Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

Սույն վարչական գործով, ըստ հայցի Արթուր Հարությունյանի ընդդեմ ընդդեմ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի՝ վերջինիս 04.05.2022թ. տուգանք նշանակելու թիվ 163 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, հայցվորի շահերը ներկայացնում է Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի  փաստաբան  Լարիսա Բաղդասարյանը:

ՀՀ Վարչական  դատարանը 2023 թվականի  հունիսի 15-ին կայացրել է բարենպաստ դատական ակտ:


Վարչական գործ
թիվ ՎԴ6/0125/05/22


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՎՃԻՌ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


15 հունիսի 2023թ. ք. Վանաձոր
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը
դատավոր Անի Չիլինգարյան, այսուհետ՝ Դատարան,
դատական նիստի քարտուղար՝ Արմինե Մարաբյան,
Լաուրա Ալեքյան,
Անահիտ Բիլյան


մասնակցությամբ՝
հայցվորի ներկայացուցիչներ Լարիսա Բաղդասարյանի (փաստաբանական գործունեության թիվ 2663 արտոնագիր, լիազորագիր՝ տրված 06.06.2022թ.)

Կարեն Հարությունյանի նոտարական կարգով վավերացված լիազորագիր՝ տրված 24.05.2023թ.


պատասխանողի ներկայացուցիչներ՝ Գայանե Սահակյանի լիազորագրեր թիվ 19/23-Ե և թիվ 507/23-Ե՝ տրված համապատասխանաբար 17.01.2023թ. և 24.05.2023թ.
Լիլիթ Սինանյանի (լիազորագիր թիվ 250/23Ե՝ տրված 06.04.2023թ
.)
դռնբաց դատական նիստում քննելով վարչական գործն ըստ հայցի Արթուր Կարլենի Հարությունյանի ընդդեմ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի՝ վերջինիս 04.05.2022թ. տուգանք նշանակելու թիվ 163 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական պատմությունը
1) Արթուր Կարլենի Հարությունյանի անունից հայցադիմում է ներկայացվել (այն 16.06.2022թ. ներկայացվել է ՀՀ վարչական դատարան, իսկ գործը քննող դատավորին է հանձնվել 23.06.2022թ.) ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի՝ խնդրելով անվավեր ճանաչել վերջինիս 04.05.2022թ. տուգանք նշանակելու մասին թիվ 163 որոշումը:
2) Դատարանի 30.06.2022թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
3) Արթուր Կարլենի Հարությունյանի անունից հայցադիմումը կրկին է ներկայացվել այն 12.07.2022թ. հանձնվել է փոստային ծառայությանը, իսկ գործը քննող դատավորին է հանձնվել 14.07.2022թ.:
4) Դատարանի 19.07.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, պատասխանողից պահանջվել է ապացույց, և վարչական գործը նշանակվել է դատաքննության:
5) Պատասխանողը 01.08.2022թ. ներկայացրել է հայցադիմումի պատասխան և վարչական վարույթի նյութերը:
6) Դատարանի 17.01.2023թ. որոշմամբ հայցվորից պահանջվել է ապացույց, իսկ 09.02.2023թ. որոշմամբ հայցվորի միջնորդությամբ ապացույց ներկայացնելու համար նոր ժամկետ է սահմանվել:
7) Գործի դատաքննությունն ավարտվել է 25.05.2023թ., և գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օր է հայտարարվել 15.06.2023թ.։
2. Հայցի առարկան, փաստական և իրավական հիմքերը
Հայցվորի նկատմամբ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից 04.05.2022թ. կայացվել է տուգանք նշանակելու թիվ 163 որոշումը, որով հայցվորը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 158-րդ հոդվածի 43-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 500.000 ՀՀ դրամի չափով:
Պատասխանողի որոշումը վերադասության կարգով չի բողոքարկվել:
Հայցվորը վկայակոչել է Տեխնիկական կանոնակարգման մասին ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, Չափումների միասնականության ապահովման մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 43-րդ մասը և նշել, որ վկայակոչված ժամանակահատվածում՝ 08.05.2021-25.08.2021թթ., երկու վառելիքաբաշխիչ աշտարակներն առանց ստուգաչափման չեն շահագործվել, որպեսզի առաջանար վարչական պատասխանատվություն: Հայցվորը նշել է, որ պատասխանողը հստակ ընդգծել է, որ երկու վառելիքաբաշխիչ աշտարակները շահագործվել են չստուգաչափված չափման միրջոցներով, մինդեռ երկու վառելիքաբաշխիչ աշտարակների՝ 08.05.2021-25.08.2021թթ. ժամանակահատվածում շահագործման փաստի վերաբերյալ ապացույց վարչական վարույթով ձեռք չի բերվել: Հետևապես վարչական մարմինը վարչական ակտն ընդունելիս չի ունեցել բավարար ապացույցներ արձանագրելու, որ հայցվորի կողմից կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 43-րդ մասով սահմանված իրավախախտումը: Այդ առնչությամբ հայցվորը վկայակոչել է նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը և թիվ ՎԴ/2914/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.02.2019թ. որոշումը։
Հայցվորը վկայակոչել է Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 57-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշումները և նշել, որ պատասխանողի 04.05.2022թ. թիվ 163 որոշումը չի պարունակում գեթ մեկ իրավանորմ, որով առաջնորդվելով՝ վարչական մարմինը վարչական ակտում եկել է այն հիմնավորման, որ հայցվորի կողմից օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափիչ սարքավորումներ են շահագործվել, որոնք ենթակա են եղել շահագործման արդյունքում ստուգաչափման: Հայցվորը գտնում է, որ վիճարկվող վարչական ակտը սահմանված կարգով հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ հայցվորին վերագրվող զանցանքի տարրերից առնվազն օբյեկտիվ կողմը չի բացահայտվել վարչական մարմնի կողմից: Ուստի վիճարկվող որոշման մեջ ու վարչական վարույթի նյութերում նշված փաստական ու իրավական հիմքերի մասով տեղեկությունների բացակայությունը վիճարկվող որոշումը դարձնում է անորոշ և չհիմնավորված՝ հանգեցնելով վերը նշված նորմերի խախտման, և հայցվորին վերագրվող արարքի չապացուցման:
Հայցվորը վկայակոչել է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերը, Չափումների միասնականության ապահովման մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 2-րդ կետը, 16-րդ հոդվածի 1-ին, 5-րդ, 8-րդ մասերը, 2-րդ հոդվածի 1-ին մասի 18.2-րդ կետը, ՀՀ վարչապետի ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին 11.06.2018թ. թիվ 732-Լ որոշման 9-րդ կետը և նշել, որ տվյալ դեպքում այն, որ հայցվորի կողմից ենթադրյալ ստուգաչափման ենթակա երկու վառելիքաբաշխիչ աշտարակները ենթադրաբար ստուգաչափված չեն եղել 08.05.2021-25.08.2021թթ, պատասխանողին պետք է հայտնի լիներ 08.05.2021-25.08.2021թթ. առանց ստուգում իրականացնելու չափագիտության լիազոր մարմնից, քանի որ վերջինիս մոտ տվյալ ժամանակահատվածում ենթադրվում է, որ գրանցված չեն եղել ենթադրյալ ստուգաչափման ենթակա վառելիքաբաշխիչ աշտարակները համապատասխանաբար դրոշմակնիքների ենթադրյալ բացակայության կամ ստուգաչափման ենթակա չափման միջոցի անձնագրի ենթադրյալ բացակայության հիմքով, ինչի հիմքով հայցվորը պատասխանատվության է ենթարկվել: Այդ առնչությամբ հայցվորը պնդել է, որ խախտվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը։
Հայցվորը վկայակոչել է Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և նշել, որ տվյալ դեպքում պատասխանողի 30.03.2022թ. թիվ 617-Ա հրամանով ստուգում պետք է իրականացվեր Արթուր Հարությունյան Կարլենի Ա/Ձ-ում: 04.05.2022թ. տուգանք նշանակելու մասին թիվ 163 որոշումը չի պարունակում որևէ փաստական հիմք այն մասին, որ ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Աշոտ Երկաթի 1 հասցեում հենց Արթուր Հարությունյան Կարլենի Ա/Ձ-ն է իրականացնում նավթամթերքի մանրածախ վաճառք: Ավելին՝ ըստ պետական գրանցման վկայականի, որը հանրամատչելի է ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի պաշտոնական կայքում, Արթուր Հարությունյան Կարլենի Ա/Ձ-ի գտնվելու վայրն է ՀՀ, Լոռի, Ստեփանավան, Բաղրամյան փ., տուն 18, 1902 հասցեն: Հետևապես՝ պատասխանողն իրավասություն չի ունեցել ՀՀ, ք. Ստեփանավան, Աշոտ Երկաթի 1 հասցեում ստուգում իրականացնել՝ նշված հասցեում ստուգում իրականացնելու ստուգաթերթ չունենալու հիմքով:
Հայցվորը վկայակոչել է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 279-րդ հոդվածները, Չափումների միասնականության ապահովման մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, 16-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերը և նշել, որ ենթադրյալ իրավախախտման մեջ իր մեղքն առկա չէ, քանի որ ինքը Չափագիտության ազգային մարմնի կողմից համապատասխան ծանուցում ստացած լինի, ինչը վարչական վարույթի նյութերով չի հիմնավորվել:
Հայցվորը վկայակոչել է Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ա կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը և ելնելով վերոգրյալից՝ պնդել է, որ վիճարկվող վարչական ակտը կայացվել է վերը նշված նորմերի խախտումներով, որպիսի հիմքով ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 04.05.2022թ. տուգանք նշանակելու թիվ 163 որոշումը ենթակա է անվավեր ճանաչման:
Դատաքննության ժամանակ հայցվորն ամբողջությամբ պնդել է վերը շարադրվածը։
3. Պատասխանողի առարկությունները
Պատասխանողը Դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանում վկայակոչել է Չափումների միասնականության ապահովման մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 43-րդ մասը և նշել, որ վարչական վարույթի նյութերով, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, ավելին հայցվորի կողմից տրված տեղեկանքով այն մասին, որ ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածում նավթամթերքի իրացումը իրականացվել է բենզալցակայանում շահագործվող թվով 2 վառելիքաբաշխիչ աշտարակներով, ինչպես նաև վարչական վարույթի քննության ժամանակ հայցվորի կողմից ներկայացված ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության որոշումից երևում է, որ վառելիքաբաշխիչ աշտարակները ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածում շահագործվել են:
Պատասխանողը վկայակոչել է նաև Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, 277-րդ հոդվածի 1-ին մասը և նշել, որ հայցվորը ներկայացված հայցի պահանջի հիմքում, ի թիվս այլնի դրել է նաև այն իրավական և փաստական հանգամանքը, որ Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին ՓՊ ընկերության կողմից չի ծանուցվել ստուգաչափումների համար, որպիսի պարագայում հայցվորի կողմից կիրառվող աշտարակների ստուգաչափված չլինելու մեջ հայցվորի մեղքը բացակայում է: Պատասխանողը նշել է, որ հայցվորի հիշյալ փաստարկը չի կարող հիմք հանդիսանալ վիճարկվող՝ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 04.05.2022թ. Տուգանք նշանակելու մասին թիվ 163 որոշումն անվավեր ճանաչելու համար, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 43-րդ մասով նախատեսված վարչական պատասխանատվությունը վրա է հասնում այն դեպքում, երբ չափման միջոցը ստուգաչափված չի լինում: Ընդ որում, եթե հայցվորը կարծում է, որ իր նկատմամբ վարչական տույժ է նշանակվել ստուգաչափում իրականացնող մարմնի դրսևորած անգործության արդյունքում, ապա վերջինս զրկված չէ քաղաքացիական դատավարության կարգով վնասի հատուցման պահանջով հայց հարուցելու հնարավորությունից: Պատասխանողը նաև նշել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է 07.04.2022թ., իսկ գործի քննության մյուս նյութերը, 21.04.2022թ. ստուգման ակտը և ծանուցագիրը հանձնվել են գործի քննության համար լիազորված մարմնին 26.04.2022թ., և տասնհինգօրյա ժամկետում կայացվել է վիճարկվող որոշումը, ուստի երկամսյա ժամկետի խախտում առկա չէ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պատասխանողը խնդրել է հայցը մերժել:
Դատաքննության ժամանակ պատասխանողը պնդել է վերը շարադրվածը։
4. Պատճառաբանական մաս
4.1. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը
1) ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 30.03.2022թ. թիվ 167-Ա հրամանի հիման վրա Արթուր Հարությունյան Կարլենի Ա/Ձ-ում իրականացվել է ստուգում: Արթուր Հարությունյանն ստացել է հրամանի օրինակը 05.04.2022թ., և նույն օրը ստուգումը փաստացի սկսվել է։ Ստուգմամբ ընդգրկող ժամանակաշրջանն է 2021թ. մարտի 6-ից մինչև ստուգման պահը։
2) 05.04.2022թ. «Հայտարարություն» փաստաթղթում Արթուր Հարությունյանը նշել է, որ իրականացնում է նավթամթերքի մանրածախ վաճառք Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթ 1 հասցեում։ Նշել է, որ՝ «Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթ 1 հասցեում գործող բենզալցակայանը սույն թվականի մարտի 25-ից գործունեություն չի ծավալում, քանի որ վերը նշված ժամանակահատվածից մինչ օրս բենզալցակայանում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ»։
3) 05.04.2022թ. «Տեղեկանք» փաստաթղթի համաձայն՝ Արթուր Հարությունյանը նշել է, որ «նավթամթերքի իրացման ժամանակ ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածից մինչև սույն թվականի մարտի 25-ն ընկած ժամանակահատվածը բենզալցակայանում շահագործել է թվով 2 վառելիքաբաշխիչ աշտարակ»։
4) 13.04.2022թ. կազմվել է թիվ 167-Ա ստուգման ակտի նախագիծ, որով արձանագրվել է, որ «Արթուր Հարությունյան Կարլենի» ԱՁ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափիչ սարքավորումները՝ թվով 2 վառելիքաբաշխիչ աշտարակները 08.05.2021թ.-ից մինչև 25.08.2021թ. շահագործվել են առանց ստուգաչափման։ Ստուգման ակտի նախագծում արված գրառմամբ Արթուր Հարությունյանն իր անհամաձայնությունն է արտահայտել, քանի որ նշված ժամանակահատվածում լցակայանը չի աշխատել:
5) 21.04.2022թ. կազմվել է թիվ 167-Ա ստուգման ակտը, որում նշվել են ստուգմամբ բացահայտված խախտումները և դրանց նկարագրությունը:
6) 07.04.2022թ. տեսչական մարմնի կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն այն մասին, որ վառելիքաբաշխիչ աշտարակները 08.05.2021թ.-ից մինչև 25.08.2021թ. ընկած ժամանակահատվածը շահագործվել են առանց ստուգաչափման:
7) ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 04.05.2022թ. վարչական գործի քննության վերաբերյալ արձանագրության մեջ Արթուր Հարությունյանը որպես բացատրություն նշել է՝ «…2021թ. մայիսի 8-ից առ օգոստոսի 25-ը 2021թ. լցակայանի բաշխիչ աշտարակները ստուգաչափված չեն եղել, քանի որ չենք աշխատել, քանի որ 2021թ. առաջին տասնօրյակում եղել է հոսանքի տատանում, որից վնասվել է աշտարակների համակարգիչները, ՀՀ-ում չեն կարողացել դրանք նորը գտնել, որպեսզի դրանք փոխարինեմ, սահմանները փակ էին կորոնավիրուսի հետ կապված, մինչև վերանորոգեցինք, մասերը գտանք և տեղյակ պահեցինք Վանաձորի համապատասխան բաժնին, որ գան ստուգաչափեն, և լցակայանը շահագործվի։ Նշեմ նաև, որ գործունեություն եմ ծավալում երկու հասցեում՝ ք. Ստեփանավան Աշոտ-Երկաթի 1 հասցում և Լոռի- Բերդ համայնքի վարչական տարածքում։ Աշխատում եմ շրջանառության հարկով, երկու հասցեում էլ ունեմ նոր սերնդի ՀԴՄ մեքենա, որոնցով վաճառած առևտուրս մուտքագրում եմ ՀԴՄ, այդ իսկ պատճառով չէի կարող հարկային մարմին ներկայացնել ժամանակավոր գործունեության դադարեցման վերաբերյալ դիմում, քանի որ այդ ժամանակահատվածում բացի հեղուկ վառելիքից այլ ապրանքներ եմ վաճառել»։
8) ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի թիվ 030025 ստուգաչափման վկայականի համաձայն՝ թիվ 78252 վառելիքաբաշխիչ աշտարակը ստուգաչափվել է 08.05.2020թ., ուժի մեջ է մինչև 08.05.2021թ., իսկ թիվ 053865 վկայականի համաձայն՝ այն ստուգաչափվել է 25.08.2021թ., ուժի մեջ է մինչև 25.08.2022թ.։
9) ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի թիվ 030026 ստուգաչափման վկայականի համաձայն՝ թիվ 73909 վառելիքաբաշխիչ աշտարակը ստուգաչափվել է 08.05.2020թ., ուժի մեջ է մինչև 08.05.2021թ., իսկ թիվ 053866 վկայականի համաձայն՝ այն ստուգաչափվել է 25.08.2021թ., ուժի մեջ է մինչև 25.08.2022թ.։
10) ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 04.05.2022թ. Տուգանք նշանակելու մասին թիվ 163 որոշմամբ Արթուր Հարությունյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 43-րդ մասի հիման վրա, և նրա նկատմամբ սահմանվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամի չափով: Որոշման համաձայն՝ ստուգման ակտի նախագծի վերաբերյալ 13.04.2022թ. ներկայացվել է առարկություն, սակայն այն չի ընդունվել, քանի որ չեն ներկայացվել խախտման ժամանակահատվածում լցակայանը չաշխատելու հանգամանքը հավաստող համապատասխան փաստաթղթեր, իսկ հայցվորի 13.04.2022թ. տեղեկանքով ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածում նավթամթերքի իրացումը իրականացվել է բենզալցակայանում շահագործվող երկու վառելիքաբաշխիչ աշտարակներով։
4.2. Դատարանի հետևությունները
Վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության և դրա մասը կազմող վարչական վարույթի կանոնները սահմանված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով։ Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածի 43-րդ մասի համաձայն՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքը տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով չիրականացնելը և (կամ) չափագիտական կանոնները և նորմերը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը, ընդունված որոշման կատարումն ապահովելը, ինչպես նաև վարչական իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելը, իրավախախտումները կանխելը, քաղաքացիներին օրենքները պահպանելու ոգով դաստիարակելը, սոցիալիստական օրինականությունն ամրապնդելը:
Օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:
Օրենսգրքի 252-րդ հոդվածի համաձայն՝ մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, ղեկավարվելով օրենքով և սոցիալիստական իրավագիտակցությամբ:
Օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք:
Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները:
Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է նույն օրենսգրքի 267 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում:
Օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, հիմքեր կան, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթակա են ստուգաչափման:
ՀՀ կառավարության 11.02.2016թ. «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» թիվ 113-Ն որոշման հավելվածի համաձայն՝ նավթամթերքի բաշխիչ աշտարակը օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոց է։
Վերը նշված նորմերի վերլուծության արդյունքում Դատարանը եզրահանգում է, որ Օրենսգրքի 158-րդ հոդվածի 43-րդ մասով նախատեսված և հայցվորին վերագրվող վարչական իրավախախտման օբյեկտիվ կողմի առկայության համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
գ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի համար նախատեսված չափման միջոցն ստուգաչափված չէ և
գ չստուգաչափված չափման միջոցով իրականացվել է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառք։
Տվյալ դեպքում վիճարկվող որոշման համաձայն՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Աշոտ Երկաթի 1 հասցեում գտնվող բենզալցակայանում առկա երկու վառելիքաբաշխիչ աշտարակները 08.05.2021թ. մինչև 25.05.2021թ. շահագործվել են առանց ստուգաչափման։
Հայցվորը չի վիճարկել նշված ժամանակահատվածում երկու վառելիքաբաշխիչ աշտարակները ստուգաչափված չլինելու հանգամանքը, սակայն պնդել է, որ այդ ժամանակահատվածում աշտարակները չեն շահագործվել, հետևաբար՝ տվյալ դեպքում վեճի լուծման համար անհրաժեշտ է պարզել՝ արդյոք վարչական վարույթի նյութերում առկա են ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Աշոտ Երկաթի 1 հասցեում գտնվող բենցալցակայանում գործող երկու վառելիքաբաշխիչ աշտարակների միջոցով հեղուկ վառելիքի, սեղմված բնական գազի կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառք իրականացնելու վերաբերյալ բավարար ապացույցներ։
04.05.2022թ. վարչական գործի քննության վերաբերյալ արձանագրության մեջ Արթուր Հարությունյանը նշել է, որ բենզալցակայանում առկա երկու վառելիքաբաշխիչ աշտարակները 08.05.2021թ. մինչև 25.08.2021թ. ստուգաչափված չեն եղել, քանի որ այդ ընթացքում դրանք չեն շահագործվել, որովհետև հոսանքի տատանման հետևանքով վնասված են եղել, իսկ դրանք փոխարինելու հնարավորություն այդ պահին առկա չի եղել։ Վիճարկվող որոշման պատճառաբանության հիմքում պատասխանողը դրել է այն հանգամանքը, որ հայցվորը չի ներկայացրել լցակայանը չաշխատելու հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր, մինչդեռ Դատարանի համոզմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթում հենց պատասխանողը, կրելով վարչական իրավախախտման գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու պարտականություն, ինչպես նաև օժտված լինելով դրա համար անհրաժեշտ տարբեր գործիքների կիրառման հնարավորությամբ, պետք է միջոցներ ձեռնարկեր հայցվորի կողմից վարչական իրավախախտման կատարման հանգամանքը պարզելու համար և միայն դրա վերաբերյալ բավարար ապացույցների ձեռքբերման պայմաններում կարող էր հայցվորին ենթարկել վարչական պատասխանատվության՝ հաստատված համարելով վերջինիս կողմից վարչական իրավախախտում թույլ տալու հանգամանքը։
Ինչ վերաբերում է վիճարկվող որոշման մեջ վկայակոչված 13.04.2022թ. տեղեկանքին, ապա Դատարանը նախ արձանագրում է, որ նման տեղեկանք վարչական վարույթի նյութերում առկա չէ, իսկ եթե պատասխանողը նկատի է ունեցել վարչական վարույթի նյութերում առկա 05.04.2022թ. տեղեկանքը, ապա թեև դրանում Արթուր Հարությունյանը նշել է, որ ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածից մինչև 2022թ. մարտի 25-ը բենզալցակայանում շահագործել է 2 վառելիքաբաշխիչ աշտարակ, Դատարանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Արթուր Հարությունյանը թիվ 167-Ա ստուգման ակտի նախագծի դեմ առարկելով՝ նշել էր, որ բենզալցակայանը չի աշխատել։ Նույն դիրքորոշումն է ներկայացված եղել նաև 04.05.2022թ. վարչական գործի քննության վերաբերյալ արձանագրության մեջ։ Ընդ որում, ի պատասխան պատասխանողի այն փաստարկի, որ հայցվորը կարող էր գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած լինել, նշված արձանագրության մեջ հայցվորը նշել է, որ չէր կարող դադարեցնել իր գործունեությունը, քանի որ նավթամթերքից բացի այլ ապրանքներ ևս իրացրել է։ Դատաքննության ժամանակ հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ «Տեղեկանք» փաստաթղթում «շահագործել» արտահայտությամբ հայցվորը նկատի չի ունեցել հեղուկ վառելիքի վաճառքի իրականացումը։
Դատարանի համոզմամբ պատասխանող վարչական մարմինը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պետք է միջոցներ ձեռնարկեր պարզելու 13.04.2022թ. թիվ 167-Ա ստուգման ակտի նախագծի դեմ և 04.05.2022թ. վարչական գործի քննության վերաբերյալ արձանագրության մեջ հայցվորի ներկայացրած փաստարկների և 05.04.2022թ. տեղեկանքի բովանդակության միջև առկա ենթադրյալ հակասությունները և հայցվորին ենթարկեր վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ ձեռք կբերվեին հայցվորի կողմից իրեն վերագրվող իրավախախտման կատարման առնչությամբ բավարար ապացույցներ՝ այդպիսով փարատելով դրա վերաբերյալ որևէ կասկածի առկայությունը։
Ինչ վերաբերում է պատասխանողի կողմից վկայակոչված ՀՀ քննչական կոմիտեի Լոռվա մարզի քննչական վարչության 12.05.2021թ. որոշմանը, ապա Դատարանը նախ արձանագրում է, որ հայցվորը Դատարան է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչի 30.04.2021թ. «Առգրավում կատարելու մասին» որոշման պատճենը, որի համաձայն՝ որոշվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթ 1 հասցեում գործող Հարությունյան Արթուր Ա/Ձ-ին պատկանող բենզալցակայանից համապատասխան տարաներով առգրավել բենզինի և դիզելային վառելիքի 10-ական լիտր քանակությամբ վառելիք։ Հայցվորի ներկայացուցիչները դատաքննության ընթացքում չհերքեցին բենզալցակայանից վառելիք առգրավելու հանգամանքը, սակայն նշեցին, որ դա արվել է բացառապես քրեական գործի շրջանակներում, ինչը չի նշանակում, որ այդ վառելիքը նաև իրացվել է։
Դատարանն արձանագրում է, որ այդ որոշման բովանդակությունը համապատասխանում է 04.05.2022թ. վարչական գործի քննության վերաբերյալ արձանագրության մեջ Գ. Սահակյանի կողմից արված գրառմամբ վկայակոչված 12.05.2021թ. որոշման բովանդակությանը, այնուհանդերձ Դատարանի գնահատմամբ քրեական գործի շրջանակներում վառելիք վերցնելու հանգամանքը, նույնիսկ եթե այն վերցվել է 08.05.2021թ. մինչև 25.08.2021թ. ժամանակատվածում, բավարար չէ հայցվորի կողմից չստուգաչափված տարայով հեղուկ վառելիքի վաճառք իրականացնելու հանգամանքը հաստատելու համար։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթադրյալ խախտումն արձանագրվել է 05.04.2022թ. ստուգման արդյունքում, Դատարանն արձանագրում է, որ ստուգող անձինք չէին կարող նաև անձամբ արձանագրել հեղուկ վառելիքի վաճառքի փաստը, քանի որ հայցվորին վերագրվող իրավախախտումը վերաբերում է ստուգմանը նախորդող ժամանակահատվածին, իսկ ստուգման պահին վառելիքաբաշխիչ աշտարակները ստուգաչափված են եղել։ Դատարանի համոզմամբ պատասխանողը զրկված չի եղել հայցվորի կողմից 08.05.2021թ. մինչև 25.08.2021թ. հեղուկ վառելիքի իրացման փաստի հաստատմանն ուղղված ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից։
Անդրադառնալով վարչական տույժ նշանակելու համար սահմանված երկամսյա ժամկետը լրացած լինելու հայցվորի փաստարկին՝ Դատարանն արձանագրում է հետևյալը։
Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե վարչական իրավախախտումը հնարավոր չէր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կամ դիտարկումներ կատարելու, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական իրավախախտումը ստուգմամբ կամ դիտարկմամբ բացահայտելու օրվանից հետո` ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
Վերը նշված նորմերից բխում է, որ վարչական իրավախախտման համար վարչական տույժ նշանակելու ժամկետը որոշելու համար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է պարզել՝ ինչպիսի իրավախախտման մասին է խոսքը։ Որպես ընդհանուր կանոն, վարչական տույժ նշանակելու համար սահմանված է վարչական իրավախախտումը կատարելու օրվանից երկամսյա ժամկետ, տևող կամ շարունակվող իրավախախտման դեպքում երկամսյա ժամկետի սկիզբը որոշվում է իրավախախտման բացահայտման օրվանից։ Միևնույն ժամանակ, Օրենսգրքի 37-րդ հոդվածը սահմանել է մի շարք բացառություններ նշված կանոնից։ Մասնավորապես՝ նույն հոդվածի 4-րդ մասով կարգավորվել են այն իրավիճակները, երբ վարչական իրավախախտումը հնարավոր չէ բացահայտել առանց լրացուցիչ գործողությունների, մասնավորապես՝ առանց համապատասխան ստուգումների կամ դիտարկումների։ Դատարանի գնահատմամբ Օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվել է հատուկ նորմ, ինչը նշանակում է, որ բոլոր այն դեպքերում, երբ խախտումը հնարավոր չէ բացահայտել առանց ստուգման, կիրառելի է ոչ թե Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին (որը կիրառելի է այն դեպքերում, երբ իրավախախտումը հայտնաբերվում է առանց ստուգումների), այլ 4-րդ մասով սահմանված կարգավորումը, որը կիրառելի է ստուգումների արդյունքում բացահայտված իրավախախտումների դեպքում։
Տվյալ դեպքում հայցվորի փաստարկը վերաբերում է այն հանգամանքին, որ հայցվորի վառելիքաբաշխիչ աշտարակները ստուգաչափված չլինելու մասին տեղեկությունները պատասխանողի տիրապետության տակ են եղել վաղուց։ Չանդրադառնալով այդ փաստարկի հիմնավորվածությանը՝ Դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ենթադրյալ իրավախախտումը չի սահմանափակվում վառելիքաբաշխիչ աշտարակները ստուգաչափված չլինելու հանգամանքով, այլ իրավախախտման համար անհրաժեշտ է նաև այդ տարաներով իրականացնել հեղուկ վառելիքի վաճառք, ինչը Դատարանի գնահատմամբ կարող էր բացահայտվել համապատասխան ստուգման արդյունքում։ Տվյալ դեպքում ստուգումը փաստացի սկսել է 05.04.2022թ., ստուգման ակտի նախագիծը կազմվել է 13.04.2022թ., ստուգման ակտն ընդունվել է 21.04.2022թ., իսկ վիճարկվող որոշում՝ 04.05.2022թ., ուստի ակնհայտ է, որ տվյալ դեպքում վարչական տույժ նշանակելու երկամսյա ժամկետի խախտման վերաբերյալ հայցվորի փաստարկն անհիմն է։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում և դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ հետագայում ընդունվել է դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերող՝ նրանց համար ավելի բարենպաստ օրենք, և եթե դա նախատեսված է այդ օրենքով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վիճարկման հայցով ապացուցման բեռը կրում է միջամտող վարչական ակտն ընդունած վարչական մարմինը՝ դրա համար հիմք ծառայած փաստերի մասով։ Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով։
Տվյալ դեպքում հայցվորի կողմից չստուգաչափված վառեքլիաբաշխիչ աշտարակներով հեղուկ վառելիքի վաճառքը իրականացնելու հանգամանքի ապացուցման բեռը կրում է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, մինչդեռ ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ Դատարանը եզրահանգում է, որ հայցվորի կողմից իրեն վերագրվող իրավախախտման կատարման հանգամանքը մնում է վիճելի, ինչի բացասական հետևանքների ռիսկը կրում է պատասխանողը՝ որպես թե՛ վարչական վարույթում, թե՛ վարչական դատավարությունում ապացուցման բեռը կրող սուբյեկտ։
Դատարանը եզրահանգում է, որ պատասխանողը վարչական վարույթի ընթացքում ձեռնպահ է մնացել օրենքով իրեն վերապահված լիազորություններն արդյունավետ կերպով իրացնելուց՝ այդպիսով խախտելով գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելու՝ Օրենսգրքով նախատեսված իր պարտականությունը։ Նման պայմաններում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 04.05.2022թ. Տուգանք նշանակելու մասին թիվ 163 որոշումն իրավաչափ չէ, որպիսի պայմաններում հայցը ենթակա է բավարարման։ Դատարանի գնահատմամբ նշված հիմքը բավարար է վիճարկվող ակտն անվավեր ճանաչելու համար, ուստի Դատարանն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ հայցադիմումում վկայակոչված մյուս փաստարկներին։
4.3. Դատարանի հետևությունները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։
Պետական տուրք
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի oրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց կիրառող վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար վճարման ենթակա պետական տուրքի չափը կախված է վիճարկվող ակտով նախատեսված վարչական տույժի չափից, մասնավորապես՝ նույն կետի «գ» ենթակետի համաձայն՝ եթե վարչական պատասխանատվության միջոցը սահմանվել է 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամը ներառյալ, ապա պետական տուրքը պետք է բազային տուրքի 10-ապատիկին գումարած 100 հազար դրամը գերազանցող մասի 0.5 տոկոսի չափով: Տվյալ դեպքում հայցվորի նկատմամբ վիճարկվող որոշմամբ նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով տուգանք, ինչը նշանակում է, որ պետական տուրքի գումարը կազմել է 12.000 ՀՀ դրամ:
Հաշվի առնելով, որ հայցվորն օրենքով սահմանված չափով պետական տուրքը վճարել է հայցադիմումը դատարան ներկայացնելիս (24.06.2022թ. թիվ 153 վճարման հանձնարարագիր), Դատարանը եզրահանգում է, որ հայցը բավարարելու պայմաններում պետական տուրքի մասով հայցվորի կրած դատական ծախսի հատուցման պարտականությունը կրում է պատասխանողը։

Ներկայացուցչի վճար
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերից են դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։ Նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ ներկայացուցիչների վճարների գծով դատական ծախսի հատուցումը դրվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կամ համայնքի վրա, եթե գործը լուծվել է ի վնաս իրենց։ Հատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը։
Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ ՍՊԸ-ի և հայցվորի միջև 06.06.2022թ. կնքված ծառայությունների վճարովի մատուցման թիվ ՓԳ-2245/ԼԳ պայմանագրի համաձայն՝ Լև Գրուպ ՍՊ ընկերությունը, ի դեմս գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի, պարտավորվել է լինել Արթուր Կարլենի Հարությունյանի ներկայացուցիչը ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 04.05.2022թ. տուգանք նշանակելու մասին թիվ 163 որոշումն անվավեր ճանաչելու գործի շրջանակներում։ Գործի քննության ընթացքում հայցվորի իրավունքների պաշտպանությունն իրականացրել է Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ ՍՊԸ փաստաբան Լարիսա Բաղդասարյանը՝ 06.06.2022թ. տրված լիազորագրի հիման վրա, ծառայությունների մատուցման արժեքը սահմանվել է 200.000 ՀՀ դրամ։
Հաշվի առնելով այս վարչական գործի առանձնահատկությունները, ինչպես նաև փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, տվյալ դեպքում՝ հայցադիմումը կազմելը և դատարան ներկայացնելը, ապացույցների ձեռք բերմանն ուղղված գործողություններ կատարելը, գործի բարդությունը, վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը, մասնավորապես՝ այս վարչական գործով կայացել է չորս դատական նիստ, որոնցից երկուսին հայցվորի ներկայացուցիչը մասնակցել է, ինչպես նաև նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, վիճարկվող վարչական ակտով առաջադրված գումարի և ներկայացուցչի պահանջվող վճարի չափի հարաբերակցությունը՝ Դատարանը եզրահանգում է, որ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ներկայացուցչի վճարի ողջամիտ չափը տվյալ դեպքում 100.000 ՀՀ դրամ է։
Վերը շարադրված նկատառումներով և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով, 114-րդ հոդվածի 2-4-րդ մասերով, 124-126-րդ հոդվածներով՝ Դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

1. Արթուր Կարլենի Հարությունյանի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 04.05.2022թ. տուգանք նշանակելու թիվ 163 որոշումը։
2. ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնից հօգուտ Արթուր Կարլենի Հարությունյանի բռնագանձել 12.000 ՀՀ դրամ՝ որպես վճարված պետական տուրքի հատուցում և 100.000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի վճարի հատուցում։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և մինչև այդ ժամկետի ավարտը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
Դատական ծախսերի հատուցման վճարումը պետք է կատարվի դատական ծախսերի բաշխման հարցը լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո, որի չկատարման դեպքում այն ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։


ԴԱՏԱՎՈՐ ԱՆԻ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ