Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
ԳՈՐԾ ԵԱԴԴ/0621/02/09
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով`
05.10.2009թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` ԱՐԹՈՒՐ ՍՄԲԱՏՅԱՆԻ
քարտուղարությամբ` ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ
Մասնակցությամբ Հայցվոր` ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ
Հայցվորի ներկայացուցիչ` ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ
Պատասխանողի ներկայացուցիչ` ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
Երրորդ անձի ներկայացուցիչ` ՀԱՍՄԻԿ ԱՄԻՐՅԱՆԻ

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ռուբեն Գևորգյանի և Աննա Եվդոկիմովնայի ընդդեմ Հռիփսիմե և Ռաֆայել Գևորգյանների, երրորդ անձ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի` ձեռքբերման վաղեմության ուժով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին

 

ՊԱՐԶԵՑ

Դատավարական նախապատմություն

Ռուբեն Գևորգյանի կողմից սույն հայցադիմումը` ձեռքբերման վաղեմության ուժով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել 08.06.2009 թվականին, որը 09.06.2009 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել ու նշանակվել դատական քննության:

Հայցվորի դիրքորոշումը

Դիմելով դատարան` հայցվորները հայտնել են, որ իրենք մայր ու որդի են: Երևանի Շահումյանի շրջսովետի գործադիր կոմիտեի կողմից հայցվորներից Ռուբեն Գևորգյանի պապին` Գառնիկ Գևորգյանին և նրա ընտանիքին` կնոջը` Ֆլորենցիա Ներսիսյանին, որդուն` Արտավազդ Գևորգյանին, դստերը` Հռիփսիմե Գևորգյանին և վերջինիս որդուն` Ռաֆայել Գևորգյանին, 01.02.1967 թվականին հատկացվել է Երևանի Սիսակյան 10-րդ շենքի թիվ 29 բնակարանը, որի համար տրվել է թիվ 11453 օրդերը: Գառնիկ Գևորգյանի, Ֆլորենցիա Ներսիսյանի, նրանց որդու` Արտավազդ Գևորգյանի մահից հետո հայցվորները, լինելով վերջինի կինը և որդին, պատասխանողների հետ միասին մշտական գրանցմամբ շարունակել են բնակվել վերոգրյալ բնակարանում: Համաձայն 1993 թվականի հունիսի 23-ին ընդունված "Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին" ՀՀ օրենքի` թույլատրվեց ՀՀ տարածքում պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումը քաղաքացիներին: Որպես ՀՀ-ում մշտական բնակվող, վերոնշված բնակարանում գրանցում ունեցող քաղաքացի, սույն օրենքով սահմանված կարգով դիմել են Մաշտոցի շրջգործկոմ բնակարանն անհատույց իրենց որպես սեփականություն հատկացնելու համար: Նշված գործընթացն իրականացնելու համար պահանջվել է բնակարանում մշտապես հաշվառված և բնակվող չափահաս ընտանիքի անդամների գրավոր համաձայնությունը: Պատասխանողները հրաժարվել են տալ իրենց գրավոր համաձայնությունը և բնակարանը չի սեփականաշնորհվել: Իրենք պատասխանողների կամայականության պատճառով հնարավորություն չեն ունեցել օգտվելու սույն օրենքից: Ռուբեն Գևորգյանը 14.04.2009 թվականին բնակարանը սեփականացնելու կապակցությամբ նորից դիմել է Աջափնյակ թաղային համայնքի ղեկավարին և ստացել է պատասխան, որ Սիսակյան 10 շենքի թիվ 29 բնակարանի օտարման համար հարկավոր է ներկայացնել Հռիփսիմե և Ռաֆայել Գևորգյանների գրավոր համաձայնագրերը: Վերջիններս այս անգամ ևս հրաժարվել են տալ իրենց համաձայնությունը: Նշված բնակարանում հայցվորներից Ռուբեն Գևորգյանը բնակվում է ծնված օրվանից, հաշվառված է 1989 թվականից, իսկ մայրը մշտապես հաշվառված է 1982 թվականից, ավելի քան 25 տարուց ավել բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում են Երևանի Սիսակյան 10 շենքի թիվ 29 բնակարանը որպես սեփական գույք: Կատարում են կոմունալ վճարումները և հոգ են տանում գույքի պահպանման համար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք /ձեռքբերման վաղեմություն/: Վերը նշված հոդվածի համաձայն ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, մյուս կողմից այդ իրավունքի դադարման: Վերոգրյալ հոդվածի առաջին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայություն, մասնավորապես` տիրապետումը պետք է լինի բարեխիղճ, փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփական գույք, տիրապետումը պետք է լինի տասը տարի անընդմեջ և բացահայտ: Երևանի Սիսակյան 10 շենքի թիվ 29 բնակարանի նկատմամբ վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար առկա է վերը նշված բոլոր վավերապայմանները: Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Դավթաշենի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 04.05.2009 թվականին տրված թիվ 2143 տեղեկանքի` Սիսակյան 10 շենքի թիվ 29 բնակարանի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարված չէ: Աջափնյակ թաղային համայնքը ՀՀ Կառավարության 1997 թվականի թիվ 42 որոշման վրա նշված բնակարանի նկատմամբ իր սեփականությունը չի գրանցել, որը վկայում է այն փաստը, որ վերջինս ակնհայտ հրաժարվել է դրանից առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության: Պատասխանողները ևս իրենց գործողություններով հրաժարվում են բնակարանի նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք: Խնդրել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց` Ռուբեն Գևորգյանի և Աննա Եվդոկիմովնայի սեփականության իրավունքը Երևանի Սիսակյան 10 շենքի թիվ 29 բնակարանի նկատմամբ: Դատաքննությամբ հայցվոր Ռուբեն Գևորգյանը և Աննա Եվդոկիմովնայի ներկայացուցիչ Կ. Մանուչարյանը պնդեցին հայցը և խնդրեցին այն բավարարել: Պատասխանողի դիրքորոշումը Դատաքննությամբ պատասխանող Հենրիկ Գևորգյանի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանն առարկեց ներկայացված հայցի դեմ և հայտնեց, որ ներկայացված հայցադիմումում հայցվորներն ակնհայտորեն փորձում են չարաշահել ՀՀ օրենսդրությամբ` անձին տրված դատարան դիմելու իրավունքը, ինչն էլ անթույլատրելի է և իրականացվող գործողությանների արդյունքում ակնհայտորեն կպատճառվեն վնասներ և կխախտվեն ՀՀ օրենսդրությամբ վերապահված իր վստահորդի իրավունքները: Նշվածը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի օրենսդիրը սահմանել է` /1-ին կետ/ քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողությունները, որոնք իրականացվում են բացառապես այլ անձի վնաս պատճառելու մտադրությամբ, ինչպես նաև այլ ձևով չարաշահելը չի թույլատրվում: Նույն հոդվածով սահմանվել է նաև հետևյալը` /2-րդ կետ/ սույն հոդվածի 1-ին կետի նախատեսված պահանջները չպահպանելու դեպքում դատարանը կարող է մերժել անձին նրան պատկանող իրավունքի պաշտպանության հարցում: Տվյալ պարագայում հայցվոր կողմը ընդունում և փաստում է այն, որ դեռևս 01.02.1967 թվականից պատասխանողներին է հատկացվել վիճելի` Երևանի Սիսակյան 10 շենքի թիվ 29 բնակարանը, որտեղ մշտական գրանցմամբ բնակվում են նաև պատասխանողները: Ինչ վերաբերում է հայցվոր կողմի վկայակոչած "Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին" ՀՀ օրենքին, որի հիման վրա ցանկացել են սեփականաշնորհել բնակարանը, սակայն իրենց պնդմամբ` պատասխանողների կամայականության պատճառով հնարավորություն չեն ունեցել օգտվել նշված օրենքից, անհիմն է, քանի որ, հայցվոր կողմը որևէ փաստ այդ կապակցությամբ չի ներկայացրել, ինչը պարտավոր է անել: Դեռ ավելին, ըստ վերը նշված օրենքի, բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման գործնթացն իրականացվում է կամավորության սկզբունքի հիման վրա /օրենքի 1-ին հոդված/: Հետևապես ելնելով կամավորության սկզբունքից, անձն իր հայեցողությամբ իրավասու է որոշել, թե ինչպիսի գործողություն կատարի, և բնակարանի սեփականաշնարհումը չի կարող լինել պարտադրված այն պարագայում, երբ դա արվում է անձի կամքի արտահայտման և կամավարության հիման վրա: Նշվածից հետևում է, որ հայցվորը չի կարող պարտավորեցնել կատարելու որևէ գործողություն, որը կարող է կատարվել միայն կամավորության դեպքում: Դա էլ իր հերթին հաստատում է այն, որ հայեցողական իրավունքի իրականացումը կամ դա չիրականացնելը չի կարող հանգեցնել նրան, որ հայցվորը դիմի դատարան իրենց հատկացված բանակարանը ձեռքբերման հիմքով իրենց ձեռքից խլելու` խախտելու իրենց իրավունքները, այն էլ այն դեպքում, երբ իրենք բնակվում են իրենց բնակարանում և իրենց կողմից իրականացվում է բնակարանի պահպանման բոլոր գործողությունները: Հետևապես, սույն վեճի դեպքում չի կարող կիրառվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի պահանջները, քանի որ տվյալ պարագայում կխախտվի ՀՀ Հիմնական օրենքի, այն է` Սահմանադրության 24-րդ հոդվածի պահանջը, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Սահմանադրության 31-րդ հոդվածն էլ սահմանել է հետևյալը` սեփականության իրավունքի իրականացումը չպետք է խախտի այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը: Դեռ ավելին` հայցվոր կողմը վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի պահանջը և նշելով հետևյալը` "…ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են` տիրապետումը պետք է լինի բարեխիղճ, փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփական գույք, տիրապետումը պետք է լինի տասը տարի անընդմեջ, տիրապետումը պետք է լինի բացահայտ:…", չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ իրենց կողմից է վիճելի բնակարանն ամբողջությամբ փաստացի տիրապետվում է, այն էլ` բարեխիղճ, որպես սեփական գույք, տասը տարի և ավել, ինչպես նաև բացահայտ: Ինչ վերաբերում է հայցվոր կողմի վկայակոչած ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Դավթաշենի տարածքային ստորաբաժանման կողմից տրված գրությանը և նրանում նշված տեղեկությանը, դա դեռևս հիմք չի հանդիսանում, որպեսզի օրենքի հիման վրա հատկացված բանկարանն իրենց ձեռքից խլվի հայցվորների կողմից: Հայցվորների այն պնդմանը, որ պատասխանողներն իրենց կատարած գործողություններով հրաժարվում են բնակարանի նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք, անհիմն է, քանի որ, ինչպես արդեն իսկ նշվել է, որ սեփականության իրավունքի ձեռքբերումը, ըստ վերը հիշատակված օրենքի, իրականացվում է հայեցողական իրավունքի և կամավորության սկզբունքի իրականացման հիմքով, հետևապես, որևէ գործողություն կատարել կամ ժամանակավոր ձեռնպահ մնալը չի կարող դիտվել որպես իրավունքից հրաժարում: Խնդրեց հայցն ամբողջությամբ մերժել: Պատասխանող Ռաֆայել Գևորգյանը, պատշաճ կերպով ծանուցված լինելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին, դատական նիստին չի ներկայացել: Նախնական դատական նիստի ընթացքում պատասխանող Հռիփսիմե Գևորգյանի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ պատասխանող Ռաֆայել Գևորգյանը բացակայում է նշված հասցեից, ուստի դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով, ծանուցել է պատասխանող Ռաֆայել Գևորգյանի վերջին հայտնի բնակության վայրի վարչական շրջանի ղեկավարին և 12.09.2009 թվականին N 28/21-370-1237 Երևանի Աջափնյակ շրջանի ղեկավարի գրությամբ հայտնվել է, որ Ռաֆայել Գևորգյանը նշված հասցեում չի բնակվում և նրա փաստացի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չունեն: Երրորդ անձ Աջափնյակ վարչական շրջանի ներկայացուցիչներ Հովհաննես Ավետիսյանը և Հասմիկ Ամիրյանը հայտնեցին, որ Երևանի Սիսակյան 10 շենքի թիվ 29 բնակարանի նկատմամբ Աջափնյանկի շրջանի թաղային համայնքի սեփականության իրավունքը չի գրանցել: Հայցվորները դիմել են սեփականաշնորհման համար, սակայն բացակայել է պատասխանողների համաձայնությունը, որպիսի հանգամանքը խոչընդոտ է հանդիսացել նրանց դիմումին դրական ընթացք տալու համար: Գտնում են, որ հայցվորները ներկայացրել են բավարար ապացույցներ, սակայն հայցի բավարարումը թողնում են դատարանի հայեցողությանը:

Գործի փաստերը

Հայկական ՍՍՀ Աշխատավորների Դեպուտատների Երևանի Շահումյանի շրջսովետի գործադիր կոմիտեի 1967 թվականի փետրվարի 1-ի թիվ 11453 միասնական օրդերով Հայէլեկտրո գործարանի ցուցակի համաձայն` երեք սենյականոց մեկուսացված, 13322-րդ օբյեկտի, 3-րդ մուտքի, 1-ին հարկի թիվ 29 բնակարանը, որպես գերատեսչական ֆոնդի բնակարան, հատկացվել է Գառնիկ Մելիքի Գևորգյանին իր 5 անձինց բաղկացած ընտանիքով զբաղեցնելու համար /Ֆլորենցիա Բաղդասարի Գևորգյանին, Արտավազդ Գառնիկ Գևորգյանին, Հռիփսիմե Գառնիկի Գևորգյանին և Ռաֆայել Նարեկի Գևորգյանին/: Արտավազդ Գառնիկի Գևորգյանը մահացել է 31.12.1976 թվականին, նրա հայրը` Գառնիկ Մելիքի Գևորգյանը` 17.04.1990թ., իսկ մայրը` Ֆլորենցիա Բաղդասարի Գևորգյանը` 04.02.1993 թվականին /հիմք` մահվան վկայականներ/: Համաձայն Ոստիկանության Մաշտոցի անձնագրային բաժնի 13.02.2009 թվականի տեղեկանքի` Շահումյանի շրջսովետի գործկոմի 01.02.1967թ. տրված 11453 օրդերով Գառնիկ Գևորգյանի ընտանիքին հատկացված Երևանի Սիսակյան 10 շենքի թիվ 29 բնակարանի մշտական գրանցմամբ բնակվում են դուստրը` Հռիփսիմե Գևորգյանը 1967 թվականից, հարսը` Աննա Եվդակիմովնան 1982 թվականից, թոռները` Ռաֆայել և Ռուբեն Գևորգյանները, համապատասխանաբար` 1986թ. և 1989թ.: ՀՀ Երևանի "Աջափնյակ թաղային համայնքի աշխատակազմ" համայնքային կառավարչական հիմնարկի 21.04.2009 թվականի 28/Գ-45 գրությամբ Ռուբեն Գևորգյանին հայտնվել է, որ Երևանի Սիսակյան 10 շենքի թիվ 29 բնակարանի օտարման համար, անհրաժեշտ է ներկայացնել` Հռիփսիմե և Ռաֆայել Գևորգյանների անձնագրերի պատճենները և գրավոր համաձայնագրեր նշված բնակարանի օտարման վերաբերյալ: Ըստ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Դավթաշենի տարածքային ստորաբաժանման ղեկավարի` 04.05.2009 թվականի ԱԳ-2143 գրության` Երևանի Սիսակյան 10 շենքի թիվ 29 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք գրանցված չէ:

Կիրառելի իրավունք և վերլուծություն

Քննության առնելով ներկայացված դիմումը, ուսումնասիրելով և գնահատելով ներկայացված ապացույցները` դատարանը գտնում է, որ պահանջն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. "Երևան քաղաքի թաղային համայնքների սեփականությունը հանդիսացող գույքի ցանկը սահմանելու մասին" ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի թիվ 42 որոշմամբ սահմանվել է, որ ի կատարումն "Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի երրորդ մասի և 59-րդ հոդվածի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է` սահմանել Երևան քաղաքի թաղային համայնքների սեփականությունը հանդիսացող գույքի ցանկը` համաձայն թիվ 1-12 հավելվածների: Ըստ նշված թիվ 1 հավելվածի Երևան քաղաքի Աջափնյակ թաղային համայնքի սեփականությունն է հանդիսանում պետական բնակարանային ֆոնդը /բացի գերատեսչականից/: Տվյալ դեպքում ըստ Հայկական ՍՍՀ Աշխատավորների Դեպուտատների Երևանի Շահումյանի շրջսովետի գործադիր կոմիտեի 1967 թվականի փետրվարի 1-ի թիվ 11453 միասնական օրդերի` Գառնիկ Մելիքի Գևորգյանին Հայէլեկտրո գործարանի ցուցակով հատկացված երեք սենյականոց մեկուսացված, 13322-րդ օբյեկտի, 3-րդ մուտքի, 1-ին հարկի թիվ 29 բնակարանը գերատեսչական ֆոնդի բնակարան է, այդ պատճառով էլ Երևանի Աջափնյակ թաղային համայնքի սեփականության իրավունքը դրա նկատմամբ գրանցված չէ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք /ձեռքբերման վաղեմություն/: Դատաքննության ընթացքում հաստատված համարվեց, որ Երևանի Սիսակյան 10 շենքի թիվ 29 բնակարանը որպես գերատեսչական ֆոնդի բնակարան Հայկական ՍՍՀ Աշխատավորների Դե- պուտատների Երևանի Շահումյանի շրջսովետի գործադիր կոմիտեի 1967 թվականի փետրվարի 1-ի թիվ 11453 միասնական օրդերով Հայէլեկտրո գործարանի ցուցակի համաձայն, հատկացվել է նույն գործարանի բանվոր Գառնիկ Մելիքի Գևորգյանին, ընտանիքի 5 անձով բնակվելու համար: Վերջինիս մահից, այնուհետև նաև 1993 թվականի հունիսի 23-ին ընդունված "Հայստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնարհման մասին" ՀՀ օրենքից հետո նրա ընտանիքի անդամները շարունակել են բնակվել այդ բնակարանում, այն օգտագործել են ոչ թե որպես սեփական, այլ վարձակալած գույք: Բացի դրանից վիճելի բնակարանում առանձնացված կարգով բնակվել են կողմերի ընտանիքները և այն որպես առանձին միավոր չէր կարող օգտագործվել որպես սեփականություն: Այս պայմաններում հայցվորների փաստարկները, որ Աջափնյակ թաղային համայնքը ՀՀ Կառավարության 1997 թվականի թիվ 42 որոշման հիման վրա նշված բնակարանի նկատմամբ իր սեփականությունը չի գրանցել, որը վկայում է այն հանգամանքը, որ վերջինս ակնհայտ հրաժարվել է դրանից առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահապանելու մտադրության և որ իրենք վիճելի բնակարանը տիրապետել են որպես սեփական գույք, դատարանն այդ բնակարանի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի հիմքով` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչման հիմք չի կարող դիտել: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Ռուբեն Գևորգյանի և Աննա Եվդոկիմովնայի հայցն ընդդեմ Հռիփսիմե և Ռաֆայել Գևորգյանների, երրորդ անձ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի` ձեռքբերման վաղեմության ուժով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, մերժել: Դատական ծախսերի հարցը համարել լուծված: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին մեկ ամսվա ընթացքում:

ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՍՄԲԱՏՅԱՆ