| |
ԳՈՐԾԱԴՈՒԼ. ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԱՐՎՈՒՄ
Գործադուլը մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի ժամանակավոր դադարեցումն է:
Գործադուլ (ներառյալ` նախազգուշական) հայտարարելու մասին որոշում ընդունելու իրավունք ունի արհեստակցական միությունը եւ հայտարարվում է այն դեպքում, երբ կոլեկտիվի վեճը չի լուծվում, բանակցությունները չեն կայանում կամ հաշտեցման հանձնաժողովի կողմից կայացված որոշումը չի կատարվում: Գործադուլ հայտարարվում է, եթե այդ մասին որոշումը գաղտնի քվեարկությամբ հավանության է արժանացել կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի երկու երրորդի կողմից, իսկ կազմակերպության առանձնացված ստորաբաժանումում գործադուլ հայտարարելիս` այդ ստորաբաժանման աշխատողների երկու երրորդի կողմից: Նախատեսվող գործադուլի մասին արհեստակցական միությունը պարտավոր է գործատուին գրավոր տեղեկացնել այն սկսելու օրվանից առնվազն յոթ օր առաջ: Նախազգուշական գործադուլը չի կարող շարունակվել երկու ժամից ավելի, որի մասին գործատուն պետք է տեղեկացվի ոչ ուշ, քան երեք օր առաջ:
Երկաթուղին, քաղաքային հասարակական տրանսպորտի, ավիացիայի, կապի, առողջապահական, սննդի ոլորտում, ջրամատակարարման, կոյուղու եւ թափոնների տեղափոխման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, անընդհատ գործող արտադրությամբ կազմակերպություններում գործադուլ անելու որոշում ընդունելու դեպքում գործատուն պետք է գրավոր տեղեկացվի այն սկսելուց առնվազն տասնչորս օր առաջ:
Օրենսդիրն արգելում է գործադուլ հայտարարել ոստիկանությունում, զինված ուժերում, պահպանության ծառայություններում, անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունում, կենտրոնացված էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման կազմակերպություններում:
Գործատուն կաշկանդված չէ գործադուլն անօրինական ճանաչելու պահանջով դիմել դատարան, որը դատարանի կողմից քննվում եւ վճիռ է կայացվում հայցն ընդունելու օրվանից հետո յոթ օրվա ընթացքում:
Գործադուլին մասնակցությունը կամավոր է, իսկ աշխատողին գործադուլին մասնակցելու կամ հրաժարվելու պարտադրող անձինք ենթակա են պատասխանատվության: Գործադուլի ընթացքում պահպանվում է գործադուլին մասնակցող աշխատողների աշխատատեղը, սակայն գործատուն կարող է գործադուլին մասնակցող աշխատողներին աշխատավարձ չվճարել, ինչպես նաեւ կարող է կողմերի բանակցությունների ընթացքում գործադուլը դադարեցնելու համաձայնություն ձեռք բերելու հետ` գործադուլավորներին լրիվ չափով կամ մասնակի վճարվի աշխատավարձը:
Այն անձանց, ովքեր գործադուլին չեն մասնակցել, սակայն զրկված են գործադուլի պատճառով իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից, վճարվում է աշխատավարձ` ոչ իրենց մեղքով առաջացած պարապուրդի համար: Արգելվում է գործադուլին մասնակցելու համար աշխատողներին ենթարկել կարգապահական պատասխանատվության, ինչպես նաեւ ընդունել նոր աշխատողների, բացառությամբ երկաթուղային եւ քաղաքային հասարակական տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, կապի, առողջապահական, սննդի արտադրության, ջրամատակարարման, կոյուղու եւ թափոնների տեղափոխման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, ինչպես նաեւ այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքի դադարեցումը կարող է հասարակական կամ առանձին անձանց կյանքի եւ առողջության համար ծանր կամ վտանգավոր հետեւանքներ ունենալ:
ՄԵՐ ՏԱՆ ՊԱՏԻՎԸ
Գարնան զարթոնքի հետ սկսվել է տունը, բակը, քաղաքը, երկիրն աղբից ու կեղտից մաքրելու միամսյակ: Ըստ պաշտոնական լրատվության` տնկվել ու տնկվելու են տասնյակ հազարավոր ծառ ու թուփ: Դա լավ է, առավել եւս, երբ այն դրված է պետական մակարդակի վրա:
Հայն, ըստ էության, ոչ միայն աշխատասեր է, այլեւ մաքրասեր, եւ յուրաքանչյուր հայ մարդու տուն փայլում է մաքրությամբ եւ կոկիկությամբ: Ցավոք, մեր մաքրությունն ու հազարամյա մշակույթն ավարտվում է մեր տան մուտքի մոտ: Դրա վառ ապացույցն են կեղտի մեջ կորած շենքերի բակերը, մուտքերն ու աստիճանավանդակները, սակայն բավական է մտնել նույն շենքի բնակարան եւ ականատես լինել հակառակ պատկերին:
Լոս Անջելեսի տարածքը, ասում են, զբաղեցնում է մոտավորապես այնքան տարածություն, ինչքան Հայաստանի Հանրապետությունն է: Այդտեղ դուք կարող եք օրերով չնախատեսված վայրերում սիգարետի կամ թղթի կտոր փնտրել, սակայն ի պատիվ այդ երկրի քաղաքացիների (տերերի), չգտնել: Ես մեքենայով անցել եմ Կալիֆորնիա նահանգից մինչեւ Նեւադա նահանգ (մոտ 7-8 ժամ ճանապարհ) եւ չեմ տեսել գոնե մեկ հատ պոլիէթիլենային տոպրակ ընկած ճանապարհին: Մի պահ պատկերացնենք, որ գտնվում ենք Երեւան-Գյումրի, կամ Հայաստանի ցանկացած մայրուղու վրա: Կարող եք ասել, թե քանի հազար պոլիէթիլենային իրեր եւ այլ օտար առարկաներ են թափված մայր հողի վրա: Օտարամոլության կամ օտարապաշտության բարդույթ չունեմ, առավել եւս վստահ եմ, որ մեր պոտենցիալն ու դաստիարակությունն ավելի բարձր է` ունենալու համար մաքուր տուն, մաքուր քաղաք, մաքուր երկիր, այսինքն` մաքուր հայրենիք: Այդ ունենալու համար անհրաժեշտ է պատասխանել մեկ հարցի` ՙցանկանում ենք մեր տունը տեսնել մաքուր՚: Ավելի քան վստահ եմ, որ ցանկանում ենք: Այդ դեպքում պետք է փնտրենք պատճառները եւ վերացնենք: Ըստ իս, պատճառները հինգն են:
ա) Հասարակության գերակշիռ մասն իր տնից դուրս չի զգում իրեն տերն իր երկրի, ուստի ոչ միայն չի բռնում զանցառուի ձեռքը, ով այն կեղտոտում է, այլ նաեւ ինքն է իր տնից հանած աղբը նետում գետնին, կամ մեքենայից ընթացքի ժամանակ այն նետում է փողոց:
բ) Հասարակության գերակշիռ մասը չգիտի, որ օրենքով իր շենքի նկուղը, ձեղնահարկը, աստիճանավանդակը, վերելակը, ինչու չէ, նաեւ շենքի բակը եւս իր սեփականությունն են, հակառակ դեպքում այդտեղ աղբ չի թափի եւ չի միզի:
գ) Հասարակության գերակշիռ մասը չի գիտակցում, որ եթե շենքի արտաքին տեսքը, մուտքը, վերելակը, բակը բարեկարգված են, ապա իր տան շուկայական գինն ավելի բարձր կլինի:
դ) Բացակայում են լուրջ իրավական սանկցիաներ, ինչպես նաեւ կոնկրետ կիրառողներ` չնախատեսված վայրում աղբ թափելու կամ կեղտոտելու համար ենթարկելու վարչական պատասխանատվության: Օրինակ, Կալիֆորնիա նահանգում կոնֆետի թղթիկ թափելու համար կարող են տուգանել մինչեւ 1500 ԱՄՆ դոլարի չափով, կամ մի քանի օր շարունակ զանցառուն պետք է ավլի մայրուղիները:
ե) Թեպետ օրենքով կարգավորվում են ՀՀ տարածքներն իրենց վարչական միավորներով` համատիրություն, համայնք, վարչական շրջան, մարզ եւ այլ պետական լիազոր մարմիններ, որոնք օրենքով ունեն լայն իրավասություններ` պատասխանատվության ենթարկելու օրինազանցներին, սակայն տիրում է անձնական եւ տնավարի հարաբերություններ: Օրինակ, ինչ-որ վթար վերացնելու համար քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է քանդել քաղաքի կենտրոնական փողոցի կամ բակի մի հատված: Այնուհետեւ, լավագույն դեպքում ծածկել հողով, վատագույն դեպքում` տեղում փոսը թողնել եւ գնալ: Ահա այստեղ է, որ տվյալ համայնքի կամ մարզի իշխանությունը պետք է գործի օրենքի ողջ խստությամբ եւ պատժի տվյալ քաղաքացուն կամ իրավաբանական անձին: Վերջերս հանրությանը հայտնի մի քաղաքացի իր շենքի վերելակում նկատողություն էր արել այդ շենքում վարձով ապրող մի այլ քաղաքացու, որը վերելակ էր մտել վառվող գլանակը ձեռքին: Հետեւանքը եղել էր այն, որ իրավապահ մարմինները սկսեցին ուսումնասիրել... դիտողություն արած քաղաքացու գործողությունները` տեսնելու համար, թե նրա վարքագծում հանցակազմ կա, թե` ոչ, անգամ հարուցվեց քրեական գործ: Այնինչ զանցառուն պետք է ենթարկվեր օրենքով նախատեսված ամենախիստ վարչական պատասխանատվության վերելակում ծխելու համար, իսկ նկատողություն անողին պետք է տալ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում` արարքում հանցակազմ փնտրելու փոխարեն:
Վստահ եղեք, որ դրանից հետո զանցառուների եւ դիտողություն անողների թիվը կլիներ հակադարձ համեմատական, իսկ վաղը նույն զանցառուն ոչ միայն չէր ծխի վերելակում, այլ նաեւ դիտողություն կաներ մեկ ուրիշի` վերելակում ծխելու համար:
Այժմ ցանկանում եմ ձեզ ներկայացնել օրենքով կարգավորվող այն իրավանորմը, համաձայն որի` քաղաքացու սեփականությունն են նաեւ շենքի նկուղը, ձեղնահարկը, վերելակը, աստիճանավանդակը...
Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են ոչ միայն նկուղը, ձեղնահարկը, այլ նաեւ տեխնիկական հարկերը, տանիքը, մուտքերը, աստիճանավանդակները, վերելակները եւ այլ տարածքներ, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականությունը (ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, հոդված 224):
Օրենսդիրը, հնարավորություն տալով շենքի բնակարանների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տիրապետելու եւ օգտագործելու շենքի ընդհանուր գույքը, միեւնույն ժամանակ արգելում է սեփականատիրոջը առանձին օտարել բնակելի տան ընդհանուր գույքի նկատմամբ սեփականության իրավունքում իր բաժինը, ինչպես նաեւ կատարել բնակարանի եւ կամ ոչ բնակելի տարածքների նկատմամբ սեփականության իրավունքից առանձին այդ բաժինն ուրիշի հանձնելուն հանգեցնող այլ գործողություններ (ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 224 հոդված, 2-րդ կետ):
Փաստորեն, բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքը բաղկացուցիչ մասն է բազմաբնակարան շենքի եւ պատկանում է բնակարանի սեփականատիրոջը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԳՈՐԾԵԼ Ի ՇԱՀ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂԻ
Քաղաքացիա-իրավական հարաբերություններում յուրաքանչյուր անձ ինքն է մտնում այդ հարաբերությունների մեջ, յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որ պահին, որտեղ, ինչ գործառույթներ պետք է իրականացնի: Այսինքն, աստվածաշնչյան այն խոսքը, որ Աստված ազատ կամք տվեց մարդուն` միանշանակ այդպես է: Այլ խնդիր է, թե ինչպես է ազատ կամքն առօրյայում դրսեւորվում, ինչպես է, որ ազատ եւ հավասար իրավունքով ստեղծված մարդիկ կյանքում դառնում են անարդարª դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով հանդերձ:
Բազմաթիվ են այն դեպքերը, երբ տվյալ անձն իր զբաղվածության, կամ հիվանդության, կամ այլ պատճառով (պատճառն էական չէ) անձամբ չի մասնակցում իր իրավունքներին կամ պարտականություններին ուղղակի կամ անուղղակի առնչվող գործառույթներին: Ավելին, սահմանափակ գործունակ ճանաչված անձինք կամ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձինք... օրենսդիրի կողմից ուղղակի սահմանափակված են` մտնելու քաղաքացիական որոշ իրավահարաբերությունների մեջ: Այստեղ է, որ անհրաժեշտություն է ծագել` ունենալու այնպիսի մի մեխանիզմ, որը կարողանա լուծել այդ խնդիրը: Աշխարհում այսօր դրա կատարյալ մոդելը ներկայացուցչությունն է:
Ներկայացուցչությունն իրենից ներկայացնում է մի իրավահարաբերություն, որն առաջանում է ներկայացուցչի եւ ներկայացվողի, այնուհետեւ ներկայացուցչի եւ երրորդ անձի կամ անձանց միջեւ:
Ներկայացուցչությունը, ինչքան էլ որ առաջին հայացքից թվում է, թե կամավոր է, որոշ դեպքերում նաեւ օրենսդիրի կողմից դիտվում է պարտադիր պայման: Օրինակª մինչ երեխայի չափահաս դառնալը ծնողը համարվում է վերջինիս ներկայացուցիչը (ՀՀ Ընտանեկան օրենսգիրք):
Կարեւոր է ներկայացուցչությունը տարբերել քաղաքացիական այլ իրավահարաբերություններից: Օրինակª եթե ֆիզիկական արատի, հիվանդության կամ անգործության պատճառով անձն անձամբ չի կարող ստորագրել գործարքը, գործող օրենքի ուժով նրա փոխարեն կարող է ստորագրել այլ անձ, սակայն այդ անձը չի կարող լինել ներկայացուցիչ: Ներկայացուցիչ չէ նաեւ իրավաբանական անձի անունից վերջինիս կանոնադրական խնդիրներն իրագործող գործադիր մարմնի ղեկավարը:
Օրենսդիրը որոշ դեպքերում սահմանափակում է անձանց հանդես գալ որպես ներկայացուցիչ: Օրինակª տուժողի ներկայացուցիչը չի կարող մասնակցել քրեական գործի վարույթին, եթե գործին մասնակցել է որպես վկա, եւ այլն:
Ներկայացուցիչներ կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:
Հարկավոր է գիտենալ. ներկայացուցիչը պարտավոր է գործել ներկայացվողի անունից` ի շահ ներկայացվողի, ուստի արգելվում է ներկայացվողի անունից գործարք կնքել անձամբ իր նկատմամբ, կամ այլ անձի նկատմամբ, որի ներկայացուցիչն է միաժամանակ, բացառությամբ առեւտրային ներկայացուցչության (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք 318 հոդված 3 կետ):
Ներկայացուցիչը, որպեսզի երրորդ անձանց նկատմամբ ձեռք բերի իրավունքներ եւ պարտականություններ, անհրաժեշտ է, որպեսզի երրորդ անձինք տեղեկացված լինեն, թե ինչպիսի լիազորություններով է օժտված ներկայացուցիչը: Օրինակ, լիազորվել է անշարժ գույքի հետ կապված գործարքներ կնքել բնակարանը վարձակալության տալու, թե իրավունք ունի նաեւ անշարժ գույքը վաճառելու, եւ այլն: Այդ պատճառով ներկայացվողը (լիազորագիր տվողը) պարտավոր է լիազորությունները տալ այնպես, որ.
ա. երրորդ անձանց համար լինի հասկանալի,
բ. երրորդ անձինք կարողանան ծանոթանալ լիազորագրի տեքստին:
Այն գործարքները, որոնք նոտարական ձեւ են պահանջում (անշարժ գույքի վարձակալություն, վաճառք, գրավի պայմանագիր եւ այլն), լիազորագիրը եւս պետք է վավերացվի նոտարի կողմից: Օրինակ, անշարժ գույքի առք ու վաճառքի ժամանակ ներկայացուցչի լիազորագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով:
Նախորդ
|