Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Վարչական գործ թիվ ՎԴ/3968/05/09
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը հետևյալ կազմով`
03.12.2009թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ
քարտուղարությամբ` Լ. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մասնակցությամբ Հայցվոր`

ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆԻ /ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյան

/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

պատասխանող` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կենտրոն /տարածքային ստորաբաժանում /ներկայացուցիչ ԷԴԳԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ/
երրորդ անձինք`

ԹԵՐԵԶԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ՍԵՐԳԵՅ ՍԱՐԳՍՅԱՆԻ
/ ներկայացուցիչ ԳԱԳԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ/

դռնբաց դատական նիստում քննելով վարչական գործն ըստ հայցի Գևորգ Սարգսյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կենտրոն տարածքային ստրաբաժանման, Երևանի <ԿԵՆՏՐՈՆ <Կենտրոն> > նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձինք Թերեզա Սարգսյանի, Սերգեյ Սարգսյանի` Երևանի < <Կենտրոն> > նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 09.09.1997թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի և սեփականության իրավունքի վկայագրերը, Օֆելյա Սուքիասյանի անվամբ 12.09.1997թ. սեփականության վկայականի գրանցումն անվավեր ճանաչելու, ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու, Գևորգ Սարգսյանին ք. Երևան, Մաշտոցի պողոտա 40ա շենքի թիվ 40 ամբողջ բնակարանի նկատմամբ ժառանգ ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.


Գևորգ Սարգսյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը 26.08.2009թ. հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կենտրոն տարածքային ստորաբաժանման, Երևանի <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձինք Թերեզա Սարգսյանի, Սերգեյ Սարգսյանի` Երևանի <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 09.09.1997թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի և սեփականության իրավունքի վկայագրերը, Օֆելյա Սուքիասյանի անվամբ 12.09.1997թ. սեփականության վկայականի գրանցումն անվավեր ճանաչելու, ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու, Գևորգ Սարգսյանին ք. Երևան, Մաշտոցի պողոտա 40ա շենքի թիվ 40 ամբողջ բնակարանի նկատմամբ ժառանգ ճանաչելու պահանջների մասին: ՀՀ վարչական դատարանի 31.08.2009թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, նշանակվել է նախնական դատական նիստ, 04.11.2009թ. գործը դատաքննության է նշանակվել:

Հայցվորի փաստարկները, հիմնավորումները և պահանջը.


Հայցադիմումով հայցվորը նշել է, որ նախկին ժողովրդական դեպուտատների Սպանդարյան շրջխորհրդի գործադիր կոմիտեն 27.11.1991թ.-ին ի դեմս Վահե Ջոնի Խաչատրյանի, և Սուրեն Համազասպի Սարգսյանը կնքում են գրավոր պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի, հիմք ընդունելով պետական և հանրային բնակարանների ֆոնդի տներում երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին և որոշ կատեգորիաների քաղաքացիներին բնակարանները որպես սեփականություն անհատույց հանձնելու մասին որոշումը, պայմանագրի թիվ 1 կետով նվիրատուն նվիրում է, իսկ սեփականատերը ստանում է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 բնակարանը: Պայմանագիրն օրենքով սահմնաված կարգով ստանում է նոտարական վավերացում, որից հետո Սուրեն Սարգսյանը ստանում է սեփականության վկայական ամբողջ բնակարանի նկատմամբ: 23.06.1993թ.-ին Սուրեն Սարգսյանը Մաշտոցի 40ա հասցեի սեփականության իրավունքով իրեն պատկանող թիվ 40 բնակարանը կտակում է Գևորգ Սուրենի Սարգսյանին: Սուրեն Սարգսյանի կինը` Օֆելյա Սուքիասյանը, 19.08.1996թ.-ին Երևանի Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 բնակարանի իբրև իրեն պատկանող մասը հավասար բաժիններով կտակում է Սերգեյ և Թերեզա Սարգսյաններին: 02.09.1996թ.-ին մահանում է Սուրեն Սարգսյանը: Սուրեն Սարգսյանի մահից հետո Օֆելյա Սուքիասյանը 09.09.1997թ.-ին պետական նոտար Է.Շաբոյանի կողմից ստանում է ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրեր, որը գրանցվում է ՀՀ քաղաքաշինության նախարարության գույքագրման վարչությունում, ինչի հիման վրա Օֆելյա Սուքիասյանը 12.09.1997թ.-ին ստանում է սեփականության վկայական: 15.02.2009թ.-ին Օֆելյա Սուքիասյանը մահանում է: Օֆելյա Սուքիասյանի մահից հետո, վերջինիս դուստրը` Թերեզա Սարգսյանը, քաղաքացի Սվետլանա Մալինստյանի միջոցով հայցվորին է փոխանցում Մաշտոցի 40ա շենքի 40 բնակարանի հետ կապված փաստաթղթերը, որտեղից հայցվորն իմանում է հոր` Սուրեն Սարգսյանի` իրեն տրված կտակի մասին:
Կարծում է, որ Մաշտոցի 40ա շենքի 40 բնակարանի սեփականատերը Սուրեն Սարգսյանն է, ուստի Օֆելյա Սուքիասյանը 19.08.1996թ.-ին այդ հասցեի նկատմամբ իրեն պատկանող մասը կտակ անելու իրավունք չուներ, իսկ պատասխանողն իրավունք չուներ տալ ըստ օրենքի ժառանգության և սեփականության վկայագիր, բաղկացած բնակարանի 1/2 բաժնեմասից հետևյալ պատճառաբանությամբ:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի. <<ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերված գույքը նրանց համատեղ սեփականությունն է: Ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր ստացած գույքը նրա սեփականությունն է>>:
Օրենսդիրի կողմից պարտադիր պայման դիտվող իրավանորմի առկայության պայմաններում, ոչ Օֆելյա Սուքիասյանն իրավունք ուներ կտակ անելու իր բնակարանի մասով, ոչ էլ պատասխանողն իրավունք ուներ այդ գույքը դիտել համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ գույք, որտեղ Օֆելյա Սուքիասյանի բաժնեմասը դիտել է 1/2 չափով: Այն, որ բնակարանը սեփականության իրավունքով պատկանելիս է եղել Սուրեն Սարգսյանին, ապացուցվում է նվիրատուի կողմից այն գրավոր պայմանագրով Սուրեն Սարգսյանին նվիրելու փաստով /պայմանագրի թիվ 1 կետ/, որը պատշաճ վավերացվում է նոտարական կարգով, գրանցվում է պետական լիազոր մարմնի կողմից և Սուրեն Սարգսյանին տրվում է սեփականության վկայական:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1193 հոդվածի, օրենսդիրը լայն հնարավորություն է տվել քաղաքացուն իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ընդ որում քաղաքացին պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնել կտակ անելու մասին: Օգտվելով իր իրավունքներից Սուրեն Սարգսյանը 23.06.1993թ-ին Մաշտոցի պողոտայի 40ա շենքի 40 բնակարանը կտակում է հայցվորին` չիրազեկելով դրա մասին հայցվորին: Սույն կտակն օրենքով սահմանված կարգով վավերացվում է նոտարական կարգով:
ՀՀ քաղ.օր-ի 1228 հոդվածը նախատեսում է ժառանգությունն ընդունել սահմանված ժամկետի ավարտից հետո: Սույն իրավանորմի հիման վրա ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնված ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո վեց ամսվա ընթացքում դիմել է դատարան:
Հայցվորը տեղյակ չի եղել, որ հայրը` Սուրեն Սարգսյանն իրեն կտակել է Մաշտոցի 40ա շենքի 40 բնակարանը: Այն, որ սույն կտակի մասին տեղեկացել է 2009թ.-ի օգոստոսին մոր` Օֆելյա Սուքիասյանի մահից հետո, ապացուցվում է 09.08.2009թ.-ի ստացականով, ինչպես նաև 15.08.2009թ.-ի պետ.նոտարին ուղղված գրավոր դիմումով:
Վերոշարադրյալի հիման վրա, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի պահանջն առ այն, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է նաև իրավունքը ճանաչելով, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3, 65 հոդվածները հայցում է նոտարի կողմից տրված 09.09.1997թ-ի ըստ օրենքի ժառանգության, սեփականության իրավունքի վկայագիրը ճանաչել անվավեր, 12.09.1997թ. սեփականության վկայակնի գրանցումը ճանաչել անվավեր, ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը համարել հարգելի, Գևորգ Սարկիսյանին ճանաչել ք. Երևան, Մաշտոցի 40ա շենքի թիվ 40 ամբողջ բնակարանի նկատմամբ ժառանգ:

Պատասխանող ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կենտրոն տարածքային ստորաբաժանման փաստերը և հիմնավորումները.
Պատասխանողը ներկայացրած հայցադիմումի պատասխանով հայտնում է, որ հիմք ընդունելով կադաստրային գործում եղած տվյալները, հայտնում է, որ Սպանդարյանի շրջանի գործկոմի 08.11.91թ. թիվ 27/103 որոշման և 27.11.91թ. թիվ 6305 քաղաքացիներին բնակարանները որպես սեփականություն անհատույց հանձնելու մասին պայմանագրի հիման վրա 04.12.91թ-ին հաշվառվել է Սուրեն Սարգսյանի սեփականության իրավունքը Մաշտոցի պողոտա 40ա շենքի 40 բնակարանի նկատմամբ: 12.09.97թ-ին նույն հասցեի նկատմամբ 09.09.97թ. թիվ 3-3119 սեփականության իրավունքի և թիվ 3-3120 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա հաշվառվել է Օֆելյա Սուքիասյանի սեփականության իրավունքը:
Հաշվի առնելով վերոգրյալը գտնում է, որ ստորաբաժանման գործողությունները կատարվել են գործող օրենսդրությանը համապատասխան, ուստի իրենց մասով հայցի դեմ առարկում են:

Պատասխանող Երևանի <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանը 16.10.2009թ.-ի գրությամբ հայտնել է, որ հայցապահանջը չի ընդունում, խնդրում է դատաքննությունը վարել իր բացակայությամբ ծանրաբեռնված լինելու պատճառով և նշված բացատրությունն ընդունել հիմք հետագա բոլոր դատական ատյաններում, դատարանը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդավծի 1-ին մասով, 112-րդ, 115-րդ հոդվածներով, Հայստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով որոշեց գործը քննել պատասխանող Երևանի <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի բացակայությամբ:

Երրորդ անձ` Սերգեյ Սարգսյանի, Թերեզա Սարգսյանի ներկայացուցիչ Գագիկ Սարդարյանի փաստերը և հիմնավորումները.
Դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանով երրորդ անձինք հայտնում են, որ հայցի դեմ առարկում են հետյալ պատճառաբանությամբ.
Հայցվորը 1988թ. ընտանիքով մեկնել է ԱՄՆ մշտական բնակության: 1993թ. նա եկավ Երևան և իրենց հորը` Սուրեն Սարգսյանին համոզեց ընդհանուր սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի բաժնեմասը կտակել իրեն: Հայցվորի այն պնդումը, թե իրենց հայրը եղել է բնակարանի միակ սեփականատերը, զուրկ է որևէ հիմքով:
Նա եղել է բնակարանի 1/2 մասի սեփականատերը:
Կտակարար Սուրեն Սարգսյանի մահից հետո /02.09.1996թ./ հայցվորը ժառանգությունն ընդունելուն ուղղված որևէ գործողություն չի կատարել և իրենց մայր Օֆելյա Սուքիասյանը հանդես գալով որպես ըստ օրենքի ժառանգ, նախ ստացել է սեփականության իրավունքի վկայագիր գույքի 1/2 համար, ապա ընդունել ժառանգությունը, որը կազմել է նշված հասցեով անշարժ գույքի մնացած 1/2 և դարձել է ամբողջ բնակարանի սեփականատեր: 19.08.1996թ. Օֆելյա Սուքիասյանն իր հերթին իր սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը կտակել է իրենց` իր զավակներին, Սերգեյ և Թերեզա Սարգսյաններին, որոնք կտակարարի մահվանից հետո դիմել են նոտարական գրասենյակ ժառանգությունն ընդունելու համար:
Անհիմն է նաև հայցվորի` ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը, նկատի ունենալով որ.
ա. նա իմացել է իրենց հոր կողմից կազմված կտակի մասին, քանի որ կտակը կազմելուն ներկա է եղել ինչպես կտակարարի ավագ որդին` իր եղբայր Սերգեյ Սարգսյանը, որը ստորագրել է վատառողջ հոր փոխարեն, այնպես էլ հայցվորը,
բ. հոր մահվանից հետո հայցվորը ժառանգությունն ընդունելու համար ըստ կտակի, կամ ըստ օրենքի, որևէ գործողություն չի կատարել, հետևաբար ՀՀ քաղ. օր-ի 1228հ. կարգով չի կարող հարգելի համարվել նրա կողմից ժառանգություն ընդունման բաց թողած ժամկետը:
Հայցվորի այն պնդումը, թե իր անունով արված կտակի մասին իմացել է իրենց մոր մահվանից հետո, իրենց կողմից ոմն Սվետլանայի փաստաթղթերը փոխանցելուց հետո, սուտ է և անտրամաբանական: Նախ ինքը չի ճանաչում նշված Սվետլանային և նրան ոչ մի փաստաթուղթ չի տվել և երրորդ` ցանկության դեպքում փաստաթղթերն ինքն անձամբ կարող էր փոխանցել հայցվորին: Իրականում հայցվորն այդ փաստաթղթերը վերցրել է իրենից 2008թ. Մոսկվայում, իր տանը հյուրընկալվելիս: Այդ ժամանակ էլ ինքը նրան հայտնել է, որ իրենց մայրը վեճի առարկա բնակարանը կտակել է իրեն ու իր ավագ եղբորը` Սերգեյին:
Այդ մասին նրան հայտնել է նաև իր մայրը, թե կտակն անելուց հետո հետագա տարիներին և թե 2008թ. փետրվար ամսին, երբ հայցվորը եկավ Մոսկվա, ապա մեկնեց Ղազախստան իրենց ավագ եղբոր` Սերգեյի մոտ, որտեղ ապրում էր նաև իր մայրը:
Ելնելով վերոգրյալից խնդրում է հայցը մերժել:

Վկա Սվետլանա Մալինստյանի ցուցմունքը.


Դեռ 2009թ. հունիս ամսին Լոս-Անջելոսի բնակիչ Միքայել Գրիգորյանը զանգահարել է Մոսկվա, Գևորգ Պողոսյանին խնդրել, որ զանգի Թերեզա Սարգսյանին` փաստաթղթեր տալու համար: Գևորգը վերցնում է Թերեզայից թղթերը, բայց չի կարողանում ուղարկել: Այս ամենը ձգվում է այնքան, մինչև 2009թ. օգոստոսի 5-ին փաստաթղթերը հասցնում են իրեն, ստանալուց հետո Գևորգ Սարգսյանը զանգել է Թերեզա Սարգսյանին, համաձայնության են եկել, որ փաստաթղթեր է ուղարկում, ստանալուց հետո զանգահարել է Գևորգ Սարգսյանին և ասել, որ ինքն էլ կտակ ունես: Մի քանի օր անց իրեն զանգահարում է Թերեզա Սարգսյանի եղբայր Սուրեն Սարգսյանի աղջիկը, և ասում է, որ Թերեզան խնդրում է իր համարը տամ իրեն: Ինքը չի տալիս, ասել է որ կզանգահարի: Թղթերը Մոսկվայից բերել է Դոնարա Թևոսովան, 2009թ. օգոստոսի 5-ին եկել է Գևորգ Սարգսյանը, 2009թ. օգոստոսի 9-ին հանձնել է թղթերը Գևորգին: Այնուհետև շտապել են փաստաբանի մոտ, քանի որ հայտնի դարձավ, որ Թերեզա Սարգսյանը համաձայնության գալով, որ համատեղ պետք է գործեն, գաղտնի ինչ-ինչ փաստաթղթերով նոտարական գրասենյակում դիմում է հանձնել իր կտակի բացման համար:
Սկզբնական շրջանում շատ ուշադրություն չի դարձրել Գևորգ և Թերեզա Սարգսյանների հարաբերություններին, սակայն այն ժամանակվանից, երբ պարզվեց, որ Թերեզան ստանում է իր մայրիկի թոշակը` զրկելով այն հնարավորությունից, որ պետք է հիվանդանոց գնար: Մոսկվայում եղել են իրար հետ շատ լավ, պայմանավորվել են, որ միասին գալու են դատարան, սակայն ամենիչ փոխվում է այն ժամանակ, երբ Գևորգը հասկանում է, որ մոր մահը վրա է հասել ավելի շուտ նրա համար, որ Թերեզա Սարգսյանը թոշակ է ստանում մոր վիրահատված կոնքի համար մինչ այսօր:

Վկա Լևոն Մաքսապետյանի ցուցմունքը.


Հայցվորը 1988թ.-ին մեկնել է ԱՄՆ, մեկնելուց հետո 1993թ. առաջին անգամ եկավ Հայաստան, բնակարանի կտակի հետ կապված միայն գիտի, որ 1/3 մասը տրվել է մեծ եղբորը և Թերեզային, իսկ մնացած 2/3-ը` Գևորգին: Սուրեն Սարգսյանի կողմից 1993թ.Գևորգ Սարգսյանին կտակ անելու վերաբերյալ տեղեկություն չունի: Լսել է, որ 1993թ.-ից հետո Գևորգ Սարգսյանը եկրորդ անգամ Հայաստան է եկել 2007թ. և 2009թ.:

Վկա Լևոն Բոդյանի ցուցմունքը.


Հայցվորը 1988թ.-ին մեկնել է ԱՄՆ, մեկնելուց հետո առաջին անգամ իր կնոջ հետ եկել է Հայաստան 1993թ.-ին: Սուրեն Սարգսյանի կողմից Գևորգ Սարգսյանին կտակ անելու վերաբերյալ տեղեկություն չունի: Իր ունեցած տվյալներով Գևորգ և Թերեզա Սարգսյանների հարաբերությունները շատ լավ են եղել:

Գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.


1. Երևան քաղաքի Սպանդարյանի շրջանի գործկոմի 08.11.91թ. թիվ 27/103 որոշման պատճենը ք. Երևան, Մաշտոցի պողոտա 40ա շենքի թիվ 40 բնակարանը Սուրեն Համազասպի Սարգսյանին անհատույց սեփականաշնորհելու մասին,
2. Պետական և հանրային բնակարանների ֆոնդի տներում երկրորդ համաշխարահին պատերազմի մասնակիցներին և որոշ կատեգորիայի քաղաքացիներին բնակարանները որպես սեփականություն անհատույց հանձնելու մասին 27.11.1991թ. պայմանագիրը,
3. Սուրեն Սարգսյանի 04.12.1991թ. սեփականության վկայագիրը,
4. Սուրեն Սարգսյանի 23.06.1993թ. կազմված կտակը,
5. Սուրեն Սարգսյանի 02.09.1996թ. ԱԱ թիվ 024162 մահվան վկայականը,
6. Օֆելյա Սուքիասյանի 09.09.1997թ.-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը,
7. Օֆելյա Սուքիասյանի 09.09.1997թ.-ին տրված թիվ 3-3119 սեփականության իրավունքի վկայագիրը.
8. Օֆելյա Սուքիասյանի մահվան վկայականը,
9. Փաստաթղթերի հանձնման մասին 09.08.2009թ.-ին կազմված ստացականը,
10. Օֆելյա Սուքիասյանի 12.09.1997թ. սեփականության վկայագիրը,
11. Գևորգ Սարգսյանի 15.08.2009թ. դիմումի պատճենը ուղղված նոտար Ալվարդ Մելքոնյանին,
12. Օֆելյա Սուքիասյանի 19.08.1996թ. կտակը,
13. ՀՀ քաղաքաշինության նախարարության Անշարժ գույքի պետական գրանցման պետական ձեռնարկության 05.09.1997թ. թիվ 8731 տեղեկանքը,
14. Օֆելյա Սուքիասյանի 08.09.1997թ. դիմումները ներկայացրած Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակ ըստ օրենքի ժառանգական իրավունքի և սեփականության իրավունքի վկայագրեր տալու մասին:

Վարչական դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.


Լսելով կողմերի բացատրությունները, հետազոտելով գործում առկա գրավոր ապացույցները, դատարանը եզրակացրեց, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ:
Երևան քաղաքի Սպանդարյանի շրջանի գործկոմի 08.11.91թ. թիվ 27/103 որոշմամբ ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 բնակարանն անհատույց սեփականաշնորհվել է Սուրեն Համազասպի Սարգսյանին որպես անձնական սեփականություն, որի հիման վրա Սպանդարյանի շրջխորհրդի գործադիր կոմիտեի, որպես Նվիրատուի և Սուրեն Սարգսյանի, որպես Սեփականատիրոջ, միջև 27.11.1991թ. կնքվել է պետական և հանրային բնակարանների ֆոնդի տներում երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին և որոշ կատեգորիայի քաղաքացիներին բնակարանները որպես սեփականություն անհատույց հանձնելու մասին պայմանագիրը, որը 27.11.1991թ. վավերացվել է նոտարի կողմից:
Այնուհետև, Սուրեն Սարգսյանի անվամբ ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 բնակարանի համար, 04.12.1991թ. տրվել է սեփականության վկայագիր:
1996 թվականի սեպտեմբերի 2-ին Սուրեն Սարգսյանը մահանում է, իսկ մինչև մահանալը Սուրեն Սարգսյանը 23.06.1993թ.-ին կազմում է կտակ, համաձայն որի Սուրեն Սարգսյանն իր սեփական բնակարանը, որը գտնվում է ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 հասցեում, կտակում է իր որդուն Գևորգ Սուրենի Սարգսյանին:
Սուրեն Սարգսյանի մահից հետո նրա կինը` Օֆելյա Սուքիասյանը 09.09.1997թ.-ին տրված ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերի համաձայն ճանաչվել է ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 բնակարանի 1/2 մասի ժառանգը, որի հիման վրա ամբողջ բնակարանի նկատմամբ Օֆելյա Սուքիասյանին 09.09.1997թ. տրվել է թիվ 3-3119 սեփականության իրավունքի վկայագիր:
Մինչև Օֆելյա Սուքիասյանի մահանալը, վերջինս ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 բնակարանի իրեն պատկանող մասը 19.08.1996թ. կազմված կտակով հավասար բաժիններով կտակել է իր զավակներ` Սերգեյ Սուրենի Սարգսյանին և Թերեզա Սուրենի Սարգսյանին:
Տվյալ իրավահարաբերության ծագման ժամանակ գործող ՀՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` մինչև ամուսնանալը ամուսիններին պատկանած գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում նվիրատվությամբ կամ ժառանգման կարգով ստացված գույքը նրանցից յուրաքանչյուրի սեփականությունն է:
Տվյալ իրավահարաբերության ծագման ժամանակ ՀՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 256-րդ հոդվածի համաձայն` նվիրատվության պայմանագրով մեկ կողմը գույքը անհայտուց մյուս կողմին է տալիս ի սեփականություն:
Երևան քաղաքի Սպանդարյանի շրջանի գործադիր կոմիտեի 08.11.1991 թ. թիվ 27/103 որոշմամբ, և դրա հիման վրա Սպանդարյանի շրջխորհրդի գործադիր կոմիտեի և Սուրեն Սարգսյանի միջև 27.11.1991թ. կնքված Պետական և հանրային բնակարանների ֆոնդի տներում երկրորդ համաշխարահին պատերազմի մասնակիցներին և որոշ կատեգորիայի քաղաքացիներին բնակարանները որպես սեփականություն անհատույց հանձնելու մասին պայմանագրի համաձայն Սուրեն Սարգսյանը նվեր է ստացել ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 բնակարանը, այդ պայմանագրի հիման վրա Սուրեն Սարգսյանի անվամբ ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 բնակարանի համար 04.12.1991թ. տրվել է սեփականության վկայագիր:
Վերը նշված օրենքների պահանջների և փաստական հանգամանքների հիման վրա դատարանը հաստատված է համարում, որ Սուրեն Սարգսյանն ամուսնության ընթացքում ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 բնակարանը ձեռք է բերել նվիրատվությամբ, հետևաբար այդ բնակարանը հանդիսացել է նրա անձնական սեփականությանը, այլ ոչ թե ամուսնության ընթացքում ամուսինների համատեղ ձեռք բերված գույք:
Այն, որ ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 բնակարանն ամբողջությամբ որպես անձնական սեփականություն հաշվառված է եղել միայն Սուրեն Սարգսյանի անվամբ, հաստատվում է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության Անշարժ գույքի պետական գրանցման պետական ձեռնարկության 05.09.1997թ. թիվ 8731 տեղեկանքով, որը տրվել է Օֆելյա Սուքիասյանին Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակ ներկայացնելու, բնակելի տան ժառանգության համար:
Տվյալ իրավահարաբերության ծագման ժամանակ գործող <<Պետական նոտարի մասին>> ՀՍՍՀ օրենքի 54-րդ հոդվածի համաձայն` պետական նոտարն ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալիս ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, ժառանգատուի հետ այն հարաբերությունների առկայությունը, որոնք հիմք են հանդիսանում վկայագիր տալու մասին դիմումներ տվող անձանց ըստ օրենքի ժառանգման կոչելու համար և այն ժառանգական գույքի կազմը, որի համար վկայագիր է տրվում: Նույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն` եթե ժառանգական գույքի կազմի մեջ բնակելի տուն է մտնում, պետական նոտարը փաստաթղթեր է պահանջում բնակելի տունը ժառանգատուին պատկանելու մասին, տեղեկանք տեխնիկական գույքագրման բյուրոյից, ինչպես նաև ստուգում է, կա արդյոք բնակելի տան օտարման արգելանք կամ նրա վրա արգելադրում:
<<Պետական նոտարի մասին>> ՀՍՍՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` պետական նոտարները և նոտարական գործողությունները կատարող մյուս պաշտոնատար անձինք իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով:
Տվյալ դեպքում, Սուրեն Սարգսյանի մահից հետո նրա կնոջ` Օֆելյա Սուքիասյանին 09.09.1997թ.-ին ըստ օրենքի ժառանգության և սեփականության վկայագրերը տալով պետական նոտարը խախտել է տվյալ իրավահարաբերության ծագման ժամանակ գործող ՀՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 22-րդ հոդվածի, ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 256-րդ հոդվածի, <<Պետական նոտարի մասին>> ՀՍՍՀ օրենքի 6-րդ, 54-րդ և 56-րդ հոդվածների պահանջները, մասնավորապես` անտեսելով այն հանգամանքը, որ 27.11.1991թ. նվիրատվության պայմանագրի և 04.12.1991թ. սեփականության վկայագրի համաձայն, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության Անշարժ գույքի պետական գրանցման պետական ձեռնարկության 05.09.1997թ. թիվ 8731 տեղեկանքով ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 բնակարանն ամբողջությամբ անձնական սեփականության իրավունքով պատկանել է միայն Սուրեն Սարգսյանին, այնուհանդերձ վերը նշված օրենքների պահանջների խախտմամբ, ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 բնակարանը համարելով ամուսնության ընթացքում համատեղ ձեռք բերված ընդհանուր գույք, պետական նոտարը Օֆելյա Սուքիասյանին ճանաչել է ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 բնակարանի 1/2 բաժնի սեփականատերը, այն դեպքում երբ նշված բնակարանը չի համարվել համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք, այլ հանդիսացել է Սուրեն Սարգսյանի ամուսնության ընթացքում նվիրատվությամբ ստացված գույք:
Վերը նշված օրենքների պահանջների խախտման արդյունքում հետագայում ամբողջ բնակարանի նկատմամբ Օֆելյա Սուքիասյանին 09.09.1997թ. տրվել է թիվ 3-3119 սեփականության իրավունքի վկայագիրը:
<<Պետական նոտարի մասին>> ՀՍՍՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն ժառանգության իրավունքի վկայագրեր տրվում են Հայկական ՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ և 550-րդ հոդվածներին համապատասխան ժառանգություն ընդունած ժառանգներին:
ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին: Այս հոդվածում նշված գործողությունները պետք է կատարվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
<<Հայկական ՍՍՀ պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին>> Հրահանգի 95-րդ կետի համաձայն ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգությունն ընդունած, այսինքն ժառանգական գույքի փաստորեն տիրապետող կամ կառավարող ժառանգներին կամ ժառանգությունն ընդունելու մասին ժառանգության բացման վայրի նոտարական գրասենյակին դիմում տված ժառանգներին:
Գույքի տիրապետության անցնելու ապացույց կարող է հանդիսանալ` տնային կառավարչության կամ աշխատավորների դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի տեղեկանքն այն մասին, որ ժառանգը համատեղ ապրել է ժառանգատուի հետ, կամ այն մասին, որ ժառանգի կողմից վերցվել է ժառանգատուի գույքը, ֆինանսական մարմնի տեղեկանքն այն մասին, որ ժառանգությունը բացվելուց հետո ժառանգի կողմից վճարվել են բնակելի տան հարկերը, կամ հարկերը մուծելու մասին անդորրագրերը, ժառանգությունը ժամանակին ընդունելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը և ժառանգի կողմից ժառանգատուի գույքի տիրապետությանը անցնելու փաստը հաստատող այլ փաստաթղթեր:
Դատաքննության ընթացքում հետազոտելով թիվ 3-3120 նոտարական գործի նյութերը պարզվեց, որ Օֆելյա Սուքիասյանը 08.09.1997թ. դիմելով Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակ հայտնել է, որ 02.09.1996թ. մահացել է ամուսինը, ժառանգություն է մնացել բնակարանը և խնդրել է իրեն տալ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր: Այդ դիմումի հիման վրա Օֆելյա Սուքիասյանին 09.09.1997թ. տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:
Բացի այդ, Օֆելյա Սուքիասյանը 08.09.1997թ. դիմել է Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակ և խնդրել է իրեն տալ սեփականության իրավունքի վկայագիր, ամուսնու մահից հետո ամուսնության ընթացքում վաստակած ընդհանուր գույքի հասանելիք բաժնի նկատմամբ: Այդ դիմումի վրա ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 բնակարանի 1/2 բաժնի նկատմամբ Օֆելյա Սուքիասյանին 09.09.1997թ. տրվել է սեփականության իրավունքի վկայագիր:
Վերը նշված փաստաթղթերի հետազոտման արդյունքում դատարանը հաստատված է համարում, որ Օֆելյա Սուքիասյանը ժառանգություն ընդունելու մասին ժառանգության բացման վայրի նոտարական գրասենյակին դիմումը տվել է 08.09.1997թ.-ին, այսինքն` ժառանգության բացման օրվանից մեկ տարի հետո, այն դեպքում, երբ ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի և <<Պետական նոտարի մասին>> ՀՍՍՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն պետական նոտարը ժառանգության իրավունքի վկայագրեր տալիս է, երբ ժառանգը ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին ժառանգությունն ընդունելու մասին դիմումը ներկայացնում է ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Դատաքննության ընթացքում հետազոտելով թիվ 3-3120 նոտարական գործի նյութերը պարզվում է նաև, որ նոտարական գործում բացակայում է ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 բնակարանը` ժառանգական գույքը, Օֆելյա Սուքիասյանի տիրապետության կամ կառավարման անցնելու ապացույցը, որպիսի ապացույցի բացակայության պարագայում դատարանը եզրահանգում է, որ ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի համաձայն ժառանգը ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում փաստորեն չի տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, մինչդեռ պետական նոտարն այդ հանգամանքը չպարզելով ժառանգությունն ընդունված է համարել ժառանգության ընդունման սահմանված ժամկետի ավարտից մեկ տարի հետո և նշված օրենքի խախտմամբ Օֆելյա Սուքիասյանին տվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայական:
ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ծագում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների ու կազմակերպությունների այն գործողություններից, որոնք թեև օրենքով չեն նախատեսված, բայց ըստ քաղաքացիական օրենսդրության ընդհանուր սկզբունքների և իմաստի առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Նույն օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքները պաշպանվում են օրենքով:
ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունը սահմանված կարգով իրականացնում է դատարանը, արբիտրաժը կամ միջնորդ դատարանը` մինչև իրավունքի խախատումը եղած դրությունը վերականգնելու և իրավունքը խախտող գործողությունները խափանելու միջոցով:
Տվյալ տեպքում ակնհայտ է, որ պետական նոտարը Օֆելյա Սուքիասյանին 09.09.1997թ. ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրեր տալով խախտել է ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի և <<Պետական նոտարի մասին>> ՀՍՍՀ օրենքի 53-րդ հոդվածի պահանջները, որպիսի պարագայում խախտել է նաև 23.06.1993թ. կտակով Գևորգ Սարգսյանի կողմից գույքը ժառանգելու իրավունքը, հետևաբար նշված իրավական ակտերի պահանջների խախտմամբ տրված վկայագրերը ենթակա են անվավեր ճանաչման այն ընդունելու պահից, քանզի այդ վկայագրերի անվավեր ճանաչելով է պայմանավորված հայցվորի մինչև իրավունքի խախտումը եղած դրությանը վերականգնելու և իրավունքը խախտող գործողությունները խափանելու իրավունքի պաշպանությունը:
Հայցվորի փաստարկները ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 բնակարանի նկատմամբ Օֆելյա Սուքիասյանի անվամբ 12.09.1997թ. սեփականության վկայականի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով դատարանը նույնպես հիմնավոր է համարում հետևյալ նկատառումներով:
Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 40ա շենքի թիվ 40 բնակարանի նկատմամբ Օֆելյա Սուքիասյանի 12.09.1997թ. սեփականության վկայականի գրանցուման համար հիմք է հանդիսացել Օֆելյա Սուքիասյանին 09.09.1997թ. տրված ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերը, իսկ սույն գործի փաստական հանգամանքների շրջանակներում դատարանը հաստատված է համարել, որ Օֆելյա Սուքիասյանին 09.09.1997թ ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերը տրվել են օրենքի պահանջների խախտմամբ, հետևաբար Օֆելյա Սուքիասյանին 09.09.1997թ տրված ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելով, որոնք անվավեր են տրման պահից, դրանք չեն առաջացնում իրավաբանական հետևանքների, ուստի այդ նկատառումներից ելնելով հայցվորի այդ պահանջը նույնպես հիմնավոր է և ենթակա բավարարման:
Հիմնավոր է նաև հայցվորի պահանջը ժառանգությանն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու, Գևորգ Սարգսյանին ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 ամբողջ բնակարանի նկատմամբ ժառանգ ճանաչելու մասով, հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիակակն օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգության ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն համգամանքը, որ ժառանգը չգիտեր կամ պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:
Սույն գործի փաստական հանգամանքներով հաստատվում է, որ հայցվորը տեղյակ չի եղել, որ հայրը` Սուրեն Սարգսյանն իրեն կտակել է ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 բնակարանը: Այն, որ Գևորգ Սարգսյանը կտակի մասին տեղեկացել է 2009թ.-ի օգոստոսին մոր` Օֆելյա Սուքիասյանի մահից հետո, հաստավում է փաստաթղթերի հանձնման մասին 09.08.2009թ-ին կազմված ստացականով, վկա Սվետլանա Մալինստյանի ցուցմունքով, ինչպես նաև 15.08.2009թ.-ի ժառանգության բացման վայրի նոտարին ուղղված գրավոր դիմումով:
Վերը նշված փաստական հանգամանքները հիմք ընդունելով, դատարանը Գևորգ Սարգսյանին ճանաչում է ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 ամբողջ բնակարանի նկատմամբ ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, նկատի ունենալով, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ Գևորգ Սարգսյանը չգիտեր և պարտավոր չէր իմանալ կտակի մասին ու ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո Գևորգ Սարգսյանը վեց ամսվա ընթացքում դիմել է դատարան:
Դատարանը, քննարկելով դատական ծախսերի բաշխման հարցը գտնում է, որ այն կազմված է պետական տուրքից, որը դրվում է Հայաստանի Հանրապետության վրա հետևյալ նկատառումներով:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն կողմը, որի դեմ կայացվել է վճիռ կրում է մյուս կողմի դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Տվյալ դեպքում, հայցվորը վճարել է 20000 դրամ պետական տուրքի գումարը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողը հանդիսացել է Երևանի <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանը, որի դեմ կայացվել է վճիռ, հետևաբար դատական ծախսերը` պետական տուրքը դրվում է նոտարի վրա, ուստի վերջինիցս հօգուտ հայցվորի ենթակա է բռնագանձման 20 000 դրամ` որպես հայց ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 59, 112-115-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Գևորգ Սարգսյանի հայցը բավարարել:
Անվավեր ճանաչել Երևանի <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից Օֆելյա Սուքիասյանին 09.09.1997թ. տրված ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերը, Օֆելյա Սուքիասյանի անվամբ 12.09.1997թ. սեփականության վկայականի գրանցումը:
Գևորգ Սարգսյանի ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարել ու Գևորգ Սարգսյանին ք. Երևան, Մաշտոցի պողոտա 40ա շենքի թիվ 40 ամբողջ բնակարանի նկատմամբ ժառանգ ճանաչել:
Երևանի <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանից հօգուտ Գևորգ Սարգսյանի բռնագանձել 20 000 դրամ պետական տուրքի գումար:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատին:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

ԴԱՏԱՎՈՐ`
Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ