<<168 ժամ>> օրաթերթ  Հունվարի 31-փետրվարի 1, 2006թ. թիվ 9/97/, երեքշաբթի, էջ7
<<Իմանամ ով ա` պախարակեմ>>
Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Նոյեմբերյանի քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանի հայցով դատն ընդդեմ <<168 ժամ>>-ի:

Հիշեցնենք, որ թերթը 2005թ. իր 58-րդ համարում հրապարակել էր նոյեմբերյանցիների <<Շենքը նվիրել են ավագանուն>> վերնագրով բաց նամակ ուղղված ՀՀ վարչապետ, ՀՀ հակակոռուպցիոն խարհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանին, ՀՀ նախագահի հակակոռուպցիոն միջոցառումների գծով խորհրդական Բագրատ Եսայանին: Նամակագիրները գրում էին` <<…Սերյոժա Ամիրաղյանի նախընտրական ծրագրում ներառված էր Նոյեմբերյանի նախկին բաղնիքի շենքը վերականգնելու և համայնքի կարիքների համար օգտագործելու խնդիրը: Ընտրություններից հետո կարծում էինք, որ պրն. Ամիրաղյանն անմիջապես կսկսի իր խոստումի կատարումը… սակայն վրդովմունքով տեղեկացանք, որ նորընտիր քաղաքապետը շենքը նվիրել է իր նախընտրական շտաբի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկին` նորընտիր ավագանու անդամ Վարուժան Բաբաջանյանին>>: Դեկտեմբերի 22-ին ստացանք Ս. Ամիրաղյանի նամակը, որով նա պահանջում էր հերքել հրապարակման մեջ եղած <<մեղադրանքները>>: Թերթը հրապարակեց նաև Ս. Ամիրաղյանի նամակը, սակայն չպարտավորվեց բաց նամակին հերքում տպագրել: Քաղաքապետը հավանաբար չէր կարողացել տարբերել բաց նամակը հոդվածից: Դա ընդամենը նոյեմբերյանցիների բաց նամակն էր, որով փորձել էին իրենց մտահոգությունը մեր թերթի միջոցով լսելի դարձնել: Քաղաքապետի շահերը պաշտպանում էին Սոնա Գուլքանյանը և Վարդան Խեչյանը: Վերջինս ամբողջ դատի ընթացքում փորձում էր հասկանալ, թե ինչո՞ւ նամակագրի խոսքը մի դեպքում չակերտների մեջ է, մյուս դեպքում դուրս, կամ կրճատ գրելու դեպքում ինչո՞ւ բազմակետ չի դրվել: Իսկ քաղաքապետը ուզում էր մեր միջոցով տեղեկանալ, թե նոյեմբերյանցիներն այդ նամակն ուղարկե՞լ են արդյոք Ա.Մարգարյանին և Բ. Եսայանին: Եվ ամենակարևորորը` ո՞վ է նամակագիրը:
Քաղաքապետը դատարան էր ներկայացրել կադաստրի նոյեմբերյանի շրջանի բաժնից տեղեկանք այն մասին, թե Կոմիտաս 1 հասցեում գտնվող բաղնիքի

շենքը դեռ գտնվում է քաղաքապետարանի հաշվեկշռում: Ավելացնենք, որ այդ շենքը երկհարկանի, առանց դուռ ու լուսամուտների, վերանորոգման կարիք ունեցող կառույց է և գտնվում է Նոյեմբերյանի կենտրոնում: Սա նշանակում է, որ վերանորոգումից հետո այն կարող է շատ հարմար լինել խանութի կամ ինչ-որ գրասեյնակի համար: Կառույցը կարող է վերանորոգվել և մնալ, որպես բաղնիք, մանավանդ, որ Նոյեմբերյանում ջրի վիճակը շատ վատ է, շենքեր կան, որոնց ջրատար խողովակները ձմռանը սառում են, և քաղաքի բնակիչների մի մասը այսօր էլ օգտվում է մասնավոր բաղնիքից: Իսկ այն, որ շենքը դեռ գտնվում է քաղաքապետարանի հաշվեկշռում, չի նշանակում, որ ավագանուն հանձնելու մտադրություն չի եղել: Բնակիչների հետ մեր զրույցների ժամանակ նրանք կարծիք էին հայտնում, թե հնարավոր է, այդ բաց նամակը պատճառ է եղել, որ մտադրությունը կամ բանավոր պայմանավորվածությունը գործարք չի դարձել:
Ս. Ամիրաղյանին շատ էր հուզում այն խնդիրը, որ ընդամենը 5500 բնակչություն ունեցող Նոյեմբերյանում բոլորն իրար ճանաչում են, և այդ նամակով <<արատավորվել է>> իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար հանբավը: Նրան ամենաշատը հուզում էր այն հարցը, թե ո՞վ է եղել նամակագիրը: <<Իմանանք ովքեր են, որ նման մարդկանց առաջն առնենք,- ասում էր Նոյեմբերյանի քաղաքապետը: -Մեր ժողովրդին ներկայացնենք, որ մեր մեջ կան այսպիսի մարդիկ, որոնք հարաբերություններ են վատացնում և քաղաքում սրում են առաջացնում: Մեր ժողովուրդը տեղական հեռուստատեսությամբ ինձ հարցեր է տալիս, ես պետք է իմանամ ու պատասխանեմ>>:
Նա <<168 ժամ>>-ի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանին անընդհատ հայցապահանջի հետ կապ չունեցող հարցեր էր ուղղում, իսկ խմբագրությունից պահանջում էր հայտնել նամակագրի անունը: <<Դուք գո՞հ եք ձեր տպած հոդվածից: Ես հերքում եմ ուզում, որովհետև իմ մասին վատ հրապարակումներ տարբեր թերթերում էլի են եղել: Ես ուզում եմ իմանալ էդ ո՞վ ա իմ դեմ գրում: Իմանամ, որ պախարակեմ…>>: Լ. Բաղդասարյանը փորձում էր այս հուզիչ հարցադրումներին ըստ էության պատասխանել` հղումներ անելով ԶԼՄ-ների մասին օրենքին: <<Եթե հայցվորը գտնում է, որ հրապարակված բաց նամակը չի համապատասխանում իրականությանը, որով և ոտնահարվել է նրա պատիվն ու արժանապատվությունը, ապա գործող կարգի համաձայն պետք է հերքման պահանջ ներկայացներ,- ասաց Լ.Բաղդասարյանը: -Իսկ իր կողմից ներկայացրած տեքստը բառացի արդեն տպագրվել է <<168 ժամ>>-ում, որն ապացուցում է, որ թերթը քաղաքացիների տեսակետները տպագրելիս ղեկավարվում է հավասարության սկզբունքից>>:
Դատավոր Գ. Կարախանյանը մերժեց քաղաքապետի հայցը: Իսկ քաղաքապետ Ս. Ամիրաղյանը, որը Հանրապետական կուսակցության անդամ է, դատից հետո հայտարարեց, որ ինքը ոչ թե դիմելու է Վերաքննիչ դատարան, այլ գնալու է վարչապետի և Բ. Եսայանի մոտ և նրանց խնդրելու է ուսումնասիրել այդ գործը: <<Գնալու եմ վարչապետի մոտ խորհրդակցության, եթե համաձայնեն, քրեական գործ կտամ հարուցել, այսպես չեմ թողնի>>, - հայտարարեց Ս. Ամիրաղյանը: Քաքաղապետը, սակայն, չասաց, թե <<168 ժամ>> -ին դատի տալուց առաջ վարչապետից խորհուրդ հարցրե՞լ էր, թե` ոչ: Իսկ <<168 ժամը>> չի պատրաստվում իր սկզբնաղբյուրը հայտնել, մանավանդ, որ Ս. Ամիրաղյանն ինքն էր ասում` <<իմանամ ով ա` պախարակեմ նրան>>:
ԱՐՄԻՆԵ ԱՎԵՏՅԱՆ

<<Առավոտ>> օրաթերթ   16/2635/31 հունվարի 2006թ.երեքշաբթի էջ 5
Բաղնիքդ անուշ, քաղաքապետ
Երեկ դատարանը մերժեց Նոյեմբերյանի քաղաքապետ
Սերյոժա Ամիրաղյանի հայցն ընդդեմ <<168 ժամ>> թերթի:

Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, սկսվեց Նոյեմբերյանի քաղաքագլուխ Սերյոժա Ամիրաղյանի հայցի քննությունը: Նա դատի էր տվել <<168 ժամ>> թերթին` պահանջելով հերքում տպագրել անցյալ տարի նոյեմբերի 26-28-ին հրապարակված <<Շենքը նվիրել են ավագանուն>> վերնագրով հրապարակմանը: Հրապարակման հեղինակները Նոյեմբերյանի բնակիչներն էին, որոնք, ըստ թերթի, բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին և ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանին: Քաղաքապետն իր հերթին չէր հավատում, որ Նոյեմբերյանից ինչ-որ մեկը կգա թերթի խմբագրություն. <<Բերեք նրան` ես իմ հրաժարականը կտամ: Ո՞վ է եղել այդ մարդը, որ նման տեղեկություն է հաղորդել թերթին: Աղբյուրն եմ ուզում իմանալ: Մի երկու հատ պախարակենք-պրծնենք>>: Դատարանում քաղաքապետն ուներ երկու ներկայացուցիչ` Վարդան Խեչյանը և Սոնա Գուլքանյանը: Իսկ <<168 ժամ>> թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի շահերը ներկայացնում էր փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Քաղաքապետի իրավախորհրդատուն` Վ. Խեչյանը, դատարանին ներկայացրեց 2006թ. հունվարի 27-ի անշարժ գույքի կադաստրի Նոյեմբերյանի տարածաշրջանային (Նոյեմբերյանի մասնաճյուղի) գրությունն այն մասին, որ հոդվածում վիճարկվող շենքի, այն է` Կոմիտասի 1 հասցեում գտնվող բաղնիքի նկատմամբ գործարքներ չեն կատարվել, այն գտնվում է քաղաքապետարանի ենթակայության ներքո, հետևաբար բաց նամակում տպագրված տեղեկությունը, թե նվիրել են ավագանուն` իրականությանը չի համապատասխանում: Դատարան ներկայացված հայցը ձևակերպված էր այսպես. <<պատվի, արժանապատվության, գործարար համբավի>>: Երբ թերթի ներկայացուցիչն ասաց, որ ոտնահարվել է ձեր պատիվը, ձեր արժանապատվությունը և գործարար համբավը, կողմը դարձյալ մեջ բերեց բաց նամակի տեղեկությունը, ըստ որի, բաղնիքի շենքը քաղաքապետը նվիրել է իր նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկին: Ըստ Լևոն Բաղդասարյանի, թերթում արգելվում է գրաքննություն և ցանկացած քաղաքացի օգտվում է խոսքի ազատության իր իրավունքից: <<Օրենսդրության մեջ չկա մի դրույթ, որով արգելվեր նման բովանդակության բաց նամակը>>: Նա ներկայացրեց նաև, որ թերթի խմբագրությունը ստացել է քաղաքապետի գրությունը, որը որպես այլընտրանքային կարծիք, տպագրվել է նույն թերթում:
<<168 ժամ>> թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը դատարանին հայտնեց, որ իրենք ստանում են թե բանավոր, թե գրավոր դիմումներ, նամակը եղել է պատշաճ, ստորագրված և ինքը պարտավոր չէ հայտնել աղբյուրը` նամակագիրների անունները, քանի որ տվյալ բաց նամակը չի սպառնում հանրային շահերին և անվտանգությանը: Երբ տեղից ռեպլիկներ էր նետում քաղաքապետը, այդ ժամանակ չդիմացավ դատավոր Գ. Կարախանյանը, ասելով. <<Իմացեք, էս ձեր քաղաքապետարանում չեք և առանց թույլտվության մի խոսեք>>: Քաղաքապետի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց <<Հայփոստից>> մի գրություն, ըստ որի` <<168 ժամը>> Նոյեմբերյանում ստանում են 3 օրինակ, իսկ մնացածը սպառվում է փոստային բաժանմունքներում: Թերթի` հերքումից հրաժարվելը նա դիտեց <<ինչ-որ ձևով թերթը փորձում է բաժանորդային ծավալները մեծացնել>>:
Դատարանը մերժեց հայցը, իսկ <<Առավոտի>> այն հարցին, թե արդյոք քաղաքապետը բողոքարկելո՞ւ է կայացրած վճիռը վերադաս ատյանում, Ս.Ամիրաղյանը պատասխանեց. <<Վերաքննիչն ինձ պետք չի: Ես կդիմեմ համապատասխան մարմիներին` քրեական գործ հարուցել: Էլ ի՞նչ թուղթ բերեմ, որ հավատան, որ բաղնիքը տեղից չի շարժվել>>: Ի դեպ, նա Հանրապետական կուսակցության անդամ է:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

<<ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ>> ՕՐԱԹԵՐԹ N106/1688, 5 հունիսի 2004թ., շաբաթ
ՓՐԿԻՉԻ ԼԻԱԶՈՐՆԵՐԸ` ԾԱԿ ԳՐՊԱՆՆԵՐՈՎ
Ապացույց` չիք
Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի) մեկնարկեց <<Նոր ժամանակներ>> ընդդեմ <<Ազգային միաբանության>>
քաղհայցի քննությունը:

Բացառապես գեղամյանականներով լեփ-լեցուն դահլիճում, ու փրկիչի ակտիվիստների խուլ ընդվզումը (տեղ-տեղ էլ գոտեպնդող-աղմկոտ բռնկումներով ուղեկցվող)շարունակվեց մինչև նիստի ավարտը, նախ հայցվորի` ՆԺ-իղեկավարԱրամ Կարապետյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց հայցը, հայտարարելով, որ <<պատասխանողների կողմից լրատվական միջոցներով տրված տեղեկություններն արատավորվում են ՆԺ-ի նախագահ Արամ Կարապետյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը:
Ավելին` Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը նախատեսում է, որ յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք, սակայն հաշվի առնելով, որ սույն ազատությունների իրականացումը կապված է տարածողի որոշակի պարտավորությունների և պատասխանատվության հետ, նույն հոդվածի 2-րդ կետով, նախատեսվում է սահմանափակումներ կամ պատժամիջոցներ, եթե կապված է անձանց հեղինակության և իրավունքի պաշտպանության հետ: Սույնը ամրագրված է նաև մեր ներպետական օրենքներով, իսկ վիճարկվող հարցի շրջանակում դա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթն է, հոդված 19-ը: Վերոհիշյալ օրենքով սահմանված կարգով, չապացուցվելու դեպքում, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, խնդրում եմ դատարանին, պարտավորեցնել Արտաշես Գեղամյանին և Ալեքսան Կարապետյանին` հրապարակավ ներողություն խնդրել և հերքել այն ԶԼՄ-ներով, որով տարածվել էր Արամ Կարապետյանի արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները>>:
Փաստաբանը մասնավորապես նշեց մայիսի 12-ին և մայիսի 14-ին <<Հայկական ժամանկում>>-ում, ինչպես նաև մայիսի 15-ին <<Ազգ>>-ում հրապարակված հոդվածները, որոնցում թե՛ Գեղամյանը և թե՛  նրա տեղակալն Արամ Կարապետյանին որակել էին որպես <<Իշխանությունների դրածո>>, <<գործակալ>>, <<շառլատան>>, <<Մոսկվայի ընտրյալ>> և այլն, նաև վերջինիս մեղադրել էին ԿԸՀ-ին կեղծ փաստաթուղթ ներկայացնելու մեջ` առանձին դեպքերի հետ կապված ստահոդ տեղեկություններ ու հերյուրանքներ տարածելով ՆԺ-ի ղեկավարի հասցեին:
Չնայած օրենքը պարտադիր պայման է դիտում, որ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշպանության ժամանակ ապացուցելու պարտականությունը դրվում է տեղեկություններ տարածած անձանց վրա, բայց հայցվորի ներկայացուցիչը, պատասխանողներից առաջ անցնելով, ներկայացրեց համապատասխան փաստաթղթեր, որոնցով, ըստ էության, հերքվում են տարածված ստերը: Օրինակ` պաշպանության նախարարը գրությամբ տեղեկացնում է, որ ինքը որևէ առնչություն չունի 2003-ի մարտին Արամ Կարապետյանին օդանավից իջեցնելու դեպքի հետ, մաքսային պետական կոմիտեի գրությունը ևս դա է հաստատում: Ինչ վերաբերում է կեղծ փաստաթղթին, ապա ՆԺ-ն հոգացել էր և ձեռք էր բերել անձնագրային և վիզաների վարչության պետի կողմից տրված 2 տեղեկանքները: Առաջինով տեղեկացվում էր, որ Արամ Կարապետյանը մինչև ՀՀ քաղաքացիության մասին օրենքի ուժի մեջ մտնելը հանդիսացել է ՀԽՍՀ քաղաքացի, իսկ 1995թ, նեյեմբերի 16-ից առ այսօր ՀՀ քաղաքացի է: Իսկ եկրորդով ծանուցվում է, որ նա վերջին 10 տարում բնակվում է Հայաստանում:
ԱՓՍՈՍ, ԷՍՕՐ ԴՈՒԵԼ ՉԿԱ
Այսպես հառաչեց Գեղամյանի ակտիվիստներից մեկը, երբ տեսավ, որ փրկչի երեք լիազոր ներկայացուցիչներն իրենց հարցերով չեն կարողանում նեղը գցել, շփոթեցնել, հայցի սահմաններից շեղել Լևոն Բաղդասարյանին:
Փաստաբանը կրկնում ու ընդգծում էր, թե <<ներկայացրեք կոնկրետ ապացույցներ>> և տեղավորեք հայցի շրջանակում: Մինչդեռ այն, ինչ Գագիկ Կոստանդյանից ու Աղասի Արշակյանից, փրկչի կուսակցական պաշպանների կողմից մինչ այդ մամուլում հրապարակված հեղինակային հոդվածների վերաշարադրանքն էր: <<Հակափաստարկներ>>, որոնք հեռավոր աղերս չունեն բուն հայցի բովանդակության հետ:
Օրինակ, Գ. Կոստանդյանի ապացույցը <<տեսասկավառակն>> էր, որը ներկայացրեց դատարանին: Սակայն փրկչի միտինգային ելույթը պատկերող <<տեսասկավառակը>> (ինչը որևէ փորձաքննության չի ենթարկվել, այսինքն` չի բացառվում, որ <<գործակալին>> վերաբերող հատվածը մոնտաժված լինի), ըստ էության ապացույց դիտել հնարավոր չէ: Քանզի հայցում նշված է <<Ազգի>> հոդվածը: Էլ ավելի մազալու էր Կոստանդյանի կողմից ներկայացված ինչ-որ համատիրության տեղեկանքը` Արամ Կարապետյանի… քաղաքացիության վերաբերյալ: Ոչ պատշաճ այս տեղեկանքը ևս բերել էին որպես ապացույց:
Ի տարբերություն Կոստանդյանի, շատ ավելի հզոր ապացույց ներկայացրեց մյուս լիազորը` Աղասի Արշակյանը, հայտարարելով, <<Ես կարող եմ թերթեր բերել որպես ապացույց, որտեղ կան Արամ Կարապետյանի վերջին 2-3 ամիսների ելույթները, որոնք ոչնչով չեն տարբերվում Գառնիկ Իսագուլյանի ելույթներից: Այդ դեպքում ինչո՞ւ է վիրավորվում, երբ ասում են իշխանությունների դրածո>>:
Ի դեպ, փրկիչի 3-րդ լիազորը` Թադևոս Ալեքսանյանը, չափազանց մտահոգված էր, թե հայցվորի ներկայացուցիչը բարոյական վնասի հատուցման հարց բարձացնելո՞ւ է, թե՞ ոչ: Վերջինս ձեռնպահ մնաց դատական այս փուլում հարցի վերաբերյալ որևէ բան ասելուց:
Հաջորդ դատական նիստի մասին նախապես կտեղեկացվի:
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

<<ԱՌԱՎՈՏ>> ՕՐԱԹԵՐԹ 146/2280/ 30 օգոստոսի 2004թ. երեքշաբթի
ԳՐՈՂՆԵՐԸ  ՀԱՄԱՁԱՅՆ  ԵՆ
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ
Սակայն իրենց առաջարկած տարբերակով

Հայաստանի գրողների միությունը դիմել է ՀՀ քաղաքացիական գործերով վճռաբեկ դատարան, քանի որ դժգոհ է <<Մագնոլիա>> պոլիկլինիկայի վերաբերյալ վերաքննիչի կայացրած վճռից: Այս մասին <<Առավոտին>> տեղեկացրեց դատարանում Գրողների միության ներկայացուցիչ, <<Լև Գրուպ>> իրավաբանական գրասենյակի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Պատասխանողի ներկայացուցիչ Մհեր Շահնազարյանի թերթերին (այդ թվում նաև <<Առավոտին>>) տված հարցազրույցների առնչությամբ պրն. Բաղդասարյանն ասաց. <<Ինձ համար հաճելի չէ տեսնել հարցազրույցներ այն փուլում, երբ դեռ գնում է գործի դատաքննությունը: Մենք, մեր մասով մինչև հիմա զերծ ենք մնացել դատաքննության փուլում հարցազրույցներ տալուց: Կարծում եմ, որ հարցազրույցներում մյուս կողմը երկու նպատակ է հետապնդում` հասարակական կարծիք ձևավորել հօգուտ իրենց և միգուցե նաև ճնշում գործադրել դատական ատյանի վրա: Ինձ համար անհասկանալի է նաև պատասխանողի ներկայացուցչի այն հայտարարությունը, թե Արաբկիրի առաջին ատյանի վճիռը սխալ է: Օրենսդրությունը չի նախատեսում որևիցե մեկին, ընդհուպ` ներկայացուցիչներին, տալու գնահատականներ առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի գործողությունների վերաբերյալ: Ավելին, հստակ սահմանում է, որ գնահատական տալու իրավասություն ունի միայն Վճռաբեկ ատյանը: Այնպես որ, ճիշտ կլիներ, գնահատականներ տալուց առաջ ասել. << կարծում եմ, գտնում եմ, ենթադրում եմ, ոչ թե հայտարարել, թե առաջին ատյանի դատարանի վճիռը ճիշտ չէ, վերաքննիչինը` ճիշտ է>>: 
Լ. Բաղդասարյանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս թույլ է տվել նյութաիրավական նորմի խախտում` կիրառելով ոչ այն օրենքը, ինչից հետո բողոք է ներկայացվել վճռաբեկ ատյան. <<Գտնում եմ, որ Գրողների միության հայցը հիմնավոր է: 50 տարի ՀԳՄ-ն օգտագործել է այդ պոլիկլինիկան, ինչն այսօր գրողների ձեռքից վերցրել ու տվել են մի երրորդ անձի` այն դեպքում, երբ միությունն օրենքով սահմանված կարգով պատշաճ հայտ էր ներկայացրել, որպեսզի ուղիղ վաճառքով գործարքը կայանա: Հայտը, փոխանակ քննարկելու ավագանու նիստում, ոչ մերժել են, ոչ էլ բավարարել, իսկ պոլիկլինիկայի տարածքն աճուրդով վաճառվել է մեկ ուրիշի>>: Գրողների շահերի ներկայացուցիչն ասաց, որ իրենք, այնուամենայնիվ, պատրաստ են հաշտության համաձայնության` պայմանով, եթե ուղիղ վաճառքով վիճահարույց տարածքը վաճառվի գրողներին. <<Իրենց առաջարկած հաշտությունը նման է նրան, որ մեկի ձեռքից վերցնեն տունը ու հետո առաջարկեն այնտեղ ապրել>>:
Պոլիկլինիկայի ղեկավարների 6-րդ վարչությունում պահելու վերաբերյալ էլ Լ.Բաղդասարյանն ասաց. <<Այդ մասին ես մամուլից եմ լսել, խնդրո առարկայից տեղյակ չեմ, գուցե գործարքի մեջ պետական մարմինը տեսել է քրեածին բաներ>>: Անդրադառնալով <<Առավոտին>> տված հարցազրույցում Մ. Շահնազարյանի այն հայտարարությանը, թե պոլիկլինիկայի տարածքը էժան է վաճառվել` սանիտարահիգիենիկ պայմաններին չհամապատասխանելու պատճառով, պրն. Բաղդասարյանն ասաց. <<Ճիշտ կլիներ, որ իրենք նախ` ցույց տային համապատասխան մարմնի եզրակացությունը, տեղեկանքը` տարածքի սանիտարահիգիենիկ պայմաններին չհամապատասխանելու մասին>>: Գրողների շահերի ներկայացուցիչն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ Արաբկիրի թաղապետարանի` պոլիկլինիկայի հետ ունեցած պայմանագիրը լուծարվել է օրենքի խախտումով` առանց հիմնադրին` ՀԳՄ-ին տեղյակ պահելու: Լ. Բաղդասարյանը հույս ունի, որ վճռաբեկ դատարանը հանգամանալից ուսումնասիրելով գործը` ի հայտ կբերի թույլ տրված բոլոր խախտումները: Փաստաբանը ասաց նաև, որ գրողները պատրաստվում են դատարանում բարձրացնել իրենց կրած վնասի հատուցման խնդիրը: <<Գրողները, որ փետրվար ամսից վիճարկում են սույն գործը, կատարել են ծախսեր (պետական տուրքի տարբերակով, վճարել են դատարանում իրենց ներկայացուցիչ իրավաբաններին): Իսկ դրանք մեծ գումարներ են կազմում, որոնց չափը այս պահին նպատակահարմար չեմ գտնում հրապարակել: Ի դեպ, գրողների կրած վնասները գնալով աճում են>>:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

N42/1624, 5մայիսի 2004թ., ուրբաթ
<<ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ>> ՕՐԱԹԵՐԹ
ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՆԵՂԱՑՆՈՒՄ Է ԳՐՈՂՆԵՐԻՆ
Սա բարոյական հարց է

Երևանի Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր` Ա. Առաքելյան) երեկ լսեց գրողների միության հայցն ընդդեմ Արաբկիր թաղապետարանի` տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
2003թ. դեկտեմբերի 19-ին, Արաբկիր համայնքի ավագանու որոշմամբ, աճուրդով վաճառվել է Երևանի Կասյան-3 հասցեում գտնվող շենքի 155քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը: 1965 թվականից վերոհիշյալ տարածքը գործել է որպես գրողների միության պոլիկլինիկա, որն անվճար սպասարկել է ՀԳՄ անդամներին: Հետագայում` 2001թ. դեկտեմբերի 24-ին կնքված պայմանագրով, խնդրո առարկա տարածքը թաղապետարանից վարձակալել է բացառապես նույն միության հիմնադրած <<Մագնոլիա մեդիկալ>> ՍՊԸ-ն: 2002թ. սեպտեմբերի 9-ին Գրողների միությունն իր ԳՄ-07 գրությմաբ դիմել է թաղապետարան` նշված տարածքը վաճառելու նպատակով:
Ի պատասխան դրա, 2002թ. հոկտեմբերի 3-ին թաղապետարանը գրավոր հայտնել է, որ սույն առաջարկին կանդրադառնա <<Մագնոլիա մեդիկալ>> ՍՊԸ-ի և Գրողների միության միջև տարածքի գնման հետ կապված տարաձայնությունների լուծումից հետո: Այդ տարաձայնություններն ի վերջո, լուծվել են, ստորագրվել է համաձայնագիր, որից հետո (2003թ. օգոստոսի 12-ին) գրողների միությունը համապատասխան գրությամբ դիմել է թաղապետարան` տարածքի գնելու առաջարկով: Այս անգամ էլ թաղապետարանը 10.10.2003թ. գրությամբ հայտնել է, որ տարածքի օտարման հարցը կներկայացվի ավագանու քննարկմանը:
- Փաստորեն, -ասաց ՀԳՄ շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Լևոն Բաղդասարյանը, -գրողների միության սույն հայտը ոչ միայն չի քննարկվում ավագանու նիստում, այլև ավագանին որոշում է կայացնում այն աճուրդով վաճառելու, որի արդյունքում 2004թ. հունվարի 8-ին սույն տարածքը վաճառվում է այլ անձի:
ՀԳՄ շահերի ներկայացուցիչ Լ. Բաղդասարյանը հայցը ներկայացնելիս նշեց նաև, որ պատասխանողը, <<Պետական գույքի մասնավորեցման մասին>> օրենքի 18 հոդվածի հիմքով, տարածքի վաճառքը պետք է կատարեր ուղղակի վաճառքի ձևով, ընկերության 100 տոկոսի բաժնեմասի սեփականատիրոջը, այսինքն` Գրողների միությանը: Իրենց այս դիրքորոշումը փաստաբանը հիմնավորեց նաև այն իրողությամբ, որ ՍՊԸ-ի հիմնադիրն ու բաժնեմասի սեփականատեր ՀԳՄ-ն օրենքով սահմանված կարգով, նախապես և գրավոր դիմել էր թաղապետարան: Ըստ Լ. Բաղդասարյանի, թաղապետարանի կողմից, սակայն, շրջանցվել է օրենսդիրի կողմից պարտադիր պայման դիտվող սույն դրույթը, և նշված տարածքը վաճառվել է աճուրդով, որով <<խախտվել է ոչ միայն վերոհիշյալ օրենսդրական նորմը, այլև հայցվորի սահմանադրական իրավունքը` տարածքն ուղիղ վաճառքով ձեռքբերելը>>:
ՀԳՄ շահերի ներկայացուցիչը դատարանին խնդրեց անվավեր ճանաչել Արաբկիր համայնքի ավագանու 15.12.2003թ. որոշումը, ինչպես նաև խնդրո առարկա տարածքի 2004թ. հունվարի 8-ի աճուրդով վաճառքը:
Քանի որ մինչ հայցը լսելը, դատարանը` բավարարելով հակառակ կողմի միջնորդությունը, որպես երրորդ կողմ և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրյուն պահանջ չներկայացնող անձ, գործում ընդգրկել էր նաև խնդրահարույց տարածքն աճուրդով գնած Սերգեյ Մելիքսեթյանին, հայցվորի ներկայացուցիչը դատարան ներկայացրեց հայցային պահանջի չափն ավելացնելու դիմում: Ըստ այդմ, հայցը ներկայացնելիս նա դատարանին խնդրեց նաև չեղյալ համարել հիշյալ ատարածքի առք ու վաճառքի պայմանագիրը և Ս.Մելիքսեթյանին տրված սեփականության վկայագիրը:
Երեկվա դատական նիստի ընթացքում հանդես եկավ նաև Արաբկիրի

թաղապետարանի ներկայացուցիչը` թաղապետարանի իրավաբանական բաժնի պետ Ռոբերտ Սանոյանը: Նա չհերքեց հայցվորի ներկայացուցիչի հրապարակած փաստերը, սակայն նշեց, որ իրենք օրենսդրության սահմաններում են վարվել, և առարկեց հայցապահանջի դեմ:
Ըստ նրա, վերոհիշյալ տարածքը թաղապետարանից վարձակալած <<Մագնոլիա մեդիկալ>> ՍՊԸ-ն հետագայում, որոշակի հանգամանքների բերումով, գրավոր հրաժարվել է տարածքի վարձակալությունից: Դրա հիման վրա վարձատուի և նշված ՍՊԸ-ի միջև կնքվել է հանձման-ընդունման ակտ, տարածքն ազատվել է ընկերության օգտագործումից և լիարժեք անցել է թաղապետարանի (սեփականատիրոջ) տնօրինմանը: Վերջինս, ըստ նրա, սահմանված կարգով դիմել է ավագանուն ազատ տարածքն աճուրդով վաճառելու թույլտվություն ստանալու համար: Ավագանին իր որոշմամբ թույլատրել է վաճառել աճուրդային եղանակով (դասական աճուրդով), իրենք էլ վաճառել են` պահպանելով տեղեկատվության հրապարակայնությունը, աճուրդի մասին նախապես հայտարարություն են հրապարակել <<Հայաստան>> թերթում:
Դատական նիստը երրորդ կողմի ներկայացուցչի պատրաստ չլինելու պատճառով ընդմիջվեց միչև մարտի 11-ը:
Նիստից հետո ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը նշեց, որ թաղապետարանը նշված տարածքի վաճառքի մասին նախ և առաջ Գրողների միությանը պետք է տեղեկացներ, նախ և առաջ իրեց պետք է առաջարկեր: Մինչդեռ պոլիկլինիկայի տարածքը վաճառել են` աճուրդի մասին հայտարարությունը տպագրելով մի թերթում, որը շատ փոքր տպաքանակ ու սպառում ունի:
- Ես կարծում եմ` այնքան պարզ է, որ կույրն անգամ տեսնում է, թե ինչ կարող էր լինել այս ամենի հետևում, -ասաց ՀԳՄ նախագահը:
- Դժվար չէ հասկանալ, թե ինչից են զրկել կամ ինչից են ուզում զրկել գրողների միությանը, սա բարոյական հարց է, -հավելեց Զորի Բալայանը:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նախորդ   Հաջորդ