Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
ԿԴ1/0766/02/10
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով`

25.01.2011թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Նելլի Գալստյան
քարտուղարությամբ` Արևիկ Առաքելյանի
Մասնակցությամբ Հայցվոր`

Արմիկ Հակուպյանսի/ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյան

/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Արմիկ Հակուպյանսի լիազորված անձ Լևոն Բաղդասարյանի ընդդեմ Նորիկ Սեթաղյանի, երրորդ անձ` Նոր-Նորքի նոտարական գրասենյակի` 10.06.2009թ. և 03.08.2009թ. կնքված առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու, որպես հետևանք դրանց հիման վրա տրված սեփականության իրավունքի պետական գրանցումներն ճանաչելու պահանջի մասին.

 

I

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Դատավարական նախապատմությունը.

Արմիկ Հակուպյանսի լիազորված անձ Լևոն Բաղդասարյանը 30.09.2010թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նորիկ Սեթաղյանի, երրորդ անձ` Նոր-Նորքի նատարական գրասենյակի` 10.06.2009թ. և 03.08.2009թ. կնքված առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու, որպես հետևանք դրանց հիման վրա տրված սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.09.2010թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:
01.11.2010թ. պատասխանող Նորիկ Սեթաղյանի կողմից ներկայացվել է հայցադիմումի պատասխան:
03.12.2010թ. հայցվորի լիազորված անձի կողմից ներկայացվել է դիմում` հայցապահանջի ավելացման մասին, որով խնդրել է անվավեր ճանաչել 10.07.2009թ., 15.07.2009թ. և 03.08.2009թ. կնքված առուվաճառքի պայմանագրերը և որպես հետևանք անվավեր ճանաչել 10.07.2009թ. պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
03.12.2010թ. հայցվորի լիազորված անձը միջնորդել է որպես պատասխանողներ ներգրավել Արմեն Ալբերտի Գյոզալյանին և Արտաշես Պողոսյանին, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանմանը` որպես երրորդ անձ:
Դատարանի 30.11.2010թ. որոշմամբ հայցվորի լիազորված անձի միջնորդությունը բավարարվել է և Արմեն Ալբերտի Գյոզալյանը և Արտաշես Պողոսյանը ներգրավվել են որպես պատասխանողներ, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանմանը` որպես երրորդ անձ:
Գործը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22.2 գլխի կանոնների համաձայն` նախապատրաստվել է դատաքննության:
Հակընդդեմ հայց չի հարուցվել:

2. Հայցվորի դիրքորոշումը

Հայցվորի լիազորված անձը դիմելով դատարան հայտնել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող Ազատության փողոցի 1-ին նրբանցքի 6 հասցեում գտնվող 081-003 ծածկագրով տնամերձ հողոմասը և 388-005 ծածկագրով վարելահողը սեփականության իրավունքով պատկանել է Արմիկ Հակուպյանսին:
Նորիկ Սեթաղյանը 08.08.2008թ. թվագրված Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար Ն.Ղազարյանի անունից հաստատված իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող թիվ 15469 համարի կեղծ լիազորագրով, որով Արմիկ Հակուպյանսը իբր լիազորում է Նորիկ Սեթաղյանին տնօրինել, այդ թվում վաճառել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող Ազատության փողոցի 1-ին նրբանցքի 6 հասցեում գտնվող տնամերձ հողամասը, 10.06.2009թ. Նոր-Նորքի նոտարական գրասենյակում առուվաճառքի պայմանագիր է կնքել 10.800.000 ՀՀ դրամով հողամասը վաճառելու վերաբերյալ, որը հետագայում ստացել է պետական գրանցում:
Այնուհետև, Նորիկ Սեթաղյանի 08.08.2008թ. և 11.09.2008թ. թվագրված Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար Ն. Ղազարյանի անունից հաստատված իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հադիսացող թիվ 15470 և թիվ 15593 համարի կեղծ լիազորագրերով, որոնցով Արմիկ Հակուպյանսը իբր լիազորում է Նորիկ Սեթաղյանին տնօրինել, այդ թվում վաճառել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող 388-005 ծածկագրով վարելահողը, 03.08.2009թ. Նոր-Նորքի նոտարական գրասենյակում առուվաճառքի պայմանագիր է կնքել 23.170.000 դրամով հողամասը վաՃառելու վերաբերյալ , սակայն պետական գրանցում չի կատարվել:
06.10.2009թ. Նորիկ Սեթաղյանը կալանավորվել է և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325 հոդվածի 2-րդ մասով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.04.2010թ. թիվ ԵԿԴ/0059/01/10 դատավճռով հաստատվել է, որ Նորիկ Սեթաղյանը, նախնական համաձայնության գալով Գևորգ Նիկոլյանի հետ, պատրաստել է թիվ 15469, 15470 և 15593 կեղծ լիազորագրերը, որոնցով իբր Արմիկ Հակուպյանսը լիազորում է Նորիկ Սեթաղյանին տնօրինել, այդ թվում վաճառել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող Ազատության փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեում գտնվող տնամերձ հողամասը և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող 388-005 ծածկագրով վարելահողը: Նշված կեղծ լիազորագրերով ներկայացել են Նոր-նորքի նոտարական գրասենյակ 10.06.2009թ., 03.08.2009թ. և նշված գույքը ձևական առուվաճառքի պայմանագրով օտարել են:
Խնդրել է անվավեր ճանաչել 10.06.2009թ. և 03.08.2009թ. կնքված առուվաճառքի պայմանագրերը և որպես հետևանք անվավեր ճանաչել 10.06.2009թ. պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Որպես իր պահանջների հիմքում ընկած իրավական ակտերի նորմեր վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321, 296, 319, 304 և 305 հոդվածները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2, 52 հոդվածները:
03.12.2010թ. հայցվորի լիազորված անձի կողմից ներկայացվել է դիմում` հայցապահանջի ավելացման մասին, որով խնդրել է անվավեր ճանաչել 10.07.2009թ., 15.07.2009թ. և 03.08.2009թ. կնքված առուվաճառքի պայմանագրերը և որպես հետևանք անվավեր ճանաչել 10.07.2009թ. պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Դատաքննության ընթացքում հայցվորի լիազորված անձը հայցը պնդեց:

3. Պատասխանողների դիքորոշումը.

Պատասխանողներ` Արմեն Ալբերտի Գյոզալյանը և Արտաշես Պողոսյանը պատշաճ կարգով ծանուցվել են դատական նիստի տեղի և ժամանակի մասին, սակայն չեն ներկայացել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Նրանց կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ կետի համաձայն պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Պատասխանող Նորիկ Սեթաղյանը 01.11.2010թ. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան, որով հայտնել է , որ հայցապահանջի դեմ առարկություններ չունի, ներկայացված փաստական հանգամանքներն իրականություն են, իր կողմից կատարվել են օրենքով արգելված արարքներ, որի համար ինքը ենթարկվել է քրեական պատասխանատվության: Գտնում է, որ ներկայացված հայցապահանջներն իրավաչափ են և ենթակա են բավարարման:
Միաժամանակ խնդրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 1-ին մասի համաձայն գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատարանի որոշմամբ գործը քննվեց պատասխանող Նորիկ Սեթաղյանի բացակայությամբ:

4. Երրորդ անձանց դիրքորոշումը.

Երրորդ անձ` Երևանի Նոր-Նորքի նոտարական գրասենյակը պատշաճ կարգով ծանուցվել է դատական նիստի տեղի և ժամակի մասին, սակայն նրա ներկայացուցիչը չի ներկայացել, դատարանի որոշմամբ գործը քննվեց նրա բացակայությամբ:
Երրորդ անձ` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի 22.12.2010թ. թիվ 03-603 և 11.01.2011թ. թիվ 03-05 գրությունների համաձայն քաղ. Արմիկ Սերքիսի Հակուպյանսի անունով 18.06.2007թ. գ. Ձորաղբյուր Ազատության փողոց 1-ին նրբ. թիվ 6` 07-042-081-003 ծածկագրով հողամասի նկատմամբ գրանցվել է սեփականության իրավունք` Կոտայք նոտարական տարածքում 03.06.2006թ. հաստատված առուվաճառքի պայմանագրի համաձայն, որից հետո 10.07.2009թ. Նոր-Նորքի նոտարական տարածքում հաստատված առուվաճառքի պայմանագրի համաձայն օտարվել է Արմեն Ալբերտի Գյոզայանին և 14.07.2009թ. գրանցվել է նրա սեփականության իրավունքը, այնուհետև 15.07.2009թ. Արմեն Գյոզալյանի և Արտաշես Պողոսյանի միջև Նոր-Նորքի նոտարական տարածքում կնքվել է առուվաճառքի պայմանագիր, սակայն սեփականության իրավունքի պետական գրանցում չի ստացել:
Ձորաղբյուր համայնքում գտնվող 07-042-388-005 ծածկագրով հողամասի նկատմամբ Արմիկ Սերքիսի Հակուպյանսի սեփականության իրավունքը գրանցվել է 14.09.2007թ. Կոտայք նոտարական տարածքում 12.09.2007թ. հաստատված առուվաճառքի պայմանագրի համաձայն, որի վերաբերյալ Արմիկ Հակուպյանսի լիազորված անձ` Նորիկ Սեթաղյանի և Արմեն Գյոզալյանի միջև 03.08.2009թ. կնքվել է առուվաճառքի պայմանագիր, սակայն սեփականության իրավունքի պետական գրանցում չի ստացել:
Այսինքն Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից կատարվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան իրավաչափ գործողություն:
Միաժամանակ խնդրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 1-ին մասի համաձայն գործը քննել իր բացակայությամբ` հիմք ընդունելով վերը նշված փաստարկները:
Դատարանի որոշմամբ գործը քննվեց երրորդ անձ` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման ներկայացուցչի բացակայությամբ:

II
Գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը.

ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող Ազատության փողոցի 1-ին նրբանցքի 6 հասցեում գտնվող 081-003 ծածկագրով տնամերձ հողոմասը և 388-005 ծածկագրով վարելահողը սեփականության իրավունքով պատկանել է Արմիկ Հակուպյանսին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.04.2010թ. թիվ ԵԿԴ/0059/01/10 դատավճռով հիմնավորվել է, որ Նորիկ Սեթաղյանը նախնական համաձայնության գալով Գևորգ Նիկոլյանի հետ պատրաստել է թիվ 15469, 15470 և 15593 կեղծ լիազորագրերը, որոնցով 10.06.2009թ. և 03.08.2009թ. ներկայացել է Նոր-Նորքի նոտարական գրասենյակ և Արմիկ Հակուպյանսին պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող Ազատության փողոցի 1-ին նրբանցքի 6 հասցեում գտնվող տնամերձ հողամասը և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող 388-005 ծածկագրով վարելահողը ձևական առուվաճառքի պայմանագրով օտարել է Արմեն Գյոզալյանին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.04.2010թ. թիվ ԵԿԴ/0059/01/10 դատավճռով Նորիկ Սեթաղյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեկան օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325 հոդվածի 2-րդ մասով:
09.04.2010թ. թիվ ԵԿԴ/0059/01/10 օրինական ուժ ստացած դատավճռով ապացուցվել է, որ առք ու վաճառքի պայմանագրերը ստորագրված է կեղծ լիազորագրի հիման վրա:

2. Կիրառելի իրավունքը.

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321, 296, 319, 304 և 305 հոդվածները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52 հոդվածները:

3. Իրավական խնդիր.

Արդյոք վերը նշված իրավահարաբերության համար կիրառելի են վերը նշված իրավական նորմերի պահանջը:

4. Վերլուծություն.

Դատարանը լսելով հայցվորի լիազորված անձի ցուցմունքը, հետազոտելով գործում առկա ապացույցները, գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
Դատաքննությամբ հաստատված համարվեց, որ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող Ազատության փողոցի 1-ին նրբանցքի 6 հասցեում գտնվող 07-042-081-003 ծածկագրով տնամերձ հողամասը և 07-042-388-005 ծածկագրով վարելահողը սեփականության իրավունքով պատկանել է հայցվոր Արմիկ Հակուպյանսին:
Նորիկ Սեթաղյանը, նախնական համաձայնության գալով Գևորգ Նիկոլյանի հետ, պատրաստել է թիվ 15469, 15470 և 15593 կեղծ լիազորագրերը, որոնցով 10.07.2009թ. Նոր-Նորք նոտարական տարածքում կնքված առուվաճառքի պայմանագրով Արմիկ Հակուպյանսին պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող Ազատության փողոցի 1-ին նրբանցքի 6 հասցեում գտնվող տնամերձ հողամասը օտարել է Արմեն Ալբերտի Գյոզալյանին և 14.07.2009թ. գրանցվել է նրա սեփականության իրավունքը: 15.07.2009թ. Արմեն Գյոզալյանի և Արտաշես Պողոսյանի միջև Նոր-Նորք նոտարական տարածքում կնքվել է առուվաճառքի պայմանագիր, սակայն սեփականության իրավունքի պետական գրանցում չի ստացել:
Նորիկ Սեթաղյանը կեղծ լիազորագրի հիման վրա 03.08.2009թ. Նոր-Նորք նոտարական տարածքում կնքված առուվաճառքի պայմանագրով Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող 07-042-388-005 ծածկագրով վարելահողը օտարել է Արմեն Գյոզալյանին, սակայն սեփականության իրավունքի պետական գրանցում չի ստացել:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.04.2010թ. թիվ ԵԿԴ/0059/01/10 դատավճռով Նորիկ Սեթաղյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325 հոդվածի 2-րդ մասով:
09.04.2010թ. թիվ ԵԿԴ/0059/01/10 օրինական ուժ ստացած դատավճռով ապացուցվել է, որ առք ու վաճառքի պայմանագրերը ստորագրված է կեղծ լիազորագրերի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321 հոդվածի համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:
Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296 հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 319 հոդվածի 1-ին կետի համաձայն` այլ անձի անունից գործելու լիազորության բացակայությամբ կամ նման լիազորությունների սահմանազանցմամբ գործարքը կնքված է համարվում այն կնքված անձի անունից և ի շահ նրա, եթե մյուս անձը (ներկայացվողը) հետագայում ուղղակի հավանություն չի տալիս տվյալ գործարքին:
Նշված նորմի տրամաբանությամբ, կնքված գործարքի վերաբերյալ ներկայացվողի հավանության բացակայության դեպքում, այդ գործարքը չի կարող վերջինիս համար իրավական հետևանքներ առաջացնել:
Նորիկ Սեթաղյանը Արմիկ Հակուպյանսի անունից վերջինիս գույքը օտարելու լիազորություն չի ունեցել և Արմիկ Հակուպյանսը տվյալ գործարքների վերաբերյալ չի տվել իր հավանությունը, հետևաբար, կեղծ լիազորագրերի հիման վրա կնքված գործարքները Արմիկ Հակուպյանսի համար իրավական հետևանքներ չեն կարող առաջացնել, որն ապացուցվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավաության դատարանի 09.04.2010թ. թիվ ԵԿԴ/0059/01/10 դատավճռով:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52 հոդվածի 3-րդ կետի` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք: Սույն դատավճռով հաստատված է, որ Նորիկ Սեթաղյանը պատրաստել է կեղծ լիազորագրեր, որի հիման վրա կատարվել է առք ու վաճառք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305 հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304 հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Հետևաբար անվավեր գործարքի հիման վրա կատարված 14.07.2009թ. ՀՀ կառավարույանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Արմեն Ալբերտի Գյոզալյանի անվամբ գրանցված Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոց 1-ին նրբանցքի թիվ 6` 07-042-081-003 ծածկագրով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ևս ենթակա է անվավեր ճանաչման:
Դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական նորմերի ուժով հայցը ենթակա է բավարարման:
Անդրադառնալով դատական ծախսերի հարցին, դատարանը գտնում է, որ պատասխանող Նորիկ Սեթաղյանից հօգուտ հայցվոր Արմիկ Հակուպյանսի պետք է բռնագանձել վճարված պետական տուրքի գումարը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 հոդվածներով դատարանը,

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցը բավարարել` անվավեր ճանաչել Երևանի Նորք-Նորք նոտարական տարածքում 10.07.2009թ. Արմիկ Հակուպյանսի լիազորված անձ Նորիկ Սեթաղյանի և Արմեն Գյոզալյանի միջև Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող Ազատության փողոցի 1-ին նրբանցքի 6 հասցեում գտնվող տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում 14.07.2009թ. Արմեն Գյոզալյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Անվավեր ճանաչել Երևանի Նորք-Նորք նոտարական տարածքում 15.07.2009թ. Արմեն Գյոզալյանի և Արտաշես Պողոսյանի միջև Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող Ազատության փողոցի 1-ին նրբանցքի 6 հասցեում գտնվող տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
Անվավեր ճանաչել Երևանի Նորք-Նորք նոտարական տարածքում 03.08.2009թ. Արմիկ Հակուպյանսի լիազորված անձ Նորիկ Սեթաղյանի և Արմեն Գյոզալյանի միջև Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող 07-042-388-005 ծածկագրով վարելահողի առուվաճառքի պայմանագիրը:
Նորիկ Սեթաղյանից հօգուտ Արմիկ Հակուպյանսի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ, որպես վճարված պետական տուրքի փոխհատուցում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

 

ԴԱՏԱՎՈՐ Ն.ԳԱԼՍՏՅԱՆ

Ծանոթություն` սույն գործով բողոք չի բերվել, վճիռը մտել է օրինական ուժի մեջ 28.02.2011թ.:
Իսկականի հետ ճիշտ է`

Դատավորի օգնական ` Ջ.ՍԱՐԳՍՅԱՆ