Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ՄԻ ՃԱՐ ԱՐԵՔ` ԴԱՏԱՐԱՆԻ ԴՌՆԵՐԸ ՉԸՆԿՆԵՄ


- Հարգարժան ՙԻրավունք՚ թերթի իրավաբանի էջ: Տղաս 11 տարեկան է, ոտքի եւ փորի շրջանում ցավեր ուներ: Մի երկու շաբաթ առաջ մայրս եւ կինս տարան շրջկենտրոն` ստուգվելու: Հիվանդանոցից կինս զանգեց, թե` փող ուղարկի, մի քանի օր պետք է պառկի, որ լավ ստուգեն ու բուժեն: Ուղարկեցի, 5 օրից եկան, թե` ամեն ինչ նորմալ է, բայց ստուգման ապարատը տղաս փչացրել է, պետք է 150.000 դրամ վճարենք, թե չէ դատի են տալու: Գնացի հիվանդանոց, ասում եմ. ՙՈնց կարա մի մատ էրեխեն ապարատը փչացնի, գոնե մի քիչ գումարը քչացրեք, ամեն ամիս քիչ-քիչ փակեմ՚, անգամ լսել չուզեցին: Գյուղապետին դիմեցի, որ միջնորդի, ասաց, որ իր ուժերից վեր է: 4 երեխա ունեմ, ծեր ծնողներ, փողն էլ տունը դրած չի, խնդրում եմ մի ճար արեք` դատարանի դռները չընկնեմ:
Լենդո (Հայրիկի խոսքերով գրի է առել ավագ դուստրը` Նոյեմը, որը 15 տարեկան է եւ իր կողմից եւս խնդրում է հայրիկին մենակ չթողնել):                                                                 
Հաշվի առնելով, թե ինչ ապրումներ է ունեցել այս բազմանդամ ընտանիքը, իբր երեխայի կողմից պատճառված վնասի հետ կապված, անգամ չխորանալով գործի փաստական հանգամանքների մեջ, որով պետք է հիմնավորվեր, որ վնասը երեխայի մեղքով է պատճառվել (համապատասխան արձանագրություն, ականատեսներ, փորձագետի եզրակացություն` գումարի հետ կապված եւ այլն), տեղեկացնում եմ.
1. Մինչեւ 14 տարեկան երեխաները համարվում են փոքրահասակներ:
2. Փոքրահասակի պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում նրա ծնողները, եթե չեն ապացուցում, որ վնասը փոքրահասակի մեղքով չի պատճառվել:
Եթե փոքրահասակը վնաս է պատճառել այն ժամանակ, երբ նա գտնվել է կրթական, դաստիարակչական, բուժական կամ այլ հաստատության հսկողության ներքո, որը պարտավոր էր հսկողություն իրականացնել նրա նկատմամբ, այդ հաստատությունը կամ անձը պատասխանատվություն է կրում փոքրահասակի պատճառած վնասի համար, եթե չի ապացուցում, որ վնասը փոքրահասակի մեղքով չի պատճառվել:
Սույն իրավանորմով օրենսդիրը ոչ միայն ազատել է փոքրահասակի ծնողներին պատասխանատվություն կրելուց` պատճառած վնասի համար, այլ նաեւ պատասխանատվության բեռը դրել է տվյալ կրթական, բուժական հաստատության վրա, եթե օրենքի կամ պայմանագրի ուժով փոքրահասակը գտնվում է տվյալ հաստատությունում եւ գտնվում է վերջիններիս հսկողության ներքո: