Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ՈՐՆ Է ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՇԽԱՌՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ

Ողջ երկրագնդում տարածված է միմյանց գումար պարտք տալու ինստիտուտը, որտեղ յուրաքանչյուր կողմ իր շահն է հետապնդում: Որքան երկիրը կայացած է, այնքան կայացած եւ ճկուն է գործում այդ մեխանիզմը: Զարգացող եւ անցումային փուլում գտնվող այնպիսի երկիր, ինչպիսին է Հայաստանը, գտնվում է կայացման փուլում: Մի դեպքում պարտք տվողը (բանկեր, գրավատներ, անհատներ) ցուցաբերում է զգուշավորություն պայմանագիր կնքելիս, մյուս դեպքում քաղաքացին, պարտադրված է` իր սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու համար (գյուղատնտեսություն, փոքր բիզնես, անշարժ գույքի ձեռք բերում և այլն), ցանկանում է պարտքով գումար վերցնել:

Չունենալով բանկերին բավարարող կայացած բիզնես, ստաբիլ եկամուտ` բանկերը հրաժարվում են գումար տրամադրելուց, որից օգտվում են որոշ անձինք և, քաղաքացու համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում, գրավի առարկա դարձնելով վերջիններիս տունը, կնքում են պայմանագիր: Արդյունքում դառնալով պարտապան` քաղաքացին որոշ ժամանակ անց օրենքով զրկվում է տնից: Դժբախտաբար, չի զգացվում պետական մակարդակով պաշտպանություն դեպի երկրի քաղաքացին: Քաղաքացի, որը միայնակ եւ անպաշտպան մնալով բնական եւ արհեստական արհավիրքների առջեւ` պարտադրված, իրեն ոչ ձեռնտու պայմաններում կնքում է պայմանագիր և սկզբում դառնում է զոհ, իսկ հետո` օրենքով բոմժ: Հատկանշական է, որ Մխիթար Գոշի Դատաստանագրքով արգելվում էր պարտքի դիմաց վերցնել այն գույքը, որը վերջինիս կարիքները հոգալուն է վերաբերվել:
Խմբագրություն դիմած բազմաթիվ քաղաքացիների հետաքրքրում է այն իրավանորմը, որ կարգավորում է փոխառությունը, և այն իրավանորմը, որի խախտումը բերում է քրեորեն հետապնդելի արարքի:

 


ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ


Ներպետական օրենսդրությունն իրավունք է վերապահում կողմերին կնքելու փոխառության պայմանագիր, որով փոխատուն (փող տվողը) իրավունք ունի փոխառության գումարից ակնկալելու տոկոսներ, պայմանով, որ տոկոսի չափը չպետք է գերազանցի պայմանագիրը կնքելու պահին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի կրկնապատիկը: (Այսինքն, եթե բանկային տոկոսը ամսական 1 տոկոս է, ապա փոխառության պայմանագրով այն չպետք է գերազանցի 2 տոկոսը):
Հարկ է գիտենալ, որ փոխառության պայմանագիրը կնքելուց, գումարը ստանալուց հետո փոխառուն (գումար վերցնողը) պարտավոր է պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:


ՎԱՇԽԱՌՈՒԹՅՈՒՆ

Բառի արմատը նշանակում է շահ, տոկոս: Ներպետական օրենսդրությունը սահմանափակում է պարտքով գումար տալը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի կրկնակիի չափով, որի գերազանցումը դիտվում է որպես վաշխառություն և պատժվում է ինչպես տուգանքով, այնպես էլ ազատազրկմամբ, առավելագույնը չորս տարի ժամկետով: