|
Սույն քաղաքացիական գործով, ըստ հայցի Գայանե Հովիկի Մանուկյանի, ընդդեմ Հայկազ Էդուարդի Մակարյանի, վիրավորանքի համար ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին` հայցվորի շահերը ներկայացնում է Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2021 թվականի հուլիսի 8-ին կայացրել է բարենպաստ դատական ակտ:
ԱՐԱԴ/1483/02/20
ԳՈՐԾ
2021թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
2021թ. հուլիսի 08-ին ք.Աշտարակ
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐ` Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ՝ Ա.ՄԵԼՔՈՆՅԱՆԻ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝
ՀԱՅՑՎՈՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ` Լ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
/փաստաբանական արտոնագիր թիվ 88/
ԼԵՎ ԳՐՈՒՊ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Հ.ՄԱԿԱՐՅԱՆԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
/փաստաբանական արտոնագիր թիվ 1766/
Դռնբաց դատական նիստում, քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Գայանե Հովիկի Մանուկյանի ընդդեմ Հայկազ Էդուարդի Մակարյանի` վիրավորանքի համար ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին. Պ Ա Ր Զ Ե Ց Նկարագրական մաս. Դատավարական նախապատմությունը. Գայանե Հովիկի Մանուկյանի /այսուհետ Հայցվոր/ ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը 2020թ. հունիսի 17-ին իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Հայկազ Մակարյանի /այսուհետ Պատասխանող/՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին: Դատարանի 25.06.2020թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է: Վերաքննիչ դատարանի 01.09.2020թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվել է: 03.12.2020թ. հայցադիմումը վարույթ է ընդունվել դատավոր Գ.Խաչատրյանի կողմից: 21.01.2021թ. դատավորի կողմից բավարարվել է ինքնաբացարկի միջնորդությունը: 29.01.2021թ. գործն ընդունվել է դատավոր Ա.Մարգարյանի վարույթ: Գործի քննության ընթացքում հայցի առարկան և հիմքերը չեն փոփոխվել: Գործի դատաքննությունն ավարտվել է 28.06.2021թ. և վճռի հրապարակման օր է նշանակվել 08.07.2021 թվականը:
Հայցվորի իրավական դիրքորոշումը. Հայցվորի ներկայացուցիչը պնդել է պահանջը և հրապարակել է հայցադիմումը հետևյալի մասին. Ներկայացրել է, որպես փաստական հանգամանքներ՝ 1.1.Հայկազ Էդուարդի Մակարյանը հանդիսանում է Haykaz Makaryan www.facebook.com սոցիալական կայքէջի օգտատատեր։ 1.2.Պատասխանողն իր ֆեյսբուքյան էջի միջոցով 14.05.2020 թվականին, առերևույթ դժգոհ մնալով Գայանե Հովիկի Մանուկյանի լրագրողական գործունեությունից, www.facebook.com կայքէջով հրապարակել է վիրավորանք, զրպարտություն, այդ թվում նաև սպառնալիք պարունակող հոդված /այսուհետ նաև՝ Վիճարկվող հոդված/, որին կցել է Գայանե Մանուկյանի լուսանկարը /հիմք՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=1772139929594043&id=100003941592533 և հետևյալ էլեկտրոնային կայքէջից արտատպված հոդվածը/։ 1.3.Վիճարկվող հոդվածը ֆեյսբուքյան օգտատերերի կողմից ստացել է 112 հավանում և 31 օգտատեր դրանով կիսվել է /22.05.2020 թվականի դրությամբ/։ Որպես իրավական հիմնավորում վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասը, 1087.1-րդ հոդվածը: Նշել է, որ Հայկազ Մակարյանը 14.05.2020 թվականին հրապարակված հոդվածում տեղադրել է Գայանե Մանուկյանին պատկանող լուսանկարը և դրան կից նշել հետևյալ վիրավորանք պարունակող արտահայտությունները. <<չարաժանտ այս երևույթը, գայուշիկ, այնքան տկարամիտ ես, տուտուց, գերմանական դաշտամուկ>>։ 1.ՙՉարաժանտ՚, ըստ Էդ.Աղայանի էլեկտրոնային բացատրական բառարանի, նշանակում է չար և ժանտ, չար և դաժան /հիմք՝ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&dt=HY_HY&query=%D5%B9%D5%A1%D6%80%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B6%D5%BF /։ 2.ՙգայուշիկ՚ ձևով Պատասխանողը փորձել է նվաստացնել և ցույց տալ իր բարոյական վերաբերմունքը Հայցվորի նկատմամբ։ Վերջինիս անունը ձևակերպելով <<իկ>>-ով, տարիքային տարբերակում կատարելով՝ փորձել նսեմացնել Հայցվորի անձը՝ ցույց տալով իր բարձր դիրքը համեմատաբար Հայցվորի նկատմամբ, այդ թվում անձի անունը նշելով փոքրատառով։ 3.ՙՏկարամիտ՚, ըստ Էդ.Աղայանի էլեկտրոնային բացատրական բառարանի, նշանակում է մտածելու՝ դատելու կարողությունը թույլ, տխմար, տգիտական /հիմք՝ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&dt=HY_HY&query=%D5%BF%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B4%D5%AB%D5%BF /։ 4.ՙՏուտուց՚, ըստ Էդ.Աղայանի էլեկտրոնային բացատրական բառարանի, նշանակում է թեթևսոլիկ, թեթևամիտ /հիմք՝ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&dt=HY_HY&query=%D5%BF%D5%B8%D6%82%D5%BF%D5%B8%D6%82%D6%81/։ Իսկ ըստ Ստ.Մալխասյանցի բացատրական բառարանի, նշված բառը նշանակում է անխելք, ախմախ /հիմք՝ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=6&dt=HY_HY&query=%D5%BF%D5%B8%D6%82%D5%BF%D5%B8%D6%82%D6%81 /։ 5. ՙԳերմանական դաշտամուկ՚-ը կենդանի է։ Նշված արտահայտությամբ փաստորեն Պատասխանողը Հայցվորին նմանեցրել է կենդանու հետ։ Պատասխանողի կողմից հնչեցվելով անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող նշված արտահայտությունները՝ ուղղակիորեն փորձ է կատարվել Գայանե Մանուկյանին հեղինակազրկել, նսեմացնել և նվաստացնել, ով հանդիսանում է լրագրող: Վիճարկվող հոդվածով նաև ներկայացվել են զրպարտություն համարվող հետևյալ տեղեկությունները. ՙՉարաժանտ այս երևույթը գտնվում է նախանձաբույր հոգեվարքի մեջ: Մարդ, որը ստի, կեղծիքի, զրպարտության միջոցներով, ամեն կերպ փորձում է ցեխ շպրտել ինձ վրա, և նույնիսկ իր ունայն հոգեբանությամբ մտածում է, թե կարող է այս ձեռագրով հասնել ինչ-որ արդյունքների, ապա վաղուց չարաչար սխալվում է: Իր անձնական էջով տարածելով իմ մասին ստահոդ և քաղքենիական նյութեր, ցինիկաբար՝ ամենավերջին եղկելի ձևով սադրելով ինձ, կարծում է, թե Աստծո և օրենքի առջև մաքուր է կանգնելու: Քո նմանները մի չնչին, վատագույն մասնիկներն են այն ամենի, որը վաղ թե ուշ ունենալու է իր բարոյական վախճանը: Միակ մարդը, որին պետք է ուղարկեին ճաղավանդակների հետև, ապա դա դու ես: (..) Այնքան տկարամիտ էս, որ նույնիսկ չգիտես, թե ինչ է նշանակում ատելության քարոզ: (..) Սույն երևույթը դեռ խաբար չի, որ օրենքի լեզվով խոսելը շանտաժ չէ, խաբար չի, որ երբ այդ նույն օգտատերը իմ էջում հայհոյում է ու առհասարակ ամենավերջին ստոր ձևերով գրում է բառեր: (..) Ամոթ քեզ, չնայած դու չունես այդ ամոթից։ Տուտուց, եթե իմ գիտելիքների չափ նվազագույն պաշար ունենայիր, ապա այսօր այս մակարդակին չէիր լինի: Դու նույնիսկ խուլիգանություն, շանտաժ և այլ բառերի խորքային իմաստը չգիտես, ուր մնաց հասկանաս գրածիդ իմաստը: Ճանաչեք այս կնոջը, ճանաչեք ու հիշեք, թե ինչ նենգությունների է պատրաստ, հանուն սեփական ես-ի։ Սույն երևույթը, այսօր եկել է վախեցած գերմանական դաշտամկան դեմքով հայտարարություններ է անում, այն էլ ֆանտաստիկայի ժանրերից՚։ Պատասխանողը վիրավորական և զրպարտչական հերթական տեղեկություններ է հրապարակում Հայցվորի վերաբերյալ՝ փորձելով զրպարտիչ արտահայտություններով ստվեր գցել Հայցվորի լրագրողական գործունեության վրա. Հայցվորին անդադառնում է բազմիցս, վերջինիս հասցեին հնչեցնում է բավականաչափ վիրավորական արտահայտություններ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայցվորը Պատասխանողի դեմ հաղորդում է ներկայացրել և Պատասխանողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և մեկ այլ քաղաքացիական գործով Հայցվորը դիմել է դատական պաշտպանության՝ պատվին և արժանապատվությանը հասցված վնասի պահանջի մասին, դա առիթ է հանդիսացել Պատասխանողի կողմից լրագրող Գայանե Մանուկյանի դեմ ատելության խոսքի տարածման համար, որն ակնհայտ է այն պարզ պատճառով, որ ցանկացած վիրավորական արտահայտություն և զրպարտչական տեղեկություն հրապարակված Հայցվորի վերաբերյալ Պատասխանողի կողմից, ստանում է հանրության կողմից մեծ արձագանք, հիմք ընդունվում որպես բացարձակ ճշմարտություն և զուգորդվում նույնանման վիրավորանքներով Հայցվորի հասցեին՝ հաշվի առնելով, որ Պատասխանողն իրավաբան է։ Այսինքն՝ Պատասխանողի կողմից սկսած վիրավորական արտահայտությունների տարածումը և սպառնալիքները հասարակության կողմից ընդունվում է և առիթ հանդիսանում անձի վերաբերյալ բացասական կարծիքի ձևավորման համար առանց հաշվի առնվելու, որ նույն հոդվածագրի հետ միասին վիրավորանք են հասցնում նաև անձին այլ անձինք ևս՝ նսեմացնելով սամանադրորեն երաշխավորված անձի պատիվը և արժանապատվությունը։ Փաստորեն Պատասխանողը, խանդավառվելով հասարակության մեջ ունեցած իր դիրքով և ստացվող ֆեյսբուքյան հավանումների ալիքով, ատելության քարոզ է սկսել Հայցվորի դեմ՝ նպատակ ունենալ նրան ՀՀ-ում հեղինակազրկել։ Նշված հանգամանքն ուղղակիորեն փաստում է Հայցվորի վերաբերյալ կատարված վիրավորական և զրպարտիչ հայտարարությունների՝ ուղղակի դիտավորությամբ կատարված լինելու հանգամանքի մասին։ Նշվածը հավաստվում է նաև այն հանգամանքով, որ Պատասխանողը Հայցվորի վերաբերյալ բազմիցս հայտնել է վիրավորական արտահայտություններ, որոնց մասով Հայցվորը ևս դիմել է դատական պաշտպանության /օրինակ՝ թիվ ԱՐԱԴ/0752/02/19 քաղաքացիական գործը, որով քննության առարկա է դարձվել հետևյալ հղումով առկա տեսաձայնագրությունը՝ https://www.facebook.com/hmakaryan1/videos/1364908156983891?_rdc=1&_rdr, որով Հայցվորի վերաբերյալ կրկին կատարվել էին վիրավորական և զրպարտիչ արտահայտություններ. Պատասխանողը ուղիղ 23 րոպե տևող ուղիղ եթերով հեռարձակվող տեսաձայնագրությամբ հնչեցրել էր տասնյակից ավել վիրավորական արտահայտություններ Հայցվորի վերաբերյալ/։ Ընդ որում Գայանե Մանուկյանի կողմից, Հայկազ Մակարյանի դեմ քրեական հաղորդում ներկայացնելը և քաղաքացիական հայց ներկայացնելը, չի հավասարակշռում Հայկազ Մակարյանին, վերջինս անհանդուրժողականություն է ցուցաբերում թե՛ Գայանե Մանուկյանի նկատմամբ, թե՛ գործը քննող դատարանների նկատմամբ՝ անձի մասին անպատվաբեր արտահայտություններ կատարելով իր ֆեյսբուքյան էջով։ Այսինքն՝ Պատասխանողի ներկայիս անհանդուրժող վերաբերմունքը դրսևորվել է այն հանգամանքով, որ Հայցվորն, իրացնելով իրեն օրենքով վերապահված իրավունքը, դիմել է դատական պաշտպանության։ Հարկ է ընդգծել, որ Պատասխանողը, եթե գտնում է, որ իր հանդեպ Գայանե Մանուկյանի կողմից կատարվել են օրինազանց գործողություններ, կարող է դիմել դատական պաշտպանության, մինչդեռ վերջինս չիրացնելով օրենքով իրեն վերապահված իրավունքը դատարան դիմելու կապակցությամբ, դիմում է ինքնադատաստանի և ժամանակ առ ժամանակ վիրավորական հոդվածներ և հայտարարություններ կատարում Հայցվորի, գործը քննող դատարանի և առհասարակ իրավապահ մարմինների վերաբերյալ /հիմք, օրինակ, հետևյալ հղումով առկա տեսաձայնագրությունը՝ https://www.youtube.com/watch?v=P4Uh7URa_ds&feature=share&app=desktop, որտեղ թե՛ Պատասխանողը, թե՛ հարցազրույց վերցնող անձը բացեիբաց վիրավորանք են արտահայտում թե՛ Հայցվորի, թե՛ դատարանի նկատմամբ/։ Միաժամանակ Պատասխանողը փորձում է իր վիրավորական արտահայտությունները ներկայացնել որպես համարժեք պատասխան Հայցվորին, մինչդեռ նշված համարժեք պատասխանը, վերջինիս կողմից դարձվելով իրավական ինստիտուտ, շարունակվում է իր կողմից մեկ տարուց ավել և որպես վիրավորանքի և զրպարտության առիթ ներկայացվում է Հայցվորը, մինչդեռ ՊԱտասխանողն է վիրավորանք և զրպարտություն հրապարակում թե՛ Հյացվորի վերաբերյալ, թե՛ գործը քննող դատարանի նկատմամբ։ Վերը նշված հիմնավորումների համատեքստում ակնհայտ է, որ Պատասխանողը Հայցվորի հասցեին վիրավորական արտահայտություններ և զրպարտություն համարվող տվյալներ հրապարակում է ուղղակի դիտավորությամբ՝ նպատակ ունենալով արատավորել անձի պատիվը և արժանապատվությունը։ Տվյալ դեպքում Հայկազ Մակարյանի կողմից 14.05.2020 թվականին ֆեյսբուքյան հետևյալ ՙչարաժանտ այս երևույթը, գայուշիկ, այնքան տկարամիտ ես, տուտուց, գերմանական դաշտամուկ՚ վիրավորական արտահայտությունների համար, Հայցվորը գտնում է, որ Պատասխանողը պետք է իր ֆեյսբուքյան հետևյալ https://m.facebook.com/hmakaryan1 էջով գրավոր ներողություն խնդրի և որպես բարոյական վնաս հասցված վիրավորանքի համար Պատասխանողից հօգուտ իրեն ենթակա է բռնագանձման 100.000 ՀՀ դրամ։ Հայցվորի կողմից հրապարակված հոդվածում զրպարտություն համարվող վերոնշյալ տեղեկությունները Հայցվորը գտնում է, որ Պատասխանողն իր ֆեյսբուքյան հետևյալ https://m.facebook.com/hmakaryan1 էջով պետք է հերքի՝ այն ապատեղեկատվություն լինելու հիմքով։ Որպես զրպարտությամբ Հայցվորի պատվին և արժանապատվությանը հասցված բարոյական վնաս Հայցվորը գտնում է, որ Պատասխանողից հօգուտ իրեն ենթակա է բռնագանձման 200.000 ՀՀ դրամ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-122-րդ հոդվածներով՝ Դատարանից խնդրել են՝ վճռի օրինական ուժ ստանալուց 5 օրվա ընթացքում 14.05.2020 թվականին https://m.facebook.com/story.php?story_fbid=1772139929594043&id=100003941592533 հետևյալ հղումով հրապարակված ՙչարաժանտ այս երևույթը, գայուշիկ, այնքան տկարամիտ ես, տուտուց, գերմանական դաշտամուկ՚ վիրավորական արտահայտությունների համար պատասխանող Հայկազ Էդուարդի Մակարյանին պարտավորեցնել ֆեյսբուքյան իր հետևյալ https://m.facebook.com/hmakaryan1 էջով գրավոր ներողություն խնդրել Գայանե Հովիկի Մանուկյանից։ վճռի օրինական ուժ ստանալուց 5 օրվա ընթացքում https://m.facebook.com/story.php?story_fbid=1772139929594043&id=100003941592533 հետևյալ հղումով հրապարակված հոդվածն առ այն, որ ՙՉարաժանտ այս երևույթը գտնվում է նախանձաբույր հոգեվարքի մեջ: Մարդ, որը ստի, կեղծիքի, զրպարտության միջոցներով, ամեն կերպ փորձում է ցեխ շպրտել ինձ վրա, և նույնիսկ իր ունայն հոգեբանությամբ մտածում է, թե կարող է այս ձեռագրով հասնել ինչ-որ արդյունքների, ապա վաղուց չարաչար սխալվում է: Իր անձնական էջով տարածելով իմ մասին ստահոդ և քաղքենիական նյութեր, ցինիկաբար՝ ամենավերջին եղկելի ձևով սադրելով ինձ, կարծում է, թե Աստծո և օրենքի առջև մաքուր է կանգնելու: Քո նմանները մի չնչին, վատագույն մասնիկներն են այն ամենի, որը վաղ թե ուշ ունենալու է իր բարոյական վախճանը: Միակ մարդը, որին պետք է ուղարկեին ճաղավանդակների հետև, ապա դա դու ես: (..) Այնքան տկարամիտ էս, որ նույնիսկ չգիտես, թե ինչ է նշանակում ատելության քարոզ: (..) Սույն երևույթը դեռ խաբար չի, որ օրենքի լեզվով խոսելը շանտաժ չէ, խաբար չի, որ երբ այդ նույն օգտատերը իմ էջում հայհոյում է ու առհասարակ ամենավերջին ստոր ձևերով գրում է բառեր: (..) Ամոթ քեզ, չնայած դու չունես այդ ամոթից։ Տուտուց, եթե իմ գիտելիքների չափ նվազագույն պաշար ունենայիր, ապա այսօր այս մակարդակին չէիր լինի: Դու նույնիսկ խուլիգանություն, շանտաժ և այլ բառերի խորքային իմաստը չգիտես, ուր մնաց հասկանաս գրածիդ իմաստը: Ճանաչեք այս կնոջը, ճանաչեք ու հիշեք, թե ինչ նենգությունների է պատրաստ, հանուն սեփական ես-ի։ Սույն երևույթը, այսօր եկել է վախեցած գերմանական դաշտամկան դեմքով հայտարարություններ է անում, այն էլ ֆանտաստիկայի ժանրերից՚ պարտավորեցնել պատասխանող Հայկազ Էդուարդի Մակարյանին ֆեյսբուքյան իր հետևյալ https://m.facebook.com/hmakaryan1 էջով գրավոր հերքել՝ այն ապատեղեկատվություն լինելու հիմքով։ Հերքման հոդվածի վերնագիրը նշել ՙՀերքում Գայանե Մանուկյանի վերաբերյալ՚։ Պատասխանող Հայկազ Էդուարդի Մակարյանից հօգուտ Գայանե Հովիկի Մանուկյանի բռնագանձել 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար հասցված ոչ նյութական վնասի հատուցում և 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հասցված ոչ նյութական վնասի հատուցում։ Անհնարինության դեպքում պարտավորեցնել պատասխանող Հայկազ Էդուարդի Մակարյանին վճիռը օրինական ուժ ստանալուց հինգ օրվա ընթացքում ներողություն խնդրել և հանդես գալ հերքմամբ առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով նույն բովանդակությամբ տեքստը, ինչ նախատեսված է https://m.facebook.com/hmakaryan1 ֆեյսբուքյան էջով տպագրելու համար։ Խնդրել նաև դատարանին եզրափակիչ դատական ակտով անդրադառնալ դատական ծախսերին և պատասխանող Հայկազ Էդուարդի Մակարյանից հօգուտ Գայանե Հովիկի Մանուկյանի բռնագանձել 300.000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Պատասխանողի իրավական դիրքորոշումը. Պատասխանողը և ներկայացուցիչն առարկել են պահանջի դեմ, խնդրել են հայցը մերժել ամբողջությամբ և ներկայացրել դիրքորոշում այն մասին, որ Հայցվոր կողմը չունենալով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցներ փորձել է նախկինում կողմերի միջև քննված քաղաքացիական գործից իրեն հարմար հատվածներից, հատված առ հատված ներքաշել սույն քաղաքացիական գործի շրջանակներ, որպեսզի փորձի ինչ որ կերպ հիմնավորել իր կողմից վկայակոչված փաստական հանգամանքները։ Ուսումնասիրելով դատական ակտից կամ գործի քննության ընթացքում ուսումնասիրած փաստերից հատվածների սույն գործով վկայակոչված մասերին, կարելի է փաստել, որ հայցվորը նման կերպ փորձել է չհաստատված հանգամանքը այն է՝ վիճարկվող հոդվածի հեղինակը Հայկազ Մակարյանն է և այն կատարվել է ուղղակի դիտավորությամբ միտքը ներկայացնել որպես ճշմարտություն և դատարանի մոտ ստեղծել ներքին համոզմունք։ Հայցվոր կողմը կարելի է ենթադրել, որ միտումնավոր նշված լույսի ներքո է ներկայացրել վերը նշվածը չանդրադառնալով այն հանգամանքին, որ նշված քաղաքացիակն գործով դատարանը արձանագրել է հայցվորի սադրիչ գրառումների առկայությունը և իր կարգավիճակին և կերպարին համապատասխան բարեկրթություն ի սկզբանե չցուցաբերելու գործողություններին մասնավորապես ՝ մեջբերում դատական ակտից․ ՙԴատարանը, տվյալ պարագայում հաշվի է առնում , որ քննությամբ պարզված են սոցիալական ցանցում լրատվամիջոցի խմբագիր հանդիսացող Հայցվորի` իր կարգավիճակին և կերպարին համապատասխան բարեկրթություն ի սկզբանե չցուցաբերելու գործողություններ, որն արտահայտվել է Պատասխանողի անձնական ու ընտանեկան կյանքի վերաբերյալ սադրիչ գրառմամբ և հրապարակման ներքևի հատվածում` Պատասխանողի լուսանկարի տեղադրմամբ, իսկ դրան հետևել են տարածումները մեկնաբանությունները, որպիսիք նպաստել են 08.02.2019 թվականի հրապարակման եղանակով վիրավորանքի հրապարակային եղանակով տարածմանը : Դատարանը գտնում է, որ Կողմերը պետք է միանշանակ ընդունեն, որ իրենց կարծիքը կարող է նաև քննադատության արժանանալ և գոյության իրավունք ունեն նաև իրենց համոզմունքները վիճարկող գաղափարները: Դատարանն հասարակության որևէ խմբի նկատմամբ անբարյացակամություն հրահրելու նպատակ հետապնդող, «ատելության պրոպագանդայի», պաշտպանության դերը չպետք է ստանձնի: Վիրավորական ելույթի և պարզապես համակրանք չվայելող ելույթի տարանջատումը հաճախ անհնար է լինում, ուստի պետությունը պետք է զգուշորեն ձեռնարկի սահմանափակումները Հայաստանի Հանրապետության համար տվյալ զգայուն ժամանակաշրջանում, որպեսզի չտուժի ավելի մեծ արժեքը, այն է հասարակության բազմակարծության նպատակը:՚ /տես թիվ ԱՐԱԴ/0752/02/19 քաղ․ գործով առաջին ատյանի դատական ակտը/ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված գործով կողմերի միջև ծագած վեճի բուն պատճառը դարձել են կեղծ/ ֆեյք/ էջերի գրառումները, մասնավորապես ՝ Արմեն Ալխասյան/ կամ Մալխասյան/, Վահե Յան և այլ կեղծ ֆեյսբուքյան էջերի միջոցով կատարված գրառումներ/ առնվազն չհիմնավորված է, որ վիճարկվող հոդվածը գրվել է Հայկազ Մակարյանի կողմից։ Քաղաքացիական գործերի տարափից , որոնք իրար հետևից ծագում են հայցվորի և պատասխանողի միջև կարելի է ենթադրել, որ ինչ որ մեկը կեղծ օգտատերերի միջոցով ամեն կերպ փորձում են հայցվորին և պատասխանողին բերել իրար նկատմամբ անհարգալի վերաբերմունքի դրսևորման, կամ ելնելով հայցվորի դրսևորած սադրիչ վարքագծից կարելի է ենթադրել, որ նա չունենալով բավարար լսարան պարբերաբար արհեստական խնդիրներ է ստեղծում մեծ լսարան ունեցող օգտատերերի համար, ուշադրություն կամ ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակով։ Հայցվորը քաջատեղյակ լինելով հայցային ընդդատության կանոններին, չունենալով ՀՀ–ում հաշվառում և բնակության վայր, հանդիսանալով ԱՄՆ քաղաքացի, ֆեյսբուքյան իր էջում սադրիչ գրառումներ կատարելու միջոցով ՀՀ-ում բազմաթիվ նույնաբովանդակ հայցեր է հարուցում / տես datalx.am կայք/։ Հայցվորը մի շարք սադրիչ գործողություններ է իրականացրել նաև՝ փաստաբանների հանդեպ մասնավորապես՝ փաստաբան Ալինա Ավետիսյանի և Նելլի Պապյանի նկարներն ազգային ժողովի դահլիճում բեռնելով մեր էջից տեղադրել է իր էջում և գրառում կատարել թե՝ ՙՆիկոլը սրանց նմաններին տարել է Ազգային Ժողով ԼԳՊՏ կոճակ սեղմելու՚ կամ իր և Փատաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյանի նկարը իր էջից բեռնելու եղանակով տեղադրել է իր էջում և գրառում կատարել՝ ՙահա թե որտեղ է թաղված շան գլուխը՚ իսկ դրանից հետո ստահոդ դիմում գրել Փաստաբանների պալատ թե իբրև փաստաբանները տարիներ շարունակ թիրախավորել են իրեն և իր ընտանիքի անդամներին նութը տեղադրելով իր էջում նշում կատարելով թե դիմել է Ազգային անվտանգություն փաստաբաններով զբաղվելու համար և այդ ամենը տարածվել է հենց նույն կեղծ էջերի միջոցով և միայն իր փաստաբանի հորդորով և Փաստաբանների պալատից ստացած մերժումից հետո այն հեռացրել է իր թջից թողնելով շրջանառության մեջ կեղծ էջերում։ Ելնելով վերը թվարկվածից և նշված դատական ակտով հաստատված հանգամանքից, որ հայցվորը դրսևորում է սադրիչ վարքագիծ կարող ենք ենթադրել, որ վիճարկվող հոդվածը տեղադրել է հենց հայցվորը ներբեռնելով Հայկազ Մակարյանի նկարը, կատարել արտատպում /սքրինշոթ/ և հետո ջնջել կամ հնարավոր է այն կատարված լինի վերը նշված կեղծ օգտատերերի կողմից և ուղարկված լինի հայցվորին, քանի որ իրականում պարզ չէ թե , որտեղ ինչ պայմաններում , ում կողմից, ինչ տեղնիկական միջոցներով են կատարվել արտատպումներն , որոնք որպես ապացույց ներկայացվել են դատարան։ ՀՀ Վերաքննիչ դատարանը թիվ ԵԱՆԴ/1383/02/16 գործով 16․11․2017թվականին կայացված որոշմամբ անդրադառնալով իրավական հարցադրումներին թե արդյոք ՙՖեյսբուք՚ սոցիալական ցանցի օգտատիրոջ կատարած գրառումը պարունակող պատկերի պատճենը համակարգչի էկրանից տպելով հանելու միջոցով ստացված գրավոր ապացույցը (փաստաթուղթը կամ նյութը) զրպարտությունը հիմնավորող ապացույց է և որ դեպքում ու ինչ ձևով այն կարող է համարվել զրպարտություն համարվող փաստացի տվյալները հաստատող պատշաճ ապացույց: Դատական պրակտիկայում որպես ապացույց լայնորեն օգտագործվում են ինտերնետային որևէ կայքէջից պատկերների պատճենը համակարգչի էկրանից թղթային կամ այլ կրիչի վրա տպելով հանելու միջոցով ստացված փաստաթղթերը (նյութերը), անգլերեն` screenshots, ռուսերեն` скриншоты, հայերեն` այսուհետ սքրինշոթներ: Սքրինշոթները որպես ապացույց դատարաններում օգտագործվելու և դրանց իսկությունը ստուգելու կապակցությամբ որոշ երկրների իրավական պրակտիկայի փորձը ցույց է տալիս, որ համակարգչի էկրանից կոնկրետ կայքէջի պատկերը տպելով հանելու միջոցով ստացված գրավոր փաստաթղթի իսկության հաստատման նպատակով դրանք ներկայացվում են նոտարական վավերացման, որի ընթացքում նոտարի կողմից իրականացվում է տվյալ պահին համակարգչի էկրանում դիտարկվող կայքէջի համապատասխան էջի դիտում, որի վերաբերյալ կազմվում է արձանագրություն և վավերացվում է նոտարի կողմից, դա կարող է կատարվել է կրանում դիտարկվող կայքէջի համապատասխան էջի պատկերը արտատպման արդյունքում ստացված գրավոր փաստաթղթի հետ համեմատելու և այդ փաստաթուղթը վավերացնելու միջոցով կամ ապացույցները պարզապես ապահովվում են նոտարի կողմից (օրինակ` Ռուսաստանի Դաշնությունում, Բելորուսի Հանրապետությունում և այլն): ՙՆոտարիատի մասին՚ ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն` նոտարն, ի թիվս այլ նոտարական գործողությունների, վավերացնում է փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների իսկությունը, ինչպես նաև ապահովում է ապացույցները: Դատարանն արձանագրում է, որ վերը նշված օրենքի կարգավորման շրջանակներում սքրինշոթները կարող են վավերացվել նոտարական կարգով կամ դրանք որպես ապացույցներ կարող են ապահովվել նոտարի կողմից, եթե հիմքեր կան ենթադրելու, որ ապացույցներ ներկայացնելը հետագայում կարող է դժվարանալ կամ անհնարին դառնալ, այսինքն` օրենսդրությունը նման հնարավորություն շահագրգիռ անձանց տալիս է: Դատարանը նաև ընդգծում է, որ ՀՀ օրենսդրությամբ սքրինշոթները նոտարական կարգով վավերացվելու պարտադիր պահանջ չկա, չկա նաև օրենսդրական որևէ կարգավորում` ինտերնետի տեղեկատվությունն ամրագրելու կոնկրետ ձևի և կարգի մասին և այն որպես ապացույց օգտագործելու վերաբերյալ, սակայն օրենքով կա պահանջ` գրավոր փաստաթղթի (նյութի) իսկությունը ստուգելու վերաբերյալ, ուստի եթե կողմը որևէ այլ կերպով, քան նոտարական վավերացմամբ, հնարավորություն ունի դատարանում հիմնավորելու տվյալ փաստաթղթի իսկությունը, ապա նոտարական վավերացման կարիք չկա, և հակառակը` նոտարական վավերացման պարագայում տվյալ փաստաթղթի իսկության ստուգման հիմքեր չկան: Նման դեպքերում դատարանը գտնում է, որ սքրինշոթները կարող են համարվել պատշաճ ապացույցներ, եթե դրանք պարունակում են որոշակի և կոնկրետ տվյալներ, որոնց միջոցով հնարավոր է ստուգել դրանց իսկությունը և համոզվել, որ էկրանի տվյալ պատկերն իրոք եղել է տվյալ կայքէջում և ինտերնետ կապի միջոցով ստացել է տարածում: Դատարանը գտնում է, որ եթե ներկայացված սքրինշոթները նոտարական կարգով վավերացված չեն, ապա դրանց իսկությունը հնարավոր կլինի ստուգել որոշակի լրացուցիչ տվյալներով, մասնավորապես` որպես այդպիսի տվյալներ կարող են հանդիսանալ հետևյալները՝ 1. կայք էջից պատկերի պատճենը համակարգչի էկրանից տպելով հանելու միջոցով ստացվելուց և թղթային կրիչի վրա փոխանցվելուց հետո այդ փաստաթղթի վրա դրված է ինտերնետի տվյալ կայքէջից այն ստանալու ամսաթիվն ու ժամը, 2. դրա վրա առկա են տեղեկություններ այն անձի մասին, ով համակարգչի էկրանի վրա է տեղափոխել համապատասխան կայք էջի պատկերը, այնուհետև իրականացրել է արտատպումը՝ տեղեկությունը փոխանցելով թղթային կրիչի վրա, դա կարող է հաստատվել վերջինիս ստորագրությամբ, 3. առկա են տեղեկություններ այն համակարգչի մասին, որտեղից և որի միջոցով կատարվել է արտատպումը, 4. առկա են տեղեկություններ, թե ինչ համակարգչային տեխնոլոգիայի (ծրագրի) կիրառմամբ է դա ստացվել (եթե այդպիսին կիրառվել է) և այլն: Քանի որ ապացույցի իսկության մեջ հավաստվելու առումով օրենսդրությամբ վերը նշված պահանջներն ամրագրված չեն, դատարանը գտնում է, որ դրանց ցանկը սպառիչ չէ, հետևաբար կախված այդ տվյալների քանակից, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում սքրինշոթների պատշաճ լինելը դատարանը պետք է գնահատի` այդ գործով ներկայացված կոնկրետ սքրինշոթները հետազոտելով և դրանց իսկության մեջ համոզվելով դրանց վրա առկա տվյալներով: Ընդ որում, դատարանի համար դրանց իսկությունը ստուգելու նպատակով կարող է ընդունվել ցանկացած փաստ, տեղեկություն, տվյալ, որոնց համակցությունը բավարարության տեսանկյունից դատարանի մոտ կարող է ստեղծել համոզմունք հաստատված համարելու այն փաստը, որ համակարգչի էկրանից կատարված արտատպումն իրոք տվյալ ինտերնետային կայքէջից է կատարվել, և դրա հեղինակը եղել է այդ կայքէջի կոնկրետ օգտատերը: Վերը նշված վերլուծությունների արդյունքում դատարանը եկել է հետևյալ եզրահանգման. սքրինշոթները որպես ապացույց կարող են դատարանի կողմից հիմք ընդունվել ինչպես այն դեպքերում, երբ դրանք կազմվել և դրանց իսկությունը հաստատվել (վավերացվել) է կամ դրանք որպես ապացույց ապահովվել են նոտարի կողմից, այնպես էլ այն դեպքերում, երբ դրանք հասարակ գրավոր ձևով ներկայացվել են հենց շահագրգիռ անձի կողմից` այն պայմանով, որ կայքէջից պատկերի պատճենը համակարգչի էկրանից տպելով հանելու միջոցով ստացվելուց և թղթային կրիչի վրա փոխանցվելուց հետո այդ փաստաթղթի (սքրինշոթի) վրա դրված է ինտերնետի տվյալ կայքէջից այն ստանալու ամսաթիվն ու ժամը, դրա վրա առկա են տեղեկություններ այն անձի մասին, ով համակարգչի էկրանի վրա է տեղափոխել համապատասխան կայքէջի պատկերը, այնուհետև իրականացրել է արտատպումը՝ տեղեկությունը փոխանցելով թղթային կրիչի վրա (անձի վերաբերյալ հնարավոր կասկածները բացառելու նպատակով դա պետք է հաստատվի վերջինիս ստորագրությամբ), առկա են տեղեկություններ այն համակարգչի մասին, որտեղից կատարվել է արտատպումը, առկա են տեղեկություններ, թե ինչ համակարգչային տեխնոլոգիայի (ծրագրի) կիրառմամբ է դա ստացվել (եթե այդպիսին կիրառվել է), և /կամ/ առկա են այլ տվյալներ, որոնք հնարավորություն կտան ստուգել սքրինշոթների իսկությունը և համոզվելու, որ համակարգչի էկրանից կատարված արտատպումն իրոք տվյալ ինտերնետային կայքէջից է կատարվել, և դրա հեղինակը եղել է այդ կայքէջի կոնկրետ օգտատերը: Տվյալ դեպքում դատարանը հետազոտելով ՙՖեյսբուք՚ սոցիալական ցանցի ՙՓաստաբաններ՚ խումբում Լիանա Բալյանի անվամբ կատարված գրառումների մասին պատկերները համակարգչի էկրանից թղթային կրիչի վրա տպելով հանելու միջոցով ստացված փաստաթղթերը` սքրինշոթները, պարզել է, որ դրանք նոտարական վավերացում չեն ստացել, դրանք որպես դատարանում ապացույցներ օգտագործվելու համար նոտարի կողմից օրենքով սահմանված կարգով չեն ապահովվել: Հաշվի առնելով, որ ներկայացված սքրինշոթների իսկությունը ստուգելու և դրանց որպես ապացույց պատշաճ լինելը պարզելու առումով նոտարական վերը նշված գործողությունների կատարումն օրենքով պարտադիր չէ` դատարանը հարկ է համարել դրանց հետազոտմամբ ստուգել, թե արդյոք ներկայացված սքրինշոթների վրա առկա են վերը նշված տվյալները /տեղեկությունները/ կամ դրանցից մի քանիսը կամ առկա են այլ այնպիսի տվյալներ, որոնք հնարավորություն կտան դատարանին ստուգելու դրանց իսկությունը և համոզվելու, որ համակարգչի էկրանից կատարված արտատպումներն իրոք տվյալ ինտերնետային կայքէջից են կատարվել, և դրանց հեղինակը եղել է այդ կայքէջի կոնկրետ օգտատերը: Ղեկավարվելով վերը արտահայտած իրավական գնահատականով, գտնում ենք, որ սույն գործով հայցադիմումի հիմքում դրված սքրինշոթ վերտառությամբ փաստաթղթերը չեն ներկայացվել օրենքի պահանջին համապատասխան, հայտնի չէ թե ի սկզբանե/ աղբյուրը/ ում կողմից են դրանք սքրինշոթ արվել, ինչ եղանակով , ինչ համակարգչի միջոցով , ում կողմից և երբ ինչպես նաև չեն պահպանվել վերը թվարկված մնացած պահանջները, ուստի դրանք անթույլատրելի են որպես ապացույց չեն կարող դրվել հայցապահանջի բավարարման հիմքում։ Անդրադառնալով դատական ծախսերին, դատարանին են ներկայացրել իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի պատճեն հաստատված ընկերության կնիքով և խնդրել են Հայցվորից հօգուտ Պատասխանողի բռնագանձել 200000 ՀՀ դրամ, որպես դատական ծախս: Պատճառաբանական մաս. Գործի փաստերը. Սույն գործի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը. 1. Հայցվորը և Պատասխանողը հանդիսանում են www.facebook.com սոցիալական ցանցի օգտատատերեր։ 2. Համաձայն ներկայացված փաստաթղթի Պատասխանողը հանդիսանում է Haykaz Makaryan www.facebook.com սոցիալական կայքէջի օգտատատեր։ 3. Ներկայացված փաստաթղթի մեջ տեղ գտած Հոդվածում նշագրված են ՙվիճարկվող արտահայտություններով՚ գրառումները, որոնք եղել են հրապարակային և ուղղված են եղել Հայցվորին: 4. Հոդվածում որպես վիրավորանք պարունակող արտահայտություններ նշվել է ՙչարաժանտ այս երևույթը, գայուշիկ, այնքան տկարամիտ ես, տուտուց, գերմանական դաշտամուկ՚։ 5. Հոդվածում արտահայտված գրառումներն ամբողջությամբ համաձայն հայցվորի ներկայացված դիրքրոշման համարվում է զրպարտություն: 6. Հայցվորը Դատարան ներկայացրել է հերքման գրավոր տեքստ : Իրավական վերլուծությունը. Լսելով կողմերին, գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու , ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից՝ տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու ,ստանալու և տարածելու ազատությունը: Մամուլի , ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է : Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական , մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը : Կարծիքի աարտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով պետական անվտանգության , հասարակական կարգի , առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Սահմանադրության 78-րդ հոդված համաձայն՝ Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար Ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված Միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և Ազատության նշանակությանը: Սահմանադրության 79-րդ հոդված համաձայն՝ Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմաանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի ,որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Սահմանադրության 81-րդ հոդված 2-րդ մասի համաձայն՝ Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10 հոդվածի համաձայն՝ 1.Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենանլու , տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի համաձայն՝ 1. Անձը , որի պատիվը արժանապատվությունը կամ գործարար համբավը Արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով , կարող է դիմել դատարան ՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: 2. Սույն օրենսգրքի իմաստով՝ վիրավորանքը խոսքի , պատկերի, ձայնի , նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանպատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Սույն օրենսգրքի իմաստով՝ հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: 3. Սույն օրենսգրքի իմաստով ՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է ,որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: 4. Զրպարատության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին: 5 . Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնեը չի համարվում զրպարտություն , եթե՝ գ դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում. գ դա տվյալ իրավիճակում և իր բովանադակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ՝ պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը , ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները. գ այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից: 6. Անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին): 7. Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը` 1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը. 2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը. 3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել: 8. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը` 1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով. 2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել: 9. Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը: 10. Անձը չի կարող օգտվել սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչև դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում և (կամ) իր պատասխանի հրապարակում, և լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը: 11. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ` 1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը. 2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը: Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը: 12. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը: 13. Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում: ՀՀ Սահմանադրական դատարանն իր թիվՍԴՈ-997 որոշման մեջ ամրագրել է, որ երբ քննության առարկա է պետք է առաջնորդվի ոչ միայն օրենքի նորմերն իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան մեկնաբանությամբ կիրառելու պահանջով, այլև միջազգային պրակտիկայով, և հատկապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով, իսկ ՙվիրավորանք՚ և ՙզրպարտություն՚ եզրույթները կիրառելիս պետք է հաշվի առնվի Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Dyuldin and Kislov v. Russia գործով ՄԻԵԴ-ը հստակ սահմանել է հետևյալը. ՙՀրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը ,որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք լինի այնպիսի հանգամանք,որ սովորական ընթերցողն էլ զգա,որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին , կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ՚: Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` վիրավորանք գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներով արձանագրել է` 1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը, 2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը: 3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը: Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը ևս կատարում է արտահայտություններ և ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու և ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով: Այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց: Մեկնաբանվող հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային (անձը վիրավորել է տուժողին առանց երրորդ անձանց ներկայության): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված դրույթում ամրագրված վիրավորանքի սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումը այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տե´ս Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե´ս Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45): Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը պարտադիր է արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար: Այդուհանդերձ, օրենսդիրն ամրագրել է որոշակի դեպքեր, երբ արտահայտությունը թեև բավարարում է վերոնշյալ պայմաններին, սակայն կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ օրենքի ուժով կարող է չհամարվել վիրավորանք: Այդպիսիք են այն դեպքերը, երբ տեղեկատվությունը հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Օրենսդրական նման ձևակերպումը հիմք է արձանագրելու, որ այդ դեպքերը յուրաքանչյուր կոնկրետ գործով ենթակա են առանձին գնահատման` պարզելու, թե արդյոք տվյալ բովանդակությամբ և տվյալ իրավիճակում ներկայացված արտահայտությունը պարունակում է վիրավորանք, թե ոչ: Վերոգրյալից զատ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ անդրադառնալով նշված հարցին` Եվրոպական դատարանը նշել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել` հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տե´ս Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33): Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում: Հետևաբար, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով: Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումների մեջ մեջ արձանագրել է, որ անդրադառնալով կոնկրետ արտահայտության զրպարտություն գնահատելու չափանիշներին, ամրագրել է, որ կամայական արտահայտությունը զրպարտություն գնահատելու չափանիշներն են. 1. Անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինի փաստացի տվյալներ, այսինքն ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկատվություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական, 2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային, 3. ներկայացված փաստից տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն՝ պետք է լինեն սուտ անհիմն, ոչ հավաստի, 4. ներկայացված փաստից տվյալները իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Քննության առնելով կոնկրետ դեպքը դատարանն արձանագրում է, որ սույն գործի լուծման համար պետք է պարզել հետևյալ հանգամանքները, թե արդյոք Պատասխանողի կողմից Հայցվորի հանդեպ կատարվել են վիրավորանք և զրպարտություն պարունակող արտահայտություններ, թե ոչ, եթե այո, ապա դրանք պարունակում են արդյոք վիրավորանք և զրպարտություն, թե ոչ, որից հետո անդրադառնալ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջին: Դատարանն արձանագրում է, որ նախնական դատական նիստերի ժամանակ գործով կատարվել են ապացուցման պարտականության բաշխմանն ուղղված գործողություններ, որի համաձայն Հայցվորի վրա է դրվել պարտականություն ապացուցելու, որ պատասխանողի կողմից կատարվել են վիրավորական արտահայտություններ, դրանք եղել են հրապարակային և պահանջվող փոխհատուցման ենթակա գումարը համաչափ է: Բացի այդ, պատասխանողի վրա է դրվել պարտականություն ապացուցելու, որ իր կողմից կատարված արտահայտությունները չեն կրում զրպարտչական փաստական հանգամանքներ, այսինքն բացակայում է զրպարտությունը, ինչպես նաև, որ արտահայտությունները չեն կատարվել Պատասխանողի կողմից: Սույն գործի փաստերը և ապացույցները հետազոտելով և վերլուծելով դատարանը փաստում է, որ գործով հիմնավորվել է հետևյալը: Հայցվոր կողմն իր վկայակոչած փաստերի հիմքում դրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցից կատարված Հոդվածի արտատպում /սքրինշոթ/: Փաստաթղթի ձախ վերևի անկյունում նշված է ՙHaykaz Makaryan՚ անունը և առկա է նկար: Բացի այդ, փաստաթուղթը պարունակում է նաև ինտերնետային կայքէջին համապատասխանող տեղեկություններ, հասցեներ և այլ հատկանիշներ: Հոդվածում նշվել են հետևյալ արտահայտությունները ՙչարաժանտ այս երևույթը, գայուշիկ, այնքան տկարամիտ ես, տուտուց, գերմանական դաշտամուկ՚։ Վերլուծելով ներկայացված եզրույթները, դատարանը փաստում է, որ դրանք ուղղված լինելով կոնկրետ անձին պարունակում են վիրավորանք, մասնավորապես ՙչարաժանտ՚ տերմինը, ըստ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի նշանակում է չար և ժանտ, չար և դաժան, ՙտկարամիտ՚ տերմինը նշանակում է թուլամիտ, պակասամիտ, անխելք, չկշռադատող և այլն, ՙտուտուց՚ տերմինը նշանակում է անխելք, տխմար, ծանծաղամիտ, ՙգերմանական դաշտամուկը՚ դա կրծողների դասին պատկանող կենդանի է, իսկ ՙգայուշիկը՚ քննարկելով ընդհանուր արտահայտության մեջ նպատակ է ունեցել ցուցադրել Հայցվորի անձի փոքրությունը, նսմեացնել նրան: Հետևաբար, դատարանն արձանագրում է, որ Հայցվորը կարողացել է հիմնավորել, որ Պատասխանողի կողմից կատարվել է վիրավորական արտահայտություններ Հայցվորի հանդեպ: Ինչ վերաբերվում է զրպարտությանը, ապա դատարանն արձանագրում է, որ Հայցվորի այն պնդումները, որ Հոդվածն ինքնին զրպարտություն է, ապա դատարանը փաստում է, որ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Մինչդեռ Հոդվածում այդպիսի փաստացի տվյալներ չեն ներկայացվել և կատարված արտահայությունները դատարանը գնահատել է որպես վիրավորանք: Անդրադառնալով Պատասխանող կողմի առարկություններին դատարանն արձանագրում է, որ Պատասխանողի ներկայացուցիչը նշել է, որ Հոդվածը տեղադրվելլ է Հայցվորի կողմից, որպես սադրիչ գործողություններ և հետագայում ունենալով այլ նպատակներ: Սակայն դատարանը փաստում է, որ որևէ ապացույց, այդ փաստը հիմնավորելու վերաբերյալ, դատարանին չի ներկայացվել: Պատասխանող կողմն առարկել է նաև հետևյալ փաստարկով, որ նախ որպես ապացույց ներկայացվել է ՙսքրինշոթ՚, որը պետք է դիտել որպես ոչ պատշաճ ապացույց և երկրորդ արտահայտությունները, որոնք ներկայացվել է Հայցվորի կողմից քննարկված են եղել նախկինկինում կողմերի միջև քննված այլ քաղաքացիական գործով: Ինչ վերաբերվում է Պատասխանող կողմի դիրքորոշմանը, որ համաձայն վերաքննիչ դատարանի կողմից ԵԱՆԴ/1313/02/16 որոշման սքրինշոթը չի կարող դիտվել որպես ապացույց և պետք է հաստատվի նոտարական վավերացմամբ, ապա դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը արձանագրել է հետևյալը. ՙՎերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոքաբերի կողմից նշված փաստարկն անհիմն է, քանի որ Հայցվորի կողմից ներկայացված պահանջը հիմնավորող կոնկրետ ապացույց օրենքով սահմանված չլինելու պայմաններում Դատարանը պետք է պարզեր ներկայացված ապացույցի թույլատրելի լինելու հանգամանքը (Հայցվորի կողմից ներկայացված փաստաթուղթը համակարգչի էկրանից կատարված արտատպում է լուսապատճենի տեսքով), այսինքն` ապացույցի դատավարական ձևի համապատասխանությունն օրենքի պահանջներին` աղբյուրի, ստացման եղանակի, պայմանների, ինչպես նաև ապացույցի ձևակերպման տեսանկյունից: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, իրավաչափ կերպով մեջբերելով սքրինշոթերը որպես ապացույց դատարանում օգտագործելու վերաբերյալ այլ երկրների իրավական պրակտիկայի փորձը, գտել է, որ դրանք կարող են համարվել պատշաճ ապացույցներ, եթե դրանց իսկությունը հաստատված է նոտարի կողմից կամ եթե իսկությունը հնարավոր է ստուգել լրացուցիչ տվյալներով, այն է` 1.կայքէջից պատկերի պատճենը համակարգչի էկրանից տպելով հանելու միջոցով ստացվելուց և թղթային կրիչի վրա փոխանցվելուց հետո այդ փաստաթղթի վրա դրված է ինտերնետի տվյալ կայքէջից այն ստանալու ամսաթիվն ու ժամը, 2.դրա վրա առկա են տեղեկություններ այն անձի մասին, ով համակարգչի էկրանի վրա է տեղափոխել համապատասխան կայքէջի պատկերը, այնուհետև իրականացրել է արտատպումը` տեղեկությունը փոխանցելով թղթային կրիչի վրա, դա կարող է հաստատվել վերջինիս ստորագրությամբ, 3.առկա են տեղեկություններ այն համակարգչի մասին, որտեղից և որի միջոցով կատարվել է արտատպումը, 4.առկա են տեղեկություններ, թե ինչ համակարգչային տեխնոլոգիայի (ծրագրի) կիրառմամբ է դա ստացվել (եթե այդպիսին կիրառվել է) և այլն: Միաժամանակ Դատարանն արձանագրել է ալտերնատիվ տարբերակ սքրինշոթերը որպես ապացույց դատարանում օգտագործելու և դրանց իսկությունը ստուգելու վերաբերյալ` սահմանելով, որ 1.կայքէջից պատկերի պատճենը համակարգչի էկրանից տպելով հանելու միջոցով ստացվելուց և թղթային կրիչի վրա փոխանցվելուց հետո այդ փաստաթղթի վրա դրված է ինտերնետի տվյալ կայքէջից այն ստանալու ամսաթիվն ու ժամը, 2.դրա վրա առկա են տեղեկություններ այն անձի մասին, ով համակարգչի էկրանի վրա է տեղափոխել համապատասխան կայքէջի պատկերը, այնուհետև իրականացրել է արտատպումը` տեղեկությունը փոխանցելով թղթային կրիչի վրա, դա կարող է հաստատվել վերջինիս ստորագրությամբ, 3.առկա են տեղեկություններ այն համակարգչի մասին, որտեղից և որի միջոցով կատարվել է արտատպումը, 4.առկա են տեղեկություններ, թե ինչ համակարգչային տեխնոլոգիայի (ծրագրի) կիրառմամբ է դա ստացվել (եթե այդպիսին կիրառվել է) և այլն: Նման ոչ սպառիչ ցանկի սահմանելով` Դատարանը փաստել է, որ սքրինշոթերի իսկությունը ստուգելու նպատակով կարող է ընդունվել ցանկացած փաստ, տեղեկություն, տվյալ, որոնց համակցությունը բավարարության տեսանկյունից կարող է ստեղծել համոզմունք հաստատված համարելու այն փաստը, որ համակարգչի էկրանից կատարված արտատպումն իրոք տվյալ ինտերնետային կայքէջից է կատարվել, և դրա հեղինակը եղել է այդ կայքէջի կոնկրետ օգտատերը՚: Տվյալ դեպքում դատարանը փաստում է, որ նախ պետք է պարզել, թե արդյոք Պատասխանողի ներկայացուցչի կողմից մատնանշված գործով և սույն գործով ներկայացված ՙարտատպումները՚ նույնական են և կրում են նույնանման հատկանիշներ, թե ոչ, նոր միայն անդրադառնալ դրանց ոչ թույլատրելի լինելու հանգամանքին: Դատարանն արձանագրում է, որ վերը նշված գործով հաստատված է համարվել հետևյալ հանգամանքը .ՙ Արդյունքում դատարանը պարզել և հաստատված է համարել, որ գրառումների վերաբերյալ պատկերների պատճենները համակարգչի էկրանից տպելով հանելու միջոցով ստացվելուց և թղթային կրիչի վրա փոխանցվելուց հետո հայցվոր կողմի ներկայացրած սքրինշոթների վրա դրված չէ ՙՖեյսբուք՚ սոցիալական կայքէջից այն ստանալու ամսաթիվը, դրա վրա առկա չեն տեղեկություններ այն անձի մասին, ով համակարգչի էկրանի վրա տեղափոխել է ֆեյսբուքյան էջի պատկերները (գրառումները), այնուհետև իրականացրել է արտատպումը` տեղեկությունը փոխանցելով թղթային կրիչի վրա, բացակայում է նաև այդ անձի ստորագրությունը, առկա չեն տեղեկություններ այն համակարգչի մասին, որտեղից և որի միջոցով պատրաստվել են սքրինշոթները, առկա չեն տեղեկություններ, թե ինչ համակարգչային տեխնոլոգիայի (ծրագրի) կիրառմամբ են դրանք ստացվել (եթե այդպիսին կիրառվել է) և այլն՚: Այսինքն ստացվում է, որ վերը նշված և հղում կատարված գործով արված սքրինշոթը չի ունեցել սոցիալական ցանցից արտատպելու փաստը հիմնավորող ապացույց-հատկանիշներ: Մինչդեռ, սույն գործով ներկայացված փաստաթղթի հետազոտումից երևում է, որ այն պարունակում է սոցիալական ցանցից արտատպելու հատկանիշներ, արված է Պատասխանողի էջից, հետևաբար և նրա կողմից: Այս փաստերը հիմնավորվում են նաև Հայցվորի կողմից ներկայացված տեսաերիզով կատարված տեսաձայնագրմամբ և Հոդվածի ու հեղինակի վերաբերյալ ներկայացվող նշագրումներով: Ինչ վերաբերվում է Պատասխանողի ներկայացված առարկություններին, որ դրանք նախկինում քննված գործով շարունակություններն են, ապա դատարանը արձանագրում է, որ ներկայացված ապացույցներով հստակ հիմնավորվում է, որ գրառումը կատարվել է 14.05.2020թ., հետևաբար չէր կարող վերաբերվել նախկինում քննված քաղաքացիական գործով հաստատված հանգամանքներին և լինել շարունակությունը: Անդրադառնալով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցման պահանջին, դատարանը համարժեք է համարում վիրավորանքի համար պահանջվող դրամական փոխհատուցման ենթակա գումարի չափը և գտնում է, որ այդ մասով նույնպես պահանջը ենթակա է բավարարման և Պատասխանողից հօգուտ Հայցվորի ենթակա է բռնագանձման 100000 ՀՀ դրամ որպես ոչ նյութական վնասի գումար: Ինչ վերաբերվում է զրպարտության համար պահանջվող ոչ նյութական վնաս գումարին, ապա հաշվի առնելով, որ դատարանը զրպարտության մասով պահանջը համարում է անհիմն և մերժման ենթակա, ուստի այդ մասով գումարի բռնագանձման պահանջը նույնպես ենթակա է մերժման: Հետևաբար դատարանը փաստում է, որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման մասնակի վերը նշված պատճառաբանությամբ: Դատական ծախսեր. Անդրադառնալով դատական ծախսերի հարցին, ապա համաձայն «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ: Նույն օրենքի 9 հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է` գույքային պահանջով` հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, իսկ նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է` ոչ գույքային պահանջով` բազային տուրքի քառապատիկի չափով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։ Ուստի դատարանը, ելնելով բավարարված պահանջների համամասնության կարգով պետական տուրքի բռնագանձման սկզբունքից, արձանագրում է, որ հաշվի առնելով, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի, ուստի Պատասխանողի հօգուտ Հայցվորի ենթակա է բռնագանձման 6000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Մնացած մասով պետական տուրքի հարցը համարվում է լուծված: Անդրադառնալով փաստաբանի խելամիտ վարձատրությանը, դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Հայցվորի և Պատասխանողի ներկայացուցիչները խնդրել են բռնագանձել գումար, որպես դատական ծախս և որպես նշված դատական ծախսը կատարելու ապացույց ներկայացրել է իրավաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագիրը, ուստի դատարանը, ելնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105 հոդվածի պահանջներից, պետք է անդրադառնա դատական ծախսի հարցի լուծմանը: Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԿԴ/1587/02/10 գործով Վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը): Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բազմաթիվ վճիռներով (օրինակ, Հարությունյանն ընդդեմ Հայաստանի թիվ 36549/03, Գալստյանն ընդդեմ Հայաստանի թիվ 26986/03, Մայզիթն ընդդեմ Ռուսաստանի թիվ 63378/00 գանգատներով վճիռները) տրվել է հատուցման ենթակա ծախսերի և ծախքերի հատուցման պահանջին ներկայացվող որոշակի չափանիշներ: Մասնավորապես, ծախսերի և ծախքերի հատուցման պահանջը պետք է լինի իրական, անհրաժեշտ և ողջամիտ: Իրական` նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է փաստաթղթային ողջամիտ ապացույցներ ներկայացնի առ այն, որ ծախսն իրականում գոյություն ունի, ծախսերի հատուցման պահանջը չի կարող հիմնված լինել ենթադրությունների, շահարկումների և ապագայում տեղի ունենալիք հնարավոր կամ անհնարին իրադարձությունների ու փաստերի վրա: Անհրաժեշտ` նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ այդ հատուցումն իրոք անհրաժեշտ է իր խախտված իրավունքները վերականգնելու համար և, որ ամենակարևորն է, պետք է ցույց տա իր կրած ծախսերի ու իր իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապը: Ողջամիտ` նշանակում է, որ ծախսերի և ծախքերի հատուցման պահանջի չափը պետք է համարժեք լինի հենց այդ ծախսերին, ինչը բնականաբար ևս հնարավոր է ապացուցել միայն հստակ փաստաթղթային եղանակով, բացառելով ենթադրությունները և շահարկումները: Ստրասբուրգյան Դատարանը գտել է, որ ըստ իր նախադեպային իրավունքի` ծախսերի փոխհատուցում ստանալու համար տուժող կողմը պետք է դրանք կրած լինի Կոնվենցիայի խախտումը կանխելու կամ խախտված իրավունքը վերականգնելու ջանքերի ժամանակ, և դա պետք է հաստատվի Դատարանի կողմից բավարարում ակնկալելու համար: Պետք է նաև ցույց տրվի, որ ծախսերը կատարվել են փաստացիորեն և անհրաժեշտաբար, և որ դրանց քանակը ողջամիտ է (տես Ֆիլիպսն ընդդեմ Հունաստանի 1991թ. օգոստոսի 27-ի վճիռը, Շարքեր Ա, էջ 25, կետ 74, ինչպես նաև Նիկոլովան ընդդեմ Բուլղարիայի 1999թ. մարտի 25-ի վճիռը, Վճիռների և որոշումների Ժողովածուներ 1997-II, էջ 227, կետ 79): Ընդունված նախադեպերին համապատասխան` Դատարանը ծախսերի և ծախքերի փոխհատուցում կտրամադրի ճանաչված խախտումների մասով, և այն չափով, որքանով կատարված ծախսերն եղել են փաստացի և անհրաժեշտ, իսկ դրանց չափը` հիմնավորված (տես, ի թիվս այլ գործերի, Schouten and Meldrum v. the Netherlands, 9 դեկտեմբերի 1994թ., Series A թիվ 304, էջեր 28-29, կետ 78, և Lorse and Others v. the Netherlands, թիվ 52750/99, կետ 103, 4 փետրվարի 2003թ.): Ելնելով վերը նշված չափանիշներից և նկատի ունենալով, որ փաստաբան Լևոն Բաղդասարյանը փաստաբանական ծառայություններ է մատուցել Հայցվորին, այն է՝ կազմել է հայցադիմում, ներկայացրել է ապացույցներ, մասնակցել է նշանակված դատական նիստերին, ուստի հաշվի առնելով փաստաբանի կատարած աշխատանքը, ինչպես նաև գործի բարդությունը, դրանից բխող դրական արդյունքը` դատարանը սույն գործով փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց պահանջվող 300000 ՀՀ դրամ գումարը ողջամիտ ու խելամիտ է համարում և գտնում է, որ որպես փաստաբանի վարձատրության ողջամիտ ու խելամիտ դատական ծախս Պատասխանողից հօգուտ Հայցվորի ենթակա է բռնագանձման 300000 ՀՀ դրամ: Հաշվի առնելով, որ հայցը մերժվում է Պատասխանողի ներկայացուցչի՝ դատական ծախսեր բռնագանձելու պահանջը ենթակա է մերժման: Եզրափակիչ մաս. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ, 188-189-րդ, 192-րդ, 194, 198-199-րդ հոդվածների պահանջներով, դատարանը. Վ Ճ Ռ Ե Ց Հայցը բավարարել մասնակի: Վճռի օրինական ուժ ստանալուց 5 օրվա ընթացքում 14.05.2020 թվականին https://m.facebook.com/story.php?story_fbid=1772139929594043&id=100003941592533 հետևյալ հղումով հրապարակված ՙչարաժանտ այս երևույթը, գայուշիկ, այնքան տկարամիտ ես, տուտուց, գերմանական դաշտամուկ՚ վիրավորական արտահայտությունների համար պատասխանող Հայկազ Էդուարդի Մակարյանին պարտավորեցնել ֆեյսբուքյան իր հետևյալ https://m.facebook.com/hmakaryan1 էջով գրավոր ներողություն խնդրել Գայանե Հովիկի Մանուկյանից։ Պատասխանող Հայկազ Էդուարդի Մակարյանից հօգուտ Գայանե Հովիկի Մանուկյանի բռնագանձել 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար հասցված ոչ նյութական վնասի հատուցում։ Անհնարինության դեպքում պարտավորեցնել պատասխանող Հայկազ Էդուարդի Մակարյանին վճիռը օրինական ուժ ստանալուց հինգ օրվա ընթացքում ներողություն խնդրել և հանդես գալ հերքմամբ առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով նույն բովանդակությամբ տեքստը, ինչ նախատեսված է https://m.facebook.com/hmakaryan1 ֆեյսբուքյան էջով տպագրելու համար։ Մնացած մասով պահանջը մերժել: Պատասխանող Հայկազ Էդուարդի Մակարյանից հօգուտ հայցվոր Գայանե Հովիկի Մանուկյանը բռնագանձել 6000 /վեց հազար/ ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Պատասխանող Հայկազ Էդուարդի Մակարյանից հօգուտ հայցվոր Գայանե Հովիկի Մանուկյանը բռնագանձել 300000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով պարտապանի հաշվին։ Վճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման պահից մեկ ամսյա ժամկետում: ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆ
|