Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

Սույն քաղաքացիական գործով, ըստ հայցի Կարեն Արսենի Գևորգյանի, ընդդեմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական ՝ վարչական տույժ նշանակելու մասին 30.12.2022 թվականի թիվ Տ(14)222798-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,, հայցվորի շահերը ներկայացնում է Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի  փաստաբան  Լարիսա Բաղդասարյանը:

ՀՀ Վարչական դատարանը 2023 թվականի հունիսի 16-ին կայացրել է բարենպաստ դատական ակտ:

 

Գործ թիվ ՎԴ/1098/05/23


Վ Ճ Ի Ռ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


«16» հունիսի 2023թ. ք. Երևան


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝
նախագահությամբ՝ դատավոր Աննա Դիլբարյանի,

գրավոր ընթացակարգով քննելով վարչական գործն ըստ հայցի Կարեն Արսենի Գևորգյանի, ներկայացուցիչ՝ Լարիսա Բաղդասարյան, հիմք՝ 17.02.2023 թվականին տրված լիազորագիր) ընդդեմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (քաղաք Երևան, Դավթաշեն 4 թղմ., Ա.Միկոյան 109/8)՝ վարչական տույժ նշանակելու մասին 30.12.2022 թվականի թիվ Տ(14)222798-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց


Գործի դատավարական նախապատմությունը.
Կարեն Գևորգյանը (այսուհետ նաև՝ Հայցվոր) 27.02.2023 թվականին ՀՀ վարչական դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ներկայացրած հայցադիմումով ընդդեմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Պատասխանող) խնդրել է անվավեր ճանաչել վարչական տույժ նշանակելու մասին 30.12.2022 թվականի թիվ Տ(14)222798-Ա որոշումը:
ՀՀ վարչական դատարանի 02.03.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և կիրառվել է գրավոր ընթացակարգ:
20.04.2023 թվականին Պատասխանողը դատարան է ներկայացրել վարույթի նյութեր:
ՀՀ վարչական դատարանի 17.04.2023 թվականի որոշմամբ սահմանվել է ժամկետ:
Դատական ակտի հրապարակման օր է հայտարարվել 16.06.2023 թվականը:

Հայցվորի ներկայացրած փաստերը, հիմնավորումները և պահանջը.
Հայցվորը դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ «ՄԵԼԻՆԵ- ԷՄԻԼԻԱ» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Արսենի Գևորգյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության 200.000 ՀՀ դրամի չափով:
Հայցվորը վարչական վարույթի մասին պատշաճ կարգով ծանուցված չի եղել, ինչի կապակցությամբ վերջինս 07.12.2022 թվականի գրությամբ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին տեղեկացրել է, որ Պատասխանողի կողմից 21.11.2022 թվականին ուղարկված ծանուցագրերի համաձայն վարչական իրավախախտման գործի քննությունը նշանակված է եղել 2022 թվականի դեկտեմբերի 5-ին, սակայն ծանուցագրերը փաստացի ստացել է 2022 թվականի դեկտեմբերի 6-ին, միաժամանակ խնդրել է տրամադրել գործի նյութերը, որը սակայն մինչ օրս հայցվորը չի ստացել /հիմք 07.12.2022 թվակաեի գրությունը, «Մելինե Էմիլիա» ՍՊ ընկերության կողմից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 21.11.2022 թվականի ծանուցագիրը 06.12.2022թ. ստանալու վերաբերյալ ապացույց և 14.02.2023 թվականի գրությունը/, ինչով պայմանավորված հայցվորի վարչական վարույթին լսված լինելու իրավունքը չի իրացվել մինչ միջամտող վարչական ակտ կայացնելը:
Վիճարկվող վարչական ակտով չի հիմնավորվել հանգամանքն առ այն, որ «Մելինե Էմիլիա» ՍՊ ընկերության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացվող տարածքում իրականացվել է «ԶԻԼ» մակնիշի 17 ՕՍ 948 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի գազաբալոնի լիցքավորում առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացնելու և նույնականացումից հետո դրական եզրակացություն ստանալու:
Վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը, նույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 2-րդ մասը, նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, նույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը, նույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը, նույն հոդվածի 2-րդ մասը, Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով 28.11.2014 թվականի որոշումը:
Սույն դեպքում հայցվորը վարչական մարմնի կողմից իրեն ուղարկված ծանուցագիրը ստացել է 2022թ. դեկտեմբերի 6-ին, վարչական վարույթի լսումները նշանակված են եղել 2022թ. դեկտեմբերի 5-ին: Հայցվորը, ստանալով 06.12.2022թ. ծանուցագիրը, 07.12.2022թ-ին Պատասխանողին ծանուցագիրն ուշ ստանալու մասին տեղեկացրել է և խնդրել է իրեն տրամադրել վարչական վարույթի նյութերը, որը մինչ օրս չի տրամադրվել հայցվորին Պատասխանողից:
Սակայն Պատասխանողը հաշվի չառնելով, որ Հայցվորը վարչական վարույթով պատշաճ ծանուցված չէ, իրականացրել է վարչարարություն և 30.12.2022 թվականին կայացրել վարչական ակտ, մինչ վարչական ակտի ստացումը Հայցվորի կողմից որևէ այլ ծանուցագիր կամ նյութեր չեն ստացվել: Այսինքն՝ չի ապահովվել վարչական վարույթով լսված լինելու իրավունքը, երբ Պատասխանողին հստակ տեղեկատվություն է տրամադրվել առ այն, որ Հայցվորը վարչական վարույթով ծանուցագիրը ստացել է ուշ, ավելին, վերջինիս վարչական վարույթի ժամանակ չի տրամադրվել նաև գործի նյութերը վերջինիս կողմից վարույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու կապակցությամբ, ինչով պայմանավորված Պատասխանողը չի ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը:
Հայցվորին չտրամադրվելով վարչական վարույթի նյութերը գրկվել է նաև իր սւրդյունավետ դատական պաշտպանության իրավունքից /շուրջ երկու ամիս չի տրամադրվել նյութերը/ և իր հայցադիմումը կազմել է բացառապես վարչական ակտով արձանագրված փաստական հանգամանքների կապակցությամբ:
Հետևաբար սույն գործի քննության ընթացքում խնդրվում է Դատարանին վարչական վարույթի նյութերը ստանալիս ապահովել նաև դրանց Հայցվորի ծանոթանալու իրավունքը հայցի ենթադրյալ հիմքերը լրացնելու կապակցությամբ:
Անդրադառնալով վարչական ակտի հիմքերին անհրաժեշտ է նշել հետևյալը:
Վկայակոչել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածը:
Վկայակոչել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ և 11-րդ հոդվածները, 279-րդ հոդվածը, 150.15-րդ հոդվածի 3-րդ մասը, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 26.1-րդ հոդվածի 4-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասը, 57-րդ հոդվածի 1-ին մասը:
Վարչական մարմնի կողմից վարչական վարույթով չի հիմնավորվել ենթադրյալ զանցանքից օբյեկտիվ կողմը սույն գործով Հայցվորի կողմից կատարված լինելու հանգամանքը, այլ կերպ ասած չի հիմնավորվել զանցանքի և օբյեկտիվ կողմը, և սուբյեկտիվ կողմը վարչական վարույթով:
Խնդրել է հայցը բավարարել:

Պատասխանողի ներկայացրած փաստերը, հիմնավորումները և պահանջը.
Պատասխանողը Դատարան ներկայացված առարկությամբ հայտնել է, որ Տեսչական մարմնի կողմից 2022 թվականի նոյեմբերի 1-ին ժամը 11:36-ին ՀՀ, Արմավիրի մարզի, Վաղարշապատ, Աշտարակի խճուղի 2/14 հասցեում իրականացվել են վերահսկողական գործառույթներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 255-րդ հոդվածի պահանջների պահպանման նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել է, որ Ընկերության կողմից իրականացվել է է «ԶԻԼ» մակնիշի 17ՕՍ948 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի գազաբալոնի լցավորում՝ առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու և նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալով:
Վկայակոչել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 26.1-ին հոդվածի 4-րդ մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.15-րդ հոդվածի 3-րդ մասը, Համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 2011-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխի 27-րդ կետը:
Ընկերության կողմից տրանսպորտային միջոցի գազաբալոնի լցավորումը առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու և նույնականացումից հետո դրական եզրակացություն ստանալու առաջացնում է նշված նորմերով հստակ սահմանված վարքագծի պարտադիր կանոններ, որոնց Ընկերությունը պարտավոր էր հետևեր:
Ինչ վերաբերում Է Հայցվորի վկայակոչած փաստարկին առ այն, որ Ընկերությանը հնարավորություն չի ընձեռվել մասնակցել գործի քննությանը դրանով իսկ նպաստելով գործի փաստական հանգամանքների բացահայտմանը, ապա վերոնշյալ վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունն իրավախախտի ներկայությամբ կազմելու, իրավախախտման վերաբերյալ բացատրություն գործի քննությանը մասնակցելու օր է նշանակվել 2022թ. դեկտեմբերի 5-ին, ժամը՝ 12:00-ին, որի մասին ծանուցագիր է ուղարկվել «ՄԵԼԻՆԵ-ԷՄԻԼԻԱ» ՍՊԸ տնօրեն Կարեն Գևորգյանին: Վերջինս չի ներկայացել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը պատճառաբանելով, որ չի ծանուցվել, սակայն վերջինս չի ներկայացրել գրավոր միջնորդություն գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ, ինչպես նաև Հայցվորը զրկված չի եղել իր բացատրությունները, առարկությունները գործի քննության ընթացքում գրավոր ներկայացնելու հնարավորությունից:
Խնդրել է հայցը մերժել:

Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
1. Ծանուցագրի համաձայն՝ Հայցվորը հրավիրվել է 2022 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 16:20-ին, ք.Երևան, Դավթաշեն 4րդ թաղ, Ա.Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցե՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ին հայտնաբերված տրանսպորտային միջոցը առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու գազաբալոնի լցավորում իրականացնելու վերաբերյալ արձանագրությունը իր ներկայությամբ կազմելու, իրավախախտման վերաբերյալ բացատրություն ներկայացնելու, արձանագրությունը ստորագրելու և վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու համար:
2. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի թիվ Տ(14)222798 արձանագրության համաձայն՝ արձանագրվել է, որ ՀՀ, Արմավիրի մարզի, Վաղարշապատ, Աշտարակի խճուղի 2/14 հասցեում 01.11.2022 թվակնաին ժամը 11:36-ին Ընկերության կողմից իրականացվել է «ԶԻԼ» մակնիշի 17ՕՍ948 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի գազաբալոնային լցավորում՝ առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու:
Նշված արձանագրությունը չի պարունակում այն կազմելու վերաբերյալ ամսաթիվ, ստորագրված չէ Հայցվորի կողմից:
3. Վարչական տույժ նշանակելու մասին 30.12.2022 թվականի թիվ Տ(14)222798-Ա որոշման համաձայն՝ Կարեն Գևորգյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.15-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է վարչական տույժ՝ տուգանք 200.000 ՀՀ դրամ գումարի չափով:
4. 17.02.2023 թվականի թիվ ՓԳ-2308/ԼԳ փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն՝ պամանագրի գինը ՀՀ վարչական դատարանում դատական պաշտպանության համար կազմում է 300.000 ՀՀ դրամ:

Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում դատարանը գտնում է, որ Կարեն Գևորգյանի հայցն ընդդեմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ենթակա է բավարարաման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Հայցվորը վիճարկում է վարչական տույժ նշանակելու մասին 30.12.2022 թվականի թիվ Տ(14)222798-Ա որոշումը:
Գործի քննությամբ, մասնավորապես՝ վարչական տույժ նշանակելու մասին 30.12.2022 թվականի թիվ Տ(14)222798-Ա որոշմամբ հիմնավորվել է, որ Կարեն Գևորգյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.15-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է վարչական տույժ՝ տուգանք 200.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում գազաբալոնների լցավորումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 26.1-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արգելվում է գազաբալոնների լցավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների:
Հայցվորը, ի թիվս այլնի, վարչական տույժ նշանակելու մասին 30.12.2022 թվականի թիվ Տ(14)222798-Ա որոշումն այն հիմնավորմամբ, որ խախտվել է իր լսված լինելու իրավունքը:
Հաշվի առնելով Կողմերի դիրքորոշումները՝ Դատարանը գտնում է, որ սույն վեճի լուծման համար անհրաժեշտ է պարզել՝ արդյոք պահպանվել է Հայցվորի՝ օրենքով սահմանված կարգով լսված լինելու իրավունքը, թե ոչ:
ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը`
1) տվյալ գործի քննությունը վերաբերում է, արդյոք, իր իրավասությանը.
2) ճիշտ են կազմվել, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը.
3) գործի քննությանը մասնակցող անձինք ծանուցվել են, արդյոք, դրա քննության ժամանակի և տեղի մասին.
4) պահանջվել են, արդյոք, անհրաժեշտ լրացուցիչ նյութեր.
5) վարչական պատասխանատվության ենթարկվող անձի, տուժողի, օրինական ներկայացուցիչների, փաստաբանի միջնորդությունների մասին:
Նույն օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, հիմքեր կան, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաuտական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մաuնակիցների oգտին առկա հանգամանքները։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ իրավական պաշտպանության միջոցը պետք է լինի արդյունավետ ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում. արդյունավետ միջոցը պետք է օժտված լինի մարդու իրավունքի ենթադրյալ խախտումը կամ դրա շարունակումը կանխելու, կամ իրավունքի խախտման համար պատշաճ փոխհատուցում ապահովելու հատկանիշով (տե՛ս, İlhan v. Turkey (22277/93) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 27.06.2000 թվականի վճիռը, կետ 97):
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի վերլուծության արդյունքում, արձանագրել է հետևյալը....
1) անձի լսված լինելու իրավունքը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքի՝ պատշաճ վարչարարության իրավունքի բաղկացուցիչ տարր է,
2) լսված լինելը վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության ընթացքում մարդու և քաղաքացու իրավական պաշտպանության միջոց է, որը հնարավորություն է ընձեռում, որ յուրաքանչյուր ոք առարկություն ներկայացնի կամ այլ կերպ իր կարծիքն արտահայտի իր նկատմամբ կայացվելիք և իր իրավունքներին կամ ազատություններին միջամտող ցանկացած վարչական ակտի առնչությամբ,
3) անձի լսված լինելը պատշաճ վարչարարության հիմնարար բաղադրիչ է,
4) անձի լսված լինելու իրավունքի իրականացումն ունի հետևյալ գործառութային նշանակությունը. մի կողմից՝ անձի համար երաշխավորվում է վարչական մարմնի միջամտող անհատական ակտի դեմ արդյունավետ պաշտպանության ապահովման հնարավորություն, իսկ մյուս կողմից՝ վարչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում պարտավոր է քննարկել գործի փաստական հանգամանքներն ամբողջությամբ և պարզել դրանց օբյեկտիվությունը և լիարժեքությունը՝ վարույթի մասնակիցների ներկայացրած փաստարկներն ու դիրքորոշումները քննարկման առարկա դարձնելու միջոցով,
5) անձն օժտված է վարչական վարույթում լսված լինելու իրավունքով այն դեպքերում, երբ նրա նկատմամբ պետք է ընդունվի միջամտող անհատական ակտ,
6) վարչական վարույթում լսված լինելու իրավունքով օժտված է վարչական ակտի հասցեատեր և վարչական վարույթի մասնակից չհանդիսացող յուրաքանչյուր անձ, եթե տվյալ վարույթի արդյունքում ընդունվելիք միջամտող անհատական ակտը կարող է անմիջական ազդեցություն ունենալ վերջինիս իրավունքների և օրինական շահերի վրա,
7) լսված լինելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորվում է միայն այն վարչական ընթացակարգերում, որոնք ուղղված են անձանց նկատմամբ միջամտող անհատական ակտ ընդունելուն,
8) «(...) բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» դրույթի բովանդակությունից հետևում է, որ վարչական մարմնի կողմից լսումներ կարող են չանցկացվել օրենքով սահմանված բացառիկ դեպքերում:
ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության տարր հանդիսացող` անձի լսված լինելու իրավունքի կոնկրետացումն օրենսդրությունում ենթադրում է այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանում:
ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի երրորդ մասով և Կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորված մարդու` պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը ներառում է նաև վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքը, որի ապահովման պարտականությունն օրենսդիրը դրել է վարույթն իրականացնող վարչական մարմնի վրա: Վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքի ապահովումը կոչված է ապահովելու պետական մարմնի առջև անձի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, քանի որ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, անձի իրավունքներին միջամտող վարչական ակտ ընդունելու դեպքում, վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու իրավունքը չապահովելու պայմաններում կխախտի նրա` ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված պետական մարմնի առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, քանի որ այդ պայմաններում անձը զրկվում է արդյունավետ պաշտպանության միջոցից, ինչն անթույլատրելի է:
Դատարանի գնահատմամբ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու և իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը: Այդ իրավունքի պատշաճ կենսագործման շնորհիվ վարչական վարույթի մասնակիցներն իրազեկվում են իրենց իրավական և փաստական վիճակի վրա ազդող վարչական վարույթի հարուցման և դրա արդյունքում արձակվելիք վարչական ակտի հիմքում դրվող փաստական և իրավական հանգամանքների վերաբերյալ` հնարավորություն ունենալով վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մինչև վարչական ակտ ընդունելը վարչական մարմինը լսի, ի գիտություն ընդունի և գնահատի վարույթի մասնակիցների դիրքորոշումները:
Վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի` իրեն ընձեռնված իրավունքներն իրացնելու և պաշտպանության միջոցներից օգտվելու համար: Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն` ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է:
Այսինքն` օրենսդրի կողմից նախատեսված վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյունավետ անհատական պաշտպանություն ապահովելով, դրանով մասնակիցները նաև նպաստում են գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը:
Օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, ամրագրել է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին լսելու վարչական մարմնի պարտականությունը, որի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է վերջիններիս հնարավորություն տալ արտահայտվելու տվյալ վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:
Դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների (օրինակ՝ լսումների) անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին մասնակիցներին ծանուցելու կարգավորումը հատկապես կարևորվում է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարույթ հարուցելու դեպքերում, քանի որ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցված լինելու և դրա արդյունքում այդ վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա և ժամի մասին վարույթի մասնակիցը որևէ կերպ տեղեկացված չի կարող լինել, այսինքն՝ վարչական վարույթի և դրա իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների մասին ծանուցելու կառուցակարգն անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքի կենսագործման համար, քանի որ, առանց վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների, մասնավորապես՝ լսումների, անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին ծանուցելու, հնարավոր չէ ապահովել վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնականում իրացումը:
Գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու վարչական մարմնի պարտավորությունը ներառում է նաև բոլոր շահագրգիռ անձանց լսված լինելու իրավունքի ապահովումը և միայն վերը նշված պայմանների պահպանմամբ իրականացված վարչարարության արդյունքում ընդունված վարչական ակտը կարող է լինել օրինական` օրենքի պահանջներին համապատասխան:
Սույն գործի փաստերով, մասնավորապես՝ Ծանուցագրով հիմնավորվել է, որ Հայցվորը հրավիրվել է 2022 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 16:20-ին, ք.Երևան, Դավթաշեն 4րդ թաղ, Ա միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցե՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ին հայտնաբերված տրանսպորտային միջոցը առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու գազաբալոնի լցավորում իրականացնելու վերաբերյալ արձանագրությունը իր ներկայությամբ կազմելու, իրավախախտման վերաբերյալ բացատրություն ներկայացնելու, արձանագրությունը ստորագրելու և վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու համար:
Ծանուցագիրը Հայցվորի կողմից ստանալու մասին ապացույց առկա չէ:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի թիվ Տ(14)222798 արձանագրության համաձայն՝ որ ՀՀ, Արմավիրի մարզի, Վաղարշապատ, Աշտարակի խճուղի 2/14 հասցեում 01.11.2022 թվակնաին ժամը 11:36-ին Ընկերության կողմից իրականացվել է է «ԶԻԼ» մակնիշի 17 ՕՍ 948 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի գազաբալոնային լցավորում՝ առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու:
Նշված արձանագրությունը չի պարունակում այն կազմելու վերաբերյալ ամսաթիվ, ստորագրված չէ Հայցվորի կողմից:
Վերը նշված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով գործում առկա ապացույցները, Դատարանը արձանագրում է, որ գործում առկա նյութերով չի հիմնավորվում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ժամանակի և վայրի մասին ծանուցումը և դրան կցված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը Հայցվորի կողմից ստացված լինելու վերաբերյալ ապացույցը:
Այսպիսով՝ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում Հայցվորի լսված լինելու իրավունքը գործնականում ապահովված լինելու փաստը: Այսինքն` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, կրելով Հայցվորի լսված լինելու իրավունքը գործնականում ապահոված լինելու փաստի ապացուցման բեռը, չի ապացուցել այն, ուստի այդ փաստը, Դատարանի գնահատմամբ, մնում է վիճելի (չապացուցված):
Այսպիսով` Դատարանն անմիջականորեն գնահատելով գործում առկա բոլոր ապացույցները՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ վիճելի է մնում Հայցվորի լսված լինելու իրավունքն ապահովված լինելու փաստը, ուստի, Դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի առաջին մասի իմաստով, դրա բացասական հետևանքները պետք է կրի ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`
ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.
բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում,
գ) շահերի բախման իրավիճակում:
Վերոգրյալ իրավական և փաստական հիմնավորումներով Դատարանը գտնում է, որ վարչական տույժ նշանակելու մասին 30.12.2022 թվականի թիվ Տ(14)222798-Ա որոշումն ընդունել է օրենքի խախտմամբ, ուստի այն ենթակա է անվավեր ճանաչման:
Դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հիմքը բավարար է վարչական տույժ նշանակելու մասին 30.12.2022 թվականի թիվ Տ(14)222798-Ա որոշումն անվավեր ճանաչելու համար, հետևաբար, դատական ակտով չի անդրադառնում վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցադիմումում նշված մյուս փաստարկներին:

Դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: Նույն օրենսգրքի 58-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները և դատավարության մասնակիցների փոստային ծախսերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վկաներին և փորձագետներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Նույն հոդվածի տասներորդ մասի համաձայն` ներկայացուցիչների վճարների գծով դատական ծախսի հատուցումը դրվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կամ համայնքի վրա, եթե գործը լուծվել է ի վնաս իրենց: Հատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում, անդրադառնալով դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վարձատրության ողջամտության հարցին, արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը, գործի բարդությունը, վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը:
...
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վկայակոչված որոշմամբ թվարկվածներից բացի, վարչական դատավարությունում ներկայացուցիչների վճարների չափի ողջամտության գնահատման կարևոր չափորոշիչներ են նաև դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար կատարված ծախսերի անհրաժեշտությունը, փոխհատուցման համարժեքությունն ու արդյունավետությունը: Դատական ծախսերի, այդ թվում նաև փաստաբանի վճարների փոխհատուցման այս չափորոշիչներն անտեսելու պարագայում խոսք չի կարող լինել արդյունավետ դատական պաշտպանության մասին, քանի որ որոշ դեպքերում դատական պաշտպանության դիմած անձինք կհայտնվեն առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էին: (Տե՛ս, օրինակ, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/11260/05/17 վարչական գործով 21.05.2021 թվականի որոշումը)»:
Հաշվի առնելով գործի բնույթը (վեճի շրջանակներում վիճարկվում է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը), տևողությունը (շուրջ երեք ամիս), բարդությունը, սույն գործով ներկայացուցչի կատարած աշխատանքի ծավալը (կազմել է հայցադիմում), դատարանը սույն գործով ներկայացուցչի ողջամիտ վարձատրության չափ է համարում 100.000 ՀՀ դրամը:
Նկատի ունենալով, որ Հայցվորի կողմից նախապես վճարվել է պետական տուրքի գումարը, իսկ հայցը ենթակա է բավարարման, դատարանը գտնում է, որ պատասխանող ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հօգուտ Հայցվորի ենթակա է բռնագանձման նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Միաժամանակ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հօգուտ Հայցվորի ենթակա է բռնագանձման 100.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճար, ինչպես նաև 560 ՀՀ դրամ` որպես փոստային ծախս:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 118.4-րդ, 123-127-րդ հոդվածներով՝ Դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց


Կարեն Արսենի Գևորգյանի հայցն ընդդեմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, բավարարել:
Անվավեր ճանաչել վարչական տույժ նշանակելու մասին 30.12.2022 թվականի թիվ Տ(14)222798-Ա որոշումը:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հօգուտ Կարեն Արսենի Գևորգյանի բռնագանձել 111.060 ՀՀ դրամ, որից 10.500 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 100.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճար, 560 ՀՀ դրամ` որպես փոստային ծախս:

Դատական ծախսերի բաշխման մասով վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով դատական ակտի հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում:



ԴԱՏԱՎՈՐ ԱՆՆԱ ԴԻԼԲԱՐՅԱՆ