Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ՏԵՐ, ԶՈՐԱՑՐՈՒ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ ԵՎ ՊԱՀՊԱՆԻՐ ՔՈ ՍՈՒՐԲ ԽԱՉՈՎ


Հարգելի խմբագրակազմ, հարգելի ՙԻրավունք՚, թերթի մեծարգո պարոնայք, ես իմ կյանքում շատ բան եմ տեսել: Իմ սերունդը, որը նախորդ դարի 30-ականների սերունդ է, տեսել է Ստալին, Բերիա, պատերազմ, սով: Մեր հայրերն ու ավագ ընկերները մի մարդու պես մասնակցեցին հայրենական պատերազմին, իսկ շատերը չվերադարձան: Միայն մեր փողոցից (այժմյան Ալավերդյան փողոցի մի փոքր հատվածից) բանակ զորակոչվեց 31 հոգի, որոնցից 22-ը ետ չվերադարձան, իսկ մնացյալն էլ վերադարձան հաշմանդամ դարձած: Լավ եմ հիշում, թե մեր մայրերն ու տատերը ինչպես էին իրենց զավակների ու ամուսինների համար բրդյա ձեռնոցներ ու գուլպաներ գործում և ուղարկում ճակատ: Ողջ երկիրը կանգնեց ոսոխի առջև, դրա համար էլ հաղթեց: Անցան տարիներ, քանդվեց միասնական երկիրը, Հայաստանն անկախացավ: Մեր հերոս հայրերի հաղթանակը մնաց մեր սրտում: Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի 20-ամյա անկախության զորահանդեսին, ես, կյանքում շատ բան տեսած պապիկս, անկախ ինձանից... ձայնով հեկեկացի, բայց դա ողբ չէր, դա հպարտության արցունք էր, դա հաղթող երկրի, ցեղասպանություն ապրած հայ մարդու տառապած, բայց վերջապես հաղթանակած արցունք էր, որի թոռնիկն այսօր ծառայում է հայկական բանակում: Ես ցանկանում եմ, որպեսզի աշխարհի բոլոր հայերը զենք բռնել սովորեն և իրենց պարտքը` պարտադիր զինվորական ծառայությունը, տան Հայաստանի Հանրապետությանը: Նաև կցանկանայի ճշտել. արդյոք ՀՀ քաղաքացիները, ովքեր աղանդավորներ են, իրավունք ունե±ն չծառայելու:

 

Ս. Բաղդասարյան, ք. Երևան.

Հարգելի պարոն Բաղդասարյան, ՀՀ զինված ուժերում ծառայելը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտականությունն է: Փոքր ժողովուրդների համար, իսկ հայերը փոքր ժողովուրդ են, զինված ուժերն աշխարհում կատարվող թոհուբոհի մեջ գոյատեւման միակ պայմանն է: Հակառակ պարագայում ողջ քաղաքակիրթ աշխարհի առջև, ինչպես 1915 թվին թուրքերը` հայերի հանդեպ, ինչպես 1940 թվին ֆաշիստները` հրևաների հանդեպ, տեղի կունենա ցեղասպանություն: Ի տարբերություն այլ երկրների, ՀՀ բանակը ստեղծվել է իր և իր քաղաքացիների անվտանգության համար: Դա ավելի քան հանրահայտ փաստ է, որի վկան է մեր հազարամյա պատմությունը: Ոչ ոք չի կարող երբեւիցե մեղադրել Հայաստանին ագրեսիայի մեջ: Այսօր, ինչպես երկրի գլխավոր հրամանատարը նշեց զորահանդեսի ժամանակ, մեզ այլեւս հնարավոր չէ խաբել, սպառնալ, վախեցնել, որովհետեւ մենք ունենք հաղթանակած, արժանապատիվ հայկական բանակ, որը պատիվ կբերի շատ զարգացած երկրների: Ինչ վերաբերում է որոշ աղանդավորների չծառայելուն, քանի որ Աստվածաշնչի պատվիրաններից է ՙմի սպանիր՚-ը, ապա կարծում եմ` այնքան էլ դժվար չէ հասկանալ, որ ՙմի սպանիր՚ պատվիրանը անմեղ տեղը մարդ չսպանելու մասին է: Երբ թուրք խուժանը Արեւմտյան Հայաստանում քարով ջարդում էր Վարուժանի և Սիամանթոյի գլուխը, հայերը չունեին կանոնավոր բանակ: Երբ ազերի խաժամուժն 90-ականներին արդեն Արեւելյան Հայաստանում փորձեց շարունակել ավագ եղբոր գործը, նորանկախ Հայաստանի Հանրապետությունը թույլ չտվեց նոր եղեռն ու նոր արհավիրք, իսկ դրա երաշխավորը հայկական նորաստեղծ բանակն էր: Եվ երկրային, եւ երկնային օրենքով գործում է ՙմի սպանիր՚ պատվիրանը, բայց երբ գալիս են քեզ ու քո մերձավորներին պղծելու, մորթելու, ապա պետք է ունենաս այն բանակը, մի բան էլ ավելի, ինչին որ մենք ականատես եղանք զորահանդեսի ժամանակ: Ավելին, համարձակվում եմ հիշել Քրիստոսի ծնունդն ըստ Աստվածաշնչի, որի ժամանակ ՙերկնքի զորքերն իջան վար...՚ Ահավասիկ, ըստ իս, ընդունելի է և աստվածահաճո այն զորքը, այն ուժը, որը պայքարում է իր անվտանգության համար և դիմակայում է չարին: Ստորեւ ներկայացնում եմ իրավանորմը, որը պարտադիր է ՀՀ բոլոր քաղաքացիների համար.


1. Շարքային կազմի զորակոչը եւ պահեստ արձակումը կատարվում է ՀՀ գլխավոր հրամանատարի կողմից տարին 2 անգամ` ապրիլ-հունիս, հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

2. Պահեստազորի սպաների զորակոչը և պահեստ արձակումը ևս կատարվում է ՀՀ գլխավոր հրամանատարի կողմից:

3. Պարտադիր զինվորական զորակոչը հայտարարելուց հետո բոլոր զորակոչիկները պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ: Օրենսդիրը նախատեսել է նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու, ինչպես նաեւ տարկետում ստանալու կարգը, որն աղանդավորներին չի վերաբերում:

Պարտադիր զինվորական ծառայությունը.

1. շարքային կազմի համար 2 տարի է;

2. պայմանագրային զինծառայողների համար` շարքային սերժանտ, ավագ` 3 տարի, ենթասպա, սպա` 3-5 տարի:

Հարկավոր է իմանալ, որ պարտադիր զինվորական ծառայության սկիզբ է համարվում ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը:
Օրենքի ուժով ՀՀ պաշտպանության նախարարին իրավունք է վերապահված առանձին ժամկետային ծառայության զինծառայողների զինվորական ծառայությունը երկարաձգել մինչեւ 1 ամիս: Բոլոր զինծառայողներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, իսկ վերջիններիս եւ ժամկետային զինծառայություն անցնող զինվորների ընտանիքների համար իմ կողմից ղեկավարվող կառույցը կատարում է անվճար իրավաբանական խորհրդատվություն, իսկ պետական լիազոր մարմինների հետ` գյուղապետարան, քաղաքապետարան, մարզպետարան, իրավունքների խախտման դեպքում անվճար իրավաբանական ծառայություններ` մինչև իրավունքի խախտման վերացումը: