Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

Սույն  քաղաքացիական գործով, ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հրանտ Արարատի Բագրատյանի, «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՝ զրպարտչական արտահայտությունները հերքել պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի մասին, պատասխանող <<Հրապարակ օրաթերթ>> ՍՊ ընկերության շահերը ներկայացնում է Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի  փաստաբան  Լարիսա Բաղդասարյանը:

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2023 թվականի մայիսի 4-ին կայացրել է բարենպաստ դատական ակտ:


ԵԴ/47388/02/21
ՎՃԻՌ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

04.05.2023թ. ք.Երևան

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

Նախագահությամբ դատավոր՝ Ռուբեն Բունիաթյանի
Քարտուղարությամբ՝ Անի Թադևոսյանի
Մերի Ավետիսյանի


Մասնակցությամբ՝
Հայցվոր «Հայաստանի պետական
հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի
ներկայացուցիչ՝ Հեղինե Մանուկյանի
/արտոնագիր՝ 2508,լիազորագիր՝ տրված15.11.2021 թվականին/


Պատասխանող «Հրապարակ օրաթերթ»
ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝ Լարիսա Բաղդասարյանի
/արտոնագիր՝ 2663,լիազորագիր՝ տրված
16.12.2021 թվականին/


Պատասխանող Հրանտ Բագրատյանի
ներկայացուցիչ՝ Արսեն Հարությունյանի /արտոնագիր՝ 738,
լիազորագիր՝ տրված24.12.2021 թվականին/

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հրանտ Արարատի Բագրատյանի, «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՝ զրպարտչական արտահայտությունները հերքել պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց
I
Նկարագրական մաս.
1. Գործի դատավարական նախապատմությունը.

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ նաև «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ) 20.10.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հրանտ Արարատի Բագրատյանի, «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` զրպարտչական արտահայտությունները հերքել պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 29.10.2021 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 29.10.2021 թվականի որոշմամբ հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, բավարարվել է մասնակիորեն:
Դատարանը որոշել է հայցագնի՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող գույքի վրա՝ բացառությամբ դրամական միջոցների, Հրանտ Արարատի Բագրատյանին պատկանող գույքի վրա:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի կողմից կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը դատարան է մուտքագրվել 28.03.2022 թվականին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 27.10.2022 թվականի արձանագրային որոշմամբ գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, գործը համարելով դատաքննության նախապատրաստված, 01.02.2023 թվականին որոշում է կայացրել նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 19.04.2023 թվականին գործի քննությունը հայտարարել է ավարտված, իսկ գործի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2023 թվականի մայիսի 04-ը:

2. Հայցվոր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության դիրքորոշման հակիրճ բովանդակությունը.

Հայցվոր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը դատարան ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ նաև ԱՆԻՖ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 18.04.2019 թվականի թիվ 513-Ն որոշման համաձայն և նպատակ ունի լինել Հայաստանի Հանրապետության ներդրումային հետաքրքրությունների առաջմղման առանցքային խողովակ՝ ռազմավարական ներդրումային ծրագրերի կառավարման, տնտեսության գերակա հռչակված ոլորտներում իրականացվող նախաձեռնություններում ներդրումների ներգրավման, ինչպես նաև ընդունելի ռիսկեր պարունակող գործարար ձեռնարկներում մասնակցության միջոցով:
Պատասխանող «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի www.hraparak.am կայքում 28.09.2021 թվականին հրապարակվել է «ԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳՈՐԾԱՐՔ» հոդվածը՝ հեղինակությամբ Սյուզան Սիմոնյանի: Վերջինս հարցազրույց է անցկացրել Հրանտ Արարատի Բագրատյանի հետ:
Խնդրի առարկան հիշյալ հոդվածի հետևյալ պարբերություներն են.
ա) «(...) Մենք անդրադարձել էինք այդ ֆոնդի՝ հուլիսի 14-ին կնքված գործարքին, որով արաբական «Էյր Արաբիա» ընկերությանն ազգային ավիափոխադրողի կարգավիճակ են տվել: Գրել էինք, որ սա մի խումբ մարդկանց բիզնես է, քանի որ գործարքը թափանցիկ չէ հանրության համար, եւ ազգային ավիափոխադրոդը չի ընտրվել մրցույթով: ԱՆԻՖ-ի հետ ծագած վեճի վերաբերյալ հարցրինք ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքը:
- Ի՞նչ եք կարծում՝ մենք իրո՞ք արատավորում ենք ԱՆԻՖ-ի գործարար համբավը՝ պնդելով, թե այդ ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, պետության շահերին հակասող բիզնես է անում եւ որոշում «Էյր Արաբիա» ընկերությանն ազգային ավիափոխադրող դարձնել»:
բ) «(...) պատկերացրեք, թե այստեղ ինչ ահռելի կոռուպցիոն ռիսկի հետ գործ ունենք: Բոլոր դեպքերում, մրցույթի բացակայությունը կոռուպցիա է, որովհետեւ կարող է, այդ նույն ազգային ավիափոխադրումներն ուզում էր անել Air France-ը կամ էլ, ասենք, Уральские авиалинии»:
գ) «- Կարո՞ղ է պետական հետաքրքրություններ ներկայացնող հիմնադրամն օրենքով սահմանված կարգով հաշվետու չլինել հանրությանը, ոչ մի տեղ այս ընկերության ֆինանսական հաշվետվությունը չենք գտնում:
- Դա բնորոշ է Տիգրան Ավինյանի ոճով աշխատող մարդուն: (...)
- Այս կոռուպցիոն ֆոնի վրա՝ լինի ավիաընկերությունը, լինեն հայկական թեստերը, մենք տեսնում ենք, թե ինչպիսի կոռուպցիոն մեծ ռիսկ պարունակող գործարքներ կան, ու հաճախ դրանք կապվում են հենց Ավինյանի հետ: Հայկական ավիափոխադրողի ստեղծումն առանց միջազգային մրցույթի համարում եմ ամբողջությամբ կոռուպցիոն գործարք, եւ նկատի ունենալով «Էյր Արաբիա» եւ այն հանգամանքը, որ արաբների հետ աշխատել սիրում է հանրապետության նախագահը, կարծում եմ, որ այդտեղ խնդիրներ կան»:
Նշել է, որ տվյալ դեպքում զրպարտչական են համարվում հետևյալ նախադասություններում արտահայտված արտահայտությունները.
ա) «Մենք անդրադարձել էինք այդ ֆոնդի հուլիսի 14-ին կնքված գործարքին, որով արաբական «Էյր Արաբիա» ընկերությանն ազգային ավիափոխադրողի կարգավիճակ են տվել: Գրել էինք, որ սա մի խումբ մարդկանց բիզնես է, քանի որ գործարքը թափանցիկ չէ հանրության համար, եւ ազգային ավիափոխադրողը չի ընտրվել մրցույթով:
(...) այդ ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, պետության շահերին հակասող բիզնես է անում (...)»: («Հրապարակ» օրաթերթի մասով)
բ) ««(...) պատկերացրեք, թե այստեղ ինչ ահռելի կոռուպցիոն ռիսկի հետ գործ ունենք: Բոլոր դեպքերում, մրցույթի բացակայությունը կոռուպցիա է «(...)»: (Հրանտ Բագրատյանի մասով)
գ) «Այս կոռուպցիոն ֆոնի վրա՝ լինի ավիաընկերությունը, լինեն հայկական թեստերը, մենք տեսնում ենք, թե ինչպիսի կոռուպցիոն մեծ ռիսկ պարունակող գործարքներ կան, ու հաճախ դրանք կապվում են հենց Ավինյանի հետ: Հայկական ավիափոխադրողի ստեղծումն առանց միջազգային մրցույթի համարում եմ ամբողջությամբ կոռուպցիոն գործարք»:(Հրանտ Բագրատյանի մասով):
Նման պայմաններում քննարկելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտության՝ որպես զրպարտության գնահատման չափանիշները՝ նշել է, որ
գ անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ.
Նշել է, որ բոլոր արտահայտությունները տվյալ պարագայում հանդիսանում են կոնկրետ փաստեր հայցվորին վերագրվող կոնկրետ անգործությունների վերաբերյալ: Մասնավորապես, առաջին դեպքում «Հրապարակ» օրաթերթը (քողարկված կերպով) նշել է, թե իբր ԱՆԻՖ-ը պետության շահերին հակառակ գործարք է արել, երկրորդ և երրորդ դեպքերում՝ ԱՆԻՖ-ը «մեղադրվել» է կոռուպցիոն գործարքներին մասնակցելու համար: Հետևաբար, արտահայտությունների որպես զրպարտության գնահատման առաջին չափանիշը բավարարված է:
գ անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային.
Վկայակոչելով թիվ ԵԿԴ/2293/02/12 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը նշել է, որ տվյալ պարագայում վերոհիշյալ արտահայտությունները տեղադրվել են www.hraparak.am կայքում, որը հասանելի է համացանցում /բաց աղբյուրում/, հետևաբար ցանկացած երրորդ անձ կարող է կարդալ այն:Նման պայմաններում գտել է, որ արտահայտության որպես զրպարտության գնահատման երկրորդ չափանիշը նույնպես բավարարված է:
գ ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը.
Տվյալ պարագայում նույնպես փաստի իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու մասով ապացուցման բեռը կրում պատասխանող կողմը: Այդուհանդերձ, նշել է, որ ներկայացված տվյալներից և որևէ մեկը չի համպատասխանում իրականությանը: Նման պայմաններում, գտել է, որ արտահայտության՝ որպես զրպարտության գնահատման երրորդ չափանիշը նույնպես առկա է:
գ ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը.
Վկայակոչելով թիվ ԵԿԴ/2293/02/12 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումը նշել է, որ հետևյալից բխում է, որ զրպարտչական են այն արտահայտությունները, որոնք սուտ տեղեկություն են պարունակում օրենսդրական նորմերի և բարոյական սկզբունքների խախտման, ինչպես նաև բարոյապես դատապարտելի արարքների մասին՝ հայցվորի նկատմամբ առաջացնելով բացասական վերաբերմունք (Տե՛ս ՀՀ վերաքննիչ դատարանի հետևյալ որոշումները՝ ԵԿԴ/1325/02/12, ԵԱՔԴ/0642/02/12, ԵԿԴ/1696/02/11):
Պատասխանողները հայցվորին մեղադրում են ի վնաս պետական և հանրային շահերին կասկածելի գործունեություն իրականացնելու մեջ: Հաշվի առնելով հայցվոր ընկերության ստեղծման և գործունեության նպատակները՝ վերը մեջբերված արտահայտությունները կրում են միայն բացասական իմաստ և հայցվոր ընկերությանը դարձնում են հասարակական ատելության զոհ:
Նման պայմաններում հայցվորը պահանջել է ինչպես հիշատակված տեղեկությունների հերքում, այնպես էլ փոխհատուցման՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով:
Տվյալ դեպքում տեղեկատվության տարածումն իրականացվել է համացանցի միջոցով, իսկ համացանցի միջոցով տեղեկատվությունը կարող է տարածվել չափից ավելի արագ և կարճ ժամանակում հասանելի լինել հասարակության լայն զանգվածներին: Այսինքն՝ տեղեկատվության տարածման շրջանակը ավելի քան լայն է, քանի որ ինտերնետային կայքը հասանելի է ամբողջ աշխարհում: Ընդ որում, իրենց տեղեկություններով «Հրապարակ» օրաթերթը և «hraparak.am» կայքն ունեն բավական մեծ լսարան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի Յ-րդ, 121-122-րդ հողվածներով՝ հայցվոր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն դատարանին խնդրել է պարտավորեցնել պատասխանողներ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ին և Հրանտ Արարատի Բագրատյանին հրապարակային հերքել https://hraparak.am/post/ffdfbdaf80b1f166ee6b67fa65274917 կայքում հրապարակված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հասցեին հնչեցրած զրպարտչական արտահայտությունները: Հերքումը ենթակա է հրապարակման նույն կարգով: Պատասխանողներ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ից և Հրանտ Արարատի Բագրատյանից հօգուտ հայցվորի համապարտությամբ բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով գործարար համբավին պատճառված վնասի հատուցում:
Հայցադիմումում շարադրված փաստական և իրավական հիմնավորմամբ հայցվոր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Հեղինե Մանուկյանը պնդել է ներկայացված պահանջը:

2. Պատասխանող «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիրքորոշման հակիրճ բովանդակությունը.

Պատասխանող «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Լարիսա Բաղդասարյանի կողմից 05.05.2022 թվականին դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան, որով ամբողջությամբ առարկել է ներկայացված հայցի դեմ՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ մասերը՝ նշել է, որ այդ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ օրենսդիրը, պաշտպանության տակ առնելով անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը, դրա պատասխանատվությունը դրել է այն անձի վրա, ով հանդիսանում է վիրավորանք և զրպարտություն հասցնող անձը: Ավելին, լրատվական գործունեություն իրականացնող անձը կարող է կրել պատասխանատվություն, եթե չի բացահայտում իր տեղեկատվության աղբյուրին, մնացյալ բոլոր դեպքերում լրատվական գործունեություն իրականացնող անձն է կրում քաղաքացիաիրավական պատասխանատվություն՝ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 9-րդ մասի:
Վերոնշյալի համատեքստում ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով պետք է տարբերակել վիրավորանք հասցրած և զրպարտություն կատարած անձին և այն տարածողին, քանի որ, եթե վիրավորանքը հասցվել է, իսկ զրպարտությունը կատարվել է մի անձի, իսկ տարածվել այլ անձի կողմից, ապա տարածողի գործողությունները ոչ իրավաչափ համարվել չեն կարող:
Նշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշում առ այն, որ
ա) անձին վիրավորանքի համար պատասխանատվության ենթարկելիս առաջնահերթ պետք է պարզել վիրավորական արտահայտությունները վերջինիս կողմից կատարած լինելու, այսինքն՝ տվյալ սուբյեկտի՝ վիրավորանք կատարած անձ հանդիսանալու հանգամանքը,
բ) տուժողի կողմից որևէ անձի որպես վիրավորանք հասցրած անձ որակելը պետք է կատարվի այնպիսի կոնկրետ ապացույցների մատնանշմամբ, որոնք վկայում են վիրավորական արտահայտությունները տվյալ անձի կողմից կատարած լինելու մասին,
գ) ենթադրությունների հիման վրա անձին վիրավորանք հասցրած անձ դիտարկելը թույլատրելի չէ,
դ) նշված փաստերը չապացուցելու պարագայում դրա բացասական հետևանքները կրում է հայցվորը:
Միաժամանակ հարկ է ընդգծել, որ «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործությունը հրապարակելիս, կամ ում անունը որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում, կամ նոտարի մոտ, կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ: Սույն դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ այդ անունը կեղծանուն է, և կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում:
Տվյալ դեպքում «Հրապարակ» կայքի կողմից հրապարակվել է Սյուզան Սիմոնյանի կողմից «Հրապարակ» կայքում գրված հոդվածը: Այսինքն՝ «Հրապարակ» կայքը փաստացի չի հանդիսացել հոդվածի հեղինակ, քանի որ վիճարկվող հոդվածի ներքևում կատարել է հղում գրառման տեսքով հոդվածագրի վերաբերյալ՝ «հեղինակ Սյուզան Սիմոնյան», ուստի վերջինս ազատված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 9-րդ մասով քաղարացիաիրավական պատասխանատվությունից, քանի որ հատուկ նորմով նախատեսվել է հոդվածը տարածողի, սույն դեպքում՝ «Հրապարակ» կայքի քաղաքացիաիրավական պատասխանատվությունից ազատվելու իմպերատիվ պահանջը:
Ի թիվս վերը նշված իրավական դիրքորոշումների՝ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով դատարանին է ներկայացվել թիվ ԵԴ/6559/02/19 քաղաքացիական գործով 16.06.2020 թվականի վճիռը, որով դատարանը, անդրադառնալով նմանատիպ փաստական հանգամանքներով քննվող նյութաիրավական հարաբերություններին, արձանագրել է, որ քննարկվող պարագայում «Հրապարակ օրաթերթ» ՍՊ ընկերությունը «hraparak.am» կայքում հրապարակելով «Ո՞վ է իրականում Անդրանիկ Քոչարյանը» վերտառությամբ հոդվածը /դրանում տեղ գտած տեղեկությունները տարածելով/ հղում է կատարել տեղեկատվության աղբյուրին՝ հեղինակին՝ Հասմիկ Մելքոնյանին, որպիսի հանգամանքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով հանդիսանում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից ազատելու հիմք:
Ելնելով վերոգրյալից և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածը՝ պատասխանող «Հրապարակ օրաթերթ» ՍՊ ընկերությունը դատարանին խնդրել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության հայցն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ զրպարտչական արտահայտությունները հերքել պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջների մասին, մերժել:
Հայտնել է, որ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի և «Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ» ՍՊԸ-ի միջև 16.12.2021 թվականին կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման մասին թիվ ՓԳ-21-53/ԼԳ պայմանագիրը, որով «Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ» ՍՊ ընկերությունը ներկայացնում է «Հրապարակ Օրաթերթ» ՍՊ ընկերության շահերը: Պայմանագրի 1.1. և 1.1.1. կետի ուժով Պայմանագրի առարկայի մեջ է մտնում թիվ ԵԴ/47388/02/21 քաղաքացիական գործով ներկայացումն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Պայմանագրի 3.1. կետի համաձայն սույն պայմանագրի գինը թիվ 1.1.1. կետով սահմանված ծառայության համար կազմում է 300.000 ՀՀ դրամ:
Հայցադիմումի պատասխանում շարադրված փաստական և իրավական հիմնավորմամբ պատասխանող «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Լարիսա Բաղդասարյանը պնդել է ներկայացված առարկությունները՝ դատարանին խնդրելով հայցը մերժել:

3. Պատասխանող Հրանտ Արարատի Բագրատյանի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը.

Պատասխանող Հրանտ Արարատի Բագրատյանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանի կողմից 26.05.2022 թվականին դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան, որով ամբողջությամբ առարկել է ներկայացված հայցի դեմ՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Պատասխանող Հրանտ Բագրատյանի կողմից ամբողջ հարցազրույցի ընթացքում հնչեցված, ինչպես նաև լրագրողի հարցերին տրված պատասխանները եղել են ընդհանուր բնույթի, վերաբերել են «Էյր Արաբիա» ընկերությանն ազգային ավիափոխադրողի կարգավիճակ տալուն, մասնավորապես՝ այդ հանգամանքի առնչությամբ «Հրապարակ օրաթերթ»-ի և Ֆոնդի միջև ծագած վեճին (ենթադրվում է թիվ ԵԴ/47388/02/21 և/կամ ԵԴ/33821/02/21 քաղաքացիական գործեր1):
Օրաթերթի լրագրողը 2021 թվականի հուլիսի 14-ին կնքված գործարքը որակել է որպես մի խումբ մարդկանց բիզնես, քանի որ գործարքը թափանցիկ չէ հանրության համար, և ազգային ավիափոխադրողը չի ընտրվել մրցույթով:
Վերը ներկայացրած հանգամանքների շուրջ օրաթերթի լրագրողի հարցերի կապակցությամբ Հրանտ Բագրատյանը ներկայացրել է իր վերլուծությունները Հայաստանում օդային ուղևորաշրջանառության ծավալների մասին և այդ ծավալների յոթնապատիկը կազմող գումարը ներկայացրել է Հայաստանի համար որպես ակտիվ: Այսինքն՝ սույն մասով Հրանտ Բագրատյանը՝ որպես տնտեսագետ, լրագրողին ներկայացրել է այն, որ օդային ուղևորաշրջանառությունն իր բնույթով համարվում է ոչ նյութական ակտիվ և այն ունի համապատասխան արժեք՝ 1 մլրդ 750 մլն դոլար:
Այնուհետև, պատասխանողն անդրադարձել է լրագրողի կողմից բարձրացրած՝ ազգային ավիափոխադրողի մրցույթով չընտրվելու հարցին, այդ կապակցությամբ մասնավորապես նշելով, որ ՀՀ երկրորդ նախագահը այժմ ենթարկվում է քրեական հետապնդման այն բանի համար, որ մի քանի հազար տոննա դիզվառելիքի գնման մրցույթին է միջամտել և դրանից հետևություններ անելով պատասխանողը կատարել է իր գնահատողական դատողություններն ու միաժամանակ ներկայացրել իր մտահոգություններն առ այն, որ լրագրողի մատնանշած առանց մրցույթի անցկացման կնքված գործարքում ահռելի կոռուպցիոն ռիսկերի հետ գործ ունենք:
Այնուհետև, առանձնահատուկ շեշտադրմամբ, հիշյալ գործարքից անջատ մտքով, պատասխանողը նշել է, որ բոլոր դեպքերում, մրցույթի բացակայությունը կոռուպցիա է, այսինքն՝ այդ երևույթի վերաբերյալ արտահայտել է իր սուբյեկտիվ կարծիքը:
Շարունակելով իր միտքը պատասխանողը նշել է նաև, որ հայկական ավիափոխադրողի ստեղծումն առանց միջազգային մրցույթի համարում է ամբողջությամբ կոռուպցիոն գործարք:
Պատասխանողն իր խոսքում չի ներկայացրել գեթ մի փաստ, որ հայցվորը կատարել է այնպիսի ստույգ արարք, որը կարող է դիտվել իբրև զրպարտություն, այլ օրաթերթի լրագրողի հարցին ի պատասխան՝ նշել է, որ միջազգային մրցույթ չանցկացնելու պայմաններում գործ ունենք կոռուպցիոն ռիսկի հետ, իսկ ինչպես հայտնի է ռիսկը դա անորոշ իրադարձություն է կամ անորոշ պայման է:
Ավելին, Պատասխանողի կողմից հայկական ավիափոխադրողի ստեղծումն առանց միջազգային մրցույթի ամբողջությամբ կոռուպցիոն գործարք պատասխանողի կողմից համարելը ևս որևէ կերպ չի կարող դիտվել որպես ստույգ փաստի նշում, քանի որ ըստ հայոց լեզվի բացատրական բառարանների «համարել» նշանակում է կարծել, ենթադրել:
Այստեղ կարևոր է ընգծել, որ հայցվոր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը, հետևաբար՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ/ ենթակետի համաձայն՝ հայցվոր ֆոնդը հանդիսանում է այդ օրենքի իմաստով պատվիրատու:
Ինչն իր հերթին նշանակում է, որ վերջինս մեկ միլիոն դրամ գումարը գերազանցող գնումները պետք է իրականացնի նշված օրենքով սահմանված կարգով, այն է՝ համապատասխան մրցույթի անցկացման միջոցով:
Ամփոփելով վերոգրյալը՝ գտել է, որ հարցազրույցի ընթացքում պատասխանող Հրանտ Բագրատյանի կողմից հնչեցված արտահայտություններն ուղղված են եղել օրաթերթի լրագրողի կողմից հնչեցված հարցերին պատասխանելուն, դրանք եղել են պատասխանողի կարծիքը նշված երևույթի (մրցույթ չանցկացնելու) վերաբերյալ նրա գնահատողական դատողությունները, արտահայտված գաղափարները վերաբերել են առհասարակ մրցույթ անցկացնելու դեպքում կոռուպցիոն ռիսկերի առկայությանը:
Ամփոփելով վերոգրյալը գտել է, որ պատասխանողի կողմից վկայակոչված փաստի բացակայության պայմաններում հնչեցրած գնահատողական դատողությունները պետք է դիտարկել, որպես կարծիքի ազատ արտահայտման դրսևորում, ինչն էլ իր հերթին բացառում է զրպարտության առկայությունը:
Նշել է, որ հայցվորը պետք է հիմնավորի իր պատվին, արժանապատվությանը պատճառված ենթադրյալ վնասը՝ ոչ նյութական փոխհատուցում նշանակելուց բացի 2.000.000 ՀՀ դրամի չափով նյութական փոխհատուցում վճարելու միջոցով վերականգնելու անհրաժեշտությունը:
Զրպարտության բացակայությունն իր հերթին բացառում է նաև հայցադիմումով ներկայացված՝ 2.000.000 ՀՀ դրամի և դատական ծախսերի բավարարման հնարավորությունը, քանի որ միայն հիմնական պահանջի հիմնավորման և բավարարման դեպքում կարող է քննարկման առարկա դարձվել 2.000.000 ՀՀ դրամի և դատական ծախսերի բռնագանձման հարցը:
Ամփոփելով վերոգրյալը՝ նշել է, որ հարցազրույցի ընթացքում Հրանտ Արարատի Բագրատյանի կողմից լրագրողի հարցերին տրված պատասխանները հանդիսանում են գնահատող դատողություններ, հետևաբար այդ արտահայտությունները չեն կարող արատավորել հայցվորի բարի համբավը, ուստի, ելնելով վերոգրյալից՝ դատարանին խնդրել է թիվ ԵԴ/47388/02/21 քաղաքացիական գործով «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայցը մերժել ամբողջությամբ՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Հայցադիմումի պատասխանում շարադրված փաստական և իրավական հիմնավորմամբ պատասխանող ընթացքում Հրանտ Արարատի Բագրատյանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը պնդել է ներկայացված առարկությունները՝ դատարանին խնդրելով հայցը մերժել:

II
Պատճառաբանական մաս.
1. Գործի համար նշանակություն ունեցող փաստերը.

1. 28․09․2021 թվականին «Հրապարակ» կայքի էջում հրապարակվել է «Ազգային ավիափոխադրողի ստեղծումը առանց մրցույթի համարում եմ կոռուպցիոն գործարք» վերտառությամբ հոդվածը:
2. Հոդվածի ինչպես սկզբնամասում, այնպես էլ վերջամասում նշված է «Սյուզան Սիմոնյան»:
3. 28․09․2021 թվականին «Հրապարակ» կայքի էջում հրապարակված «Ազգային ավիափոխադրողի ստեղծումը առանց մրցույթի համարում եմ կոռուպցիոն գործարք» վերտառությամբ հոդվածի պատճենահանված գրավոր ապացույցի համաձայն՝ Հրանտ Բագրատյանը նշել է. «(...) պատկերացրեք, թե այստեղ ինչ ահռելի կոռուպցիոն ռիսկի հետ գործ ունենք: Բոլոր դեպքերում, մրցույթի բացակայությունը կոռուպցիա է (...): Այս կոռուպցիոն ֆոնի վրա՝ լինի ավիաընկերությունը, լինեն հայկական թեստերը, մենք տեսնում ենք, թե ինչպիսի կոռուպցիոն մեծ ռիսկ պարունակող գործարքներ կան, (...): Հայկական ավիափոխադրողի ստեղծումն առանց միջազգային մրցույթի համարում եմ ամբողջությամբ կոռուպցիոն գործարք»:
4. «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի և «Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ» ՍՊԸ-ի միջև 16.12.2021 թվականին կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման մասին թիվ ՓԳ-21-53/ԼԳ պայմանագիրը, որի 3.1. կետի համաձայն սույն պայմանագրի գինը թիվ 1.1.1. կետով սահմանված ծառայության համար կազմում է 300.000 ՀՀ դրամ:

2. Դատարանի պատճառաբանությունները և իրավական վերլուծությունները.

Լսելով հայցվոր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Հեղինե Մանուկյանին, «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվության ընկերության ներկայացուցիչ Լարիսա Հարությունյանին, Հրանտ Արարատի Բագրատյանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանին, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի` շահագրգիռ անձն իրավունք ունի օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերոհիշյալ սահմանադրական և ներպետական օրենսդրական իրավական նորմերի վերլուծությունը թույլ է տալիս կատարել եզրահանգում այն մասին, որ անձի դատական պաշտպանության իրավունքն ունի ներպետական` սահմանադրությամբ և օրենքով, ինչպես նաև միջազգային նորմերով հստակ ընդգծված պաշտպանություն:
Տվյալ դեպքում հայցվորը, օգտվելով վերը նշված իրավական նորմերով իրեն ընձեռված օրենքով չարգելված իրավունքի պաշտպանության` դատարան դիմելու իրավունքից, դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել պատասխանողներ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ին և Հրանտ Արարատի Բագրատյանին հրապարակային հերքել https://hraparak.am/post/ffdfbdaf80b1f166ee6b67fa65274917 կայքում հրապարակված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հասցեին հնչեցրած զրպարտչական արտահայտությունները և պատասխանողներ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ից և Հրանտ Արարատի Բագրատյանից հօգուտ հայցվորի համապարտությամբ բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով գործարար համբավին պատճառված վնասի հատուցում:
Դատարանը փաստում է, որ հայցվորն իր պահանջն ուղղել է «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի և Հրանտ Արարատի Բագրատյանի դեմ, ուստի դատարանը հարկ է համարում անդրադառնալ յուրաքանրյուր դեմ ներկայացված պահանջին առանձին-առանձին:
Անդրադառնալով «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի դեմ ուղղված պահանջին՝ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):
Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետերից հետևում է, որ անձն ազատվում է պատասխանատվությունից երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
ա․ արտահայտված կամ ներկայացված փաստացի տվյալներն անձի հրապարակային ելույթների, պաշտոնական փաստաթղթերի, հեղինակային ստեղծագործությունների, լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունների հրապարակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են,
բ․ տեղեկատվությունը տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին:
Տեղեկատվությունը բառացի կամ բարեխիղճ ներկայացնելու օրենսդրի պահանջը նպատակ է հետապնդում ապահովել բացահայտված աղբյուրում տեղ գտած տեղեկատվության բառացի շարադրանքը կամ հրապարակել այն այնպես, որ չփոխվի ինչպես ամբողջական իմաստը, այնպես էլ կոնկրետ փաստերի վերաբերյալ առկա տեղեկատվությունը:
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետերում ամրագրված «տեղեկատվության աղբյուր» եզրույթին և արտահայտել իրավական դիրքորոշում առ այն, որ նշված դրույթների վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով տեղեկատվության աղբյուրներն անձինք են (ֆիզիկական և իրավաբանական), որոնք տարբեր միջոցներով հրապարակում են տեղեկատվությունը: Տեղեկատվության աղբյուր են հանդիսանում հեղինակները և լրատվական գործակալությունները: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հիշատակված դրույթներում ամրագրված անձի հրապարակային ելույթները, պաշտոնական փաստաթղթերը, հեղինակային ստեղծագործությունները տեղեկատվության աղբյուրների կողմից օգտագործվող միջոցներ են:
«Տեղեկատվության միջոց» հասկացությունը մեկնաբանելիս ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադարձ կատարել Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Վերջինիս համաձայն` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի գործողության ոլորտում են գտնվում ոչ միայն այն տեղեկությունները և գաղափարները, որոնք արտահայտվում են գրավոր կամ բանավոր խոսքի միջոցով, այլ նաև տարաբնույթ միջոցներով արտահայտված և տարածվող տեղեկություններն ու գաղափարները: Մասնավորապես` Կոնվենցիայի 10-րդ հոդվածը կիրառելի է գեղարվեստական ինքնարտահայտման միջոցների` նկարների, ֆիլմերի և արվեստի այլ ստեղծագործությունների նկատմամբ, ինչպես նաև հեռարձակման բոլոր միջոցների և էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի նկատմամբ (տեղեկությունների և գաղափարների արտահայտման միջոցների հարցին Եվրոպական դատարանն ի թիվս այլոց անդրադարձել է Մյուլերը և մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի գործով 24.05.1988 թվականի որոշմամբ, կետ 34, Աութրոնիկ ԷյՋի-ն ընդդեմ Շվեյցարիայի գործով 22.05.1990 թվականի որոշմամբ, կետ 47):
Վերոնշյալ հետևությունը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ հղում է կատարված տեղեկատվության աղբյուրին, սակայն նույն աղբյուրում տեղ գտած տեղեկատվությունը հրապարակված չէ բառացի կամ բարեխիղճ, այլ կերպ` հրապարակողը փոփոխություններ է մտցրել տեղեկատվության մեջ, ավելացրել է, հանել կամ փոփոխել փաստերը (շարադրանքը կամ դրա առանձին մասերը), ապա հրապարակող անձը չի ազատվում պատասխանատվությունից: Նույն կանոնը գործում է նաև այն դեպքում, երբ տարածողը թեև վերարտադրում է տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ շարադրանքը, այդուհանդերձ հղում է կատարում մի աղբյուրի, որը չի համարվում «տեղեկատվության աղբյուր» ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով, այն է` չի հանդիսանում հեղինակ կամ լրատվական գործակալություն:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նաև նշել, որ բովանդակային առումով տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պետք է կատարվի տեղեկատվությունը տարածելու հետ միաժամանակ: Տեղեկատվությունը տարածելիս և ոչ թե դրանից հետո աղբյուրի բացահայտումը նպատակ է հետապնդում այդ տեղեկատվության հասցեատերերի մոտ ապահովել տեղեկացվածություն այն մասին, որ զրպարտությունը կամ վիրավորանքը դուրս է գալիս կոնկրետ սուբյեկտից, այլ ոչ թե անմիջական հրապարակողից կամ անորոշ թվով սուբյեկտներից: Աղբյուրի բացահայտումը, կախված աղբյուրի տեսակից, կարող է ազդել հասարակական կարծիքի ձևավորման վրա: Մինչդեռ տեղեկատվության աղբյուրը դատական վարույթի ընթացքում բացահայտելը լիարժեք չի ապահովում զրպարտող կամ վիրավորող սուբյեկտի վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը: (Տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով կայացված 27․04․2012 թվականի որոշում):
Դատարանը փաստում է, որ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը «հraparak.am» կայքում 28․09․2021 թվականին հրապարակվել է «Ազգային ավիափոխադրողի ստեղծումը առանց մրցույթի համարում եմ կոռուպցիոն գործարք» վերտառությամբ հոդվածը:
Հոդվածի ինչպես սկզբնամասում, այնպես էլ վերջամասում հղում է կատարել տեղեկատվության աղբյուրին՝ Սյուզան Սիմոնյանին, որպիսի հանգամանքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով հանդիսանում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից ազատելու հիմք:
Վերոգրյալով պայմանավորված և նկատի ունենալով, որ լրատվության միջոցը հղում է կատարում իր տեղեկատվության աղբյուրին՝ դատարանը գտնում է, որ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեմ ներկայացված հայցն անհիմն է և ենթակա մերժման:
Անդրադառնալով Հրանտ Արարատի Բագրատյանի դեմ ուղղված պահանջին՝ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
Նույն կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների հայեցողական լիազորության ճիշտ կենսագործման համար անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից սահմանված չափորոշիչները խոսքի ազատության իրավունքի և դրա սահմանափակումների վերաբերյալ, մասնավորապես.
1. խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,
2. դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում,
3. դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,
4. կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին:
Մեկնաբանելով «Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակներին» պայմանները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի մեկնաբանմանը, բազմիցս նշել է, որ իրավունքներին միջամտելու անհրաժեշտությունը որոշելու հարցում մասնակից պետություններն օժտված են հայեցողության որոշակի սահմանով, որը, սակայն, ուղեկցվում է եվրոպական կառույցների վերահսկողությամբ, իսկ վերջինիս սահմանները կախված են գործի բնույթից: Բոլոր այն դեպքերում, երբ արձանագրվում է միջամտություն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով երաշխավորված ազատություններին և իրավունքներին, եվրոպական կառույցները պետք է խիստ վերահսկողություն սահմանեն, ինչը պայմանավորված է այդ իրավունքների կարևորությամբ (տե՛ս, «Աուտրոնիկ» բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 22.05.1990թ. վճիռը, կետ 61, «Գրոպպերա ռադիո» բաժնետիրական ընկերությունը և մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 28.03.1990թ. վճիռը, կետ 61):
Նույն որոշմամբ անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ`
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ, որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (Տե՛ս, Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44):
Անդրադառնալով «Ստույգ փաստեր» եզրույթին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող): Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է:» (տե´ս, Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից: ՀՀ վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ անդրադառնալով նշված հարցին` Եվրոպական դատարանը նշել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել` հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տե՛ս, Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33):
ՀՀ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է «գնահատողական դատողություն» եզրույթի իրավական ընկալմանը՝ կարծիքի արտահայտման ազատության լույսի ներքո՝ այդ թվում ներկայացնելով այդ կապակցությամբ Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները:
Եվրոպական դատարանի գնահատմամբ կարծիքի արտահայտման ազատությունը ժողովրդավարական հասարակության ամենակարևոր հիմնասյուներից է, ժողովրդավարության զարգացման և յուրաքանչյուր անձի ինքնադրսևորման հիմնական պայմաններից մեկը: Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի հաշվառմամբ՝ այն կիրառվում է ոչ միայն այն տեղեկությունների և գաղափարների վրա, որոնք կարող են ընկալվել դրական կամ դիտարկվել որպես անվնաս կամ անտարբեր, այլ նաև այնպիսի տեղեկությունների և գաղափարների վրա, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստացնում: Այսպիսին են բազմակարծության, հանդուրժողականության և տեսակետների բազմազանության պահանջները, առանց որոնց՝ «ժողովրդավարական հասարակությունը» չի կարող գոյություն ունենալ: Ինչպես սահմանված է 10-րդ հոդվածում, այդ ազատությունից կարող են լինել բացառություններ, որոնք, սակայն, պետք է խստորեն մեկնաբանվեն, և որևէ սահմանափակման անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով ապացուցվի (Տե՛ս, Bédat v. Switzerland ([GC] (գանգատ թիվ 56925/08) գործով Եվրոպական դատարանի 29.03.2016 թվականի վճիռը, կետ 48):
Եվրոպական դատարանը նաև կարևորել է, որ պետք է հստակ տարանջատում մտցվի քննադատության և վիրավորանքի միջև, և վերջինը, որպես կանոն, կարող է հանգեցնել պատասխանատվության կիրառման (տե՛ս, Palomo Sánchez and Others v. Spain [GC] (գանգատներ թիվ 28955/06, 28957/06, 28959/06 և 28964/06) գործով Եվրոպական դատարանի 12.09.2011 թվականի վճիռը, կետ 67):
Ընդ որում, անդրադառնալով «գնահատողական դատողությունների» և «փաստերի» արտահայտման տարբերակման կարևորությանը՝ Եվրոպական դատարանը նաև ընդգծել է, որ տարանջատման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործի փաստական հանգամանքներին և արված դիտողությունների ընդհանուր տոնին՝ նկատի ունենալով, որ հանրային նշանակություն ունեցող գործերով դիտողությունները կարող են իրականում լինել գնահատողական դատողություններ, ոչ թե ներկայացված փաստեր (տե՛ս, Morice v. France [GC], (գանգատ թիվ 29369/10) գործով Եվրոպական դատարանի 23.04.2015 թվականի վճիռը, կետ 126):
Միաժամանակ Եվրոպական դատարանը սահմանել է մի շարք չափանիշներ, որոնց համապատասխան կարծիքի արտահայտման ազատությունը հավասարակշռվում է մասնավոր կյանքի հարգման իրավունքի հետ, այդ թվում՝
1) վիճարկվող արտահայտությունը նպաստե՞լ է արդյոք ընդհանուր շահի քննարկմանը,
2) որքանո՞վ է հայտնի շահագրգիռ անձը և ո՞րն է հրապարակման առարկան,
3) շահագրգիռ անձի նախորդ վարքագիծը,
4) տեղեկատվության ստացման միջոցը և դրա արժանահավատությունը,
5) հրապարակման բովանդակությունը, ձևը և հետևանքները,
6) կիրառված պատասխանատվության խստությունը (տե՛ս, EDITORIAL BOARD OF GRIVNA NEWSPAPER v. UKRAINE (գանգանտներ թիվ 41214/08 և 49440/08) գործով Եվրոպական դատարանի 16.04.2019 թվականի վճիռը, կետ 97):
Վճռաբեկ դատարանը նաև անդրադարձել է գնահատող դատողություններին այն դեպքում, երբ դրանք առերևույթ պարունակում են զրպարտությանը բնորոշ տարրեր: Վճռաբեկ դատարանը կարևորել է, որ վիրավորանքի և զրպարտության հետևանքով անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով Կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածների միջև արդարացի հավասարակշռություն ապահովելու նպատակով կարևոր է պարզել կարծիք արտահայտած անձի իրական մտադրությունը, այսինքն՝ արդյո՞ք այն ուղղված է եղել անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելուն, թե՞ որոշակի հարցի վերաբերյալ իր տեսակետն արտահայտելուն (թեկուզև դրա արդյունքում որոշակի ոտնձգություն է տեղի ունեցել այլ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին): Իրական մտադրությունը բացահայտելու համար էական նշանակություն կարող են ունենալ կարծիքի արտահայտմանը նախորդած վարքագիծը, այն միջավայրը, որտեղ արտահայտվել է տեսակետը, այն հանգամանքը, թե իր կարծիքն արտահայտող անձն ինչ տեղեկատվության հիման վրա է արտահայտել իր կարծիքը և այլն:
Հետևաբար՝ որևէ արտահայտության կամ բառի վիրավորական կամ զրպարտող իմաստ ունենալը, ոչ կոռեկտ լինելն ինքնաբերաբար չի կարող հանգեցնել պատասխանատվության, եթե պահպանված են կարծիքի արտահայտման ազատության սահմանները, և կարծիքի արտահայտման նպատակը հասցեատիրոջը վիրավորելը կամ զրպարտելը չէ: Ընդ որում, նմանատիպ գործերով էական նշանակություն ունի հենց զրպարտչական բնույթի փաստական տվյալների տարբերակումը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններից (Տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/7480/02/18 քաղաքացիական գործով 21.07.2020թ. որոշում):
Սույն գործի փաստերի համաձայն՝ 28․09․2021 թվականին «Հրապարակ» կայքի էջում հրապարակված «Ազգային ավիափոխադրողի ստեղծումը առանց մրցույթի համարում եմ կոռուպցիոն գործարք» վերտառությամբ հոդվածի պատճենահանված գրավոր ապացույցի համաձայն՝ «(...) պատկերացրեք, թե այստեղ ինչ ահռելի կոռուպցիոն ռիսկի հետ գործ ունենք: Բոլոր դեպքերում, մրցույթի բացակայությունը կոռուպցիա է (...): Այս կոռուպցիոն ֆոնի վրա՝ լինի ավիաընկերությունը, լինեն հայկական թեստերը, մենք տեսնում ենք, թե ինչպիսի կոռուպցիոն մեծ ռիսկ պարունակող գործարքներ կաn, (...): Հայկական ավիափոխադրողի ստեղծումն առանց միջազգային մրցույթի համարում եմ ամբողջությամբ կոռուպցիոն գործարք»:
Դատարանը հարկ է համարում անդրադառնալ պատասխանողի կողմից կոնկրետ արտահայտությունները՝ զրպարտություն որակելու հիմքերի առկայությանը կամ բացակայությանը՝ կիրառելով Վճռաբեկ դատարանի վերոնշյալ վերլուծություններով արտահայտված դիրքորոշումները:
Այսպես անդրադառնալով արտահայտության` զրպարտություն գնահատելու առաջին չափանիշին, այն է` անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, դատարանը հարկ է համարում քննարկման առարկա դարձնել այն հարցադրումը, թե արդյո՞ք հոդվածի մեջ տեղ գտած տեղեկությունները բավականաչափ հստակ ու կոնկրետացված տվյալներ են, որոնք վկայում են հայցվոր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կատարված որոշակի գործողության և/կամ անգործության մասին, թե՞ դրանք կրում են վերացական բնույթ:
Հոդվածում նշված է եղել «(...) պատկերացրեք, թե այստեղ ինչ ահռելի կոռուպցիոն ռիսկի հետ գործ ունենք: Բոլոր դեպքերում, մրցույթի բացակայությունը կոռուպցիա է (...): Այս կոռուպցիոն ֆոնի վրա՝ լինի ավիաընկերությունը, լինեն հայկական թեստերը, մենք տեսնում ենք, թե ինչպիսի կոռուպցիոն մեծ ռիսկ պարունակող գործարքներ կան, (...): Հայկական ավիափոխադրողի ստեղծումն առանց միջազգային մրցույթի համարում եմ ամբողջությամբ կոռուպցիոն գործարք»:
Դատարանի գնահատմամբ վերը նշված փաստացի տվյալները չեն հաղթահարում վերացական չլինելու արգելքը, չեն բավարարում հրապարակված գործողությունների բավարար չափով կոնկրետություն և հստակություն պահանջները, քանի որ ընթերցողի մոտ չի ձևավորվում է որևէ պատկերացում, թե է ինչ կոռուպցիոն գործողությունների մասին է խոսքը, ինչ եղանակով են դրանք իրականացվել, պարզ չէ դրա բովանդակությունը, դրանք կատարած անձանց շրջանակը: Այսինքն՝ առկա չէ տվյալների այնպիսի բավարար համակցություն, որը տեղեկությունն ընթերցողին թույլ կտար հստակ պատկերացում կազմել կատարված գործողությունների բնույթի մասին:
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ հայցվորի վերաբերյալ հրապարակված տեղեկություններն իրենից բնույթով հստակ և որոշակի չեն, կրում են ընդհանրական և վերացական բնույթ:
Անդրադառնալով արտահայտության` զրպարտություն գնահատելու երկրորդ չափանիշին, այն է` անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային, դատարանը փաստում է, որ «https://hraparak.am» կայքում 28․09․2021 թվականին հրապարակվել է «Ազգային ավիափոխադրողի ստեղծումը առանց մրցույթի համարում եմ կոռուպցիոն գործարք» վերտառությամբ հոդվածը: Դատարանը գտնում է, որ սույն գործով հայցվորի վերաբերյալ արտահայտությունը ներկայացվել է հրապարակային, քանի որ այն հասանելի է եղել երրորդ անձանց:
Անդրադառնալով արտահայտության` զրպարտություն գնահատելու երրորդ չափանիշին, այն է` ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի, դատարանն արձանագրում է հետևյալը.
«Կոռուպցիան» քրեորեն հետապնդելի արարք է և դրա իրականության համապատասխանությունը կարող է հաստատվել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով, իսկ մնացած բոլոր դեպքերում դրանք կարող են լինեն միայն որոշակի երևույթի վերաբերյալ ենթադրություններ, սուբյեկտիվ ընկալումներ կամ որոշակի փաստակազմի հիման վրա կատարված սուբյետիվ գնահատականներ:
Ըստ Էդուարդ Աղայանի բացատրական բառարանի՝ ռիսկ նշանակում է որևէ բանի հնարավոր վտանգ:
Պատասխանողի կողմից օգտագործվել է «կոռուպցիոն ռիսկ» արտահայտությունը, որը բովանդակային առումով նշանակում է կոռուպցիայի հնարավոր վտանգ, որը ևս գնահատողական դատողություն է:
Անդրադառնալով արտահայտության` զրպարտություն գնահատելու չորրորդ չափանիշին, այն է` ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը և արժանապատվությունը, դատարանը փաստում է, որ չի հիմնավորվել այն փաստը, որ պատասխանողը նպատակ է ունեցել արատավորել ընկերության բարի համբավը, այլ կատարել է գնահատողական բնույթի դատողություններ:
Դատարանի գնահատմամբ հոդվածի ուսումնասիրությունը չի կարող ողջամիտ ընթերցողի մոտ ձևավորել համոզմումք, որ ընկերությանը վերագրվել է քրեորեն հետապնդելի արարք, այլ հրապարակման մեջ տեղ գտած դատողություններն իրենցից ենթադրում են պատասխանողի ստացած տեղեկությունների և կատարած վերլուծությունների արդյունքը՝ այդպիսով արտահայտելով վերջինիս բացասական կարծիքը, քննադատությունը, գնահատողական դատողությունը որոշակի փաստական հանգամանքների վերաբերյալ: Ընդ որում՝ դրա մասին է վկայում նաև Հրանտ Բագրատյանի կողմից օգտագործված «համարում եմ» բառը, որը ևս ընդգծում է, որ արտահայտվածը հանդիսանում է Հրանտ Բագրատյանի սուբյեկտիվ գնահատողական կարծիքը:
Այսպիսով, դատարանը հանգում է հետևության առ այն, որ հայցվորի կողմից որպես զրպարտություն գնահատված արտահայտություններն իրենցից ներկայացնում են գնահատողական դատողություններ, քանզի դրանք ոչ թե որոշակի փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն են պարունակում, այլ փաստական հիմքի վրա հիմնված գնահատողական դատողություն են, որպիսի պայմաններում դատարանը հանգում է հետևության առ այն, որ ներկայացված հայցը Հրանտ Արարատի Բագրատյանի մասով ևս անհիմն է և ենթակա մերժման:
Ինչ վերաբերում է կիրառված հայցի ապահովման միջոցներին, ապա նկատի ունենալով, որ հայցը ենթակա է մերժման, դատարանը գտնում է, որ վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից պետք է վերացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 29.10.2021 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները:

4. Դատական ծախսեր.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Նկատի ունենալով, որ հայցադիմումը դատարան ներկայացնելիս հայցվորի կողմից արդեն իսկ վճարվել է պետական տուրքի գումարը և այն, որ հայցը ենթակա է մերժման, դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Անդրադառնալով պատասխանող «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված 300.000 ՀՀ դրամի՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բռնագանձման պահանջին` դատարանը գտնում է, որ այդ պահանջը ենթակա է բավարարման մասնակիորեն` հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն քաղաքացիական գործով ձեռք բերված ապացույցների համաձայն` «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի և «Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ» ՍՊԸ-ի միջև 16.12.2021 թվականին կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման մասին թիվ ՓԳ-21-53/ԼԳ պայմանագիրը, որի 3.1. կետի համաձայն սույն պայմանագրի գինը թիվ 1.1.1. կետով սահմանված ծառայության համար կազմում է 300.000 ՀՀ դրամ:
Դատարանն արձանագրում է, որ գործով փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը:
Ելնելով փաստաբանին վճարվող գումարի խելամտության սկզբունքից, սույն քաղաքացիական գործի առանձնահատկությունից, ամբողջության մեջ հաշվի առնելով գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, գործի բարդությունը, վիճելի իրավահարաբերության բնույթը և այն որ հայցը ենթակա է մերժման, դատարանը որպես փաստաբանի կողմից գործով փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց վճարման ենթակա գումարի ողջամիտ չափ է համարում 100.000 ՀՀ դրամը, հետևաբար՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետք է բռնագանձել 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ, 191-րդ, 192-րդ հոդվածներով` դատարանը

ՎՃՌԵՑ

1. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ Հրանտ Արարատի Բագրատյանի, «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ զրպարտչական արտահայտությունները հերքել պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի մասին, մերժել:
2. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
3. Վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից վերացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 29.10.2021 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը:
4. Դատական ծախսերի, այդ թվում` պետական տուրքի հարցը մնացած մասով համարել լուծված:
5. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ