունակ են հայցվորին վերածելու հասարակական ատելության առարկայի: Հայցվորին վերագրվել են այնպիսի արարքներ, որոնք, առնվազն բարոյականության տեսանկյունից, դատապարտելի և պարսավելի են: Ներկայացված փաստացի տվյալներն արատավորում են հայցվորի պատիվը և արժանապատվությունը: Արդյունքում՝ Տեսանյութում տեղ գտած արտահայտությունները զրպարտչական բնույթի են: Ավելին՝ առկա չեն հիմքեր Տեսանյութում տեղ գտած արտահայտությունները զրպարտություն չհամարելու և զրպարտողին (վնաս պատճառողին) պատասխանատվությունից ազատելու համար: Գ) Երրորդ հարցադրման շրջանակներում նշել է, որ Մենուա Հարությունյանի կողմից արված հետևյալ արտահայտությունը միանշանակորեն արատավորում է Հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը՝ պատկերացնում եք ինչ ավանտյուրայա փորձում անի էտ երիտասարդը (3:04 րոպեից): Սույն գործով Դատարանը ներքին համոզմունք ձևավորելուց առաջ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ չի քննել և հետազոտել գործում առկա հանգամանքները, այն, որ պատասխանողի կողմից առհասարակ չի ներկայացվել Տեսանյութում տեղ գտածը հիմնավորող որևէ ապացույց: Դատարանը որևէ իրավական նորմի հղում չի կատարել, թե ինչ հիմքով են հայցվորի ներկայացրած մի շարք ապացույցները ոչ վերաբերելի ճանաչվել, ավելին՝ Դատարանը չի շարադրել նաև այն փաստերը, որոնք հանգեցրել են նման հետևության: Դատարանի ակտի պատճառաբանման անհրաժեշտությանն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ մասնավորապես շեշտելով, որ արդար դատաքննության պահանջը ներառում է նաև դատարանի պատճառաբանված որոշում ընդունելու պարտավորությունը: Սույն գործի շրջանակներում Դատարանը, անտեսելով վերոգրյալ հոդվածների իմպերատիվ նորմերի պահանջները, հայցադիմումը մերժել է խիստ սուբյեկտիվ գնահատականներ տալով Տեսանյութում տեղ գտած զրպարտչական բնույթի և վիրավորական արտահայտություններին: Դատարանի նման պատճառաբանությունը և հիմնավորումները խեղաթյուրում են արդարադատության բուն էությունը: Այսպիսով, Դատարանի վճիռն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, Դատարանը չի իրականացրել ապացույցների համակցությամբ գործում առկա փաստական հանգամանքների ամբողջ ծավալով և բազմակողմանի քննություն, որի արդյունքում թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի կոպիտ խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և կայացվել է անհիմն վճիռ: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Դատարանի 04.11.2020թ. վճիռը և փոփոխել` հայցը բավարարել մասնակիորեն։ 2.1 Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումն ու հիմնավորումները. Պատասխան ներկայացրած անձիք նշել են, որ սույն գործով հայցվորն իր՝ որպես Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով շահագրգիռ անձ լինելու հանգամանքը չի հիմնավորել, քանի որ Մենուա Հարությունյանի կողմից չի հնչեցվել անձնավորված վիրավորանք Վահե Պարազյան անունով քաղաքացու վերաբերյալ, և հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավորված, թույլատրելի և վերաբերելի ապացույց առ այն, որ Մենուա Հարությունյանի խոսքն ուղղակիորեն ուղղված է եղել Վահե Պարազյանի գործողություններին: Ինչ վերաբերում է հայցվորի այն փաստարկին, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշումներից ակնհայտ է, որ պարտադիր չէ ենթադրյալ զրպարտողի թիրախում գտնվող անձի անունը և ազգանունը նշելը, ապա պատասխանողն իր թե առարկություններով, թե Դատարանում տրված բանավոր դիրքորոշումներով բնավ երբեք չի փաստել, որ պարտադիր է անձի անունը և ազգանունը կամ անվանումը հնչեցնելը հրապարակային քննադատության թիրախում գտնվելու հանգամանքը հիմնավորելու համար, սակայն պատասխանողն ուղղակիորեն ընդգծել է, որ նման պայմաններում հայցվորն է կրում ապացուցման բեռը հիմնավորելու, որ ենթադրյալ զրպարտողի թիրախում հենց հայտնվել է հայցվորը, և նշված հանգամանքը պետք է ակնառու լինի ոչ թե հայցվորի մոտ, այլ անաչառ դիտորդի մոտ: Այսինքն՝ վիճարկվող տեսանյութում առնվազն որոշակի անհատականացնող տվյալների հիմքով անաչառ դիտորդի մոտ պետք է ստեղծվեր տպավորություն, որ Մենուա Հարությունյանի թիրախում հայտնվել է հենց հայցվոր Վահե Աշոտի Պարազյանը, որպեսզի վերջինիս պատվին և արժանապատվությանը վնաս հասցվի: Հայցվորը, թեև վերաքննիչ բողոքով փաստել է, որ վիճարկվող տեսանյութը հրապարակվել է Սամվել Կարապետյանի եղբորորդուն մեղադրանք առաջադրելուց հետո, որը տարածվել է համացանցով վիճարկվող տեսանյութից օրեր առաջ, որտեղ նշվել է, որ Սամվել Կարապետյանի եղբորորդու դեմ իրավապահներին բողոք է ներկայացվել Վահե Պարազյանի կողմից, սակայն գործի քննության ժամանակ հայցվորի կողմից չի ներկայացվել թույլատրելի ապացույց առ այն, որ 1. վիճարկվող տեսանյութը հրապարակվել է հենց Սամվել Կարապետյանի եղբորորդուն մեղադրանք առաջադրելուց հետո /նման ապացույց գործում առկա չէ, սուբյեկտային նախադրյալի բացակայություն 1/, 2․ Սամվել Կարապետյանի եղբորորդու դեմ իրավապահներին բողոք ներկայացրել է հենց սույն գործով հայցվոր Վահե Աշոտի Պարազյանը /հաղորդումը, ինչպես նաև նշվածը հիմնավորող որևէ ապացույց առ այն, որ սույն գործով Վահե Աշոտի Պարազյանն է բողոք ներկայացնողը, ևս գործում առկա չէ, սուբյեկտային նախադրյալի բացակայություն 2/, 3․ «Կարապետյանների» ընտանիքի շուրջ պտտվող ասեկոսեների միակ աղբյուր, առիթ հանդիսանում է հենց ինքը Վահե Աշոտի Պարազյանը, և որևէ այլ անձ Կարապետյանների ընտանիքի շուրջ ասեկոսեներ չի տարածել կամ տարածում /սուբյեկտային նախադրյալի բացակայություն 3/, 4․ Հայցվոր Վահե Աշոտի Պարազյանը հանդիսանում է հայտնի քաղաքական գործիչ, վերլուծաբան կամ այլ կերպ հասարակությունում հանրաճանաչ, հայտնի անձ, ում գործողությունները հասարակությունում հայտնի են կամ այլ կերպ հանրամատչելի, ում վերաբերյալ անաչառ դիտորդի մոտ կարող էր ստեղծվել տպավորություն, որ Մենուա Հարությունյանի խոսքն ուղղակիորեն վերաբերել է հայցվորին /սուբյեկտային նախադրյալի բացակայություն 4/: Նշված 3-րդ և 4-րդ կետերի կապակցությամբ պատասխանողները նշել են նաև, որ հայցվորի կողմից Դատարան ներկայացված ապացույցները չեն հիմնավորում այն հանգամանքը, որ 20.07.2019թ․ Մենուա Հարությունյանի կողմից տրված հարցազրույցի դիտակետում և թիրախում հայտնվել է հենց ինքը՝ Վահե Աշոտի Պարազյանը: Մասնավորապես այն, որ Վահե Պարազյան անուն, ազգանունով քաղաքացու կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Սամվել Կարապետյանի եղբորորդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ, դա դեռևս հիմք չի հանդիսանում փաստելու, որ Սամվել Կարապետյանի և վերջինիս եղբորորդու շուրջ պտտվող ասեկոսեների առիթ հանդիսանում է միայն քաղաքացի Վահե Պարազյանը: Այլ կերպ ասած՝ Վահե Պարազյանն իր՝ սույն գործով որպես շահագրգիռ անձ լինելու հանգամանքը հիմնավորելու համար Դատարան առնվազն պետք է ներկայացներ ապացույցներ առ այն, որ Սամվել Կարապետյանի և վերջինիս եղբորորդու շուրջ շրջանառվող լուրերի, ասեկոսեների առիթ հանդիսանում է միայն Վահե Պարազյանի կողմից Սամվել Կարապետյանի եղբորորդու դեմ հաղորդում ներկայացնելը, ինչն ապացույցներ ներկայացնելու դատավարական ժամկետում հայցվորի կողմից չի կատարվել: Վկայակոչվել է Վճռաբեկ դատարանին թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012թ․ կայացված որոշմամբ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/20526/02/18 քաղաքացիական գործով 10.07.2019թ․ կայացված վճռով արտահայտած դիրքորոշումները։ Այլ կերպ ասած՝ եթե Մենուա Հարությունյանի կողմից հնչեցված անձը չի կատարել Մենուա Հարությունյանի կողմից հնչեցված արարքները, ստացվում է տվյալ անձը նշված գործով շահագրգիռ անձ չէ, մինչդեռ, եթե անձը վկայակոչված արարքները վերագրել է իրեն և հանդիսանում է շահագրգիռ անձ, ուրեմն կատարել է, քանի որ նշված արտահայտությունների բովանդակությունը կազմող գործողությունների կատարման մասին կարող է միայն տեղյակ լինել կատարողը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ պատասխանող Մենուա Հարությունյանի կողմից հնչեցված արտահայտություններն ու տեղեկությունները վիրավորել են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, ապա դրանց վերաբերյալ հիմնավորումներին պատասխանողները չեն անդրադառնում, քանի որ Դատարանը հայցը մերժել է հայցվորի՝ սույն գործով շահագրգիռ անձ չլինելու հանգամանքի ուժով, որպիսի նախադրյալի բացակայությունն ինքնին բացառում էր Դատարանի իրավական հնարավորությունն անդրադառնալ արտահայտությունների վիրավորական, իսկ տեղեկությունների զրպարտող բնույթի լինելու հանգամանքներին: Հետևապես, քանի որ այս կապակցությամբ Դատարանի կողմից եզրահանգումներ չեն կատարվել, պատասխանողները գտնում են, որ անհիմն են հայցվորի Դատարանին վերագրվող այն խախտումները, որոնց օբյեկտային նախադրյալները /Դատարանի եզրահանգումները վիրավորական և զրպարտող լինելու վերաբերյալ/ սույն գործով առկա չեն: Ինչ վերաբերում է հայցվորի պահանջի ներկայացմանն ընդդեմ «Վիրտուալ-Մեդիա» ՍՊ ընկերությանը, ապա հայցվորի կողմից ապացույցներ ներկայացնելու դատավարական ժամկետում չի ներկայացվել թույլատրելի և վերաբերելի ապացույց առ այն, որ www.slaq.am կայքը պատկանում է պատասխանող «Վիրտուալ-Մեդիա» ՍՊ ընկերությանը: Ապացույցը, որը ներկայացվել է դատաքննության ժամանակ վերջին դատական նիստին հայցվորի կողմից, պատասխանողի կողմից փաստվել է, որ չի կարող գործով քննության առնվել՝ հաշվի առնելով, որ ներկայացվել է Դատարանի կողմից սահմանված ապացույցներ ներկայացնելու դատավարական ժամկետից հետո: Ուստի հայցվորի բողոքով փաստարկված դիրքորոշումն առ այն, որ «Վիրտուալ-Մեդիա» ՍՊ ընկերությունը հանդիսանում է www.slaq.am կայքի սեփականատեր, հիմնված չէ գործով ներկայացված որևէ թույլատրելի ապացույցի վրա: Ավելին` պայմանականորեն, եթե անգամ հիմք ընդունենք, որ www.slaq.am կայքը պատկանել է պատասխանողին, ապա հարկ է ընդգծել, որ գործի քննության ժամանակ փաստվել է, որ նման դեպքերում լրատվական կայքերը չեն կարող հանդես գալ որպես պատշաճ պատասխանող, քանի որ տեղեկությունները ոչ թե լրատվության միջոցներն են հեղինակում, այլ անձինք, ովքեր տալիս են հարցազրույց կամ որևէ կերպ տեղեկատվություն լրատվության միջոցներին: Սույն գործով վիճարկվող արտահայտությունները կատարվել են Մենուա Հարությունյանի կողմից: Որևէ լրատվության միջոց կամ լրատվական կայք, եթե տարածեր Մենուա Հարությունյանի կողմից տրված հարցազրույցը, չէր կարող դիտարկվել պատշաճ սուբյեկտ պատասխանատվության ենթարկվելու համար այն պարզ պատճառով, որ վերջինս այն հեղինակողը չէ, այլ տարածողն է։ Պատասխանողները հարկ են համարել վկայակոչել Քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի 6-րդ մասը։ Վերոգրյալի հիման վրա պատասխան ներկայացրած անձիք խնդրել են մերժել բողոքը: Պատասխան ներկայացրած անձիք խնդրել են նաև անդրադառնալ Վերաքննիչ դատարանում պատասխանողների շահերը ներկայացնելու համար փաստաբանի խելամիտ վարձատրության գումարին և պատասխանողներից յուրաքանչյուրի շահերը ներկայացնելու համար հայցվորից հօգուտ պատասխանողների բռնագանձել 200.000-ական դրամ գումար /ընդհանուր՝ 400.000 դրամ/։ 3. Դատարանի հաստատած և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 1. 20.07.2019թ. ՅուԹյուբ տեսանախագծային կայքի, Սլաք.ամ, Մենուա Հարությունյան էջի միջոցով հրապարակվել է «Կարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը» վերնագրով տեսանյութ: 2. Հայցվոր Վահե Աշոտի Պարազյանը հայտնել է, որ վիրավորանք համարվող արտահայտությունը, այն է՝ «պատկերացնում եք ինչ ավանտյուրայա փորձում անի էտ երիտասարդը», և զրպարտանք համարվող արտահայտությունը, այն է՝ «չեչենների օգնությամբ հայ գործարարա առևանգել և ծեծել», «էտ տղան ինքը էնտեղ պռոբլեմներա ունեցել օրենքի հետ և դատապարտվելա», ներկայացվել են Մենուա Արտակի Հարությունյանի կողմից 20.07.2019թ. ՅուԹյուբ տեսանախագծային կայքի, Սլաք.ամ, Մենուա Հարությունյան էջի միջոցով հրապարակվել է «Կարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը» վերնագրով տեսանյութում: 3. «Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ» ՍՊԸ-ի և «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի միջև 23.09.2019թ. կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման մասին թիվ ՓԳ-19-42/ԼԳ պայմանագիրը, որի 3.2 կետի համաձայն ՀՀ վերաքննիչ դատարանում մատուցվող ծառայության համար սահմանվել է 200.000 դրամ: 4. «Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ» ՍՊԸ-ի և Մենուա Արտակի Հարությունյանի միջև 23.09.2019թ. կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման մասին թիվ ՓԳ-19-43/ԼԳ պայմանագիրը, որի 3.2 կետի համաձայն ՀՀ վերաքննիչ դատարանում մատուցվող ծառայության համար սահմանվել է 200.000 դրամ: 4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում՝ Վերաքննիչ դատարանը եկավ հետևյալ եզրակացության. Սույն գործով Դատարանը մերժել է ներողություն խնդրելու, հերքում տպագրելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների վերաբերյալ հայցվորի ներկայացրած հայցն այն պատճառաբանությամբ, որ վերջինիս կողմից վերաբերելի ապացույց չի ներկայացվել, որով կհիմնավորվեր, որ 20.07.2019թ. ՅուԹյուբ տեսանախագծային կայքի, Սլաք.ամ, Մենուա Հարությունյան էջի միջոցով հրապարակված Տեսանյութում կատարված արտահայտությունները վիրավորել են իրեն, մասնավորապես՝ արված արտահայտություններն իրականում արատավորել են իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, պատասխանող Մենուա Հարությունյանն ի սկզբանե հետապնդել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը արատավորելու նպատակ։ Դատարանը պատասխանողի Մենուա Հարությունյանի կողմից հայցվորի պատիվը և արժանապատվությունը արատավորելու նպատակ ի սկզբանե հետապնդած չլինելու հանգամանք դիտել է նաև այն, որ Մենուա Հարությունյանն իր հարցազրույցում չի հայտնել հայցվորի անունը, որը թույլ կտար անաչառ դիտորդի մոտ կարծիք կազմել վիճարկվող հայտարարություններն ուղղակիորեն հայցվոր Վահե Աշոտի Պարազյանին վերաբերած լինելու մասին։ Բողոք բերած անձը Դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ իր անհամաձայնությունը ներկայացրել է հիմնականում բողոքում բարձրացված առաջին հարցադրման շրջանակներում, որով վերջինս շարադրել է Տեսանյութում տեղ գտած արտահայտություններն իր անձին վերաբերած լինելու մասին փաստարկները։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն դեպքում անհրաժեշտ է սկզբնապես անդրադառնալ վերաքննիչ բողոքի Ա) կետով բարձրացված հարցադրմանը (արդյո՞ք Տեսանյութում տեղ գտած արտահայտությունները վերաբերել են հայցվորին) և այդ հարցադրման շրջանակներում առաջ բերված փաստարկների քննարկմանը, քանզի դրա դրական կամ բացասական պատասխանից է կախված մյուս երկու՝ Բ) և Գ) կետերով բարձրացված հարցերին անդրադառնալու նպատակահարմարությունը։ Այսինքն՝ եթե պարզվի, որ Տեսանյությում տեղ գտած արտահայտությունները չեն վերաբերում հայցվորին, կամ վիճելի է մնում այդ հանգամանքը, ապա այլևս անհրաժեշտություն չի լինի անդրադառնալ արտահայտությունները վիրավորանք կամ զրպարտություն որակելու վերաբերյալ վերաքննիչ բողոքում բարձրացված հարցերին։ Այսպես՝ վերաքննիչ բողոքի Ա) կետով բողոք բերած անձի բարձրացրած հարցադրման շրջանակներում Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը․ Քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Նշված հոդվածի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ դատարան կարող է դիմել այն անձը, ում պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, այսինքն՝ վիրավորանքն ու զրպարտությունը պետք է ուղղված լինի կոնկրետ անձի՝ լինի անձնավորված։ Սույն գործով հայցվոր Վահե Պարազյանը, պնդելով, որ Մենուա Հարությունյանը Տեսանյությում հնչեցված վիրավորական և զրպարտչական արտահայտություններով արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, ի թիվս այլնի, կրել է, մասնավորապես սույն գործով շահագրգիռ անձ հանդիսանալու փաստն ապացուցելու պարտականությունը։ Դատարանը, ինչպես արդեն վերը նշվեց, փաստել է, որ Մենուա Արտակի Հարությունյանն իր հարցազրույցում չի հայտնել հայցվորի անունը, որը թույլ կտար անաչառ դիտորդի մոտ կարծիք կազմել, որ վիճարկվող հայտարարությունները վերաբերել են ուղղակիորեն հայցվոր Վահե Աշոտի Պարազյանին, ինչը, ըստ Դատարանի, ևս մեկ անգամ հիմնավորում է, որ պատասխանողն ի սկզբանե չի հետապնդել հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ: Բողոք բերած անձը, ի հակադրություն Դատարանի հիշյալ արձանագրման, նշել է, որ ՄԻԵԴ-ի կողմից (Դյուլդին և Կիսլովն ընդդեմ Ռուսաստանի գործով 31.10.2007թ․ և Թոման ընդդեմ Լյուքսեմբուրգի 29.03.2001թ․ վճիռներով) սահմանված միակ չափանիշը հետևյալն է՝ սովորական ընթերցողը/ունկնդիրը պետք է զգա, որ դիմումատուն (համապատասխան պահանջով դատարան դիմած հայցվորը) հանդիսացել է քննադատության թիրախ: ՄԻԵԴ-ը հայտնել է այնպիսի դիրքորոշում, որ որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տես, Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007թ․ վճիռը, կետ 44): Այսինքն՝ սույն գործով էական է եղել բացահայտել 20.07.2019թ. ՅուԹյուբ տեսանախագծային կայքի, Սլաք.ամ, Մենուա Հարությունյան էջի միջոցով հրապարակված Տեսանյութում կատարված արտահայտությունների և հայցվորի անձի միջև օբյեկտիվ կապի առկայությունը, արդյո՞ք գործի փաստական հանգամանքներում առկա է այնպիսի հանգամանք, որը սովորական ընթերցողի մոտ այնպիսի տպավորություն կստեղծի, որ տվյալ արտահայտություններն իրականում հասցեագրված են անմիջականորեն հայցվորին, կամ էլ որ հենց վերջինս է հանդիսացել քննադատության թիրախ։ Այսինքն՝ հայցվորի՝ զրպարտողի թիրախում գտնվելու փաստը պետք է ակնառու լինի սովորական ընթերցողին, այլ ոչ թե իրեն, և այդ կապակցությամբ չպետք է որևէ կասկած հարուցվի անաչառ դիտորդի մոտ։ Մինչդեռ նշված հանգամանքների ապացուցման պարտականությունը կրելով հանդերձ՝ հայցվորը դրա բացահայտմանն ուղղված որևէ վերաբերելի ապացույց չի ներկայացրել, իսկ ինչ վերաբերում է հայցվորի վկայակոչած այն հանգամանքներին, որ Տեսանյութից ակնհայտ է, որ Մենուա Հարությունյանի խոսքն ուղղակիորեն ուղղված է եղել իրեն, քանի որ ինքն է այդ Տեսանյութի հրապարակումից օրեր առաջ Սամվել Կարապետյանի եղբորորդու դեմ իրավապահներին բողոք ներկայացրել (ընդ որում՝ այս փաստը հիմնավորող ապացույց հայցվորի կողմից ևս չի ներկայացվել), ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով չի ներկայացվել այնպիսի ապացույց, որ այդ Տեսանյութը հասանելի է, կամ այդ իրադարձությունները հայտնի են հանրության զգալի հատվածին, ընդհակառակը՝ հայցվորն հենց ինքն է նշել, որ Տեսանյութը ՅուԹյուբում դիտել է ընդամենը 1000 մարդ, բացի այդ՝ հրապարակված Տեսանյութում կատարված արտահայտությունների և հայցվորի անձի միջև օբյեկտիվ կապի առկայությունը կարող է ակնառու լինել միայն այն ունկնդրի մոտ, ով քաջատեղյակ է Վահե Պարազյանի գործողությունների մասին և շարունակաբար հետևում է վերջինիս գործունեությանը։ Այսինքն՝ կոնկրետ փաստի բացահայտմանն ուղղված ներկայացված միակ ապացույցից՝ Տեսանյութը պարունակող կրիչից, թեև չի բացառվում, սակայն միանշանակ չէ, որ Մենուա Հարությունյանի խոսքն ուղղակիորեն ուղղված է եղել Վահե Պարազյանի գործողություններին, այսինքն՝ այդ ապացույցից հստակ չի երևում Մենուա Հարությունյանի արած արտահայտությունների և Վահե Պարազյանի միջև օբյեկտիվ կապը։ Ուստի սույն քաղաքացիական գործով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման արդյունքում արձանագրելով, որ հայցվորի վկայակոչած հանգամանքները չեն կարող հիմք հանդիսանալ պնդելու, որ սովորական ունկնդրի համար ակնհայտ է, որ հենց հայցվորին են ուղղված եղել արտահայտությունները, այսինքն՝ ըստ էության, վիճելի է մնացել Տեսանյութում կատարված արտահայտությունների և հայցվորի անձի միջև օբյեկտիվ կապի առկայությունը՝ Դատարանը, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով փաստի վիճելի մնալու բացասական հետևանքները դնելով հայցվորի վրա, որևէ խախտում թույլ չի տվել։ Արդյունքում՝ Տեսանյությում տեղ գտած արտահայտությունները հայցվորի անձին վերաբերած լինելու փաստի առնչությամբ վերաքննիչ բողոքում բարձրացված հարցադրման ոչ դրական պատասխանի պայմաններում Վերաքննիչ դատարանն այլևս չի անդրադառնում վերաքննիչ բողոքում բերված մյուս փաստարկներին, որպիսի հանգամանքն էլ կանխորոշում է վերաքննիչ բողոքի ելքը։ Այսպիսով` Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Դատարանի կողմից սույն գործով կատարվել է պատշաճ քննություն, նյութական իրավունքի նորմերը մեկնաբանվել և կիրառվել են ճիշտ կերպով, ինչի արդյունքում կատարվել են իրավաչափ եզրահանգումներ և կայացվել է իրավաչափ դատական ակտ, որը ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում ենթակա չէ բեկանման: Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ծախսերը կազմված են պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է, որ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Տվյալ դեպքում հաշվի առնելով, որ բողոքաբերը նախապես վճարել է վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը, իսկ վերաքննիչ բողոքը մերժվում է, ուստի պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։ Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձանց կողմից պահանջած փաստաբանի խելամիտ վարձատրության գումարին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստաբանի ծախսը վճարում է նրան ներգրաված գործին մասնակցող անձը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ նույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է՝ ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից: Տվյալ դեպքում «Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ» ՍՊԸ-ի և պատասխանողներ Մենուա Հարությունյանի ու «Վիրտուալ-Մեդիա» ՍՊԸ-ի միջև 23.09.2019թ․ կնքվել են համապատասխանաբար ՓԳ-19-43/ԼԳ և ՓԳ-19-42/ԼԳ պայմանագրերը, որոնց 1․1․2 կետերով նախատեսվել է, որ պայմանագրի առարկայի մեջ է մտնում վստահորդի շահերի ներկայացումը ՀՀ վերաքննիչ դատարանում, իսկ նույն պայմանագրերի 3.2 կետերով սահմանվել է, որ պայմանագրի գինը թիվ 1.1.2 կետով սահմանված ծառայության համար կազմում է 200․000 դրամ։ Նշվածի հիման վրա պատասխանողները խնդրել են իրենցից յուրաքանչյուրի օգտին հայցվորից բռնագանձել 200.000-ական դրամ (ընդհանուր 400.000 դրամ) գումար՝ որպես Վերաքննիչ դատարանում փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Սույն պարագայում Վերաքննիչ դատարանը, ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից (պատասխանողների փաստաբանի կողմից երկուսի անունից կազմվել է նույն վերաքննիչ բողոքի պատասխանը), գործի բարդությունից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն վերաքննիչ բողոքի քննությունն իրականացվել է գրավոր ընթացակարգով, այսինքն` պատասխանողների ներկայացուցիչը չի ունեցել դատական նիստերի մասնակցելու և իր վստահորդների շահերը դատական նիստում ներկայացնելու պարտականություն, ուստի վերաքննիչ բողոքի մերժման պայմաններում պահանջվող ընդհանուր 400.000 դրամ գումարից Վերաքննիչ դատարանը փաստաբանի խելամիտ վարձատրության ընդհանուր գումար է համարում 100.000 դրամը, որը ենթակա է բռնագանձման հայցվորից հօգուտ պատասխանողների: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ, 381-րդ և 387-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վահե Աշոտի Պարազյանի վերաքննիչ բողոքը մերժել։ 2. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 04.11.2020թ. թիվ ԵԴ/26186/02/19 քաղաքացիական գործով կայացրած վճիռը թողնել անփոփոխ: 3. Վահե Աշոտի Պարազյանից հօգուտ Մենուա Արտակի Հարությունյանի, «Վիրտուալ-Մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 100.000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Դատական ծախսերի բաշխման հարցը մնացած մասով համարել լուծված: 4. Որոշումը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով պարտապանի հաշվին: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան։ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Տ. ՆԱԶԱՐՅԱՆ ԴԱՏԱՎՈՐ Ն. ԲԱՐՍԵՂՅԱՆ ԴԱՏԱՎՈՐ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
|