Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

 

Սույն վարչական գործով, ըստ հայցի Վահե Մերուժանի Մակարյանի  ընդդեմ Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի ՝ 2022 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1217 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, հայցվորի շահերը ներկայացնում է Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի  փաստաբան  Լարիսա Բաղդասարյանը:

ՀՀ Վարչական դատարանը 2023 թվականի մայիսի 8-ին կայացրել է բարենպաստ դատական ակտ:

 

 

Վարչական գործ թիվ ՎԴ2/0321/05/22

Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

2023 թվականի մայիսի 8-ին քաղաք Սևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝
նախագահությամբ՝ դատավոր Ա. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Լ. Աֆիյանի

դռնբաց դատական նիստում քննության առնելով Վահե Մերուժանի Մակարյանի հայցն ընդդեմ Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի ՝ 2022 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1217 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.
Վահե Մերուժանի Մակարյանի ներկայացուցիչ Լարիսա Բաղդասարյանը 2022 թվականի նոյեմբերի 3-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (այսուհետ՝ նաև Դատարան) ընդդեմ Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի` 2022 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1217 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Հայցադիմումը Դատարանի Սևան քաղաքի նստավայրում ստացվել է 2022 թվականի նոյեմբերի 8-ին և նույն օրը մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին:
Դատարանի 2022 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 2023 թվականի հունվարի 10-ի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության:
Դատավարության մասնակիցները պատշաճ կարգով ծանուցվել են դատական նիստի վայրի և ժամանակի մասին, սակայն դատական նիստին չեն ներկայացել:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասով, որոշել է գործը քննել դատավարության մասնակիցների բացակայությամբ:
Դատաքննությունը հայտարարվել է ավարտված 2023 թվականի ապրիլի 13-ին և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2023 թվականի մայիսի 4-ին:
Դատավոր Ա. Մկրտչյանի՝ 2023 թվականի մայիսի 2-ից մինչև 2023 թվականի մայիսի 5-ն Արդարադատության ակադեմիայում պարտադիր վերապատրաստմանը մասնակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված վճռի հրապարակման օրը տեղափոխվել է 2023 թվականի մայիսի 8-ին:

2. Հայցվորի իրավական դիրքորոշումը.
Ներկայացված հայցադիմումով հայտնել է հետևյալը.
Վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, 50-րդ հոդվածի 1-ին մասը, <<Տեղական ինքնակառավարման մարմնի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետը, 4-րդ մասի <<թ>> կետը, 58-րդ հոդվածի 1-ին մասը և նշել, որ 2022 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1217 որոշումը չի ստորագրվել Չարենցավան համայնքի ղեկավարի կողմից, այն ստորագրվել է նման վարչական ակտ ստորագրելու լիազորություն չունեցող անձի, այն է՝ աշխատակազմի ղեկավար Ս. Մուրադյանի կողմից: Վիճարկվող որոշումը սահմանված կարգով ստորագրված և ընդունված չլինելով համայնքի ղեկավարի կողմից հանգեցնում է ակտի անվավերության:
Վկայակոչել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածը և նշել, որ պատասխանողը չի կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն և հայցվորին վարչական պատասխանատվության է ենթարկել՝ հիմքում չունենալով վերաբերելի և թույլատրելի ապացույց: Միայն այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կազմել է գրություն՝ ուղղված Չարենցավան համայնքին ենթադրյալ ապօրինի շինարարություն իրականացնելու կապակցությամբ, պատասխանողին չէր կարող ազատել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու պարտականությունից՝ հաշվի առնելով, որ օրենսդրի կողմից սահմանված է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը պետք է կազմվի վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից:
Հայցվորին 2022 թվականի հոկտեմբերի 3-ին տրվել է թիվ 77 շինարարության թույլտվությունը, ինչի հիմքով ևս պատասխանողը հայցվորին վարչական պատասխանատվության չէր կարող ենթարկել:
2022 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը հիմնավորված չէ: Պատասխանողը վարչական ակտով չի արձանագրել, թե Վահե Մերուժանի Մակարյանի կողմից կոնկրետ ինչ ապօրինի գործողություն է կատարվել: Վարչական ակտով ընդամենը նշված է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի գրության մասին առ այն, որ իբրև Չարենցավան համայնքի 7-րդ թաղամասի 10-րդ շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ Վահե Մակարյանը նույն քաղաքի 12-րդ շենքի դիմացի հատվածում իրականացնում է շինության կառուցման աշխատանքներ, սակայն նշված հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց առկա չէ: Վարչական ակտով բացահայտված չէ զանցանքի օբյեկտիվ կողմը: Հետևաբար, վիճարկվող վարչական ակտը սահմանված կարգով հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ հայցվորին վերագրվող զանցանքի տարրերից առնվազն օբյեկտիվ կողմը չի բացահայտվել վարչական մարմնի կողմից: Վիճարկվող որոշման մեջ և վարչական վարույթի նյութերում նշված փաստական և իրավական հիմքերի մասով տեղեկությունների բացակայությունը վիճարկվող որոշումը դարձնում է անորոշ և չհիմնավորված:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 22-րդ հոդվածի, 23-րդ հոդվածի 1-ին կետի վկայակոչմամբ նշել է, որ վիճարկվող որոշումը չի պարունակում պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայության կամ բացակայության, վարչական իրավախախտման հետևանքով գույքային վնաս պատճառված լինելու կամ չլինելու հանգամանքների շարադրանքը: Ավելին, ենթադրյալ իրավախախտման համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն այն դեպքում, երբ անձը որոշման կայացման պահին ունեցել է շինարարության թույլտվություն: Ընդ որում, պատասխանողը ենթադրյալ իրավախախտումն իրականացրած անձի նկատմամբ կարող էր հաշվի առնել մեղմացնող և որևէ անձի գույքին վնաս չպատճառելու հանգամանքները և նախատեսեր պատասխանատվության միջոց նախազգուշացման տեսքով: Բացի այդ, ընտրված վարչական պատասխանատվության միջոցի չափը ևս հիմնավորված և պատճառաբանված չէ պատասխանողի կողմից: Ենթադրյալ իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը համաչափ չէ:
Վկայակոչել է <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետը և խնդրել անվավեր ճանաչել 2022 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1217 որոշումը:

3. Պատասխանողի իրավական դիրքորոշումը.
Պատասխանողը պատշաճ կարգով ստացել է հայցադիմումը և կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և նախազգուշացվել հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականության, ինչպես նաև չներկայացնելու հետևանքների մասին, մինչդեռ հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:

4. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
1. Չարենցավան համայնքի ղեկավարի 2022 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 1124 որոշմամբ Վահե Մերուժանի Մակարյանի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:
2. Չարենցավան համայնքի ղեկավարի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 3-ին կայացվել է թիվ 1217-Ա որոշումը, որով Վահե Մերուժանի Մակարյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նշանակվել է տուգանք` 500.000 դրամի չափով:

5. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված՝ ներքին համոզմամբ Դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 219.1-ին հոդվածի երրորդ պարբերության համաձայն` տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 114-րդ, 154-րդ, 154.1-րդ, 156.1-րդ, 169.1-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են՝ յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և oբյեկտիվորեն պարզելը, գործը oրենuդրությանը ճիշտ համապատաuխան լուծելը (...)։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածը սահմանում է, որ վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք), (...): Արձանագրություն չի կազմվում սույն օրենսգրքի 170.5, 171.1-171.11,189.7 հոդվածներով, 198.2 հոդվածի հինգերորդ մասով և 257 հոդվածով նախատեսված դեպքերում: (...):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք:
Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները:
Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է սույն օրենսգրքի 267 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում: (...):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը 2019 թվականի մարտի 22-ի թիվ ՎԴ/0150/05/16 որոշմամբ արձանագրել է, որ. <<(...) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը պետք է կազմեն ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի ներկայությամբ, և վերջինս պետք է ստորագրի այն, իսկ եթե նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու իրավասություն ունեցող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) դրա մասին համապատասխան նշում է կատարում արձանագրության մեջ: Անձը, որին վերագրվում է ենթադրյալ վարչական իրավախախտումը, իրավունք ունի ներկայացնել բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, որոնք կցվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը, իսկ այն դեպքերում, երբ նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա կարող է արձանագրությունում շարադրել այն շարժառիթները, որոնք իր կարծիքով հիմք են հանդիսացել արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու համար: Բացի այդ, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն կազմելիս անձին պետք է բացատրեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ նրա իրավունքներն ու պարտականությունները, և դրա մասին նույնպես համապատասխան նշում կատարեն արձանագրության մեջ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վարչական մարմինը (պաշտոնատար անձը) իրավասու է իրավախախտին ենթարկել վարչական պատասխանատվության միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու վերոգրյալ ընդհանուր կանոնների, ինչպես նաև արձանագրության բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջների պահպանման պայմաններում:(...)>>:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը` (...) ճիշտ են կազմվել, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը. (...):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. (...), ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթում առանձնակի կարևորվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու և այն սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպելու խնդիրը, քանի որ այդ արձանագրությունն, ըստ էության, ազդարարում է վարչական վարույթի սկիզբը, բացի այդ՝ հանդիսանում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոց: Ընդ որում, օրենսդիրը սահմանել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտում կատարած անձի մասնակցությամբ կազմելու պահանջ: Այս պահանջի նախատեսումն ինքնանպատակ չէ, քանի որ ենթադրյալ իրավախախտում կատարած անձն արձանագրությունը կազմելու պահից տեղեկանում է վարչական վարույթ հարուցելու վարչական մարմնի նախաձեռնության մասին, ինչպես նաև ծանոթանում է իրեն վերագրվող իրավախախտման էությանը և այդ պահից ունենում է իրեն վերագրվող կոնկրետ իրավախախտման դեմ պաշտպանվելու հնարավորություն: Արձանագրությունը կազմելիս վերջինիս նաև բացատրվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, ինչն իր հերթին ապահովում է իրավական պաշտպանությունն առավել արդյունավետ իրականացնելու հնարավորություն:
Վարչական վարույթի նյութերի և վիճարկվող որոշման բովանդակության ուսումնասիրությունից հետևում է, որ վարչական իրավախախտման գործի վարույթն ի սկզբանե սկսվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ և 255-րդ հոդվածների խախտմամբ՝ Չարենցավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 1124 որոշումը, որով դրսևորվել է վարչական մարմնի վարույթ հարուցելու նախաձեռնությունը՝ չի համապատասխանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի պահանջներին և չի կարող փոխարինել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը:
Դատարանի գնահատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու պաշտոնատար անձի պարտականության պատշաճ կատարումը կարևոր երաշխիք է հանդիսանում ողջ վարչական վարույթի ընթացքում ենթադրյալ իրավախախտում կատարած անձի իրավունքների իրացումն ապահովելու համար, մինչդեռ վարչական իրավախախտման գործը քննող պաշտոնատար անձը վիճարկվող որոշումը կայացրել է՝ անտեսելով, ինչպես վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բացակայության, այնպես էլ դրանով պայմանավորված ակտի հասցեատիրոջ իրավունքների խախտման հանգամանքները:
Ամփոփելով վերոգրյալ վերլուծությունները՝ Դատարանը գտնում է, որ վիճարկվող որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ, 255-րդ, 267-րդ և 275-րդ հոդվածների խախտմամբ, ինչը <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետով սահմանված հիմք է նշված որոշումն անվավեր ճանաչելու համար:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը հայցվորի մյուս փաստարկներին չի անդրադառնում, քանի որ դրանց վերաբերյալ կատարված եզրահանգումները գործի ելքի վրա այլևս որևէ ազդեցություն չեն կարող ունենալ։
Դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Դատարանն արձանագրում է, որ սույն գործով առաջացած դատական ծախսերը կազմված են հայցվորի ներկայացուցչի վճարներից, որը հաստատվում է Վահե Մակարյանի և <<Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2022 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված <<Ծառայությունների վճարովի մատուցման մասին>> պայմանագրով, որի 3.1 կետով կողմերի համաձայնությամբ պայմանագրի գինը սահմանվել է 200.000 դրամ:
Դատարանն անդրադառնալով ներկայացուցչի վճարների գծով դատական ծախսի ողջամիտ չափի որոշման հարցին և ամբողջության մեջ հաշվի առնելով գործով ներկայացուցչի կատարած աշխատանքի ծավալը, գործի բարդությունը, վիճարկվող վարչական ակտի բնույթը և պահանջվող վճարի չափի հարաբերակցությունը գտնում է, որ ներկայացուցչի վճարների գծով դատական ծախսի ողջամիտ չափ պետք է համարել 30.000 դրամը:
Հաշվի առնելով, որ հայցը ենթակա է բավարարման՝ Դատարանը գտնում է, որ Չարեցավան համանքի ղեկավարից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձել 42.000 դրամ, որից 12.000 դրամը պետական տուրքի, իսկ 30.000 դրամը ներկայացուցչի վճարի գծով կատարված դատական ծախսերի փոխհատուցում:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 123-126-րդ հոդվածներով` Դատարանը.

Վ Ճ Ռ Ե Ց

Վահե Մերուժանի Մակարյանի հայցը բավարարել:
Անվավեր ճանաչել Չարեցավան համայնքի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1217 որոշումը:
Չարեցավան համայնքի ղեկավարից հօգուտ Վահե Մերուժանի Մակարյանի բռնագանձել 42.000 դրամ, որից 12.000 դրամը պետական տուրքի, իսկ 30.000 դրամը ներկայացուցչի վճարի գծով կատարված դատական ծախսերի փոխհատուցում:
Օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո դատական ծախսերի հատուցման վճարումը չկատարելու դեպքում դատական ծախսերի մասով վճիռը կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:


ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԿՐՏՉՅԱՆ