| |
“ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ” ԹԻՎ 25 (1987) 6-12 Հուլիս, 2011թ.
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՔՆԵՐԻ
“Հետաքննության” նախորդ համարներում մենք ներկայացրել էինք, թե ինչպես է Բրիտանական խորհուրդը դատական վիճաբանության մեջ գտնվում ոմն քաղաքացու հետ` վերջինիս աշխատանքից ազատելու կապակցությամբ:
Նախ պարզվեց, որ Բրիտանական խորհուրդն իր աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագիրը (նրանց մոտ դա կոչվում է աշխատանքային նամակ) կնքելիս խախտում է ՀՀ լեզվի մասին օրենքը և այն կնքում անգլերեն լեզվով: Դա հաստատեց նաև հայցվոր ՀՀ քաղաքացու ներկայացուցիչ , “Լեվ Գրուպ” իրավաբանական ընկերության նախագահ` ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ. “Սույն կազմակերպության կողմից հայտարարությունն աշխատանքի ընդունման հետ կապված, ինչպես նաև հետագայում պայմանագրային նամակն իմ վստահորդի հետ կնքված են եղել անգլերեն լեզվով, որով կարելի է հրավիրել լեզվի տեսչության ուշադրությունը: Արտասահմանյան կազմակերպությունների կողմից շատ հաճախ, նաև այս դրվագով, խախտվում է իմպերատիվ նորմ դիտվող այն դրույթը, որ ՀՀ-ում պաշտոնական լեզուն հայերենն է, ուստի գրագրությունները, պայմանագրերը կնքելը և մրցույթային հայտարարությունները պետք է պարտադիր լինեն հայերեն, այնուհետև ալտերնատիվ կարող են լինել իրենց ցանկացած լեզվով”:
Մեր այն հարցին, թե “ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ Բրիտանական խորհրդի աշխատանքային պայմանագիրը կազմված է անգլերեն լեզվով”, Բրիտանական խորհրդում որոշեցին չպատասխանել: Իսկ ահա լեզվի տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ այս առումով մեզ փոխանցեց հետևյալը. “Հայերեն տարբերակը պարտադիր է: Կարող է լինել երկու լեզվով, եթե դա օտար կազմակերպություն է, ապա առաջին հերթին պետք է կնքվի հայերեն լեզվով, այնուհետև կարող են լինել այլ լեզվով: Սա ցանկացած հիմնարկության գործավարության մաս է կազմում: Սա վերաբերում է նաև հայտարարություններին և այլն”:
ԲԱ ՈՒՐ ՄՆԱՑԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ…
Սակայն լեզվի մասին օրենքի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքի դրսևորումը Բրիտանական խորհրդի կողմից միակ դրվագը չէ, որտեղ հարցեր են առաջանում Հայաստանի օրենսդրության տեսանկյունից: Ինչպես արդեն նշեցինք, ՀՀ քաղաքացու պահանջն է աշխատանքում վերականգնվելը և հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար վնասի հատուցումը: Ինչպես նշեց Լ.Բաղդասարյանը.
- Իմ վստահորդը 2010թ. ապրիլ ամսին էլեկտրոնային կայքում տեղադրված Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակում երկարաժամկետ բնույթ կրող աշխատանքի հայտարարություն է կարդում, որի հիման վրա մասնակցում է աշխատանքի ընդունման համար պահանջվող գորընթացին, որի հիմքով հետագայում, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակում իմ վստահորդը տեղավորվում է աշխատանքի և Բրիտանական խորհրդում աշխատանքի անցնելու համար վերջինիս տրամադրվում է 2010թ. մայիսի 14-ին թվագրված “պայմանագրային նամակ” վերնագրով փաստաթուղթ, իսկ մեկ տարի հետո նրան ազատում են աշխատանքից: Մեր կարծիքով` աշխատանքից սույն ազատումն իրավազուրկ է այնքանով, որքանով այդ աշխատանքային պայմանագիրը պետք է կնքվեր անորոշ ժամանակով, քանի որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է բացառություն ընդհանուր կանոնից:
Այսինքն` որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել միայն այն դեպքում, երբ կատարվելիք աշխատանքը կամ կատարման պայմանները կրում են ոչ մշտական, այսինքն` սեզոնային բնույթ: Ավելին, հայտարարությունը, որի հիման վրա իմ վստահորդը մասնակցել է մրցույթին, եղել է երկարատև աշխատանքի հետ կապված: Եվ նույնիսկ, երբ նայում ենք աշխատանքային պայմանները` պայմանագրով, տեսնում ենք, որ այնտեղ նախատեսվում է այնպիսի աշխատանքային իրավահարաբերություններ, որից երևում էր, որ պետք է կնքվեր անորոշ ժամանակով պայմանագիր:
- Մեր ունեցած տեղեկություններով աշխատանքային գրքույկը կնքված է Մեծ Բրիտանիայի դեսպանատան կնիքով, արդյոք դա իրավախախտում չէ:
- Կնիքի վրա երևում է դեսպանատան անվանումը, բայց թե ինչու է դրված դեսպանատան կնիքը, այդ հարցին, կարծում եմ, լիարժեք կարող է պատասխանել տվյալ հիմնարկության կոմպետենտ անձը: Սակայն հայտարարությունում, որի հիման վրա աշխատանքի համար դիմել էր իմ վստահորդը, ինչպես նաև աշխատանքային նամակ կոչված այդ փաստաթղթում երևում է ուղղակի Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակ անվանումը:
- Այսինքն` նրանք հանդես են գալիս որպես առանձին իրավաբանական անձ:
-Այո, նրանց պայմանագրից և հայտարարությունից երևում է, որ իրենք առանձին կառույց են, որը կոչվում է Բրիտանական խորհուրդի հայաստանյան գրասենյակ:
ԽՈՒՍԱՓՈՂԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՎ ՄՈՒԹ ԳՈՐԾԵՐ
Այնուհետ մենք դիմեցինք Բրիտանական խորհրդին` հետևյալ հարցերով. “Ինչու Բրիտանական խորհորդն օգտագործում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան կնիքը”, “Ինչպես է Հայաստանում գրանցված Բրիտանական խորհուրդը”, “Եթե Բրիտանական խորհուրդը համարվում է դեսպանատան բաժին, ապա ինչու ձեր բլանկի վրա նշված չէ այդ մասին, այլ ներկայացված եք որպես առանձին կազմակերպություն”:
Ի պատասխան մեր այս հարցադրմանը` Բրիտանական խորհրդից ստացանք խուսափողական պատասխան. “Բրիտանական խորհուրդը Հայաստանում իր գործունեությունն է ծավալում 2002 թվականից` համաձայն միջկառավարական երկու համաձայնագրի`
1. 1994 թվականին Հայաստանի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարությունների միջև ստորագրված Կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիր,
2. 2004 թվականին Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարությունների միջև ստորագրված մշակույթային կենտրոնների ստեղծման և գործունեության մասին համաձայնագիր:
Բրիտանական խորհուրդը մշակույթային կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների ու կապերի խթանմանը: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում անգլերեն լեզվի, կրթության և արվեստի բնագավառներում: Օրինակ, 2010 թվականին Բրիտանական խորհրդի անգլերեն լեզվի ծրագրերի արդյունքում վերապատրաստվել են 2000 անգլերենի ուսուցիչներ` ընդլայնելով իրենց գիտելիքներն անգլերենի դասավանդման նոր տեխնոլոգիաների և մեթոդաբանության վերաբերյալ: Ավելի քան 16000 մարդ ընդգրկվել է Բրիտանական խորհրդի կողմից իրականացված տարբեր ծրագրերում:
Բրիտանական խորհրդի գործունեության շրջանակն ամրագրված է կառավարությունների միջև ստորագրված 2004 թվականի համաձայնագրով և նպատակ ունի “… խթանել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումն անմիջապես հասարակության մեջ, պետական մարմինների և գործակալությունների շրջանակներում տեղեկության և գիտելիքների փոխանակման և տարածման միջոցով, մասնավորապես` լեզվի և գրականության, մշակույթի և արվեստի, կրթության, գիտության և տեխնոլոգիայի, լրատվության և հաղորդակցությունների բնագավառներում (2004 թվականի համաձայնագիր)”:
Սակայն ինչպես հայտնի է, Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեությունն այդքան էլ միանշանակ չէ: Ինչպես հայտնի է, 2010թ. նոյեմբերին, սկանդալ պայթեց Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության շուրջ: ՍԻՄ կուսակցության նախագահը, հիշելով, որ Բրիտանական խորհուրդը ժամանակին խառնված էր ԼՏՊ-ին աջակցող թռուցիկների տարածման մեջ, իսկ վերջերս իր կազմակերպած սեմինարում պրոպագանդում էր սեռական փոքրամասնությունների ապրելակերպը, պահանջեց դադարեցնել այդ կազմակերպության գործունեությունը Հայաստանում: Իսկապես դժվար է պատկերացնել, որ Մեծ Բրիտանիան մշակույթային հարաբերությունները հանգեցնում է հոմոսեքսուալիստների և նմանատիպ սեռական աղբի կենսակերպի պրոպագանդմանը:
ԻՍԿ ՀԱՐԿԵՐԸ ՄՈՒԾԵԼ ԵՔ
Մեզ հետաքրքրում էր նաև, թե արդյոք Բրիտանական խորհուրդը վճարում է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված հարկերը: Այդ հարցադրմանն ի պատասխան Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն ԱՐԵՎԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆՆ իր նամակում նշեց. “Բրիտանական խորհուրդը շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Ինչպես հաստատված է նույն 2004 թվականի համաձայնագրում, Բրիտանական խորհուրդը կարող է գումարներ գանձել իր ծրագրերի համար գործունեության ծախսերն ամբողջությամբ կամ մասամբ հոգալու նպատակով: Տեղեկատվության համար նշենք, որ 2010 թվականի տվյալներով ծրագրերի արդյունքում ստացված գումարը Հայաստանում կազմակերպության ընդհանուր ծախսերի 10%-ից քիչ է: Տեղեկացնենք նաև, որ Բրիտանական խարհուրդը հայաստանյան օրենսդության համապատասխան վճարում է աշխատակիցների եկամտահարկն ու սոցիալական վճարները”:
Հետաքրքրական է, որ փաստորեն որևէ այլ հարկատեսակով Բրիտանական խորհուրդը չի հարկվում:
Իրականում Բրիտանական խորհուրդը Մեծ Բրիտանիայի կառավարության ստորաբաժանումն է, որը մեկ երրորդով ֆինանսավորվում է այդ երկրի կառավարության կողմից: Այդ ստորաբաժանումը մտնում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կազմի մեջ և տարեկան կառավարությունից ստանում է ավելի քան 200 միլիոն ֆունտ ստերլինգ: 2010 թվականին Բրիտանական խորհրդի բյուջեն կազմել է 676 միլիոն ֆունտ ստերլինգ: Բրիտանական խորհուրդն իր բյուջեի երկու երրորդը ձևավորում է անգլերենի դասընթացների հաշվին, ինչը նրան թույլ է տալիս, կախված իրավիճակից, հանդես գալ մեկ որպես Մեծ Բրիտանիայի դեսպանատան մշակույթի բաժին, մեկ էլ` որպես ոչ կառավարական կազմակերպություն: Հենց այդ երկիմաստությունը Ռուսաստանի ԱԳՆ-ի համար պատճառ դարձավ, որպեսզի պահանջի Բրիտանական խորհրդից` կոնկրետացնել իր կարգավիճակը: Նշենք, որ Բրիտանական խորհուրդը 2000-2002 թվականներին ակտիվ տարածվեց Ռուսաստանով մեկ` ձևավորելով 15 ներկայացուցչություններ Սամարայում, Իրկուտսկում, Պետրոզավոդսկում, Տոմսկում, Կրասնոյարսկում, Նիժնի Նովգորոդում, Սանկտ Պետերբուրգում և այլն: Սակայն Ռուսաստանի իշխանությունների պահանջով այդ բոլոր գրասենյակները փակվեցին և Բրիտանական խորհրդի գործունեությունը սահմանափակվեց միայն Մոսկվայի գրասենյակով: Ինչպես գրում էր ռուսական “Կոմերսանտ” թերթը (14 հունիսի 2007թ.). “Բրիտանական խորհրդի ղեկավարությունն ի սկզբանե դիվանագիտական կարգավիճակի նկրտումներ ուներ` ներկայացնելով իրենց կազմակերպության բաժանմունքները որպես դեսպանատան մշակույթի բաժնի ֆիլիալներ: Սակայն 2004թ. ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ չի դիտարկում ԲԽ գրասենյակները Ռուսաստանի քաղաքներում որպես դիվանագիտական ենթակառուցվածքներ: Դրանից հետո ԲԽ-ի հարցով զբաղվեց ՆԳՆ-ն, և ԲԽ ղեկավարությունից պահանջեց ներկայացնել ֆինանսական հաշվետվություն, մասնավորապես. իրավապահներին հետաքրքրեցին անգլերենի վճարովի դասընթացները: 2005թ.գլխավոր քննչական վարչության ստուգումից հետո Սանկտ Պետերբուրգում հարուցվեց քրեական գործ ԲԽ-ի տեղական բաժանմունքի ղեկավարների նկատմամբ` անօրինական ձեռնարկատիրություն հոդվածով”:
Իսկ ռուսաստանյան “Արգումենտի ի ֆակտի” թերթը 16.01.2008թ. գալիս է այն եզրակացության, որ Բրիտանական խորհուրդը գիտակցաբար խախտում է այն երկրի օրենքը, որտեղ աշխատում է: Կարծես թե այս ոճով Բրիտանական խորհուրդը գործում է նաև Հայաստանում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ Հունիսի 28-30, 2011թ. թիվ 49 (1984)
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՕԼԻԳԱՐԽԻ ՀԱՅՑՆ
ԸՆԴԴԵՄ “ԻՐԱՎՈՒՆՔ” ԹԵՐԹԻ
Հունիսի 24-ին Երևան քաղաքում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ դատավոր Ռ.ԱՓԻՆՅԱՆԻ
Վ Ճ Ռ Ե Ց
“Տիգրան Գրիշայի Արզաքանցյանի` ընդդեմ “Իրավունք Մեդիա” ՍՊ ընկերության` “Իրավունք Մեդիա” ՍՊ ընկերությանը “Իրավունք” թերթում սույն գործով դատարանի վճիռը լրիվ կամ մասնակի հրապարակելուն պարտավորեցնելու, “Իրավունք” թերթի 22.02.2011 թվականի 13 համարի երկրորդ էջի “Կլորիկ գումար է կրվել” խորագրով հոդվածի վերաբերյալ հայցվորի կողմից ներկայացված պատասխանը հրապարակելուն պարտավորեցնելու, “Իրավունք Մեդիա” ՍՊԸ-ից 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով իր պատվին և արժանապատվությանը պատճառած վնասի փոխհատուցման գումարի, ինչպես նաև` “Իրավունք Մեդիա” ՍՊԸ-ից 586.000 դրամ, որից 500.000 դրամ` փաստաբանական ծառայության վճարի, 68.000 դրամ` որպես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին հայցն ամբողջությամբ մերժել` անհիմն լինելու հիմքով:
Տիգրան Գրիշայի Արզաքանցյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, բռնագանձել 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ` որպես գործով չվճարված պետական տուրքի գումար”:
Նշենք, որ սա զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումից հետո առաջին դեպքն է, երբ դատարանը մերժում է օլիգարխի հայցն ընդդեմ լրատվամիջոցի:
Դատարանում “Իրավունքի” ներկայացուցիչն էր “Լեվ Գրուպ” իրավաբանական գրասենյակի ղեկավար, իրավաբանական գիտությունների դոկտոր ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ :
Դատարանի վերոհիշյալ վճիռն ապացուցում է, որ Հայաստանում ապահովված է մամուլի ազատությունը: Ավելին` կարելի է պնդել, որ դատական համակարգը կարողացել է գտնել այն ջրբաժանը, որը տարանջատում է մամուլի ազատությունը վիրավորանքից ու զրպարտությունից: Ինչպես նշված է վճռի մեջ. “Դատարանը նաև հաշվի է առել այն առանձնահատուկ դերը, որ մամուլն իրականացնում է ժողովրդավարական հասարակարգում…”: Կարևոր նշանակություն է ունեցել նաև այն հանգամանքը, որ հայցվորը հանդիսանում է ԱԺ պատգամավոր, իսկ, ըստ Եվրոպական դատարանի. “Կարևոր գործոն է հանդիսանում, թե արդյոք տվյալ անձը իրականացնում է պաշտոնեական գործառույթներ…”:
Ըստ Եվրոպական արդարադատության տրամաբանության. “Մամուլի ազատությունը քաղաքացիների համար դավադիր միջոցներից մեկն է` իմանալու և գնահատելու իրենց ղեկավարների գաղափարներն ու արարքները”:
Տիգրան Արզաքանցյանի ներկայացուցիչը դատական նիստի ժամանակ հայտնել է, որ խաղող մթերողների աշխատավարձերի զրոյացած պարտքերի մասին արտահայտած տեղեկությունը “Իրավունք” թերթում զրպարտություն չի համարում: “Այսպիսով, դատարանը գալիս է այն հետևության, որ լրատվամիջոցը փորձել է քննադատել հայցվորին` խաղող մթերողներին ժամանակին աշխատավարձ չվճարելու կապակցությամբ, որը կատարել է տեղեկատվություն տարածելու իր իրավունքի տարածման միջոցով: Այդ իրավունքն օգտագործելիս լրատվամիջոցն օգտագործել է “թրև գալ” արտահայտությունը, որը, թեև նույնպես իր բնույթով չափազանցված է, սակայն վերը նշված սկզբունքների լույսի ներքո նույնպես չի կարող համարվել վիրավորանք”: Առավել ևս, որ “թրև գալ” արտահայտությունն օգտագործվել է նաև հայցվորի` խաղատներ հաճախակի այցելելն ընդգծելու նպատակով, որի հանգամանքը հայցվորն ինքը չի մերժել իր հարցազրույցում` հայտնելով, որ ինքը մոտ անցյալում հաճախակի է այցելել խաղատներ”,- նշված է դատական վճռի մեջ:
Այսպիսով, դատարանը պաշտպանեց ԶԼՄ-ների ազատությունն այն օլիգարխներից, պետական պաշտոնյաներից, պատգամավորներից, ովքեր, առանց լուրջ կշռադատելու, ամեն մի չնչին անհանգստության դեպքում տրամադրվել էին մամուլի հարցերը լուծել դատարաններում:
“Իրավունք”
N 92, 3-6 դեկտեմբերի 2010թ.
ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ
"ԱՐՄԵՆԱԼ" - ՈՒՄ ԿՐՔԵՐԸ , Ի ՎԵՐՋՈ, ՀԱՆԴԱՐՏՎԵՑԻՆ
Մեր իրականության մեջ շատ քիչ կարող ենք հանդիպել հանուն արդարության պայքարի հաղթանակի, սակայն չենք կարող ասել, որ այն ընդհանրապես գոյություն չունի: Պատմությունը, որն այսօր ուզում ենք ներկայացնել մեր ընթերցողին, արդեն իսկ ծանոթ է, և խոսքը վերաբերում է Ալյումինի գործարանում տեղի ունեցող իրադարձությունների դրական արդյունքների մասին: Նշենք , որ գործարանի 117 աշխատակիցներն այս տարվա սկզբին դիմել էին դատարան` պահանջելով վնասակարության դիմաց տրվող 2004-2006թթ. իրենց հասանելիք գումարը:
Հիշեցնենք նաև, որ Ալյումինի գործարանը ձեռք է բերել ռուսական "Ռուսալ" ընկերությունը, իսկ վերը նշված 117 բանվորների շահերը ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում պաշտպանում էր "Լեվ Գրուպ" իրավաբանական ընկերության տնօրեն, իրավաբանական գիտությունների դոկտոր Լևոն Բաղդասարյանը: Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ դատական նիստ, որտեղ կողմերը կնքեցին հաշտություն: Այս առումով մենք զրուցեցինք Այլումինի գործարանի բանվորների շահերի պաշտպան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:
-Նախ թույլ տվեք շնորհավորել ձեզ այս հաղթանակի կապակցությամբ, և ցանկանում էինք իմանալ` ինչպե՞ս որոշվեց գնալ հաշտության:
-Նախորդ նախնական դատական նիստի ժամանակ` հոկտեմբերի 27-ին, ինչպես հիշում եք, խոսք գնաց հաշտությամբ քննարկումներին ավարտելու ուղղությամբ: Այս ընթացքում քննարկումները շարունակվում էին, որի արդյունքում կնքվեց հաշտության համաձայնություն, որը ներկայացվեց դեկտեմբերի 1-ի դատական նիստին, որպեսզի դատարանը հաստատի և կայացնի համապատասխան վճիռ: Համաձայն այդ համաձայնագրի` պատասխանող կողմը` ի դեմս "Ռուսալ-Արմենալ"-ի, պարտավորություն ստանձնեց եռամսյա ժամկետում երեք փուլերի ընթացքում վերադարձնել 147 մլն դրամ, որն աշխատակիցների տարբեր ժամանակահատվածներում աշխատած գումարն է եղել, որոնց մեջ կան նաև մարդիկ, ովքեր այլևս չեն աշխատում այդ գործարանում:
-Իսկ որքա՞ն էր կազմում այդ գումարն ըստ նախնական հայցապահանջի:
-Այն կազմում էր 204 միլիոն և հաշտության համաձայնության արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ պետք է վճարվի 147 մլն դրամ: Նշեմ, որ դատական պետական տուրքը, ինչպես նաև մեր իրավաբանական գրասենյակի հետ կնքված ծառայության պայմանագրում նախատեսված գումարը ևս դրվեց պատասխանող կողմի վրա: Ըստ էության` ողջունելին այն էր, որ կնքվեց հաշտության համաձայնություն, որը ամենաողջամիտ և ճշգրիտ տարբերակն էր:
-Պրն Բաղդասարյան, արդյո՞ք այս գործարանի տնօրենին փոխելը որևէ դեր խաղաց:
-Տվյալ դեպքում դրական դեր խաղաց այնքանով, որ լավ փոփոխություններ տեղի ունեցան նորանշանակ տնօրենի օրոք: Գործող տնօրենը և Մոսկվայից ժամանած ներկայացուցիչները ևս դեր խաղացին հաշտության համաձայնագրի կնքման համար: Շատ մեծ դերակատարություն ունեցան իմ 117 վստահորդները, որոնք շատ մեծ ցանկություն ունեին, որ գործը հաշտությամբ ավարտվեր:
-Փաստորեն մեր երկրում աշխատակիցները կարո՞ղ են պայքարով հասնել իրենց իրավունքների վերականգնմանը:
-Իմ պրակտիկայում սա առաջին մեծ կոլեկտիվն էր` 117 հոգի, որոնք միահամուռ և վստահորեն գնում էին առաջ: Ես կարծում եմ, որ քաղաքակիրթ ձևով և սահմանադրությամբ իրենց վերապահած իրավունքների շրջանակներում քաղաքացիները կարողացան պաշտպանել իրենց իրավունքը և արդյունքում ունեցան այն, ինչ որ ունեցանք մենք այսօր:
- Ստացվում է , որ մեր երկրի արդարադատությանը դեռևս կարելի է վստահե՞լ:
-Սույն դրվագով միանշանակ տեղի ունեցավ արդարադատություն: Սակայն ասել , որ Հայաստանում արդարադատությունը փայլուն աշխատում է, նշանակում է ճիշտ չասել, քանի որ այս համակարգը կաղում է: Բայց այն կամաց-կամաց շարժվում է միջազգային եվրոպական չափանիշների ուղղությամբ:
-Պրն. Բաղդասարյան, նմանատիպ գործերին պետք է իր միջնորդությունն ունենար նաև արհմիությունը, որևէ բան արվե՞լ էր նրանց կողմից:
-Սույն դրվագով ակնկալվում էր, որ արհմիությունները կասեն իրենց խոսքը, բայց, ցավոք, նրանց դիրքորոշումը ոչ դրական է եղել , ոչ բացասական: Սա այն հարցն էր, որ մինչև դատարան մտնելն արհմիությունները կարող էին լուծելի դարձնել գործատուի և աշխատողների հարաբերությունները, բայց այս օրինակով ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ այդ ինստիտուտը դեռևս կայացած չէ մեզ մոտ:
-Իսկ ի՞նչ դեր խաղաց այս գործում ՀՀ աշխատանքի տեսչությունը:
-Որքանով տեղեկացված եմ , աշխատանքի տեսչությունը ժամանակին ստուգումներ է կատարել և ֆիքսել էր խախտումների փաստը 2007թ. դրությամբ:
-Որքա՞ն տևեց այս ողջ գործընթացը:
-Սույն գործառույթը սկսվեց մոտ մեկ տարի առաջ: Սկզբում մենք փորձեցինք արտադատարանական փուլում հարցը լուծել, և գործն ուղարկվեց նախկին գործադիր ղեկավար մարմնին, որից հետո տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ վերջինս կատեգորիկ առարկեց հասանելիք գումարը վճարել, որից հետո սկսվեց դատական պրոցեսը:
-Մենք հետևելով այս դատական պրոցեսին, շատ լավ հիշում ենք, թե ինչպես էր գործարանի նախկին տնօրենը ագրեսիվ տրամադրված գումարը վերադարձնելուն` քաջ գիտակցելով, որ սխալ է անում: Որքանո՞վ էր նպատակահարմար անցնել այս դատական փուլերով, մի՞թե հնարավոր չէր ի սկզբանե կնքել հաշտության պայմանագիր:
-Նախ ես ողջունում եմ պատասխանող կողմի` հաշտություն ստորոգրելու համաձայնությունը: Ես շնորհակալություն եմ հայտնում և իմ 117 վստահորդներին, և գործարանի ադմինիստրացիային` ի դեմս գլխավոր տնօրենի, Մոսկվայից ժամանած երեք ներկայացուցիչներին, գործադիր մարմնի ղեկավարի 1-ին տեղակալ պարոն Ավետիքյանին, ինչպես նաև ձեր թերթին, որ ողջամտորեն բանակցային փուլում հարցերը լուծվեցին և ցանկալի է, որ հետագայում նմանատիպ հարցերը լուծվեն քաղաքակիրթ ձևով:
-Իսկ ձեզ Ձեզ դեռ չե՞ն դիմել "Նաիրիտ" գործարանի աշխատակիցները:
-Դեռ ոչ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
N45, 18-21 հունիսի 2010թ.
ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ
"ԱՐՄԵՆԱԼ"-ՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ – 5
Երևանում Ալյումինի գործարանում կարծես թե ձևավորվում են Հայաստանում արհմիութենական շարժման սաղմերը: Հիշեցնենք մեր ընթերցողին, որ վերը նշված գործարանը, որը ձեռք է բերել ռուսական "Ռուսալ" ընկերությունը, 2003թ. մինչև 2008թ. չի վճարել աշխատողներին հասանելիք` վնասակարության գումարը: Աշխատանքի տեսչությունը 2009թ. նոյեմբեր մասին ուսումնասիրություն է անցկացրել, որ գործարանի տնօրինությունը ունի 90 մլն դրամ պարտք բանվորներին վնասակարության վճարների առումով: Իսկ ահա գործարանի տեղեկատվական բաժինը հերքում է այդ փաստը` նշելով, որ գործարանը ոչ նախկինում և ոչ էլ հիմա չունի որևէ պարտք աշխատողի հանդեպ: Այս առումով, բանվորները դիմել են դատարան: "Լեվ Գրուպ" իրավաբանական ընկերության տնօրեն ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, որը ստանձնել է այդ 117 աշխատակիցների իրավական պաշտպանությունը, մեզ հետ զրույցում նշեց.
- Գործն արդեն գտնվում է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքների դատարանում, և օրենքով սահմանված կարգով պետք է որոշվի դատարանում սույն հայցադիմումի ընդունելության հարցը:
- Պրն. Բաղդասարյան, Ձեզ դիմողների քանակը եղել է 117 հոգի՞:
- Այո, այդ 117 հոգին ներկայացրել էին նաև համապատասխան կարգով լիազորագիր: Ներկայացնելով նախապատմությունը` նշեմ, որ 2003-2008թթ. "Ռուսալ-Արմենալ" ՓԲԸ-ի մետաղագործական արտադրությունում, որը ՀՀ կառավարության 1907-Ն որոշմամբ համարվում է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանք, "Աշխատանքի վարձատրության մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջի հիման վրա ենթակա է վճարման աշխատողների հավելավճար աշխատավարձի 100 տոկոսի չափով: Այս հիմքով աշխատակիցները դիմել են դատական պաշտպանության: Ավելացնեմ նաև, որ այս պահի դրությամբ ևս այդ գործառույթը, այսինքն` վնասակարության համար վճարումն իրականացվում է "Ռուսալ-Արմենալ" ՓԲԸ-ում:
- Իսկ հնարավոր չէ՞ր այդ հարցը լուծել արտադատարանական կարգով: Չէ՞ որ եթե 2008թ.-ից մինչև հիմա նրանք ստանում են այդ հավելավճարային գումարը, ըստ էության, գործարանի տնօրինությունը տեղյակ է կառավարության այդ որոշմանը:
- 2010թ. մայիսի 24-ին "Լեվ Գրուպ" իրավաբանական ընկերության կողմից ուղարկվել է գրություն Ալյումինի գործարանի գլխավոր տնօրենին և 2010թ. հունիսի 2-ին գլխավոր տնօրեն պարոն Բորոդինի խնդրանքով տեղի է ունեցել հանդիպում, մասնակցել եմ ես, քաղաքացիական գործերով տնօրենը և այդ գործարանի գլխավոր տնօրենը և իրենց կողմից Ռուսատանից հրավիրված իրավախաորհրդատուն: Թեպետ այդ հանդիպման ժամանակ գլխավոր տնօրենն ընդունեց, որ այսօր իրենք վճարում են այդ գումարը, բայց ինչ-ինչ պատճառներով հրաժարվեց վճարելու 2003-2008թթ. գումարը: Մեր կողմից առաջարկվեց տարբերակ, որ այդ գումարները տարաժամկետվի և վճարվի որոշակի ժամկետով, դիցուք 5 կամ 6 ամսվա ընթացքում: Ցավոք, այսօր արտադատարանական բանակցությունների օգտակարության գործակիցը հավասար է զրոյի, դրա համար մենք դիմեցինք դատական պաշտպանությանը:
- Ի՞նչ կասեք այն առումով, որ գործարանի տեղեկատվական բաժինը կտրականապես հերքում է աշխատողների նկատմամբ պարտք ունենալու փաստը:
- Եթե առկա է վեճ, ապա դատարանն այն պետք է լուծի: Առաջին խնդիրը հետևյալն է, թե արդյո՞ք այդ մարդիկ աշխատել են այդ տարիներին, թե` ոչ, այդյո?ք աշխատել են այդպիսի ծանր պայմաններում և, եթե այո, ինչո՞ւ է հիմա վճարում այդ վնասակարության գումարը, իսկ նախկին տարիներին` ոչ: Եթե կողմը գտնում է, որ վճարել է, ապա պետք է ցույց տա համապատասխան ապացույց, իսկ իմ վստահորդները պնդում են, որ չեն ստացել, մեր կարծիքով այդ հավելավճարները տրված չեն:
- Ըստ աշխատանքի տեսչության ուսումնասիրությունների` գործարանն աշխատողներին պարտք է 90 մլն դրամի չափով: Ձեր տեղեկություններով` որքա՞ն է կազմում այդ թիվը:
- Մենք կարծում ենք, որ պետք է 90 մլն դրամից ավել լինի: Եվ քանի որ ամբողջ ինֆորմացիոն բազան գտնվում է իրենց մոտ, հետևաբար ստույգ տվյալներ այս պահին չեմ կարող ասել: Ինֆորմացիան տրամադրելուց հետո ստույգ կհաշվարկենք և կասենք: Այն, որ իմ վստահորդները ճիշտ են, փաստորեն, արդեն իսկ ապացուցում է պետական լիազոր մարմնի կողմից ֆիքսած խախտումը:
- Արդյո՞ք այն կողմը շահարկում է հայ-ռուսական միջպետական հարաբերությունները տվյալ գործի հետ կապված:
- Իմ կարծիքով պետք է տարանջատել բուն խնդիրը գործին չառնչվող խնդրից: Իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին: Իսկ տվյալ դեպքում մենք քննում ենք հարցը, թե արդյո՞ք հասնում է աշխատողներին հավելավճար, թե ոչ: Եվ եթե հասնում է, ապա ո՞րն է պատճառը, որ չի վճարվել: Եթե ապացուցվում է, որ հավելավճար չի վճարվել, ապա ես կարծում եմ, մնացյալ խոսակցությունները, այդ թվում` հայ-ռուսական բարեկամության մասին, պետք է լինի երկրորդ պլանում: Դա բանվորի հասանելիք գումարն է, որ, անկախ ինչ-ինչ հարաբերություններից, ենթակա է վճարման, և տվյալ դեպքում շահարկել հայ-ռուսական հարաբերությունները տեղին չէ ու ճիշտ չէ: Ասեմ ավելին, եթե ՌԴ-ում մի օր չեն վճարում աշխատավարձը, գործատուն կրում է և՛ վարչական, և՛ քրեական պատասխանատվության:
- Պրն. Բաղդասարյան, մեր իրականության մեջ շատ քիչ է հանդիպում, որ գործարանի մի ողջ կոլեկտիվ, գտնվելով աշխատանքի մեջ, բողոքի ակցիա է բարձրացնում իր իրավունքների ոտնահարման մասին, որը թերևս նման է եվրոպական արհմիությունների աշխատանքին: Ձեր պրակտիկայում եղե՞լ են նմանատիպ դեպքեր, և արդյո՞ք նրանք իրենց գործարանի ղեկավարության կողմից սպառնալիքի կամ շանտաժի չեն ենթարկվում:
-Ինձ համար ևս զարմանալի է այս համախմբումը և օրենքով սաքհմանված իրավունքի պաշտպանումը, և մեր գրասենյակում դեռևս նման նախադեպ չէր եղել: Իսկ ինչ վերաբերում է գործարանի ադմինիստրացիայի կողմից իրենց նկատմամբ կիրառվող սանկցիաներին, իրազեկ չեմ, սակայն մի քանի անգամ վերջիններս ինձ դիմել են` ասելով, որ գնալու են մինջև վերջ: Նրանք անգամ մտավախություն ունեն, որ մեր փաստաբանական գրասենյակի վրա կարող են ճնշումներ լինել, որպեսզի մենք իրենց շահերը չներկայացնենք: Ես գիտեմ միայն, որ հաճախակի հանդիպումներ են լինում աշխատողների և տնօրինության միջև, որը համոզում է, որ աշխատողները ետ կանգնեն դատական պաշտպանության ճանապարհից:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Թիվ 23, 16-22 հունիսի 2010թ.
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ "ԱՐՄԵՆԱԼ"-ՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ-4
"Իրավունք"-ը վերջերս անդրադարձել էր Երևանի Ալյումինի գործարանում տեղի ունեցող մեքենայություններին: Հիշեցնենք, որ այս գործարանը, որը ձեռք է բերել ռուսական "Ռուսալ" ընկերությունը, մի քանի տարի շարունակ հարյուրից ավելի բանվորների չի վճարել իրենց հասանելիք` վնասակարության գումարը, որը կազմում է մոտ 300-400 մլն դրամ: Աշխատանքի տեսչության ստուգայցից հետո գործարանի տնօրենը վճարել է այդ գումարի մի մասը, իսկ ահա մյուս մասը ստանալու համար բանվորները պատրաստվում են դիմել դատարան: Ըստ Ալյումինի գործարանի լրատվական բաժնի տնօրեն Ա. Մելքոնյանի` այդ մարդիկ ոչ մի թերավճար չունեն ոչ անցյալում և ոչ էլ հիմա: Իսկ ահա ըստ աշխատանքի տեսչության պետի տեղակալ Ա. Սմբատյանի` իրենք Ալյումինի գործարանում ուսումնասիրություններ րականացնելու ժամանակ հայտնաբերել են, որ վնասակարության համար չտրվող աշխատավարձը կազմում է 90 մլն դրամ:
Երեկ մեր հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ 117 աշխատակիցների գործը մուտք է արվել դատարան:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
ԹԻՎ 22, 9-15 ՀՈՒՆԻՍ, 2010թ.
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ
"ԱՐՄԵՆԱԼ"-ՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ – 3
Շարունակելով "Իրավունք"-ի երեկվա համարում ներկայացված` "Արմենալ" գործարանում տիրող անախորժ իրադարձությունների թեման` նախ հիշեցնենք, որ Ալումինի գործարանը, որը ձեռք է բերել ռուսական "Ռուսալ" ընկերությունը, մի քանի տարի շարունակ հարյուրից ավելի բանվորների չի վճարել իրենց հասանելիք` վնասակարության գումարը: Աշխատանքի տեսչության ստուգայցից հետո տնօրենը վճարել է պարտքի մի մասը, իսկ մյուս մասը ստանալու կապակցությամբ աշխատակիցները պատրաստվում են դիմել դատարան: Երեկ մեզ հետ զրույցում գործարանի տեղեկատվական բաժնի տնօրեն Ա. Մելքոնյանն ասաց. "Այդ մարդիկ մտածում են, որ իրենց թերավճարել են նախորդ տարիների համար: Սակայն մեր ղեկավարությունը պնդում է, որ և՛ մինչ այդ, և՛ այսօր նման բան չկա": Իսկ մեր այն հարցին, թե ինչու է աշխատանքի տեսչությունը գործարանում ստուգումներ անցկացրել, պարոն Մելքոնյանը նշեց. "Մեր աշխատանքների հետ ծանոթանալու համար են եկել: Կազմվել է արձանագրություն, որը չի քննարկվել ինչպես որ կարգն է պահանջում և այն պաշտոնապես չի ներկայացվել մեր տնօրենին": Այս առումով մենք դիմեցինք նաև աշխատանքի տեսչության պետի տեղակալ ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ:
- Պարոն Սմբատյան, ի՞նչ ստուգումներ եք անցկացրել դուք Ալյումինի գործարանում և ի՞նչ եք հայտնաբերել:
- Մենք այնտեղ ուսումնասիրություններ ենք իրականացրել վնասակարության համար չտրվող աշխատավարձի մասին, որը 90 մլն դրամ է կազմում: Տվել ենք հանձնարարական` հաշվարկելու և վճարելու, բայց առայժմ նրանք չեն կատարել և չեն պատասխանել:
- Իսկ տուգանքներ նշանակվե՞լ են:
- Ոսումնասիրության արդյունքում տուգանքներ չեն նշանակվում:
- Ալյումինի գործարանը պնդում է, որ դուք իրենց հետ չեք քննարկել ստուգումների արդյունքները, ի՞նչ կասեք այս մասին:
- Ուսումնասիրություններն արվել են օրենքի տառին համապատասխան: Իրենց տրվել է հանձնարարական: Պատրաստակամ եմ եղել ղեկավարության հետ հանդիպելու, սակայն նրանք հրաժարվել են: Իմիջիայլոց, այդ հանդիպման նախաձեռնությունը եղել է իրենցը, բայց հետո հրաժարվեցին:
- Իսկ ինչո՞վ պատճառաբանեցին իրենց հրաժարվելը:
- Չեմ կարող ասել, իրենք էին նախաձեռնել և իրենք գիտեն` ինչու տեղի չունեցավ հանդիպումը:
- Իսկ ի՞նչ քննարկումներ պետք է լինեին ըստ իրենց, որ տեղի չեն ունեցել:
- Այս պահին մենք սպասում ենք իրենց պատասխանին: Իրենք ինչ-որ անկանոն բան են գրել` նշելով, որ մենք քննարկում ենք ձեր հանձնարարականը: Փաստորեն, դեռ այդ քննարկումը չի վերջացել, և մենք դեռևս չունենք իրենց քննարկման արդյունքների պատասխանը:
- Իրենք ասում են, որ արձանագրությունը չի քննարկվել այնպես, ինչպես որ կարգն է:
- Ուսումնասիրության արդյունքում տվել ենք հանձնարարական, որը մեր օրենքով նախատեսված մեր իրավունքն է: Աշխատանքի պետական տեսչությունը, ըստ "Աշխատանքի պետական տեսչության մասին" ՀՀ օրենքի 15 հոդվածի 3-րդ կետի` խախտում հայտնաբերելու դեպքում տալիս է գրավոր պահանջ խախտումը վերացնելու մասին: Իսկ թե ի՞նչ պետք է իրենք մեզ հետ քննարկեին և չի քննարկվել, ես առաջին անգամ լսում եմ ձեզանից: Դրա համար կա օրենք, եթե այդքան ուժեղ են, թող գնան դատարան, ինչո՞ւ են դա ասում մամուլով:
Այս կապակցությամբ մենք դիմեցինք նաև "Լեվ Գրուպ" իրավաբանական կենտրոնի տնօրեն ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ով, ի դեպ, զբաղվում է բանվորներին իրենց հասանելիք գումարները չվճարելու գործով: Նա նշեց. "Այո, "Արմենալ"-ի 117 աշխատակիցներ դիմել են այս հարցով մեզ: Այժմ կատարվում է ուսումնասիրություն` կապված իրենց իրավունքների խախտման հետ: Մի քանի օրից կլինի եզրակացությունը, որը կտրամադրենք ձեզ":
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
N 42 , 8-10 հունիսի 2010թ.
ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ
"ԱՐՄԵՆԱԼ"-ՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ - 2
"Իրավունք"-ի թիվ 41-ում " "Արմենալ"-ում կրքերը թեժանում են" վերնագրի ներքո նշել էինք, թե ինչպես Երևանի Ալյումինի գործարանում, որը ձեռք է բերել "Ռուսալ" ընկերությունը, ստեղծվել է նախագործադուլային իրավիճակ այն պատճառով, որ 170 բանվորներ տարիներ շարունակ իրենց հասանելիք` վնասակարության համար գումարը չեն ստացել:
ՀՀ աշխատանքի տեսչության ստուգայցից և տուգանքի ենթարկվելուց հետո գործարանի տնօրենը ստիպված վճարել է հասանելիք գումարի մի մասը: Իսկ մյուս մասի համար գործարանի կոլեկտիվը ցանկանում է դիմել դատարան, սակայն ղեկավարությունը տեղականալով դրա մասին` սպառնացել է նրանց ազատել աշխատանքից:
Մեր հրապարակմանը արձագանքեց "Արմենալ"-ի մամլո ծառայությունը` նշելով. ""Արմենալ"-ի կոլեկտիվում իրավիճակը կայուն է… Ինչ վերաբերում է հարցին, որը բարձրաձայնվել է աշխատակիցների խմբի կողմից փոխհատուցումների վերաբերյալ, ապա անհրաժեշտ ենք համարում մեկ անգամ ևս նշել, որ "Արմենալը" աշխատակիցների բոլոր վճարները իրականացնում է գործող օրենսդրությանն ամբողջովին համապատասխան":
Այս հարցերի շուրջ մենք փորձեցինք զրուցել Ալյումինի գործարանի տնօրենի հետ, որը պարզապես խուսափեց մեր հարցերին պատասխանել և նրա փոխարեն այդ ծանր լուծն իր վրա վերցրեց լրագրողների հարցերի առնչությամբ լիազորված պատասխանատու, գործարանի տեղեկատվության բաժնի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ:
- Ինչի՞ հետ են կապված բանվորների բողոքները:
- Նրանք մտածում են, որ իրենց թերավճարել են նախորդ տարիների համար: Դա եղել է մինչև 2008թ., քանի որ դրանից հետո նրանք որևէ դժգոհություն չեն արտահայտում: Բայց մեր ղեկավարությունը և՛ մինչ այդ, և՛ այսօր պնդում է, որ նման բան չկա, որ լրիվ վճարված է և բանվորներին պարտք չեն:
- Իսկ Դուք տեղյա՞կ եք, որ այդ բանվորները ցանկանում են դիմել դատարան:
- Դե գիտեք, ուզելը և տալը տարբեր բաներ են: Եթե դատարանն այդ գործն ընդունեց, դա դեռևս եթե-ի մասին է խոսքը: Ես լսել եմ դրա մասին, բայց այն ոչ մի ձևակերպում այսօր չի ստացել, ինչքանով որ ես գիտեմ:
- Եթե մարդիկ ուզում են դիմել դատարան, դա չի՞ նշանակում, որ ինչ-որ դժգոհություն կա:
- Դե թող տան: Ասեմ, որ սխալներով են գրել տնօրենի ազգանունը, հետո ասվում է 170 մարդ, այդպիսի քանակ չկա:
- Իսկ ապառնալիքներ եղե՞լ են աշխատողների նկատմամբ, որ եթե դիմեք դատարան, կազատենք աշխատանքից:
- Ոչ, չի եղել, դա իրենց իրավունքն է:
- Իսկ աշխատանքի տեսչությունն ի՞նչ ստուգումներ է անցկացրել:
- Աշխատանքի տեսչությունը եղել է մեզ մոտ նոյեմբեր ամսին անցյալ տարվա, կազմել է արձանագրություն, այլ ոչ թե ակտ, որը չի քննարկվել, որովհետև այդպիսի ստուգումների արդյունքները սովորոբար վերջում քննարկում են կողմերի հետ, բայց չեն քննարկել:
- Իսկ արձանագրությունն ինչի՞ մասին է եղել:
- Իրենց այստեղ գալու և աշխատանքների հետ ծանոթանալու մասին: Այդ արձանագրությունները չի քննարկվել ինչպես որ կարգն է պահանջում, և պաշտոնապես չեն ներկայացրել տնօրենին:
Մի խոսքով, ստացվում է, որ "Արմենալ"-ի ղեկավարության մոտ բոլորը մեղավոր են` և՛ բանվորները, և՛ աշխատանքի տեսչությունը:
Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` "Արմենալ"-ի ղեկավարությունը զբաղված է ակտիվ լոբբինգով, որպեսզի գործը, մի կողմից, դատարան չհասնի, իսկ մյուս կողմից էլ` չվճարեն պահանջվող գումարները, որոնք բավականին տպավորիչ թվեր են` մոտ 300-400 հազար դոլար: Ընդ որում, լոբբինգի ընթացքում "Արմենալ"-ի ղեկավարներն առաջ են քաշում բազմաբնույթ փաստերը` ընդհուպ շահարկելով հայ-ռուսական փոխհարաբերությունները:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Թեմայի շարունակությունը կարդացեք վաղվա "Հետաքննություն" հավելվածում:
N41, 4-7 հունիս 2010թ.
ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ
"ԱՐՄԵՆԱԼ"-ՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ
Երևանի Ալյումինի գործարանում, որը, ինչպես հայտնի է, ձեռք է բերել ռուսական "Ռուսալ" ընկերությունը, ստեղծվել է նախագործադուլային իրավիճակ: Բանն այն է, որ 170 բանվորներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել տարիներ շարունակ իրենց հասանելիք` վնասակարության համար գումարը չստանալու կապակցությամբ: Գործարանի տնօրեն Բորոդինը ՀՀ աշխատանքի տեսչության ստուգայցից և տուգանքի ենթարկվելուց հետո ստիպված եղավ վճարել բանվորներին հասանելիք գումարի մի մասը: Մնացած մասի համար գործարանի կոլեկտիվը ցանկանում է դիմել դատարան: Տեղեկանալով այդ մասին` գործարանի ղեկավարությունը սպառնացել է` գործը դատարան մտնելու դեպքում աշխատանքից հեռացնել իրենց իրավունքների համար պայքարող կոլեկտիվի ակտիվիստներին: Ի պատասխան դրա` կոլեկտիվը սպառնացել է գործադուլով:
Առաջիկայում մենք առավել մանրամասն կանրադառնանք:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ Նախորդ |
|