ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԵԼ Է ԻՐԱՎԱՉԱՓ, ԻՍԿ ԱԺ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ` ՕՐԻՆԱՉԱՓ
Օրեր առաջ ազգային ժողովը հավանություն տվեց` արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ-ի պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական գործում ներգրավելու որպես մեղադրյալ: Շատերի մոտ է հարց առաջանում, թե որքանով էր հիմնավոր գլխավոր դատախազի միջնորդությունը եւ Ազգային ժողովի նման մոտեցումը` իրենց պատգամավորին ՙփուռը տալու պահով՚: Երբ Անգլիայի թագուհուն իր մեքենայի արագությունը գերազանցելու համար պատասխանատվության են կանչում, այդ երկրի քաղաքացիները ոչ զարմանում են, ոչ զայրանում են, ոչ էլ` օրվա քննարկման թեմա են սարքում: Երբ Անգլիայի թագաժառանգը զինվորական ծառայությունն անցկացնում է աշխարհի թեժ կետերից մեկում` Ավղանստանում, իր երկրի քաղաքացիները համարում են, որ Անգլիան սիրող յուրաքանչյուր քաղաքացի, իսկ թագաժառանգն, առավել եւս, պարտավոր է օրինակ ծառայել:
ՀՀ-ում օրեկան բազմաթիվ քրեական գործեր են հարուցվում, կարճվում: Այն, որ այդ քրեական գործերից մի մասը կարող են հարուցվել ներպետական օրենքների եւ միջազգային կոնվենցիայով նախատեսված իրավանորմի խախտումներով կամ մարդուն հանիրավի կարող են տարիներով ազատությունից զրկել, կամ քաղաքական գործչի վրա կարող են քրեական պիտակ կպցնել, դա եւս փաստ է, բայց... Ինչու հենց Վարդան Օսկանյանի պահով տեղի ունեցան այսպիսի հանրային քննարկումներ եւ աղմուկ բարձրացավ, որտեղ ցանկանում են վերջինիս ներկայացնել զոհի կամ քաղաքական հալածյալի կարգավիճակով: Նայիր կողքդ եւ տես, թե քանի ընտանիքներ են այսօր վիրավորված երկրում տիրող անարդարություններից, լքում հայրենիքը, քանի թոշակառուներ, որոնք ժամանակին իրենց աշխատանքով հզորացրել են երկիրը, ստացած թոշակով անգամ հացի խնդիր չեն կարողանում լուծել, քանի ազատամարտիկներ, արդեն տարիքներն անցած, հաշմված, իրենց մայրամուտն են ապրում կիսաքաղց եւ հիվանդ: Մտեք Հայաստանի ցանկացած մարզի ցանկացած գյուղ եւ տեսեք, թե ինչպես է ապրում գյուղաբնակը եւ ինչպես են իրենց զգում քյոխվանները, որոնց թվում է, թե իրենք իշխաններ են, որոնց գյուղի մանկապարտեզն ու դպրոցը կիսավերակ վիճակում են, բայց իրենց թույլ են տալիս շրջել հարյուրհազարանոց ջիփերով: Ինչ վերաբերվում է Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն, ապա, կարծում եմ, որ պետական լիազոր մարմնի միջնորդությունն անձեռնմխելիությունից զրկելու հետ կապված, իրավաչափ է, իսկ օրենսդիր մարմնի որոշումը` օրինաչափ: Հարկավոր է իմանալ. այն անձինք, ովքեր հասարակության մեջ ավելի հայտնի են եւ ավելի բարձր դիրք ունեն, առաջինը հասարակությունը պետք է պահանջի նրանցից, իսկ վերջիններս էլ պետք է լինեն օրինակ հասարակության եւ երկրի համար: Եթե պարզվի, որ Վարդան Օսկանյանի արարքում հանցակազմ չի եղել, ուստի լիազոր մարմինը պարտավոր է ներեղություն խնդրել եւ հատուցել վերջինիս գույքային եւ ոչ գույքային վնասները, ինչպես պահանջում է օրենքը եւ ոչ ավել: Ավելին, ինձ համար որպես քաղաքացու, ցանկալի է իմանալ, թե Օսկանյանը, որը ստացել է բարեգործական գումարներ, ինչի վրա է այն ծախսել. եթե դրանք ծախսվել են աղետի գոտին վերականգնելուն, սոված ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-տնտեսական կարիքների կամ նմանօրինակ այլ ծրագրեր իրականացնելու համար, առանց հետադարձ նպատակների, ապա պետք է ողջունել այդ գաղափարն էլ, ծրագիրն էլ, Օսկանյանի հնարավորություններն էլ: Օրեր առաջ ինձ էր դիմել մի թոշակառու, որի թոշակից ամեն ամիս բռնագանձվում է համապատասխան գումար` նախկինում չկատարած հարկային պարտավորությունների, առաջացած տույժերի եւ տուգանքների համար: Հանրությանը, կարծում եմ, հետաքրքրում է, թե անձնական կարիքների համար ստացած գումարից արդյո±ք առաջացել է հարկային պարտավորություն եւ վերջինիս կողմից կատարե±լ է հարկային պարտավորություն, թե ոչ: ՀՀ ամենասեւ էջերի թվում պետք է դասել ոչ միայն հոկտեմբերի 27-ի դեպքերը, այլ նաեւ` մարտի 1-ի: Այդ օրերին երկիրը մի փոքր սիրող յուրաքանչյուր քաղաքացի իր խելքով փորձում էր մի բանով օգտակար լինել: Այդ օրերին գրչի մեկ հարվածով երկրի արտաքին գերատեսչությունից հեռացվեցին այնպիսի պրոֆեսիոնալ դիվանագետներ, որոնք պատիվ կբերեին ցանկացած երկրի: Վարդան Օսկանյանը, լինելով երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը, ոչ միայն պաշտպանության տակ չառավ նրանց, անգամ չփորձեց հանրապետության ղեկավարին ճիշտ զեկուցել, որ վերջիններս, թեպետ ունեն իրենց ինքնուրույն կարծիքը երկրում տեղի ունեցող գործառույթների վերաբերյալ, սակայն պետական սույն գերատեսչության կողմից տարվող արտաքին քաղաքականության կրողը, պատասխանատուն ու կատարողն են: Ասեմ, որ վերոհիշյալ դիվանագետների գործը վարչական դատարանում սպասարկվել է իմ կողմից, որից հետո ինքս ինձ համար հետեւություն արեցի պետական գերատեսչության պետ Օսկանյան մարդ-անձի վերաբերյալ: Անձ, որը պատասխանատու է այն պրոֆեսիոնալների համար, որոնց, կարծում եմ, հանիրավի հեռացրեց աշխատանքից: Մեր շրջապատում շատ է պետական չինովնիկներից, մի գուցե նաեւ Օսկանյանից տուժած զոհերը: Ուստի փորձեք ինքներդ ձեր համար պարզել, թե ով է իրական զոհը:
|