ԳԱՆՁԸ
- էքսկավատորշիկ եմ: Մի քանի ամիս առաջ աշխատում էի մի թաղամասում. իմ մեխանիզմով քանդում էի հին տները (տեղում շենքեր պետք է կառուցվեն): Մի գիշեր երազումս շատ պարզ տեսա, թե իբր մի գեղեցիկ սնդուկի վրա եմ նստած, հետո սնդուկը բացվեց, մեջից ուրվական դուրս եկավ ու այդ սնդուկն ինձ տվեց, բայց ես ուրվականից վախեցա եւ սնդուկը չվերցրի: Առավոտյան տներից մեկի պատը քանդելու ժամանակ արեւի ճառագայթներից քանդված պատի մի հատվածը փայլեց: Երբ մոտեցա, պարզվեց, որ պատի մեջ կավից մեծ կուժ է թաղված: Տրակտորի ՙկովշը՚ կպել, կուժը կոտրել էր, մեջից դեղին գույնի մեծ ու փոքր մետաղներ ու գոտիներ էին թափվել: Հետո պարզվեց, որ ոսկյա ձուլակտորներ, դրամներ ու զարդեր էին: Կուժի տարողությունն էլ կլիներ ավելի քան տասը կիլոգրամ: Կանչեցի պետիս: Որտեղից որտեղ հայտնվեց վաթսունին մոտ մի անձնավորություն, հայտարարեց, որ ինքն այդ հողի տերն է, հետի մարդկանց հրամայեց, որ հավաքեն ամբողջ եղածը, որից հետո գնացին անհայտ ուղղությամբ: Պետս խոստացավ, որ ինձ էլ բաժին կհասնի:
Մի շաբաթ հետո հազար դոլար տվեց եւ խորհուրդ տվեց, որ մոռանամ դրա մասին: Իսկ երբ պահանջեցի, որ իմ հասանելիքը հազար դոլարից շատ է, ասեց, որ ինձ էլ ոչինչ չի հասնում ու ցույց տվեց երեք մատի կոմբինացիան: Արայիկ (անունը եւ ժամանակը փոխված են) Այն, ինչի մասին խոսվեց վերեւում, կոչվում է գանձ, որի վերաբերյալ օրենսդիրը սահմանել է հետեւյալ իրավանորմը. Հողում կամ այլ գույքում թաղված կամ այլ եղանակով թաքցված դրամը կամ արժեքավոր առարկաները, որոնց սեփականատերը չի կարող դրանք հայտնաբերել, անցնում է տվյալ գույքի, որտեղ թաքցված է եղել գանձը, սեփականատիրոջ եւ այն հայտնաբերած անձի սեփականությանը` հավասար բաժիններով, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Գույքի սեփականատիրոջն այն դեպքում է հանձնվում ամբողջ գանձը, երբ տվյալ վայրում առանց սեփականատիրոջ համաձայնության կատարվում են պեղումներ (ոչ թե շինարարական աշխատանքներ) եւ հայտնաբերում են գանձ: Հարկավոր է իմանալ. Պատմության եւ մշակութային հուշարձաններ պարունակող գանձը պետության սեփականությունն է: Ընդ որում, հողամասի կամ այլ գույքի սեփականատերը, որտեղ թաքցված է եղել գանձը, եւ գանձը հայտնաբերող անձն իրավունք ունեն միասին վարձատրություն ստանալ հայտնաբերած գանձի արժեքի հիսուն տոկոսի չափով: Այդ անձանց միջեւ վարձատրությունը բաշխվում է հավասար բաժիններով, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Սույն իրավանորմը չի տարածվում այն անձանց նկատմամբ, որոնց աշխատանքային կամ ծառայական պարտականությունների մեջ է մտնում պեղումներ եւ գանձ հայտնաբերելու որոնումներ կատարելը:
|